Հա

Քաղաքական

21/02/2021 - 13:32

Պատմութեան կրկնութիւնը ապառնում է մեզ

Ասում են` պատմութիւնը կրկնւելու յատկութիւն ունի: Իհարկէե, խմբագրումներ լինում են, բայց կրկնութիւններն անխուսափելի են:

ԳԷՈՐԳ ԳԻՒԼՈՒՄԵԱՆ

Ասում են` պատմութիւնը կրկնւելու յատկութիւն ունի: Իհարկէե, խմբագրումներ լինում են, բայց կրկնութիւններն անխուսափելի են:

Յուլիանոսից յետոյ Հռոմի կայսր դարձած Յովանիոսն այնքան թուլամորթ ու անողնաշար էր, որ Յուլիանոսի` պարսիկներին ջախջախելու բոլոր միջոցներն արագօրէն «սառեցնելուց» յետոյ նոյնիսկ չէր կարողանում ապահով նահանջ կազմակերպել իր զօրքերի համար, չնայած այն բանին, որ կռւելու համար բաւարար ուժեր ունէր:

Այդ պատճառով` նա ստիպւած եղաւ ընդունել պարսից Շապուհ 2-րդի բոլոր նախապայմանները եւ կնքել Հռոմի համար մի ստորացուցիչ պայմանագիր, որը ոչ այնքան պայմանագիր էր, որքան` Շապուհի ցանկութիւնների արձանագրութիւն:

Ըստ այդ պայմանագրի` Հռոմը Պարսկաստանին էր զիջում Արբաստանը` Մծբին քաղաքով, Սինգարաու, Կաստրամաւրորում ամրոցներով, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծաւդէքը եւ Ռեմինէն:

Հռոմէացի պատմիչ Ամինիանոս Մարկելինոսն այդ պայմանագիրն անւանել է ամօթալի:

Հռոմը` Հայաստանի դաշնակիցը, եւ, որպէս գերտէրութիւն, ինչ-որ կերպ նաեւ Հայաստանի անվտանգութեան երաշխաւորը` դաշնակցի իր պարտաւորութիւններով, գնաց ստորագոյն մի քայլի, որի մասին վերոյիշեալ պատմիչը գրում է.

«Բացի այդ, նաեւ ծանր եւ ուխտադրուժ մի յաւելում արւեց, որ այլեւս չտրւի օգնութիւն մեր մշտական ու հաւատարիմ բարեկամ Արշակին՝ պարսից դէմ, եթէ նա այդ մեզանից խնդրելու լինի: Գործարք կնքեց Հայաստանի հաշւին եւ նենգօրէն դաւաճանեց նրան»:

Հռոմէացի պատմիչի այս գրութիւնը մէջբերելը բուն ասելիքիս հիմքն էր` մեխը: Իհարկէ, Հռոմն ու Հայաստանը ազգային ու մշակութային այն անքակտելի կապը չունէին, ինչ ունեն Հայաստանն ու Արցախը, բայց, ամէն դէպքում, Հռոմի կայսեր քայլը մինչ օրս դիտւում է որպէս դաւաճանութիւն:

Իսկ ինչպէս է դիտւում Հայաստանի այն ղեկավարի քայլը, որը մինչեւ 2020թ. ամենուր բղաւում էր, թէ` Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց յետոյ ստեղծեց այնպիսի մի ներազգային ու ներպետական քաոս, որի հետեւանքով Հայաստանն էլ Հռոմի պէս նւաստագիր կնքեց ու տարածքներ զիջեց, ի տարբերութիւն Հռոմի` ոչ թէ գրաւեալ, այլ ազատագրւած` պատմական Հայաստանին մաս կազմող: Աւելին՝ խոստացաւ իր զօրքերը դուրս բերել Արցախից ու այլեւս զօրք չուղարկել այնտեղ:

Չգիտեմ` որքանով է ճիշտ 17 դարերի հեռաւորութեան վրայ հայութեանը դաւաճանած հռոմէացուն ու հային նոյն արշինով չափելը, ասենք, էական էլ չէ նրանց նմանութիւններն ու տարբերութիւնները, էականը պատմութեան կրկնութիւնն է, որին մենք բազմիցս ականատես ենք եղել:

«Ամօթալի» դաշնագրից յետոյ Շապուհը, իրեն ազատ զգալով, մէկ տարի անց յարձակւեց Հայաստանի վրայ ու աւերելով այն` ձերբակալեց հայոց արքա Արշակին:

Այսօր, երբ Հայաստանն Արցախի հարցում, մեղմ ասած, ձեռքերը լւացել է, թշնական Ադրբեջանի ղեկավարն իրեն աւելի ազատ է զգում, քան երբեւէ:

Այսօր, ես աւելի շատ եմ վախենում պատմութեան կրկնութիւնից, քան` երբեւէ:

 

Azg.am

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։