Հա

Քաղաքական

01/03/2021 - 11:45

«Չպետութեան ղեկավարը ինչպէս 2018-ի փողոց փակած սերնդին կոտորեց իր կողմից հրահրւած պատերազմում, նոյնն անելու է այսօր իրեն սատարող 10-15%-ի հետ, բայց ժողովուրդը դա դարձեալ չի հասկանալու». Վ. Յովհաննիսեան

Tert.am-ը ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ «Արեան կոմերսանտը» վերտառութեամբ յօդւածը:

«alikonline.ir» - Tert.am-ը ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ «Արեան կոմերսանտը» վերտառութեամբ յօդւածը:

Նա միշտ արեան է ձգտել ու, ցաւօք, ստացել՝ ընդդիմադիր ժամանակ, թէ՝ իշխանութեան, խաղաղութեան ժամանակ, թէ՝ պատերազմի։ Նրա գիտակից կեանքը, կենսագործունէութեան կոմֆորտ միջավայրն արիւնն է։ Իսկ ստանալուց յետոյ՝ անմիջապէս սկսում է մեղաւորներ յօրինել։

Չլինէր նա, չէր լինի մարտի 1-ը, չլինէր նա, չէր լինի սեպտեմբերի 27-ը, չլինէր նա, պատերազմը շուտ կը կանգնէր, չլինէր նա, չէր լինի 5 հազար զոհը, զոհւած ու հաշմւած մի ողջ սերունդ։

Եթէ գոնէ պատերազմից յետոյ շուտ գնացած լինէր, երկրում արդէն վիճակը կայունացած կը լինէր, ու մենք՝ ժողովուրդ, թէ պետութիւն, Հայաստան, թէ սփիւռք, զբաղւած կը լինէինք մեր վէրքերը բուժելով։ Բայց չէ, նա կայ ու նա նոր արիւն է պլանաւորում։

Նա դարձել է իր արեան գերին։ Նա վախից չի կարողանում մնալ իր աշխատասենեակում, շրջապատում է իրեն մարդկային վահանով ու ժպիտը դէմքին շրջում է փողոցներով, անդադար միտինգ ու երթ անում։

Քանի նա կայ, նոր արեան հնարաւորութիւնն ամենօրեայ վտանգ է՝ ներսից, թէ հարեւան պետութիւններից։

Յանուն Հայաստանի Հանրապետութեան՝ նրան պէտք է տալ անվտանգութեան երաշխիքներ՝ պետութեան անունից, բանակի, նախագահի, ընդդիմութեան անունից, պէտք է տալ անձնական երաշխիքներ, միայն թէ՝ արագ եւ խաղաղ հեռանայ։ Զսպելով բոլոր էմոցիաները, արդար պահանջները, այնուհանդերձ նրան պէտք է տալ այդ երաշխիքները։ Պետութեան շահը դա է պահանջում։ Պայմանով՝ հեռանալ արագ եւ խաղաղ։

 

Չպետութեան ղեկավարը

Նա Չպետութեան ղեկավարն է։ Պետութիւնն ու նա անհամատեղելի գաղափարներ են։ Նրա հրապարակային տեքստերը, նրա գործողութիւնները, ձեւակերպումները, սեփական ժողովրդին ու արտաքին աշխարհին ուղղւած մեսիջները պետականութեան հետ անհամատեղելի են։

Նա ժողովրդի մի մասի մոտ արթնացրել է Չպետութեան գենետիկ յիշողութիւնը, ու այդպէս իրար հետ դաշինք են կնքել, սիմբիոզ կազմել։ Ինչպէս 2018-ի վառվռուն աչքերով փողոց փակած սերնդին երկու տարի յետոյ կոտորեց իր կողմից հրահրւած պատերազմում, նոյնն անելու է նաեւ այսօր իրեն սատարող 10-15 տոկոսի հետ։ Բայց Չպետութեան ժողովուրդը դա դարձեալ չի հասկանալու։

Նա մեր Չպետութեան սիմւոլն է։ Մեր պայքարը հիմա Պետութեան եւ Չպետութեան գաղափարների մէջ է։ Մեր պայքարի յաղթանակի կամ պարտութեան արդիւնքը շատ յստակ է։ Սա փորձենք բացատրել հանրութեան՝ մշտական դիտորդ զանգւածին։ Չպետութեանը հնարաւոր է յաղթել միայն պետականութեան գործիքներով՝ պետական ինստիտուտներ՝ բանակ, նախագահ, պետական կառոյցներ, գիտակից սոլիդ հասարակութիւն, մտաւորականութիւն, հանրային ինստիտուտներ, եկեղեցի, սփիւռք։

Նրան պէտք է տրւեն խաղաղ հեռանալու երաշխիքներ, որովհետեւ մեր նպատակը նա չէ։ Մեր նպատակը պետութիւնն է։

Եւ շատ պարզ պէտք է հասկանալ ու հանրութեան դիտորդ հատւածին բացատրել մեր հեռանկարը։ Չպետութեան յաղթանակի դէպքում մենք ունենալու ենք 2014 թւականի Սինջարի եզդիների ճակատագիրը։ Սահմռկեցուցիչ մի ցեղասպանութիւն, որը կատարւեց քաղաքակիրթ աշխարհի, դեմոկրատական Եւրոպայի, ԱՄՆ-ի աչքի առաջ ու «Սկանդինաւեան խաղաղապահների» միֆական հնարաւորութեան պայմաններում։ Իսկ գիտէ՞ք, թէ տեխնիկապէս ինչպէս էր. սկզբում յարձակւել են ԴԱԷՇ-ի զինեալները (մեր պարագայում դա լինելու են ադրբեջանական միաւորներ), կոտորել տղամարդկանց, կանանց եւ երեխաներին գերեվարել... Հազարաւոր եզդիներ կարողացել են փախչել եւ թաքնւել սարերում, եւ նրանց թւացել է, թէ փրկւել են, բայց կարճ ժամանակ անց ենթարկւել են Թուրքականբանակի F-35-ների ռմբակոծութեանը՝ 21-րդ դարում, ՆԱՏՕ-ի անդամ պետութեան ինքնաթիռներից։ Բոլորի աչքի առաջ։ Ու ի՞նչ. Ու ոչինչ։ Յետոյ եզդի ակտիւիստներին տւեցին Նոբէլեան մրցանակ, Սախարովի մրցանակ ու էլի մի քանի մրցանակներ՝ խաղաղութեան եւ իրաւապաշտպանութեան համար։

Հիմա պէտք է լինել առաւելագոյնս անկեղծ. եթէ մենք բոլորս չենք կարողանում յաղթել Պետութեան եւ Չպետութեան պայքարում, ու Չպետութեան ղեկավարը շարունակում է կառավարել, ապա գուցէ աւելի ազնիւ է՝ մեր ընտանիքները, կանանց եւ երեխաներին, դուրս հանել Հայաստանից։ Սա արտագաղթի կոչ չէ, որովհետեւ դա արտագաղթ չէ, ուղղակի պէտք է լաւ հասկանանք, որ երբ մէկ հոգին ինչ-որ մի ձեւով կարողանում է յաղթել բոլորին, ապա պետութիւնը չի կարող չփլուզւել, իսկ այդ պայմաններում ցանկացած արհեստական պատրւակով Ադրբեջանի ու Թուրքիայի յարձակումը մի խաղաղ օրւայ թեմա է։ Ինչպէս սեպտեմբերի 27-ին։

Հայ ժողովուրդը սեփական ճակատագրի նկատմամբ իր սահմռկեցուցիչ անտարբերութեամբ այսօր դարձել է քաղաքակրթական էքսպերիմենտ։

Վերջին մէկ տարում Թուրքիան ու Ադրբեջանը հայ ժողովրդին բաց տեքստով զգուշացնում էր, որ գնալու են պատերազմի, «պատժելու են» մեզ՝ մեր իսկ սխալների համար։ Հայ ժողովուրդը չլսեց ու ոչ մի հետեւութիւն չարեց. եղաւ պատերազմ, եղան ահռելի քանակի զոհեր, եղաւ պարտութիւն։

Հիմա հայկական բանակն արդէն չի լռում, տագնապի ձայն է հնչեցնում. «գործող իշխանութիւնների անարդիւնաւէտ կառավարումը եւ արտաքին քաղաքականութիւնում ցուցաբերած լրջագոյն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», սա մեր անվտանգութեան միակ երաշխաւորի՝ հայկական բանակի, նրա ղեկավար կազմի, բոլոր առանցքային դէմքերի բառերն են։

Ի՞նչ է ստացւում. իր անվտանգութեանը սպառնացող իրական վտանգի շուրջ հայ ժողովուրդը չի լրջանում, չի լսում ո´չ թշնամու նախազգուշացումները, ոչ անգամ՝ սեփական բանակի տագնապի ազդանշանները։

Կրկնում եմ. կամ մենք շատ արագ, շաբաթների ընթացքում սկսում ենք կայունացնել պետութեան վիճակը, ունենում ենք նոր, էֆեկտիւ իշխանութիւն եւ Ռուսաստանի հետ գրագէտ, ինտենսիւ աշխատանքի շնորհիւ մեծացնում անվտանգութեան մակարդակը, կամ աւելի ազնիւ է կանանց եւ երեխաներին նախապէս հեռացնել Հայաստանից:

 

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։