Հա

Քաղաքական

18/02/2021 - 10:00

««Ամենագիտութեան» հետեւանքներն ու «դեմոնիզացիայի» եւ այլ միֆերի փլուզումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ներքաղաքական դաշտում վերադասաւորումների փուլ է։ Ձեւաւորւում են նոր քաղաքական ուժեր, կուսակցութիւնների միջեւ գծւում են համագործակցութեան նոր ձեւաչափեր, բայց մի շարք հարցեր կան, որ կապւած են անցեալում տեղի ունեցած իրադարձութիւնների հետ, իսկ անցեալը բազմաթիւ թելերով շաղկապւում է նաեւ ներկայ իրողութիւնների հետ։ Խօսքը մասնաւորապէս վերաբերում է 2018 թւականին տեղի ունեցած իշխանափոխութեանը։ 

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ներքաղաքական դաշտում վերադասաւորումների փուլ է։ Ձեւաւորւում են նոր քաղաքական ուժեր, կուսակցութիւնների միջեւ գծւում են համագործակցութեան նոր ձեւաչափեր, բայց մի շարք հարցեր կան, որ կապւած են անցեալում տեղի ունեցած իրադարձութիւնների հետ, իսկ անցեալը բազմաթիւ թելերով շաղկապւում է նաեւ ներկայ իրողութիւնների հետ։ Խօսքը մասնաւորապէս վերաբերում է 2018 թւականին տեղի ունեցած իշխանափոխութեանը։ Եւ այս մասով հանրութեան շրջանում դեռեւս որոշակի կասկածներ են շրջանառւում այն ուղղութեամբ, թէ ինչու իշխանութիւնը յանձնւեց հէնց Նիկոլ Փաշինեանին, ինչ իրադարձութիւններ նպաստեցին դրան եւ այլն։ Իսկ այս հարցերի շուրջ մեկնաբանութիւնները շատ են՝ ներքաղաքականից սկսած, աշխարհաքաղաքականով վերջացրած։

Ուստի պատահական չէ, որ այս հարցի պարզաբանման հետ կապւած հանրութեան շրջանում սպասելիքներ են ձեւաւորւել։ Եւ այս իրողութեանը զուգահեռ յատկանշական էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի լռութիւնը, որը խորհրդաւոր բնոյթ էր ստացել։ Վերջինս, հաշւի առնելով հանրային 2018 թւականից եկող էյֆորիկ տրամադրութիւնները եւ նախկինների ու ներկաների միջեւ գծւած արհեստական ջրբաժանը, տեւական ժամանակ նախընտրելի էր համարում յետաձգել հանրութեանը հետաքրքրող հարցերի շուրջ իր զրոյցը, քանի որ այն կարող էր լսելի, առաւել եւս ընկալելի չլինել այնպէս, ինչպէս պէտք է։ Եւ ահա, 2020 թւականի օգոստոսին, երբ չկային դրանից առաջ եղած էյֆորիկ տրամադրութիւնները, Սերժ Սարգսեանը հանդէս եկաւ ասուլիսով, սակայն այն վերաբերում էր միայն մէկ թեմայի, այն է՝ 2016 թւականի Ապրիլյան պատերազմին ու դրա շուրջ տարբեր մեկնաբանութիւններին, շահարկումներին վերջ դնելուն եւ «խաւարը ցրելուն»։

Երրորդ նախագահի՝ այդ ասուլիսին յաջորդող խօսքն արդէն եղաւ ամիսներ անց՝ ծաւալուն հարցազրոյցի տեսքով։ Հասկանալի է, որ իշխանութիւնների նկատմամբ խոր հիասթափութեան պարագայում հանրութեան մի ստւար հատւածը փորձում է յոյսեր կապել այլ ուժերի հետ։ Ուստի նախագահ Սարգսեանի խօսքն այս ուղղութեամբ հետաքրքիր ուղերձներ էր պարունակում այն մասին, թէ իրենք, ինչպէս եւ ցանկացած իշխանութիւն սխալներ են ունեցել, բայց իրենց «նախկիններ» բնորոշման անւան տակ «դեմոնիզացրել» են։ Այսինքն, գործող իշխանութիւնները դեռեւս մինչեւ այժմ շարունակում են նախկին իշխանութիւններին մեղադրել տարբեր բացթողումների մէջ, այնինչ իրենք ամբողջովին ձախողել են ամենակարեւոր հարցը՝ պետութեան անվտանգութեան ապահովումը։

Եւ պատահական չէ, որ այս կապակցութեամբ Սարգսեանը օրինակներ բերեց, թէ ինչպէս կարելի էր լուծել պատերազմում առնւազն չպարտւելու հարցը։ Այնինչ, իշխանութիւնները չեն ցանկացել որեւէ ձեւով խորհուրդներ լսել, այդ թւում՝ փորձառու զինւորականների եւ ՀՀ նախկին նախագահների խորհուրդները։ Մենք քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու այս իշխանութիւնների «ամենագիտութեան» սինդրոմին, որը բոլոր ոլորտներում յանգեցրել է ձախողման: Այս մասին նախօրէին բարձրաձայնեց նաեւ երրորդ նախագահը: «Թաւշեայ» քայլողներին թւում էր, թէ իրենք խորհուրդների կարիք չունեն եւ ամէն ինչ կարող են սկսել սեփական կէտից։ Արդիւնքում նրանց մեծամտութեան պատճառով երկիրը տուժեց։ Կարեւոր հանգամանք էր նաեւ Սարգսեանի միւս կարեւոր ուղերձը, այն է՝ ցրել հանրային դիսկուրսում շրջանառւող այն կասկածները, թէ Նիկոլն իր «պրոյեկտն» է։ Սարգսեանը պարզ ու հանրամատչելի բացատրեց, որ ինքն իր համար «նման անհեթեթութիւն չէր խզբզի»:

Ընդհանրապէս, Սերժ Սարգսեանի հարցազրոյցի առանցքը պէտք է համարել ոչ միայն կուտակւած բազմաթիւ հարցերին պատասխանելը, այլեւ մի շարք մանիպուլեացիաների հետ կապւած պարզաբանումները: Եղե՞լ են նախորդ իշխանութիւնների ժամանակ թերութիւններ, սխալներ ու բացթողումներ: Իհարկէ, եղել են, ու դրանք քիչ չեն: Սակայն հարցն այն է, որ որոշակի շրջանակներ, այդ թւում՝ ներկայումս վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը տարիներ շարունակ մանիպուլեացիայի, կեղծ տեղեկութիւններ շրջանառելու ճանապարհով նշեալ բացթողումները ճոխացրել ու «բազմապատկել» են՝ ձեւաւորելով միֆեր, որոնց հանրութեան մի հատւածը այսօր էլ դեռ կուրօրէն հաւատում է: Ահա, նաեւ նման միֆերի քանդմանն էր ուղղւած Սերժ Սարգսեանի հարցազրոյցը, թէպէտ, յանուն արդարութեան, պէտք է նշել, որ հազիւ թէ հնարաւոր է մէկ-երկու հարցազրոյցով կամ ասուլիսով պատասխանել բոլոր հարցերին եւ ցրել միֆերը:

Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, ապա Սերժ Սարգսեանի տեսակէտը յստակ էր՝ գործող կառավարութիւնը պէտք է հրաժարական տայ, որից յետոյ պէտք է կազմակերպել արտահերթ ընտրութիւնները։ Միւս կողմից՝ հանրութեանն ուղղւած ամենակարեւոր ուղերձն այն մասին էր, որ երկարատեւ լռութիւնից յետոյ նախագահ Սարգսեանը քաղաքական գործընթացներին ակտիւ մասնակցութեան յայտ է ներկայացնում։ Բայց այստեղ ամենաուշագրաւն այն է, որ Սարգսեանը ծանրութեան նժարը դնում է իր քաղաքական թիմի վրայ՝ յայտարարելով, թէ ինքն անձամբ, լինելով ակտիւ քաղաքական գործընթացներում, պետական պաշտօնի չի յաւակնում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։