Հա

Քաղաքական

25/02/2021 - 16:40

«Կոչ եմ անում բոլորին՝ դրսեւորել զսպւածութիւն եւ ողջախոհութիւն». Արմէն Սարգսեան

ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը կոչով է հանդէս եկել ստեղծւած իրավիճակի վերաբերեալ․

«alikonline.ir» - ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը կոչով է հանդէս եկել ստեղծւած իրավիճակի վերաբերեալ․

«Սիրելի’ հայրենակիցներ,

Այսօր, երբ դեռեւս չենք յաղթահարել Արցախի դէմ սանձազերծւած պատերազմի հետեւանքները, երբ ունենք հազարաւոր զոհեր ու վիրաւորներ, երբ առկա են լրջագոյն տարածաշրջանային սպառնալիքներ, մենք, ցաւօք սրտի, նորից գտնւում ենք ծայրայեղ պայթունավտանգ իրավիճակում, որը յղի է մեր պետութեան եւ պետականութեան համար անկանխատեսելի հետեւանքներով եւ կարող է յանգեցնել անդառնալի կորուստների:

Երկրում ռազմական դրութիւն է: Արտաքին վտանգն իրական է՝ զինադադարի յայտարարութիւնը խաղաղութեան պայմանագիր չէ: Բազմաթիւ են Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէրները:

Կոչ եմ անում բոլորին՝ պետական մարմիններին, ուժային կառոյցներին, քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին՝

դրսեւորել զսպւածութիւն եւ ողջախոհութիւն. իւրաքանչիւր չկշռադատւած խօսք կամ գործողութիւն մեծացնում է լարւածութիւնը եւ էլ աւելի խորացնում ճգնաժամը.

չտրւել սադրանքների եւ ձեռնպահ մնալ ատելութեան ու անհանդուրժողականութեան կոչերից. մեր ժողովուրդը չի կարող իրեն թոյլ տալ պառակտում, պէտք է մերժել պետութիւնը ապակայունացնելու եւ պետականութիւնը վտանգելու ցանկացած փորձ.

անվերապահօրէն գործել Սահմանադրութեան շրջանակներում:

Եւս մէկ անգամ հաստատելով նախագահական ինստիտուտի՝ որպէս հաւասարակշռող կառոյցի դերը՝ հրատապ նախաձեռնում եմ քայլեր լարւածութեան թուլացման եւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով:

Երկիրը ցնցումների տանելն անարգանք կը լինի պատերազմում զոհւած մեր հազարաւոր զաւակների յիշատակին:

Բոլորիդ զգաստութեան, սթափութեան ու զսպւածութեան կոչ եմ անում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։