Հա

Քաղաքական

23/02/2021 - 10:13

Հեքիաթ՝ բարձր վարկանիշի մասին՝ Նիկոլից մինչեւ Կարէն Կարապետեան ու Սերժ Սարգսեան

Հրապարակւել են «Gallup International»-ի հայաստանեան ներկայացուցչութեան կողմից անցկացւած վերջին հարցման տւեալները, ըստ որոնց Նիկոլ Փաշինեանը Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչն է:

«alikonline.ir»- Հրապարակւել են «Gallup International»-ի հայաստանեան ներկայացուցչութեան կողմից անցկացւած վերջին հարցման տւեալները, ըստ որոնց Նիկոլ Փաշինեանը Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչն է: Գրում է «Hayeli.am»-ը:
«Gallup International»-ի ներկայացուցչութեան ղեկավար Արամ Նաւասարդեանը մամուլի ասուլիսում յայտնելէ, որ թէեւ 1-5 բալային սանդղակում Փաշինեանի միջին գնահատականը քաղաքացիների կողմից ընդամենը 2.8 է, սակայն ոչ մի այլ քաղաքական գործիչ նրանից բարձր գնահատական չի ստացել։ «Քաղաքական գործիչներին 1-ից 5 սանդղակով գնահատելու խնդրանքին քաղաքացիները պատասխանել են հետեւեալ կերպ, ներկայացւած են միջին գնահատականները։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանը ստացել է 2.8 միաւոր, նախագահ Արմէն Սարգսեանը՝ 2.3 միաւոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ 2 միաւոր, Գագիկ Ծառուկեանը հաւաքել է 2.2 միաւոր, Էդմոն Մարուքեանը՝ 1.8 միաւոր, առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը՝ 1.7 միաւոր, երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը՝ 1,7 միաւոր, Վազգէն Մանուկեանը եւ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ 1.6-ական միաւոր, Արթուր Վանեցեանը ՝ 1.5 միաւոր»,- ասել է Նաւասարդեանը:
Սա այն նոյն Gallup International գրասենեակն է, որը տարիներ շարունակ ամենաբարձր միաւորները տւել է բացառապէս օրւայ իշխանութեանը։ Այս նոյն կազմակերպութիւնը 2017 թւականին ամենաբարձր միաւորներ էր վերագրում այն ժամանակւայ վարչապետ Կարէն Կարեպետեանին։ Օրինակ, 2017 թւականի դեկտեմբերին այս նոյն կազմակերպութեան հրապարակած տւեալներով՝ 26.7 տոկոսը դրական էր գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի, 26.2 տոկոսը՝ ՀՀ վարչապետ Կարէն Կարապետանի աշխատանքը։ Իսկ դրանից ընդամենը մէկ տարի առաջ՝ 2016-ի դեկտեմբերին, երբ առջեւում 2017-ի խորհրդարանական ընտրութիւններն էին, Կարէն Կարապետեանի վարկանիշն ուղղակի ռեկորդներ էր սահմանում՝ հատել էր 85 տոկոսի շեմը, որը բարձր էր անգամ Նիկոլ Փաշինեանի յետյեղափոխական պիկի ցուցանիշից։ «Համեմատած վարչապետի գործելաոճի գնահատման այն բարձր ցուցանիշի հետ, որ գրանցւել էր մէկ տարի առաջ՝ 85.1 տոկոս, հիմա դրական գնահատականը դարձել է 57 տոկոս: Այսինքն՝ 28 տոկոսի անկում կայ: Բայց, միեւնոյն է, փաստենք, որ անգամ այս պարագայում վարչապետի վարկանիշը միւս պաշտօնեաներից դեռ բարձր է»,- 2017-ի դեկտեմբերին ասել էր Gallup International-ի ներկայացուցչութեան ղեկավար Արամ Նաւասարդեանը:
Սա այն նոյն Gallup-ն է, որը նախագահական վերջին ընտրութիւններից առաջ իբր հետազօտութիւն էր կատարել, թէ Սերժ Սարգսեանի անձնական վարկանիշն աւելի բարձր է, քան ողջ ՀՀԿ-ինը միասին վերցրած։ Թէ ինչպէս էին հաշւարկւել Սերժ Սարգսեանի ու Կարէն Կարապետեանի այն ժամանակւայ վարկանիշները, ոչ ոք ոչ տեսել է, ոչ էլ գիտի։ Փոխարէնը բոլորով տեսանք, թէ ինչպէս էին մարդիկ Երեւանի փողոցներում քեֆ ուրախութիւն անում, երգում ու պարում, երբ Սերժ Սարգսեանը հրաժարականը տւեց։ Ազգովի տեսանք, թէ իրականում ինչ արժէք ունէր Կարէն Կարապետեանի 85 տոկոս վարկանիշը, երբ նա Սերժ Սարգսեանի հրաժարականից յետոյ իշխանութիւնը չկարողացաւ պահել գոնէ մէկ ամիս ։ Բաւական էր, որ Նիկոլ Փաշինեանը հրապարակում նրան <<ժիլետ>> անւաներ, որպէսզի այդ վարկանիշը տեղում փոշի դառնար ։
Պարզ է, որ Gallup-ը Նիկոլ Փաշինեանի այժմեան վարկանիշը հաշւարկել է ճիշտ այնպէս, ինչպէս ժամանակին հաշւարկում էր Սերժ Սարգսեանի ու Կարէն Կարապետեանի վարկանիշը։ Թէ ինչպէս էին ժամանակին գովազդւում այդ կեղծ թւերը, տեսել ենք բոլորս։ Թէ ինչ եղաւ այդ բարձր վարկանիշներին հաւատացած թիմի հետ, իհարկէ, շատ յուզիչ էր։
Ամէն դէպքում Նիկոլ Փաշինեանի վարկանիշը ամենաբարձրը կարող էր լինել երկու դէպքում միայն․
1․ Եթէ հարցումներն անցկացւէին ՊՈԱԿ-ի ֆէյքերի շրջանում,
2․ Եթէ հարցումներն անցկացւէին Բաքւի փողոցներում։
Երրորդ տարբերակն ուղղակի բացառւած է։ Փետրւարի 20-ի հանրահաւաքի նախօրէին Նիկոլի բարձր վարկանիշի մասին հրաշապատում հեքիաթը, չստացւած սիւժէ է։ Բաւական է հրապարակը «դաւաճան» վանկարկի՝ այդ վարկանիշն իսկոյն յօդս կը ցնդի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։