Հա

Քաղաքական

27/02/2021 - 12:55

«Բացարձակ դատապարտելի է, որ Ադրբեջանում գտնւող հայկական կողմի գերիների վերադարձի հարցը քաղաքականացւում է». Արման Թաթոյեան

Երէկ՝ 2021 թ. փետրւարի 26-ին Ադրբեջանի նախագահը յայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք եւ արդիւնքում 60-ից աւել ահաբեկիչ ձերբակալւեց: Նրանց հիմա անւանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղաւաղում է, որովհետեւ պատերազմի աւարտից 20 օր յետոյ ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կը վերադարձնէին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիւերսանտ են»: 

«alikonline.ir» - Երէկ՝ 2021 թ. փետրւարի 26-ին Ադրբեջանի նախագահը յայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք եւ արդիւնքում 60-ից աւել ահաբեկիչ ձերբակալւեց: Նրանց հիմա անւանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղաւաղում է, որովհետեւ պատերազմի աւարտից 20 օր յետոյ ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր գերիներին կը վերադարձնէին: Իսկ այս մարդիկ ռազմագերի չեն, ահաբեկիչ են, դիւերսանտ են»: Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանը վերոնշեալի վերաբերեալ յայտարարութիւն է տարածել՝ եւս մէկ անգամ արձանագրելով, որ Ադրբեջանում պահւող հայկական կողմի բոլոր զինծառայողները եւ քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են:

«Բոլոր զինծառայողներն Արցախում են գտնւել՝ իրենց սահմանադրական պարտականութիւնը կատարելու համար, նրանք Արցախում տարել են զինւորական իրաւական ծառայութիւն:

ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի հաւաքագրած հաւաստի ապացոյցները հաստատում են, որ գերեւարւած անձանց թիւն աւելի շատ է, քան ադրբեջանական իշխանութիւնները հաստատել են: Դա վերաբերում է նաեւ մինչեւ մէկ խմբով թւով 44 գերիների վերադարձին:

ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիւ դէպքեր, երբ չնայած տեսանիւթերով ու այլ ապացոյցներով հաստատւող դէպքերին՝ ադրբեջանական իշխանութեան մարմինները մերժում են անձանց գտնւելու փաստն իրենց մօտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:

Ադրբեջանում պահւող հայկական կողմի գերիների նկատմամբ քրէական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանաւորելն ու առաւել եւս նրանց «ահաբեկիչներ» կամ «դիւերսանտներ» կոչելը միջազգային մարդասիրական իրաւունքի ու առհասարակ մարդու իրաւունքների միջազգային իրաւունքի կոպիտ խախտումներ են:

Իրենց զինւորական իրաւական ծառայութիւնն իրականացնելու համար նրանք չեն կարող որեւէ տեսակի քրէական հետապնդման ենթարկւել կամ կալանաւորւել՝ որպէս պատիժ:

Այս պնդումը յատկապէս բխում է 1949 թւականի Ժնեւի երրորդ կոնւենցիայի պահանջներից:

Ադրբեջանական իշխանութիւնները նախ արհեստականօրէն ձգձգում էին հայկական կողմի գերիների վերադարձը, իսկ այնուհետեւ սկսեցին նենգափոխել եւ չարաշահել իրաւական գործընթացները եւ ուղիղ տեքստով յայտարարել, որ Ադրբեջանում պահւում են միայն «ահաբեկիչներն ու դիւերսանտները»: 

Միջազգային մարդասիրական իրաւունքն արգելում է նման վերաբերմունքը: Դա ակնյայտօրէն պարունակում է պատերազմական յանցագործութեան յատկանիշներ:

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանը նաեւ հարկ է համարում յատուկ ընդգծել, որ յետպատերազմական գործընթացում մարդու իրաւունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թւում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պէտք է ապահովւի ռազմական գործողութիւնների դադարից անմիջապէս յետոյ եւ դրանք պէտք է զերծ պահւեն քաղաքական գործընթացներից:

Այս արգելքը գործում է ցանկացած պարագայում՝ միջազգային իրաւունքում, անկախ կոնկրետ հակամարտութիւնների վերաբերող փաստաթղթերում ամրագրւած լինելուց:

Բացարձակ անընդունելի է Ադրբեջանի նախագահի այն յայտարարութիւնը, թէ պատերազմի աւարտից 20 օր յետոյ ռազմագերի չի կարող լինել՝ այդպիսով գերիներին անւանելով «դիւերսանտ» կամ ահաբեկիչ կարող է լինել միայն:

Անթոյլատրելի է նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը մեկնաբանել այնպէս, իբր դրա գործողութիւնը տարածւում է միայն այդ յայտարարութեան ստորագրումից առաջ առկայ իրավիճակի վրայ:

Նախ, թէ՛ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից առաջ, թէ՛ դրանից յետոյ ու հիմա էլ գործ ունենք ընթացող (չաւարտւած) զինւած հակամարտութեան հետ. այս կանոնն ուղղակիօրէն բխում է միջազգային մարդասիրական իրաւունքի պահանջներից:

Դրանից բացի, Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնն ուղղակիօրէն հակասում է նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը ստորագրած կողմերի մտադրութիւններին ու այդ յայտարարութեան կիրառութեան պրակտիկային:

Մասնաւորապէս, այդ յայտարարութեան 8-րդ կէտի պահանջի հիման վրայ Հայաստանի Հանրապետութիւնն արդէն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում յանցանքներ, այդ թւում՝ խաղաղ բնակիչների սպանութիւն կատարած եւ դատապարտւած երկու անձի: Ադրբեջանը նոյն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտւած հայերի:

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանցել են նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ գերեվարւած անձանց եւս:

Այնպէս որ նշւած յայտարարութիւնը պէտք է կիրառւի ինչպէս նոյեմբերի 9-ից առաջ, այնպէս էլ դրանից յետոյ բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողութիւնների հետեւանքներով պայմանաւորւած՝ առկայ է մարդու իրաւունքների պաշտպանութեան ու մարդասիրական գործընթացի օբիեկտիւ անհրաժեշտութիւն:

Ուստի, սկզբունքորեն անթոյլատրելի է գերիների առկայութիւնը եռակողմ յայտարարութեան սոսկ ամսաթւով պայմանաւորելը: Եւս մէկ անգամ յստակ շեշտում եմ, որ, անկախ գերեվարւելու ամսաթւից, Ադրբեջանում պահւող հայկական կողմի բոլոր զինծառայողները եւ քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով:

Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապութիւնը պէտք է դիտարկել նաեւ Ադրբեջանում հայատեացութեան քաղաքականութեան համատեքստում, ինչը բազմիցս հաստատւել է Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի՝ օբիեկտիւ ապացոյցների հիման վրայ հրապարակած զեկոյցներով:

Ուստի, բացարձակ դատապարտելի է, որ Ադրբեջանում գտնւող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնյայտ քաղաքականացւում է, իսկ իրաւական գործընթացները նենգափոխւում են ու ենթարկւում չարաշահման:

Այս ամէնը կոպտօրէն խախտում է մարդասիրական գործընթացն ու մարդու իրաւունքները երաշխաւորող միջազգային պահանջները: Ուստի, նրանք առանց որեւէ նախապայմանի պէտք է ազատ արձակւեն եւ անվտանգ վերադարձւեն Հայաստան:

Ուստի, հրաւիրում եմ միջազգային հանրութեան ու յատկապէս մարդու իրաւունքների պաշտպանութեան մանդատ ունեցող միջազգային կառոյցների ուշադրութիւնն Ադրբեջանի նախագահի նշւած յայտարարութեան վրայ՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որեւէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանութիւնը մարդու իրաւունքների միջազգային պահանջներին»,- ասւած է ՀՀ ՄԻՊ-ի տարածած յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։