Հա

Քաղաքական

16/02/2021 - 13:00

Ներողութիւն եմ խնդրում ինձ վրայ յոյս դնող եւ ինձ հաւատացող մարդկանցից․ Վարազդատ Կարապետեանն ազատման դիմում է գրել

Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ նշանակւելուց առաջ ԱԺ պատգամաւորի մանդատից հրաժարւած իմքայլական պատգամաւոր Վարազդատ Կարապետեանն ազատման դիմում է ներկայացրել նաեւ այս պաշտօնից։

«alikonline.ir» - Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ նշանակւելուց առաջ ԱԺ պատգամաւորի մանդատից հրաժարւած իմքայլական պատգամաւոր Վարազդատ Կարապետեանն ազատման դիմում է ներկայացրել նաեւ այս պաշտօնից։

Այդ մասին նա գրել է ֆէյսբուքեան իր էջում։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր դիմում եմ ներկայացրել ինձ Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցչի պաշտօնից ազատելու համար։ Պատկերացնում եմ այս քայլիս ամենախայտաբղէտ մեկնաբանութիւնների ու շահարկումների հնարաւորութիւնը: Այդ ամենին իմ վերաբերմունքն ու ասելիքը մէկ-երկու օրում չի ձեւաւորւել:

Հրաժարւելով Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցչի պաշտօնից՝ հասկանում եմ, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, հիմա մեր երկրում մնալու ու էս խայտառակ պարտութեան դաժան լուծը համախոհների ու զինակիցների հետ քաշելու ժամանակն է։ Մենք նախ սեփական ազգային պետութիւն, ազգային տեսիլք, առաքելութիւն, մշակւած ռազմավարութիւն պէտք է ունենանք, ապա նոր մտածենք այլոց հետ մեր յարաբերութիւնների մասին։

Այս ամենին հասնելու ճանապարհը չենք կարող սեւերի ու սպիտակների բաժանելով, պետական եւ ազգային արժէքներն ու ինստիտուտները քանդելով ու քայքայելով անցնել:

Յետ նայելով կառավարող ուժի հետ իմ անցած ճանապարհին, վերլուծելով դա պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ ինձ համար բացայայտւող իրողութիւնների լոյսի տակ, հասկանում եմ, որ հարկ եղածի չափ, իսկ երբեմն էլ՝ բացարձակապէս ազդեցութիւն չեմ ունեցել հիմնարար գործընթացների վրայ: Իմ քայլերը ոչ միշտ են եղել արդիւնաւէտ կամ դրանց երկարաժամկէտ ազդեցութիւնը եղել է անյայտ ուղղութեամբ։ Չեմ փորձի յղումներ անել ինձնից անկախ հանգամանքներին եւ մեղմել եղածը: Ամենով հանդերձ, դրանք իմ քայլերն են, եւ ես այդ քայլերիս համար ներողութիւն եմ խնդրում ինձ վրայ յոյս դնող եւ ինձ հաւատացող մարդկանցից։

Խորհրդարանական իմ գործունէութեան արդիւնքների մասին ճիշտ չեմ համարում այստեղ յիշատակել, քանզի գտնում եմ, որ հէնց այդ գործերի համար եմ պատւիրակւած եղել:

Իմ այս քայլով ես չեմ ընտրում այս կամ այն քաղաքական ուժին, կուսակցութեանը կամ կուսակցապետին, յատկապէս հիմա, երբ պառակտման ու միմեանց լափելու միտումները կործանարար գագաթնակէտին են հասնում:

Ես ընտրում եմ Հայ Առաքելական Եկեղեցին, հայոց լեզուն, աւանդական հայրիշխան ընտանիքը, ուժեղ համայնքը, ուժեղ պետութիւնը, որտեղ մարդու իրաւունքը չի հակադրւում ազգային պետութեանը, որտեղ բանակը գիտութեան, տնտեսութեան ու կրթութեան զարգացման առանցքն է։ Ես ընտրում եմ ազգային ու հանրային համերաշխութիւնը, միասնութիւնը, եւ այս տիրոյթում Նժդեհն ամենավառ հերոսն է։

Հիմա ընկերներիս հետ ստեղծում ենք ազգային արժէքների տարածման, ամրապնդման ու զարգացման հիմնադրամ։ Առաջիկայում կը գրեմ կամ կը պատմեմ մեր ծրագրերի մասին աւելի ընդարձակ»։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։