Հա

Քաղաքական

28/02/2021 - 13:25

«Թուրքիայի վերջին յոյսը Մարտի 1-ն է. ինչու է Նիկոլը «հանրահաւաք» հրաւիրում, ինչ պէտք է անել եւ ինչ է սպասւում». Անդրանիկ Թեւանեան

«Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար, «Հայրենիքի փրկութեան շարժման» խորհրդի անդամ Անդրանիկ Թեւանեանը «Թուրքիայի վերջին յոյսը «Մարտի 1»-ն է․ ինչու է Նիկոլը «հանրահաւաք» հրաւիրում, ինչ պէտք է անել եւ ինչ է սպասւում» վերտառութեամբ ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է․

«alikonline.ir» - «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի ղեկավար, «Հայրենիքի փրկութեան շարժման» խորհրդի անդամ Անդրանիկ Թեւանեանը «Թուրքիայի վերջին յոյսը «Մարտի 1»-ն է․ ինչու է Նիկոլը «հանրահաւաք» հրաւիրում, ինչ պէտք է անել եւ ինչ է սպասւում» վերտառութեամբ ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է․

«Հայաստանում աւարտին է մօտենում քաղաքական հանգուցալուծումը։ Հայ–թուրքական հակամարտութիւնը հասել է եզրափակիչ փուլ։

Մեզ մօտ հաստատւել է երկիշխանութիւն։ Ոմանք սա համարում են անիշխանութիւն։ Ամէն դէպքում Նիկոլ Փաշինեանն այլեւս չունի այն իշխանութիւնը, որն ունէր 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ ու առաւելեւս 2018-ի մայիսի 8-ից յետոյ։ Քաղաքական նախաձեռնութիւնն անցել է «Հայրենիքի փրկութեան շարժման»-ը։ Բաղրամեան պողոտան ուժային կենտրոնի հասցէն է։

ՀՀ արժանապատիւ քաղաքացիների վճռականութիւնը, քաղաքական ուժերի հետեւողական պայքարը, Հայաստանի զինւած ուժերի յայտարարութիւնը տւել են իրենց արդիւնքները, փոխել քաղաքական հաշւեկշիռը։ ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հաշւի նստեց ստեղծւած իրավիճակի հետ, հաշւեց ու որոշեց ընթացք չտալ Նիկոլ Փաշինեանի ոչ լեգիտիմ առաջարկին՝ աշխատանքից ազատել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարեանին։

Նիկոլ Փաշինեանին դեռ ենթարկւում է ոստիկանութիւնը, մասամբ՝ ԱԱԾ-ն։ Դատախազութիւնը փշերի վրայ է նստած ու հետեւում է ուժերի դասաւորութեան դինամիկ փոփոխութիւններին։

Գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը որեւէ կոմպլեքս չունի Նիկոլ Փաշինեանի դէմ քրէական գործ յարուցելու։ Յատկապէս որ հիմքերը կան։ Դաւթեանը պարզապէս սպասում է քամիների ուղղութեանն ու արագութեանը։ Նա 2018-ի ապրիլին խորհրդարան մտաւ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանին ազատութիւնից զրկելու միջնորդութեամբ։ Յետոյ երբ Նիկոլը վարչապետ դարձաւ, Դաւթեանն արդէն մարդկանց ազատութիւնից զրկելու որոշումներ էր կայացնում Նիկոլի հրահանգով։

Հիմա երկրում իրավիճակ է փոխւել։ Իսկ դա նշանակում է, որ դատախազութիւնում էլ է իրավիճակ փոխւելուն «5 պակաս» վիճակ։

Տակը մնաց «Իմ քայլը» ուսապարկ-խմբակցութիւնը։ Այս պահին զուտ գլխաքանակային մեծամասնութիւնն է կառավարութիւնում պահում Նիկոլին։ Բայց «ժողովրդի» վարչապետը հասկանում է, որ դա շատ փխրուն ու լպրծուն հենարան է։ Դա հասկանում է նաեւ Հայաստանի ներքին զարգացումներին միջամտող ու Նիկոլի վրա մեծ խաղադրոյք կատարող Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Նիկոլի իրական ու միակ հենարանը Թուրքիան է։ ՀՀ զինւած ուժերի յայտարարութիւնից յետոյ այդ ամէնը բացայայտ դարձաւ նոյնիսկ պօղոսների համար։

Մեր թշնամիներն այնքան մեծ խաղադրոյք են կատարել «Նիկոլ Փաշինոանը ժողովրդի վարչապետն է» նախագծի վրայ, որ ամէն օր նրան աջակցող յայտարարութիւններ են անում Թուրքիայի նախագահը, նրա մամլոյ խօսնակը, արտգործնախարարը։

Թուրքիան դժգոհ է մնացել, որ չի կարողացել ամբողջութեամբ գրաւել Արցախն ու Հայաստանից պոկել Սիւնիքը։ Ռուսները խանգարեցին։

Անկարայում յոյս ունեն, որ իրենց Նիկոլի միջոցով հնարաւոր կը լինի արդէն առանց «Բայրաքթարների» լուծել այն խնդիրը, որի նպատակով էլ սկսել էր պատերազմը։ Հայաստանի քաղաքացիները, քաղաքական ուժերը, մտաւորականներն ու ի վերջոյ բանակը ոտքի են կանգնել թուրքական ծրագրերի ամբողջական իրագործումը թոյլ չտալու համար։

Թուրքիայի յոյսն այժմ «Ժողովուրդն աջակցում է Նիկոլ Փաշինեանին» ներկայացման բեմադրութիւնն է։ Հէնց այդ նպատակով էլ Նիկոլը մարտի 1-ին հանրահաւաք հրաւիրեց։ Նա փորձում է կանխել ուժային միւս կառոյցների անցումը Հայաստանի կողմը։

Նիկոլին կից օլիգարխներին, պետական պաշտօնեաներին յանձնարարւած է գլխաքանակ ապահովել Նիկոլի, աւելի ճիշտ՝ Էրդողանի մարտի 1-ի միտինգի համար։ Ինչպէս ասում են՝ յանցագործը վերադառնում է յանցագործութեան վայր։

2008-ի մարտի 1-ին Նիկոլը փորձում էր կեանքի կոչել «վռնդենք ղարաբաղցի տականքներին» հակապետական ծրագիրը։ Նա բախումներ կազմակերպեց, դարձաւ 10 մարդու մահւան պատճառ ու ծլկեց դէպքի վայրից։

2008-ին մեր պետութիւնը կարողացաւ կանխել այն, ինչը եղաւ Նիկոլի վարչապետ դառնալուց յետոյ, այն է՝ Արցախի պետականութեան կորուստ ու հարցականի տակ յայտնւած Հայաստան։

Թուրքիային նոր «Մարտի 1» է պէտք։ Այս անգամ Նիկոլն արդէն ոչ թէ որպէս ընդդիմադիր «պայքարիստ» է հանդէս գալիս, այլ որպէս վարչապետի աթոռին յայտնւած սուբիեկտ ու Թուրքիայի բացայայտ աջակցութիւնը վայելող գործիչ։ Այս ամէնի պատասխանը հայ ժողովուրդը պէտք է տայ վճռական պայքարով, համախմբւածութեամբ, հետեւողականութեամբ, խելքով։

ԱԱԾ-ն ու ոստիկանութիւնը պէտք է միանան բանակին ու կանգնեն պետութեան թիկունքին, որպէսզի զերծ մնանք ցնցումներից։ Ուժային կառոյցների ներկայացուցիչները երդւել են ծառայել Հայաստանին, այլ ոչ թէ Նիկոլին ու առաւելեւս՝ Թուրքիային։

Արցախում մեր բանակը դաւաճանւեց թիկունքից։ Ուրեմն հէնց թիկունքից էլ պէտք է յետ պտտեցնել պարտութեան թափանիւը։

Ազգ, Բանակ, Յաղթանակ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։