Հա

Քաղաքական

18/02/2021 - 12:10

«Փաշինեանական էժանագին թատրոնը Հայաստանի ճամփէքին». «Անկեղծ ասած»՝ Գեղամ Մանուկեանի հետ

Պատերազմում խայտառակ պարտութիւնից, գաղտագողի հայրենազրկման փաստաթղթեր ստորագրելուց յետոյ Երեւանում բոլոր փողոցները փակելուց, տասնեակ ոստիկանական մեքենաների ուղեկցութեամբ, անվտանգութեան հարիւրաւոր աշխատակիցների հսկողութեամբ երթեւեկող Փաշինեանը մէկ էլ յանկարծ այսօր ամէն քայլափոխի կանգում էր Գիւմրի-Երեւան մայրուղու տարբեր հատւածներում, որտեղ ըստ ներկայացման սցենարի ինքնաբուխ հաւաքւել էին գիւղացիները: 

Այսօր երեւանեան բեմերում կարելի էր դիտել հետեւեալ ներկայացումները՝ Բոհեմ թատրոնում՝ «Վայ Գրիգ Գրիգ» կատակերգութիւն մոնոներկայացումը, Երեւանի Պետական Կամերային Թատրոնում՝ «Հայն ու հայը», իսկ Ստանիսլաւսկու անւան դրամատիկական թատրոնում նոր բեմ ելած «Կապի՛ր ինձ մահճակալին»: Տոմսերի արժէքները տարբեր են ու տատանւում են 1000 դրամից մինչեւ 5000-ը: Բայց այսօր մէկ այլ ներկայացման պրեմիերա էր: Ընդ որում ոչ թէ մէկ, այլ մի քանի բեմերում, դերասաններն էլ փորձառու չէին. հանդէս էին գալիս ժողովրդի դերում: Գլխաւոր դերակատարի մասին առանձին կը խօսեմ: Ներկայացման անունն ամէն մէկը տարբեր է դրել՝ «Ժողովրդի վարչապետն ու թաւիշը վերացնել պահանջող գիտակից քաղաքացին», «Նոր Իլեիչը, մուժիկն ու մի զոյգ կօշիկը», «Հայրենզրկման ողբերգութիւնը Հայաստանում»: Հա, գլխաւոր դերակատարն էլ Նիկոլ Փաշինեանն էր:

Պատերազմում խայտառակ պարտութիւնից, գաղտագողի հայրենազրկման փաստաթղթեր ստորագրելուց յետոյ Երեւանում բոլոր փողոցները փակելուց, տասնեակ ոստիկանական մեքենաների ուղեկցութեամբ, անվտանգութեան հարիւրաւոր աշխատակիցների հսկողութեամբ երթեւեկող Փաշինեանը մէկ էլ յանկարծ այսօր ամէն քայլափոխի կանգում էր Գիւմրի-Երեւան մայրուղու տարբեր հատւածներում, որտեղ ըստ ներկայացման սցենարի ինքնաբուխ հաւաքւել էին գիւղացիները: Օգնականները, մամլոյ քարտուղարը սոցցանցերում արագ տեղեկացնում էին, որ ճանապարհները գիւղացիները փակել էին, Փաշինեանն էլ հանդիպում էր նրանց հետ: Տեսանիւթը շատերը կը տեսնեն իշխանական հեռուստակայաններով: Մաստարա, Աշնակ, Ներքին Բազմաբերդ, Ուջան: Բացի առաջինից, բոլորն էլ Էրգիր կորցրած, սասունցիների ժառանգների վրայ ձեւաւորւած բնակավայրերի բնակիչներ: Սոցիալական բազում հարցերի տակ կքած, հազար ու մի տեսակ հարց ունեցող, աշխատանք չունեցող համայնքների հաւաքւած խումբ-խումբ մարդիկ: Թւում է, թէ պէտք է հազար ու մի տեսակ հարց բարձրացնէին: Թւում էր, թէ Էրգրի մասին ողջ կեանքը երգեր երգող սասունցիները պէտք է խօսէին պատերազմից, Շուշիի ու Հադրութի, Արցախի մեծ մասի կորստից, պատասխան պահանջէին հազարաւոր զոհերի համար, պատասխան պահանջէին պարտութեան համար, պատասխան պահանջէին գաղտնի կնքւած պայմանագրերի համար, անհանգստանային Արցախի ապագայով, որի ազատագրութեան համար զոհւել են նաեւ իրենց շատ համագիւղացիներ: Բայց դա կը լինէր բնական սցենարը, բնական կեանքում այդպէս կը լինէր:

Այսօրւայ Փաշինեանի ճամփորդութեան եւ ժողովրդի հետ հանդիպումների սցենարիստները կառավարութիւնում ու մարզպետարանում պարզւում է հայկական անորակ սերիալների ռեժիսորներից աւելի անտաղանդ էին, սցենարական պատւէրն անգամ շատ էժանագին էին կատարել: Ու ամէն հանդիպմանը նոյն կրկնւող ձեւակերպումն էր՝ «վերջ տւէք թաւիշին»: Բռնել, կախել, բանտարկել բոլորին: Երեք տարի առաջ էլ հեծանւով գործի գնացող, առանց ֆէյսբուքեան ուղիղ եթերների երեւանեան փողոցներում չշրջող Փաշինեանն էլ, իր դերի մէջ մտած, լուրջ սկսում էր մտածել, քննարկել, խոստումներ տալ:

Ցաւ էր ինձ՝ մաստարեցու արմատներ ունեցողիս համար մի պահ դիտելը, թէ ինչպէս են հայրական, պապենական գիւղի մուտքին դիմում Փաշինեանին, թէ հարցեր ունենք, բայց դրանք կարեւոր չեն, հիմա կարեւորը՝ «թաւիշին վերջ տւէք»: Կարծես, եթէ վաղն իշխանութիւնը հազարաւորներին բանտ նստեցնի, ապա Մաստարւա Փոշկոնդա սարը ծաղկելու է, գիւղամիջում տասնեակներով անգործ մարդիկ էլ ստիպւած չեն հաւաքւելու, այլ աշխատանք են ունենալու, խոպան պարտադրւած չեն գնալու, հիմա դրա հնարաւորութիւնն անգամ չունեն, այլ գործարաններն են աշխատելու: Մաստարեցիներ ջան: Դա՞ է ձեր դարդն ու ցաւը, մի քանի օր առաջ ձեր ջահելներին հողին յանձնածներ: Մէկդ չկա՞ր, որ դրա մասին հարցնէր Փաշինեանին: Թէ՞ այլ բան էին ասել մարզպետարանից:

Այսօրւայ ներկայացումով իշխանութիւնն ապահովում էր համաժողովրդական աջակցութեան իմիտացիան, թատրոնը: Գոնէ Հիւսիսային Կորէայից մի մասնագէտ բերէին, գոնէ մէկ այլ բռնատիրական երկրից մի քիչ էժան գնով սցենարիստ բերէին: Թէ չէ, մեր երկրում բոլոր գործերը տապալած կառավարութիւնում դժւար էր այս ներկայացումը բեմադրելու մասնագէտ գտնելը:

Բայց արդէն թաւիշը վերացնելու «ժողովրդի» պահանջը դեռ նոր հնչած, տեղ հասաւ. իշխանութիւնը, ստիպւած, ենթարկւելով Հայաստանի միակ տէր, միակ իշխանաւոր ժողովրդի հուժկու պահանջին, որոշեց թաւիշը վերացնելու մէկ քայլ էլ անել: Դէ ժողովուրդն է պահանջել: Դա հո 2020 թւականի նոյեմբերի 9-ի կապիտուլեացիոն համաձայնագիրը չէր, որ ժողովրդի կարծիքը հարցնէին, եւ ոչ թէ գաղտագողի ստորագրէին: Դա հո Սիւնիքի անվտանգութիւնը խարխլած փաստաթուղթը չէր, որ ժողովրդի կողմից ստորագրւէր, այլ ոչ թէ գերգաղտնի միջոցներով, դա հո Շուշին տալու հարցը չէր, որ ժողովրդին հարցնէին: Դա ամենակարեւոր բանն էր այս իշխանութեան համար:

Հայրենազրկումից, Արցախը յանձնելուց յետոյ, այլեւս հենք չունեցող իշխանական աթոռը պաշտպանելու հարցն էր: Ու շնորհաւորեմ այսօր Փաշինեանից կոպիտ միջոցների գնալը պահանջողներին: Դուք յաղթում էք: Այսօր արդէն կառավարութիւնը շրջանառութեան մէջ դրեց հանրային պաշտօնեաներին, պետական պաշտօնեաներին վիրաւորելու, զրպարտելու համար քրէական պատասխանատւութեան անհրաժեշտութիւնը:

Սիրելի մաստարեցիներ ջան, դուք որ տարիներ առաջ ինձ դիմաւորում էիք ու հպարտանում էիք, որ ձեր գիւղի թոռ եմ, լեփ-լեցուն հաւաքւում էիք գիւղի դահլիճում հանդիպման, քանի որ Ստամբուլում Էրդողանի դէմ Ցեղասպանութիւնը ճանաչելու պահանջով պաստառ էի բարձրացրել, թուրքական ալիքների ուղիղ եթերում Էրդողանին յիշեցրել, որ նրա պապերը կոտորել են իմ ու ձեր նախնիներին, ու քիչ էր մնում, այնտեղ բանտարկւէի, հիմա կարող է թաւիշը վերացնելու համար հէնց այսօր կառավարութեան ու գլխաւոր դատախազութեան մշակած օրէնքի նոր նախագծով բանտարկւեմ Հայաստանում, քանի որ եթէ ասեմ, որ Նիկոլ Փաշինեանի ուղղակի խայտառակ քաղաքականութեան, մեր ժողովրդին պառակտելու, մեր բանակը հեղինակազրկելու, բանակի փորձառու շատ հրամանատարների հանելու, անփորձի նշանակելու, ռազմական գործողութիւնների վարման մէջ իր, կնոջ, զինւորական գործից չհասկացող այլ պաշտօնեաների միջամտելու, ռազմական ամենախայտառակ յանձնարարականներ տալու պատճառով զոհ տւեց հազարաւոր մեր երեխաների, հայրենակիցների, կորցրեց Արցախի 70 տոկոսը, յանձնեց Շուշին: Այս ասածներիս համար, քանի որ նա էլ իշխանութեան վրայ է եւ իր ձեռքում է ամէն ինչ եւ այս պայմաններում դժւար կը լինի ապացուցել այդ ամէնը, ինձ մեղադրանք կառաջադրեն, թէ զրպարտել եմ, վիրաւորել, ու երկու տարի բանտարկութիւն: Ոչինչ, դրանից չեմ վախենում, մի քրէական գործ արդէն մի երկու ամիս առաջ յարուցել են, վարժ ենք: Բայց այս յօդւածով չէ՞ որ հազարաւորներին են դատելու, տասնեակ հազարաւորներին են դատելու: Քանի որ մարդիկ մտածող են, տրամաբանող, վերլուծող, հայրենիք սիրող, Արցախի կորստով ցաւ ապրող, մեր ժողովրդի պարտութեան պատճառով հանգիստ ու դադար կորցրած:

Ի դէպ, չզարմանաք, թաւիշին վերջ տալու պահանջով հանդէս եկող այսօրւայ թալինցիներ, որ մէկ էլ իմանաք, որ դատւողների մէջ մեծ թիւ են նաեւ ձեր ազգականները: Հո բոլորն այսօրւայ փաշինեանական ներկայացման մէջ չեն ուզում էժան դերասանի դեր խաղալ: Անգամ անուններ կարող եմ տալ՝ ովքեր են գնալու բանտ: Դուք ձեր հարազատներին ինձանից աւելի լաւ գիտէք: Այս օրէնքի նախագծի մասին մի առիթով կը խօսեմ: Դեռ նման շատ օրէնքներ կը բերւեն: Չէ՞ որ հայրենիքի կորստեան արդիւնքում իր աթոռից վախեցողին կառավարութեան շէնքում մնալու այլ տարբերակ չկայ:

Իսկ երեւանեան թատրոններում այսօրւայ ներկայացումների տոմսերի գներն, ի դէպ տարբեր էին՝ 1000-ից 5000 դրամ: Անկեղծ ասած, այսօրւայ փաշինեանական թատրոնին ուշադրութիւն չէի դարձնի, եթէ գինը շատ թանկ չլինէր, անգամ աւելին՝ անգին չլինէր, այն է՝ Արցախը, Շուշին, Հադրութը, անպաշտպան Սիւնիքը, վտանգւած Մեղրին, Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը, մեր ժողովրդի ինքնասիրութիւնը, արժանապատւութիւնը: Այս ամենից մեզ զրկեց այսօրւայ թատրոնի գլխաւոր դերասանը:

 

Yerkirmedia.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։