Հա

Քաղաքական

24/02/2021 - 12:06

Աղաւնոյի կարգավիճակը շարունակում է մնալ անորոշ

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղաւնօ գիւղում բնակիչները փորձում են անցնել բնականոն առօրեայի, սակայն նրանց համար գլխաւոր խնդիրը շարունակում է մնալ գիւղի կարգավիճակի հարցը։

«alikonline.ir»- Արցախի Քաշաթաղի շրջանի Աղաւնօ գիւղում բնակիչները փորձում են անցնել բնականոն առօրեայի, սակայն նրանց համար գլխաւոր խնդիրը շարունակում է մնալ գիւղի կարգավիճակի հարցը։

«Ես որեւէ կողմից բացատրութիւն չեմ ստացել՝ ո՛չ գրաւոր, ո՛չ բանաւոր, ինձ որեւէ զանգ, խօսք չի եղել, որ այս գիւղը պէտք է լքենք։ Գոնէ, եթէ նման զանգ լինի, կը հարցնենք՝ ինչո՞ւ պէտք է լքենք։ Ինձ համար յստակ է, եթէ մինչեւ օրս մնացել ենք, ուրեմն՝ մնալու ենք։ Մենք այստեղից դուրս չենք գայ, ով ինչ ուզում է՝ թող անի»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Աղաւնօ համայնքի ղեկավար, ՀՅԴ անդամ Անդրանիկ Չաւուշեանը։

Նրա խօսքով՝ գիւղից մէկ օրով է դուրս եկել՝ Եռաբլուր գնալու համար, դրանից յետոյ նոյնիսկ 1 ժամով գիւղից դուրս չի եկել։

«Դուրս գալու նպատակ էլ չկայ՝ գիտակցելով, որ Քարվաճառի ճակատագիրն էլ ենք այստեղ որոշում։ Պատերազմից յետոյ մենք հսկում էինք այստեղ, թալանի դէմ պայքար էինք տանում, որ մարդկանց տները չթալանւի։ Մենք այդ ժամանակ յստակ ասել էինք, որ մենք մեր գիւղից դուրս եկողը չենք։ Դրա համար էլ այս ողջ ընթացքում դուրս չենք եկել գիւղից, Երեւան չենք գնացել»,- յաւելեց Անդրանիկ Չաւուշեանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ բնակիչների մի մասը վերադարձել է Աղաւնօ։

«Մարդկանց տունը կայ, չի թալանւել, պէտք է որ բոլորն էլ վերադառնան, չնայած բնակիչներն անվտանգութեան երաշխիքներ են ուզում, ես նրանց հետ համաձայն եմ։ Պետական մարմիններից անվտանգութեան երաշխիքներ են ուզում, երեւի որեւէ մէկը չի կարողանայ երաշխաւորել։ Բայց մենք ասել ենք, որ մեր երաշխիքը մեր ընտանիքն է, ես իմ ընտանիքով Աղաւնոյում եմ։ Հիմա ով գայ՝ բարով գայ, ով էլ չգայ, նրա փոխարէն մէկ ուրիշ հայ կը գայ»,- շեշտեց նա։

Անդրանիկ Չաւուշեանի խօսքով՝ Աղաւնոյի վարչական շրջանի վարելահողերի մի մասն անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողութեան տակ, մի մասն էլ ուղիղ նրանց նշանառութեան տակ է։

«Չնայած այս ամէնին, մենք մեր հողերը մշակելու ենք, ադրբեջանցին այդքան չկայ, որ արգելք լինի մեզ, ի՞նչ պէտք է անեն, կրակե՞ն։ Թող պատկան մարմինները մտածեն, թէ ինչպէս են վերաբերւելու այս հարցին։ Հայն իրաւունք ունի ապրելու իր հողի վրայ, աշխատել ու արարելու իրաւունք՝ եւս։ Չնայած քաղաքական դաշտն այդքան էլ յստակ չէ, անորոշութիւն է, բայց դէ, ժողովուրդը պէտք է ամէն ինչ անի։ Նոյեմբերի 9-ից յետոյ ադրբեջանական կողմը փորձել է երկու անգամ մտնել մեր տարածք, կանխարգելել ենք, կապ ենք հաստատել խաղաղապահների հետ ու կոչ արել, որ գան ու հարցին լուծում տան։ Խաղաղապահները եկել են, նրանց հետ են տւել ու արձանագրել են, որ խախտում է տեղի ունեցել, քանի որ թշնամին 2.5 կմ մետր առաջ էր եկել»,- նշեց նա։

Աղաւնոյի համայնքապետը նաեւ տեղեկացրեց, որ գիւղում վերաբացւել է դպրոցը, եւ դպրոցահասակ երեխաներն արդէն վաղուց յաճախում են դպրոց։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։