Հա

Քաղաքական

22/02/2021 - 13:20

«Տրանսպորտային ապաշրջափակման» առասպելը կամ Այսրկովկասից ՀՀ-ի լիակատար «վտարումը»

ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտի (տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակում ու ՀՀ տարածքով տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ) եւ 2021 թ. յունւարի 11-ին Մոսկւայում ստորագրւած կրկին եռակողմ յայտարարութեան (նշեալ կէտի իրականացման նպատակով փոխվարչապետների համատեղ նախագահութեամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին) համաձայն՝ Այսրկովկասում կտրուկ փոխւում է իրադրութիւնը: Մոսկւայի հանդիպումից յետոյ ռուսական «Kommersant»-ը, անդրադառնալով հանդիպման արդիւնքներին, հրապարակեց տրանսպորտային նոր հաղորդուղու ստորեւ ներկայացւող քարտէզը:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտի (տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակում ու ՀՀ տարածքով տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ) եւ 2021 թ. յունւարի 11-ին Մոսկւայում ստորագրւած կրկին եռակողմ յայտարարութեան (նշեալ կէտի իրականացման նպատակով փոխվարչապետների համատեղ նախագահութեամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին) համաձայն՝ Այսրկովկասում կտրուկ փոխւում է իրադրութիւնը: Մոսկւայի հանդիպումից յետոյ ռուսական «Kommersant»-ը, անդրադառնալով հանդիպման արդիւնքներին, հրապարակեց տրանսպորտային նոր հաղորդուղու ստորեւ ներկայացւող քարտէզը:

Քարտէզից պարզորոշ է, որ եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտի առաջին նախադասութիւնը («Տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակւում են») տարածւում է միայն Երեւան-Ջուլֆա (Ջուղա)-Հորադիզ-Բաքու-Դերբենդ, Իգդիր-Ջուլֆա (Ջուղա)-Հորադիզ-Բաքու-Դերբենդ երկաթուղային եւ աւտոմոբիլային, ինչպէս նաեւ Իգդիր-Ջուլֆա (Ջուղա)-Հորադիզ-Բաքու աւտոմոբիլային հաղորդուղիների վրայ: Ի դէպ, Նախիջեւանի Շարուր քաղաքի կայարանից մինչեւ Թուրքիայի Իգդիր քաղաք երկաթուղի երբեւէ չի անցել, եւ այն պլանաւորւում է կառուցել առաջիկայում:
Հասարակութեանը ստերով եւ կեղծիքներով մոլորեցնելու մէջ իրենց վարպետութեամբ աչքի ընկած ՀՀ իշխանութիւնները, բնականաբար, «տրանսպորտային ապաշրջափակումը» ներկայացնում են որպէս բարեկեցիկ կեանքի ու տնտեսական վերելքի գրաւական՝ կա՛մ դիտաւորեալ թաքցնելով, կա՛մ չհասկանալով «ապաշրջափակման» իրական նպատակներն ու կործանարար հետեւանքները:

Իհարկէ, Ադրբեջանի եւ ՀՀ-ի հարաւով հաղորդուղիների վերաբացմանը առաջնայնութիւն տալը բացատրւում է յայտարարութեան 9-րդ կէտով նախատեսւած դրոյթներով, սակայն նոյն կէտի առաջին նախադասութեան ձեւակերպումից («Տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակւում են») հարց է առաջանում՝ ինչու ընդհանրապէս չի խօսւում, օրինակ, Երեւան-Իջեւան-Աղստեւ-Եւլախ-Բաքու-Դերբենդ երկաթուղու վերաբացման մասին: Այս հաղորդուղու վերագործարկման ծախսերը, ի դէպ, անհամեմատ աւելի քիչ են, քանի որ վերագործարկման ենթակայ Հրազդան-Դիլիջան-Իջեւան-Ղազախ հատւածն անհամեմատ կարճ է եւ աւեի քիչ է վնասւած (Ադրբեջանի երկաթուղային քարտէզներում նշւած է, որ երկաթուղու Աղստեւ-Ղազախ-ՀՀ սահման հատւածը գործող է կամ էլեկտրաֆիկացւած), քան հարաւային ուղղութեան Հորադիզ-Ջուլֆա (Ջուղա) եւ Շարուր-Երեւան հատւածները, որտեղ, տարբեր հաշւարկներով, անհրաժեշտ է շուրջ 400-500 մլն դոլարի ներդրում:

Պարզորոշ է՝ վերակառուցւող եւ կառուցւող հաղորդուղիները «ապաշրջափակւում են» միայն այն ուղղութիւններով, որոնք բխում են Թուրքիայի եւ Ադրբեջանի աշխարհաքաղաքական շահերից, եւ այստեղ տեղին կը լինի նշել, որ վերաբացւող հաղորդուղիներով փոխադրւելու են ոչ թէ բեռներ կամ մարդիկ, այլ թուրք-ադրբեջանական մեծապետական շահերը:

Կանխատեսումները, որ Ադրբեջանն ամենածիծաղելի պատրւակներով խոչընդոտելու է նշւած հաղորդուղիով հայկական կողմի բեռնափոխադրումների իրականացումը, իսկ հայ ուղեւորները պարզապէս խուսափելու են ադրբեջանական կայարաններով անցնելով ՌԴ մեկնելուց, միանգամայն փաստարկւած են: Ադրբեջանի՝ եռակողմ յայտարարութիւնների ստորագրումից յետոյ Արցախի ու ՀՀ-ի հանդէպ ցուցաբերած ծայրայեղ թշնամական (նախկին) վարքագիծն ու քայլերը, Ի. Ալիեւի՝ սպառնալիքներով ու շանտաժներով լի ելոյթները հազիւ թէ այլ կերպ մեկնաբանւեն:
Պատմութիւնը կրկնւում է ճշգրիտ կերպով: Ի՞նչ նկատի ունենք: Թուրքիան Ադրբեջանի հետ ցամաքային հաղորդուղիով միանալու համար պայքարել է տասնամեակներ շարունակ: 1993 թւականից (Քարվաճառի ազատագրումից) ի վեր նա փակեց Գիւմրի-Կարս երկաթուղին եւ ՀՀ-Թուրքիա սահմանը: Տասնամեակներ շարունակ փակ պահելով այն եւ տնտեսական մեծ վնաս պատճառելով ՀՀ-ին՝ փոխարէնը խոշոր միջոցների ներդրմամբ կառուցւեց Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Բաքու (ԿԱԲ) երկաթուղին (ի դէպ, այս երկաթուղու կառուցման մոլի ջատագովներից էր «Օրագիր» թերթի խմբագիր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, ով իր թերթի էջերում ժամանակին ցինիկաբար մեղադրել է ջաւախահայութեանը ԿԱԲ երկաթուղային նախագծին դէմ հանդէս գալու համար):

27 տարի անց Քարվաճառը յանձնւեց Ադրբեջանին, սակայն Գիւմրի-Կարս երկաթուղին չվերագործարկւեց: Եւ այն երբեք չի վերագործարկւի, եւ ՀՀ-ն կը շարունակի դոփել շրջափակման խորխորատներում, քանի որ Թուրքիայի իրական նպատակը ոչ այնքան Քարվաճառը հետ ստանալն էր, որքան ՀՀ-ի շրջափակումը: Աւելին` Թուրքիային եւ Ադրբեջանին յաջողւեց վերստին եւ եւս մէկ ուղղութեամբ շրջափակել Հայաստանը. Կարս-Գիւմրի-Արմաւիր-Երասխ-Շարուր-Նախիջեւան երկաթգծի վերագործարկման փոխարէն շուտով կը կառուցւի Իգդիր-Շարուր երկաթգիծը, եւ Թուրքիան, առանց ՀՀ-ից կախում ունենալու, ցամաքով կանցնի դէպի Ադրբեջան (Նախիջեւան եւ Բաքու), Իրան (Ջուլֆա կայարանից) եւ Ռուսաստան (Բաքւից դէպի Դերբենդ): Մեղրիի հատւածում ՀՀ-ն որեւէ ազդեցութիւն չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական հաղորդակցութեան վրայ, քանի որ`

  1. տրանսպորտային հաղորդակցութեան հսկողութիւնն իրականացնելու են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայութեան մարմինները,
  2. արեւելեան հատւածի անվտանգութեան դիմաց՝ ՀՀ-ն Ադրբեջանի ձեռքում «պատանդ է յանձնել» Արցախի բեկորները, Սիւնիքի եւ ՀՀ արեւելեան սահմանների ռազմավարական կարեւորագոյն այլ դիրքեր:

Շարուր (Նախիջեւան)-Իգդիր երկաթուղին, որի կառուցման մասին 2012 թ. յայտարարել էր նաեւ վարչապետ Ռ. Էրդողանը, Թուրքիան դիտարկում է որպէս Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու շարունակութիւնը հանդիսացող Կարս-Իգդիր-Նախիջեւան (ԿԻՆ) երկաթուղային խոշոր նախագծի մի մասը: ԿԻՆ երկաթուղային նախագիծը քննարկւել է մշտապէս՝ Կարս-Ախալքալաք-Բաքու նախագծի իրականացմանը զուգահեռ: Թուրքիայի տրանսպորտի, նաւագնացութեան եւ հաղորդակցութեան նախարար Ահմեդ Արսլանը 2017 թ. յայտարարել էր, որ ԿԻՆ-ի միջոցով Թուրքիան ոչ միայն դուրս կը գայ պարսկական շուկայ, այլեւ կը կապւի Պակիստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հարաւի հետ: 224 կմ երկարութեամբ ԿԻՆ երկաթուղու նախագծի վրայ աշխատանքները, ըստ նոյն նախարարի՝ 2018 թ. մէկ այլ յայտարարութեան, մեկնարկելու էին 2018 թ. վերջ-2019 թ. սկիզբ ժամանակահատւածում:

Միանգամայն սպասելի էր, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար նոր եւ խիստ ցանկալի իրողութիւնների պայմաններում հրատապ կարգով կրկին օրակարգ էր բերւելու ԿԻՆ երկաթուղային նախագիծը: Նոյեմբերի 9-10-ի եռակողմ յայտարարութիւնից տառացիօրէն երկու օր անց՝ նոյեմբերի 12-ին, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլին յայտարարեց, որ Թուրքիան ծրագրում է երկաթուղի կառուցել դէպի Նախիջեւան: Այդ երկաթուղին կառուցելու որոշումը, Քարաիսմայիլօղլու խօսքերով, կայացւել է տարածաշրջանում վերջին իրադարձութիւններից յետոյ:

Հպանցիկ հայեացք նետելով Այսրկովկասի արդէն գործող եւ նախանշւած նոր ուղիներին՝ կարող ենք փաստել, որ մի կողմից` Հրազդան-Դիլիջան-Իջեւան-Ղազախ-Աղստեւ-Եւլախ-Բաքու եւ Գիւմրի-Կարս երկաթուղիների չվերագործարկմամբ, միւս կողմից` ԿԻՆ նախագծի շուտափոյթ իրականացմամբ եւ դրա շարունակութիւնը հանդիսացող Նախիջեւան-Իրան եւ Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ-Բաքու-Դերբենդ երկաթուղային հաղորդակցուղիների շուտափոյթ վերակառուցմամբ Թուրքիան յաւելեալ անգամ շրջափակում է Հայաստանի Հանրապետութիւնը՝ այն վերածելով երկաթուղիներով շրջափակւած իւրօրինակ կղզու:

«Տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումը»՝ պայմանաւորւած վերջին իրողութիւններով, ոչ այլ ինչ է, քան ՀՀ-ի եւ Արցախի մնացեալ բեկորների լիակատար շրջափակում: Այս ամդնի հետեւանքով ՀՀ-ն` որպէս պետութիւն, վերջնականապէս կը դադարի Այսրկովկասում գործօն լինելուց, ձեռք կը բերի «վտարւածի» կամ «մեկուսացւածի» (ռուս.՝ «изгой») կարգավիճակ, եւ աշխարհը կը կորցնի իր բոլոր հետաքրքրութիւնները նրա հանդէպ:

 

«Դրօշակ», թիւ 2 (1648), փետրւար, 2021 թ.

Յարակից լուրեր

  • «Նայենք, թէ մարտնչող գաւառականների խունտան այսօր ինչպէս է խժռում պետականութիւնն ու հաճոյքով սպասում Էրդողանի փողերին...». Վահէ Սարգսեան
    «Նայենք, թէ մարտնչող գաւառականների խունտան այսօր ինչպէս է խժռում պետականութիւնն ու հաճոյքով սպասում Էրդողանի փողերին...». Վահէ Սարգսեան

    Yerkir.am-ի գլխաւոր խմբագիր Վահէ Սարգսեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է.

  • Դադիվանքցին հետեւում էր՝ ինչպէս են սպանում իր հայրենիքն ու իրեն...
    Դադիվանքցին հետեւում էր՝ ինչպէս են սպանում իր հայրենիքն ու իրեն...

    Ով գիւղում է ծնւել, ում մանկութեան յուզաշխարհը գիւղում է, նա ինձ աւելի լաւ կը հասկանայ: Գիւղում ամէն ինչ ստեղծւած է սեփական ձեռքերով, եւ դրա համար է երեւի, որ  ամէն ինչի մէջ սիրտ ու հոգի կայ: Հնամենի տունը, կոտրատւած ու իրար կապկպած ցանկապատը, նրա տակ կիտւած մեծ ու փոքր քարաբեկորները, դիմացի լեռան լանջից իջնող հոտն ու նախիրը, շան պառկած տեղը, ծխացող թոնրատունն ու խոխոջացող առուն, գերանների վրայ հանգստացող ծերունիները,  հազար ու մի արհաւիրքներ տեսած հաստաբուն ծառերն ու այլ պատկերներ...

  • Անեկդոտ պատմել, երգել կամ պարել, ճաշ եփել. ինչպէ՞ս է արտայայտւել Աննա Յակոբեանի բարոյական աջակցութիւնը
    Անեկդոտ պատմել, երգել կամ պարել, ճաշ եփել. ինչպէ՞ս է արտայայտւել Աննա Յակոբեանի բարոյական աջակցութիւնը

    Վարչապետը կամ գերագոյն գլխաւոր հրամանատարը ո՞ր իրաւական ակտով է իրաւասու ռազմական դրութեան, ընթացող պատերազմի պայմաններում յանձնարարել քաղաքացուն՝ հրամանատարական կէտում ցուցաբերել բարոյական աջակցութիւն: Ո՞ր իրաւական ակտով է նկարագրւում բարոյական աջակցութիւնը, սահմանւում դրա ձեւերը եւ մեխանիզմները` այս եւ մի շարք այլ հարցադրումներով նամակ էինք ուղարկել ՀՀ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանին՝ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ:

  • Մի հայրենավաճառի յայտարարութեան հետքերով
    Մի հայրենավաճառի յայտարարութեան հետքերով

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Խաչատրեանն ԱԺ-ում հանդէս է եկել աննախադէպ մի յայտարարութեամբ, ըստ որի՝ «…Սիւնիքում թիկունքային աշխատանքները բաւականին լաւ էին կազմակերպւել: Այդ աշխատանքների մի մասին նաեւ ես եմ մասնակցել: 

  • Փաշինեանի հրէշաւոր ինքնախոստովանութիւնը Շուշին յանձնելու մասին
    Փաշինեանի հրէշաւոր ինքնախոստովանութիւնը Շուշին յանձնելու մասին

    Շուշիի` հայկական լինել-չլինելու մասին Փաշինեանի վերջին «մեկնաբանութիւնը» կամ «պատասխանը» ոչ միայն չտւեց Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսեանի եւ ողջ հասարակութեանը հետաքրքրող հարցի պատասխանը (7:38 րոպէ տեւած տւայտանքների ժամանակ նա այդպէս էլ չարտասանեց մի բառակապացութիւն. «Շուշին հայկական է, եւ վե՛րջ»), այլեւ ջրի երես հանեց արդէն ապացուցման կարիք չունեցող հրէշաւոր դաւաճանութեան եւս մի քանի կարեւոր դրւագներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։