Հա

Քաղաքական

27/02/2021 - 19:20

Արմէն Սարգսեանը վերադարձրել է Օնիկ Գասպարեանին ԳՇ պետի պաշտօնից ազատելու հրամանագրի նախագիծը

Իրաւաբանների եւ փորձագէտների տեսակէտներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծը առերեւոյթ հակասում է Սահմանադրութեանը:

«alikonline.ir» - 2021 թ. փետրւարի 25-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահին է ներկայացւել ՀՀ զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարեանին պաշտօնից ազատելու վերաբերեալ առաջարկութիւնը՝ համապատասխան հրամանագրի նախագծով: Գրում է Yerkir.am-ը։

«Առաջարկութեան կապակցութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահը խորհրդատվութիւններ եւ հանդիպումներ է ունեցել իշխանութեան ներկայացուցիչների, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, զինւած ուժերի բարձրագոյն հրամանատարական կազմի հետ:

Հրամանագրի նախագիծը ուսումնասիրւել է Հանրապետութեան նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնութեամբ քննարկւել է առաջատար իրաւաբանների եւ անկախ փորձագէտների հետ:

Իրաւաբանների եւ փորձագէտների տեսակէտներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծը առերեւոյթ հակասում է Սահմանադրութեանը:

Մէկ անգամ եւս շեշտում ենք, որ Հայաստանի Հանրապետութեան նախագահը չի պաշտպանում որեւէ քաղաքական ուժի եւ որոշումները կայացնում է՝ առաջնորդւելով բացառապէս համապետական եւ համազգային շահերով:

Անվիճելի է, որ զինւած ուժերը քաղաքական հարցերում պէտք է պահպանեն չէզոքութիւն:

Ակնյայտ է նաեւ, որ պատերազմով պայմանաւորւած՝ զինւած ուժերի անձնակազմն այսօր աւելի քան երբեւէ բոլորիս աջակցութեան եւ ուշադրութեան կարիքն ունի: Բանակի եւ անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է եւ չի կարող որեւէ պարագայում անտեսւել:

Ստեղծւած իրավիճակն աննախադէպ է, պահանջում է համակարգային եւ համապարփակ լուծումներ եւ չի կարող կարգաւորւել կադրային յաճախակի փոփոխութիւնների միջոցով՝ առանց հաշւի առնելու երկրում առկայ վիճակը:

Յիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հայաստանի Հանրապետութեան նախագահին է ներկայացւել զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետի եւ գլխաւոր շտաբի աւելի քան չորս տասնեակ բարձրաստիճան զինւորական պաշտօնեաների յայտարարութիւնից յետոյ, ռազմական դրութեան իրավիճակում, քաղաքական ճգնաժամի եւ անվտանգային լուրջ մարտահրաւէրների առկայութեան պայմաններում:

Հայաստանի Հանրապետութեան նախագահը, իր սահմանադրական լիազօրութիւնների շրջանակում, առարկութիւններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը:

Հայաստանի Հանրապետութեան նախագահը հետապնդում է մէկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգութեանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունութիւնը եւ զինւած ուժերի բնականոն գործունէութիւնը»,- ասւած է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած  հաղորդագրութիւնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։