Հա

Քաղաքական

17/02/2021 - 09:40

«Շուշին ոչ թէ ընկել է, այլ՝ յանձնւել». Սերժ Սարգսեան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը հարցազրոյց է տւել «Արմնիւզ» հեռուստաընկերութեանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացին, արցախեան վերջին պատերազմում ՀՀ դիւանագիտական եւ ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլեացիայի պատճառներին, հետեւանքներին, ինչպէս նաեւ ստեղծւած իրավիճակից ելքին ու ապագային միտւած ծրագրերին:

«alikonline.ir» - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը հարցազրոյց է տւել «Արմնիւզ» հեռուստաընկերութեանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացին, արցախեան վերջին պատերազմում ՀՀ դիւանագիտական եւ ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլեացիայի պատճառներին, հետեւանքներին, ինչպէս նաեւ ստեղծւած իրավիճակից ելքին ու ապագային միտւած ծրագրերին:

 

Պարո՛ն նախագահ, հրամանատարական կէտում ոչ կոմպետենտ անձանց ներկայութիւնից խօսեցիք, ես խնդրում եմ պատմել պատերազմի օրերին Արցախ Ձեր այցելութեան մասին. ո՞ւմ հետ էք հանդիպել, երկրորդ նախագահն ասաց, որ Արցախի նախագահն իրեն չի ընդունել: Դուք վստահ եմ, փորձ արել էք իրեն հանդիպելու, հանդիպե՞լ էք:

- Ոչ, չեմ հանդիպել: Ես գնացել եմ Արցախ եւ 5-6 հոգու ներկայութեամբ խնդրել եմ Բակօ Սահակեանին, որպէսզի իմ մեծ խնդրանքը փոխանցի Արցախի նախագահին՝ մի քանի րոպէով ինձ ընդունել: Առաջին օրը Բակօ Սահակեանն ասաց, որ Արցախի նախագահը Ստեփանակերտում չէ, դիրքերում է, երկրորդ օրւայ վերջին ինձ ասաց, որ նա չի կարող ընդունել Ձեզ յայտնի պատճառներով, ես ընդամենը երկու նպատակ ունէի. Արայիկ Յարութիւնեանին բացատրել, որ այս պատերազմը գնում է դէպի պարտութիւն ու պէտք է բոլոր ջանքերը գործադրել պատերազմը կանգնեցնելու համար եւ երկրորդ՝ նրան հարցնել, թէ ինչով կարող եմ ես օժանդակել Արցախին, բանակին, տնտեսութեանը եւ այլն: Ես պատրաստ էի ցանկացած աշխատանք կատարելու, բայց երբ մարդը չընդունեց, ապա ցանկացած սեփական նախաձեռնութիւն, ինչպէս Դուք էք ասում, կը վերագրւէր որպէս դաւադրութիւն, դրա համար իմաստ չտեսայ մնալ Ստեփանակերտում, որովհետեւ մի կողմից էլ ոնց որ բեռ ես դառնում քո մարտական ընկերների համար, միշտ պէտք է ուշադիր լինեն քո հանդէպ եւ այլն: Դրա համար վերադարձայ Երեւան:

 

Նոյնը վերաբերում է նաեւ առաջին պատերազմի մարտական գեներալներին, մենք լսում ենք, որ նրանցից ոմանց թոյլ չեն տւել մասնակցել պատերազմի կառավարմանը, լինել հրամանատարական կէտում:

- Ոչ մէկին թոյլ չեն տւել, բայց արդէն պատերազմի վերջում, երբ տեսել են, որ ոչինչ չկայ, առանց հրամանի, առանց պաշտօնական որեւէ բանի խնդրել են, որ գնայ այստեղ օգնի, այնտեղ օգնի եւ այլն:

 

Մէկը՝ Շուշին, մէկը՝ Ստեփանակերտը, կազմակերպեն պաշտպանութիւն:

- Դէ դա ակնյայտ է: Գիտէք, շատ տարբեր ձեւեր կային այս պատերազմում այսպիսի աւարտ չունենալու: Նախ` ինչն էր խանգարում, ինչ արել են, արել են, փոխել են զարգացման պլանը, ձեռք չեն բերել, կամ ինչ-որ բաներ ձեռք են բերել: Պատերազմը արհաւիրք է, արհաւիրքի ժամանակ դու պէտք է փորձես ամէն ինչ օգտագործել: Ի՞նչն էր խանգարում հրաւիրել Սէյրան Օհանեանին, Իւրի Խաչատուրովին որպէս Օնիկ Գասպարեանի խորհրդատուներ, առանց ակնկալիք ունենալու, որ այդ խորհուրդը կիրականացւի, բայց բազմափորձ մարդիկ են, չէ՞: Իսկ Օնիկ Գասպարեանը ընդամենը 2-3 ամսւայ գլխաւոր շտաբի պետ էր, իսկ գլխաւոր շտաբի պետ լինելը դա խաղ ու պար չէ, ու յատկապէս ռազմական գործողութիւններ վարելը, իսկ ե՛ւ առաջինը, ե՛ւ երկրորդը, տեսէք քանի ռազմական գործողութիւններ են վարել: Լաւ, ի՞նչ էր խանգարում, նոյն անփորձ Ջալալ Յարութիւնեանի մօտ հրաւիրել Լեւոն Մնացականեանին, Սամուէլ Կարապետեանին՝ որպէս խորհրդատու, էլի մի արէք ասածները, բայց գոնէ ինչ-որ բանից կարող էիք օգտւել, այլ ոչ թէ պատահական մարդկանց ընդունէիք, ովքեր այստեղից գնում էին որպէս բարձրաստիճան պաշտօնեայ: Եւ աւտոմատը գնդացրից չտարբերող մարդիկ յայտնւում են այդ կէտում, ախր սա զաւե՞շտ չէ, սա յանցագործութի՞ւն չէ:

 

Պատերազմի աւարտական փուլում Ձեր ասած անձանց թողնւեց պաշտպանութիւնը՝ Շուշիի պաշտպանութիւնը Սէյրան Օհանեանի վրայ էր, Ստեփանակերտինը՝ Լեւոն Մնացականեանի:

- Դա ուրիշ բանի համար արւեց, վստահ եմ՝ ուրիշ բանի համար էր, որ վերագրւի նրանց: Եթէ Դուք նկատել էք, նոյեմբերի սկզբին ՔՊ-ական մամուլը սկսեց գրել այն մասին, թէ ինչպիսի հերոսական ջանքեր է գործադրում Սէյրան Օհանեանը Շուշիի պաշտպանութեան համար: Ես զարմացած էի, բայց չանցած երկու-երեք օր, սկսեցին Սէյրան Օհանեանին մեղադրել, որ նա չկարողացաւ Շուշին պահել: Ներողութիւն բառիս համար, Շուշիի անկումը ուզում էին գցէին Սէյրանի ջեբը: Բայց նա այնտեղ ընդամենը խորհրդատուի դերում էր, ինչի՞ մասին է խօսքը: Կամ Լեւոն Մնացականեանին ի՞նչ ստորաբաժանումներ էին տւել, հրամանատարը հրամանատար է ենթակայ ստորաբաժանումներով, եթէ նա չունի ենթակայ ստորաբաժանումներ, եթէ նա ուժ չունի կռւելու, ի՞նքն է աւտոմատը վերցնելու ու գնայ կռւի, հո դասակի հրամանատար չէ, ոչ էլ վաշտի: Եւ յետոյ հեքիաթներ են պատմում, թէ ինչու Շուշին այդպէս եղաւ: Դաւի՛թ, տեսէք, ես ունենալով այդքան կապեր, ծանօթ լինելով հարիւրաւոր սպաների հետ, տասնեակ գեներալների հետ, մինչեւ այսօր չեմ կարող պարզել, թէ ով է եղել Շուշիի պաշտպանութռան հրամանատարը, ով է եղել Հադրութի պաշտպանութեան հրամանատարը, եւ ընդհանրապէս, այդ ճակատը ով է ղեկավարել: Լաւ, այն ժամանակ, ենթադրենք, գաղտնիք էր, թէեւ այդտեղ գաղտնի բան չկայ, բա հիմա ինչո՞ւ չգիտենք, թէ ով է եղել հրամանատարը:

 

Շուշին ընկե՞լ է, թէ՞ յանձնւել: Դուք ի՞նչ տպաւորութիւն ունէք:

- Իհարկէ, Շուշին յանձնւել է, ես չեմ ասում միտումնաւոր տւել են, կոպիտ ասած: Շուշին յանձնւել է, որովհետեւ արդէն ինձ յայտնի էր, թէ պատերազմը երբ է աւարտւելու: Դեռեւս հոկտեմբերի 19-ից յետոյ, երբ իմ ծանօթները, գործընկերները, ում հետ շփւում էի, ինձ հարցնում էին, թէ իմ կարծիքով՝ երբ է աւարտւելու պատերազմը, ես միանշանակ ասում էի, որ երբ ադրբեջանցիները գրաւեն Շուշին: Վստահ եմ, վաղ թէ ուշ, մարդիկ, ում հետ ես զրոյց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: Մինչեւ հիմա այդ մասին ոչ ոք չի խօսել:

 

Ձեզ համար պա՞րզ էր, որ ի սկզբանէ դա իրենց նպատակադրումն է:

- Ինձ համար պարզ էր՝ ելնելով ադրբեջանական բանակի գործողութիւններից, ելնելով Ալիեւի յայտարարութիւններից, ելնելով նրանից, թէ ադրբեջանցիները դէպի ո՞ւր են շարժւում ու ո՞վ է դրանց դիմադրում, վստահաբար, ես եկել եմ այդ եզրակացութեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։