Հա

Քաղաքական

02/03/2021 - 13:40

«Փաշինեանը հրապարակային բլեֆների է գնում, բայց տագնապն օրէցօր ուժեղանում է. պետական կոլապսը դառնում է ակնյայտ». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահէ Յովհաննիսեանի յօդւածը։ Այն ամբողջութեամբ՝ ստորեւ։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահէ Յովհաննիսեանի յօդւածը։ Այն ամբողջութեամբ՝ ստորեւ։

«Պետական ռեսուրսի եւ մի խումբ օլիգարխների տոտալ ներգրաւմամբ՝ Փաշինեանը հանրահաւաք արեց. զուգահեռ՝ խոշոր եւ մոտիւացւած հանրահաւաք էր Բաղրամեան պողոտայում՝ յաջակցութիւն հայկական բանակի եւ Փաշինեանի հրաժարականի պահանջով։ Հաշւել, թէ որ հրապարակում որքան մարդ կար՝ անիմաստ զբաղմունք է։

Իրավիճակի գնահատման այլ օբիեկտիւ ու կարեւոր չափորոշիչներ կան։

Փաշինեանն ասելիք չունէր, ցաքուցրիւ տեքստեր էր ասում, իրավիճակի լուծում չէր տեսնում եւ չէր առաջարկում։ Երէկ նա մարդկայնօրէն արձանագրեց իր սնանկութիւնը. իշխանութեան գալուց 2.5 տարի յետոյ վարչական ռեսուրսով բերովի մարտի 1-ի հանրահաւաք-երթ անել, սեփական դեֆոլտի արձանագրումն է։

Իսկ իրավիճակը փակուղային է։ Պետական համակարգը չի աշխատում, Երեւանի կենտրոնը պարալիզացւած է, հիմնական փողոցը դարձել է վրանային քաղաք։ Իշխանութիւնը չգիտի՝ ինչ անել։ Բանակը յայտարարել է, որ այս իշխանութիւնը երկիրը հասցրել է կործանման եզրին։ Աննախադէպ վիճակ է ստեղծւել՝ բանակը, նախագահը, Վեհափառը, Ակադեմիան, Մայր բուհը, բազմաթիւ այլ բուհեր, սփիւռքի կառոյցները, ռուսահայ բիզնես էլիտան, տասնեակ կուսակցութիւններ, հարիւրաւոր Հկ-ներ, մտաւորականութիւնը, հարիւր հազարաւոր մարդիկ պահանջում են կառավարութեան հրաժարականը։ Իսկ կառավարութեան ղեկավարը չի հեռանում, բայց եւ՝ չի առաջարկում ոչ մի ծրագիր՝ քաղաքական լուծումներով իրավիճակի լիցքաթափման։

Խնդիրն այն է, որ Փաշինեանը չի կարող ամէն օր վարչական ռեսուրսով հանրահաւաք անել, չի կարող ամէն օր ողջ պետական համակարգը գործից կտրել եւ բերել հրապարակ։ Ինքը սա փայլուն հասկանում է։ Իսկ ընդդիմութիւնն ունի մոտիւացւած 15-20 հազար, որն ամէն օր կարող է դուրս գալ փողոց։ Բայց նոյնիսկ սա չէ ամենակարեւորը։ Պետութիւնը չի կարող գոյատեւել հանրահաւաքներով։

Այս իրավիճակը պէտք է հանգուցալուծւի։ Սա չի կարող շատ երկար շարունակւել։ Յետպատերազմեան վիրաւոր երկիրը չի կարող երկար մնալ չաշխատող վիճակում. անվտանգութիւն, տնտեսութիւն, գերիներ, բանակցութիւններ, բանակի վերազինում-վերակազմաւորում, սահմաններ... ինչպէ՞ս պէտք է այս ամէնը արւի։

 

Բաղրամեան պողոտան

Հայաստանի ամենակարեւոր կէտն այսօր Բաղրամեան պողոտան է։ Եւ երէկ արձանագրւած ամենակարեւոր հետեւութիւնը հետեւեալն է. Հայաստանի օրակարգը եւ զարգացումների տրամաբանութիւնը որոշւում է Բաղրամեան պողոտայում։ Այն պողոտայում գտնւող երեք ինստիտուտներն առաջիկայում գտնելու են լուծումներ՝ պետութիւնը կոլապսի չտանելու համար.

1. Նախագահի նստավայր։ Առ այս պահը Արմէն Սարգսեանը կատարում է զուսպ եւ հաւասարակշռւած քայլեր, եւ իր երէկւայ յայտարարութեան մէջ ֆիքսել է, որ նախագահը վերահաստատում է իր պատրաստակամութիւնը՝ բանակցութիւնների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին, տարաձայնութիւնները հարթելու եւ փոխադարձ ընդունելի լուծուներ գտնելու նպատակով։

2. Ազգային Ժողով։ Առ այս պահը ԱԺ մեծամասնութիւնն իրեն դրսեւորում է բացարձակ անպատասխանատու, որպէս պետութեան տակ դրւած ռումբ։ Բայց դրա լիմիտը սպառւում է. Կամ կը լինեն վերաիմաստաւորումներ, կամ ժողովուրդը կապացուցի, որ այս ԱԺ-ն արդէն ժողովրդինը չէ։ Ուսապարկը չի գիտակցում սահմանադրութեամբ իր դերը, իսկ դա նշանակում է, որ մօտ է այն օրը, երբ մէկն ու մէկը կը յայտարարի. «Պահակախումբը յոգնել է»։

3. Ընդդիմութիւն։ Երէկ պարզ դարձաւ հետեւեալը. ընդդիմութիւնը ստացել է լիակատար նախաձեռնութիւն, եւ նրա որակից ու որոշումներից է մեծապէս կախւած հետագայ ընթացքը։ Կամ արւում են անհրաժեշտ հետեւութիւններ՝ բովանդակային, որակական, կազմակերպչական, ռեսուրսային եւ այլն, ու հաշւած շաբաթների ընթացքում Հայաստանում լինում է նոր իշխանութիւն, կամ սկսւում է հիասթափութեան փուլը այս հարթակից, շատերի մօտ աւարտւելու է բարոյական պատասխանատւութեան պահը՝ 17-ի կամ 6-ի կամ մի այլ թւով ձեւաչափի հանդէպ։ Ու արագ կը յայտնւեն նոր մարդիկ, նոր հարթակներ, ու կը լինի նոր պրոցես։

 

Բարդ օրւայ շարունակութիւնը

Խնդիրը մտնում է տեխնիկական լուծումների փուլ։ Փաշինեանը հասկացել է, որ այսպէս այլեւս չի կարողանալու կառավարել։ Հոկտեմբերին սահմանադրական փոփոխութիւններ, հրապարակային կաշառքի էժան փորձ նախագահին, նորից արտահերթի թեմա, իբր կոնսուլտացիաներ, ռեպրեսիաների սպառնալիքներ՝ դրանք դատարկ խօսքեր են։

Նա հրապարակային բլեֆների է գնում, բայց տագնապն օր օրի ուժեղանում է, պետական կոլապսը դառնում է ակնառու։ Միւս կողմից՝ ընդդիմութիւնը չի գտնում իր մէջ նկատելի որակական եւ կազմակերպչական անհրաժեշտ ռեսուրսներ։ Երէկւայ բարդ ու կարեւոր օրւանից յետոյ այսօր պրոցեսը չտեղափոխել ԱԺ, որտեղ կայ 2 ընդդիմադիր մեծ խմբակցութիւն, օրը չսկսել ԱԺ-ի դիմաց մեծ հաւաքով, երբ ունես մոբիլ ու մոտիւացւած հազարաւոր համախոհներ՝ անկեղծ դժւար է հասկանալ։

Մի բան յստակ է՝ իրավիճակը պահանջում է քաղաքական լուծում։ Յաղթել բանակին եւ յաղթել շաբաթներով փողոցում կանգնած մոտիւացւած տասնեակ հազարներին՝ հնարաւոր չէ։ Պէտք է գտնել լուծումներ։

Եւ վերջում մի նկատառում. Փաշինեանը վերջին օրերին իր համար նոր կարգախօս է գտել՝ «վերջ թաւիշին», եւ յաճախ է այն կրկնում։ Ես չգիտեմ, թէ ով է նրա խորհրդատուն, բայց, կարծում եմ, դա լաւ բանի չի բերի։ Կայ մի հետաքրքիր պատմութիւն, որը քչերը գիտեն՝ թէ ինչպէս ծնւեց եւ ով պնդեց չարաբաստիկ «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախօսը. ինչպէս գիտենք՝ դա վերջացաւ ողբերգութեամբ։ «Վերջ թաւիշին»-ը դրա նման մի բան է, երբ դա ասում ես, քո դէմ արմատական տրամադրութիւնները կտրուկ սրւում են՝ նման մթնոլորտում, աճող ագրեսիայի պայմաններում, փողոցում տասնեակ հազարաւորների առկայութեան պայմաններում եւ թարմ Եռաբլուրի պարագայում նման բան չեն ասում։ Ես մնում եմ իմ տեսակէտին, որ Փաշինեանին պէտք է տալ պետական մակարդակով երաշխիքներ՝ խաղաղ եւ արագ հեռանալու դէպքում։ Ի դէպ, ինձ հետ շատ շատերը համաձայն չեն»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։