Հա

Քաղաքական

24/02/2021 - 13:23

«Բացարձակ սուտ է». ՌԴ Պետդումայում պատասխանել են Փաշինեանի` «Իսկանդեր» համալիրի անարդիւնաւէտութեան մասին յայտարարութեանը

ՌԴ Պետդումայի պաշտպանութեան հարցերով յանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Նիկոլ Փաշինեանին մեղադրել է ստախօսութեան համար` «Իսկանդեր» համալիրների անարդիւնաւէտութեան մասին վերջինիս յայտարարութիւնից յետոյ:

«alikonline.ir» - ՌԴ Պետդումայի պաշտպանութեան հարցերով յանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Նիկոլ Փաշինեանին մեղադրել է ստախօսութեան համար` «Իսկանդեր» համալիրների անարդիւնաւէտութեան մասին վերջինիս յայտարարութիւնից յետոյ:

««Իսկանդեր»-ը մեզ մօտ շատ բարձր ճշգրտութեան զէնք է: Այն բազմիցս արդէն իրեն դրսեւորել է տարբեր զօրավարժութիւններում: Դա (Փաշինեանի խօսքը) պարզապէս բացարձակ սուտ է եւ անգամ որեւէ կասկածի ենթակայ չէ»,- ռուս խորհրդարանականին մէջբերում է Lenta.ru-ն:

Վերջինիս խօսքով՝ այդ յայտարարութեամբ Փաշինեանը որոշել է ընդգծել իր անմեղութիւնը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտութեան արդիւնքներում:

«Երբ մարդ ձգտում է, որ մեղաւոր չլինի, նա եւ՛ «Իսկանդեր»-ների մասին մտացածին բաներ կասի, եւ՛ հայ ժողովրդին մեղաւոր կը հանի, եւ՛ զինւորականներին կը մեղադրի»,- յաւելել է գործիչը:
Նախօրէին «1in.am»-ին տւած հարցազրոյցում Նիկոլ Փաշինեանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի յայտարարութեանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թէ ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառւել:

Նւէր Մնացականեանը Փաշինեանից հետաքրքրւել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղւած, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինեանն ասել է. «Այդ ակնարկը, գուցէ, հասցէագրւած է նաեւ ինձ, բայց կարծում եմ՝ մերժւածը պէտք է որ բազմաթիւ հարցերի պատասխան իմանայ եւ չտայ հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցէ պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպէ՞ս էլ է լինում, Փաշինեանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զէ՞նք էր գուցէ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։