Հա

Քաղաքական

20/02/2021 - 09:26

«Յաճախ եմ յիշում Շուշիում Սպարապետի՝ իմ քանդակած արձանի բացումը, եւ տեղս չեմ գտնում, երբ վարչապետը պնդում է, թէ Շուշին հայկական չէ». Լեւոն Թոքմաջեան

Պատերազմի վերջում միայն ես հասկացայ, որ պարտւում ենք, սկզբում այլ կերպ էինք մտածում, բոլորս ոգեւորւած ու խանդաւառւած էինք, բայց ամէն ինչը գլխիվայր շուռ եկաւ․ հասկացայ, որ եթէ ադրբեջանցիները մտել են Շուշի, Սպարապետի արձանը կը պղծեն, դա յաղթանակած մարդու արձան է, այդ օրերին ես պատրաստակամութիւն յայտնեցի քանդակը տեղափոխելու Շուշիից, բայց ինձ ոչ ոք չարձագանքեց:

«alikonline.ir»- Պատերազմի վերջում միայն ես հասկացայ, որ պարտւում ենք, սկզբում այլ կերպ էինք մտածում, բոլորս ոգեւորւած ու խանդաւառւած էինք, բայց ամէն ինչը գլխիվայր շուռ եկաւ․ հասկացայ, որ եթէ ադրբեջանցիները մտել են Շուշի, Սպարապետի արձանը կը պղծեն, դա յաղթանակած մարդու արձան է, այդ օրերին ես պատրաստակամութիւն յայտնեցի քանդակը տեղափոխելու Շուշիից, բայց ինձ ոչ ոք չարձագանքեց:

«Արմնիւզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջեանը:

«Շուշիի կորուստն ինձ համար ցաւալի է, ես կարծես այդ քաղաքի բնակիչ լինէի։ Ղազանչեցոց փողոցում երեք առանձնատուն պէտք է դառնային մշակութային կենտրոններ, այդ ժամանակ ես աշխատում էի Քրիստափոր Իւանեանի քանդակի վրայ։ Ես Շուշիում խեցեգործութեան տուն հիմնեցի, քանի որ այնտեղի կաւը հրաշալի է։ Պէտք է նաեւ դարբնոց բացէինք։ Ցաւալի է, որ այդ ամէնը կորցրինք։ Ես իմ տեղը չեմ գտնում, երբ վարչապետն ասում է՝ Շուշին հայկական չէ։ Հիմա այն մերը չէ, եւ ինձ անընդհատ հարցնում եմ՝ ինչո՞ւ մերը չէ, չէ՞ որ այն ուղնուծուծով հայկական է, ինչպէ՞ս կարելի է ասել, թէ հայկական չէ»,- ասել է արւեստագէտը:

Ըստ Թոքմաջեանի՝ ամօթալի է, որ նոյնիսկ ռուս քաղաքագէտներն են պնդում, թէ Շուշին հայկական է, իսկ մեր իշխանութիւնը հակառակն է ասում. «Հայ ժողովրդի ողնաշարը կոտրւել է, պարզ չէ՝ ինչ է լինելու վերջը։ Ապագայ իշխանութիւնը պէտք է խոստանայ, որ Հադրութն ու Շուշին կը վերադարձնի։ Արցախը մեզ համար լեռան գլխին վարդ էր։ Գանձասարում պիտի Պըլը Պուղիի քանդակը դնէինք։ Մարտունու քաղաքապետը վերջերս ասաց՝ եթէ Նժդեհի արձանը հանենք, ադրբեջանցիները հանել կը տան նաեւ Մոնթէի քանդակը։ Որդիս մասնակցել է Շուշիի ազատագրմանը, նա չի կարողանում հաշտւել այս իրողութեան հետ»:

Քանդակագործի կարծիքով՝ պէտք է պարզել՝ սա դաւաճանութի՞ւն էր, դաւադրութի՞ւն, թէ՞ անկարողութիւն. «Երբ Սպարապետի քանդակը բացւում էր Շուշիում, ես ելոյթումս ասացի՝ նա մեր հայկական Գարիբալդին է։ Ինչքան եմ Գորիսից Կապան գնացել, հիմա տեսնելու եմ թուրքի դրօշ ու «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակնէ՞ր։ Դա պէտք է սովորակա՞ն դառնայ։ Թուրքերը մղւելու են առաջ, նրանք չեն հագենալու, քանի որ արնախում են։ Էրդողանը մեզ ասում էր՝ հայերն անցեալի մնացորդներն են, այսինքն՝ կոտորածից յետոյ էլ մնացել են։ Մենք նրանց հետ ինչպէ՞ս ենք առեւտուր անելու, դա անհնար է»:

Լեւոն Թոքմաջեանի պնդմամբ՝ պէտք է պարզել, թէ ինչո՞ւ փլուզւեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, շատերն ասում են՝ հրամանատարներին յետ են կանչել, զինւորը մնացել է առանց ղեկավարի։

«Միանգամից երկու թուրք մարդասպաններին ազատեցինք, իսկ նրանք մեզ իրենց ուզած ձեւով օգտագործում են։ Երբ Ալիեւը բռունցք է ցոյց տալիս, ինձ թւում է՝ դա ինձ է ուղղւած։ Վարչապետի լռութիւնը տարակուսանք է ստեղծում։ Ինչո՞ւ այդքան զենքերը չենք օգտագործել։ Ես ցաւում եմ, որ իրականութիւնն այսքան շրջադարձային եղաւ հայերիս համար։ Ի վերջոյ, ինչո՞ւ կառավարութիւնը չի միջամտում մեր սահմանների վերահսկմանը»,- ամփոփել է ՀՀ ժողովրդական նկարիչը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։