Հա

Քաղաքական

27/02/2021 - 12:50

«Պատմական գործի՞չ, թէ՞ պատմական սխալ». Էլինար Վարդանեան

Այլընտրանքային նախագծեր խումբ անդամ Էլինար Վարդանեանը հերթական յօդւածում գրում է.

«alikonline.ir» - Այլընտրանքային նախագծեր խումբ անդամ Էլինար Վարդանեանը հերթական յօդւածում գրում է.'

«Այս պահին ամենակարեւոր քայլը նախագահ Արմէն Սարգսեանինն է։ Նախագահն ունի քիչ ժամանակ՝ ապացուցելու, որ նա իրապէս պահպանում է Սահմանադրութիւնը։ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետին պաշտօնանկ անելու առաջարկի չստորագրելը նախագահի լիազօրութիւնն է, եւ նաեւ պատասխանատւութիւնը երկրի եւ հանրութեան առջեւ։ Եւ նա պատմական առաքելութիւն ունի մեր երկրի համար ստեղծւած այս ճգնաժամային իրավիճակում։

Սահմանադրութիւնը նրան լիազօրում է պաշտօնանկ անելու ակտը եռօրեայ ժամկէտում առարկութիւններով վերադարձնել առաջարկութիւն ներկայացնող մարմին, այսինքն՝ այս դէպքում՝ ՀՀ վարչապետին:

Նախագահն ունի այդպիսի առարկութիւնների համար բաւարար հիմքեր, քանի որ առկայ ճգնաժամի պայմաններում ՀՀ Զինւած ուժերի բոլոր առանցքային ղեկավարների, այդ թւում՝ Գլխաւոր շտաբի պետի եւ նրա տեղակալների, գլխաւոր շտաբի միւս պաշտօնեաների, հինգ բանակային կորպուսների հրամանատարների, բարձրաստիճան այլ զինւորականների յայտարարութիւնից յետոյ, ԳՇ պետին պաշտօնից ազատելը զուտ կադրային փոփոխութիւն չէ։ Այն կարող է ունենալ ծայրայեղ ծանր հետեւանքներ եւ, վստահաբար, Արմէն Սարգսեանը դա շատ լաւ գիտակցում է։

Չի կարող իրաւացիօրէն հիմնաւորւած՝ վարչապետի եւ կառավարութեան հրաժարականը պահանջող նախագահը այսօր անվերապահօրէն կատարել իրեն դեռեւս վարչապետ համարող անձի քաղաքական կամակորութիւնները։ Այդ դէպքում մի տեսակ անհասկանալի դիսոնանս կարող է առաջանալ Արմէն Սարգսեանի դիրքորոշման եւ որոշումների միջեւ։ Չի կարող երկրի նախագահը պասիւութիւն դրսեւորել իրեն դեռեւս վարչապետ համարող անձի քաղաքական աւանտիւրայի պատճառով երկրի կայունութիւնն ու անվտանգութիւնը աղէտի հասցնելու հետեւողական քայլերի պարագայում։

Պարոն Նախագահ, ես, որպէս քաղաքացի, խնդրում եմ ուշադիր կարդալ բանակի հրամկազմի յայտարարութեան մէջ թերեւս ամենակարեւոր տողը՝ «Գործող իշխանութիւնների անարդիւնաւէտ կառավարումը եւ արտաքին քաղաքականութիւնում ցուցաբերած լրջագոյն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»։

Նախագահն ունի երկու օր։ Նա ունի լիազօրութին չստորագրելու եւ չպէտք է ստորագրի պաշտօնանկութեան ակտը։ Վերջին օրերի նրա որոշումները, հանդիպումներն ու գործողութիւններն ամէն դէպքում թոյլ են տալիս ենթադրել, որ նա այս հարցում կը ցուցաբերի սկզբունքայնութիւն։ Այսօր երկրի հանդէպ պատասխանատւութեան, երկրի շահը ամէն ինչից բարձր դասելու պահն է։ Ամէն մարդ իր կեանքում ունենում է ծայրայեղ կարեւոր օրեր։ Ամենայն հաւանականութեամբ՝ սա ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի կենսագրութեան ամենակարեւոր օրն է։ Մենք ունենք բացառիկ հնարաւորութիւն՝ նախագահի հեղինակութեան շնորհիւ Հայաստանում ձեւաւորել կայունութիւն։

 

Էլինար Վարդանեան

Այլընտրանքային նախագծեր խումբ» 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։