Հա

Քաղաքական

28/02/2021 - 13:30

Փոփոխութիւններ կատարելու արդիւնքում միայն Հայաստանը նորից կը դառնայ Արցախի անվտանգութեան երաշխաւորը

Արցախի Հանրապետութեան ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանի խօսքով՝ այսօր Հայաստանում տեղի ունեցողը համաժողովրդական շարժում է, որպէսզի երկիրը թշնամուն յանձնած իշխանութիւնները հեռանան։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանի խօսքով՝ այսօր Հայաստանում տեղի ունեցողը համաժողովրդական շարժում է, որպէսզի երկիրը թշնամուն յանձնած իշխանութիւնները հեռանան։

«Սա շատ նորմալ է, որ ժողովուրդն իր դժգոհութիւնն է յայտնում, իսկ բանակը ժողովրդի մի հատւածն է, եւ սահմանադրութեամբ նրան վերապահւած է երկրի ամբողջականութիւնը պահել։ Պէտք է ասեմ, որ Հայաստանի պետականութիւնն է վտանգի տակ դրւած եւ բանակը պէտք է իր գործառոյթները կատարի, որպէսզի գոնէ հայկական պետականութեան բեկորները պահպանւի»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Վահրամ Բալայեանը։

Ըստ նրա, ներկայիս իշխանութիւնների շնորհիւ երկիրն այն վիճակի է հասել, որ Հայաստանը, որն Արցախի անվտանգութեան երաշխաւորն է, այսօր նոյնիսկ իր անվտանգութեան երաշխաւորը չէ։ Այս մասին են վկայում այն փաստերը, որոնք կան Սիւնքում, որտեղ անվտանգութեան երաշխաւորը դարձել է ռուսական բանակը։

«Սա է իրականութիւնը, փոփոխութիւններ կատարելու արդիւնքում միայն Հայաստանը նորից կը դառնայ Արցախի անվտանգութեան երաշխաւորը, քանի որ թւացեալ Հայաստանը չի կարող այդ անվտանգութեան երաշխաւորը լինել, այսինքն՝ այսօր այդքան բաց վիճակում է երկիրը»,- յաւելեց Վահրամ Բալայեանը։

Նրա բնորոշմամբ՝ բանակում գեներալներին աշխատանքից ազատելը, նրանց շաբաթը մէկ փոխելը խօսում է իշխանութիւնների ոչ կոմպետենտ լինելու մասին, քանի որ, մեղմ ասած, երկրագունդը պտտւում է նրանց շուրջ։

«Եթէ այսօր Տիրան Խաչատրեանն «Իսկանդերի» հետ կապւած կարծիք է յայտնել, ուրեմն նրան պէտք է հեռացնե՞ն։ Նա մարտական ճանապարհ անցած մեր գեներալներից է, ես անձնապէս նրան ճանաչում եմ։ Նա մարդ է, որն ի վիճակի է զօրք ղեկավարելու, սահմաններն ապահովելու։ Անլուրջ վերաբերմունք են ցուցաբերում գեներալների հանդէպ՝ մէկ ամիս առաջ հերոսի կոչում են տալիս, իսկ մէկ ամիս յետոյ, այն էլ ռազմական դրութեան ժամանակ՝ պաշտօնից հեռացնում, որովհետեւ նա կոնկրետ գնահատական էր տւել «Իսկանդերի» հետ կապւած Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա յիշեցրեց, թէ պատերազմի ժամանակ քաղաքական իշխանութիւններն ինչպիսի անլուրջ վերաբերմունք ցուցաբերեցին բանակի հանդէպ, երբ տարբեր հրամանատարների փոխեցին, ինչն էլ բերեց նրան, ինչ կայ։

«Սա ահաւոր վիճակ է, որում այսօր ապրում է հայկական իրականութիւնը՝ Արցախի եւ Հայաստանի հանրապետութիւնները»,- եզրափակեց Վահրամ Բալայեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։