Հա

Քաղաքական

03/03/2021 - 12:10

«ԳՇ պետը կը շարունակի պաշտօնավարել, քանի որ ՀՀ նախագահն իրաւասու չէ նրան հեռացնել պաշտօնից, իսկ հրամանագիր չստորագրելը չի առաջացնում դրա՝ իրաւունքի ուժով ուժի մէջ մտնելը». Արամ Օրբէլեանի վերլուծութիւնը

ՀՀ Արդարադատութեան նախարարի նախկին տեղակալ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու Արամ Օրբէլեանը LinkedIn-ի իր օգտահաշւում ներկայացրել է կարճ վերլուծութիւն վարչապետի կողմից Գլխաւոր շտաբի պետին պաշտօնից հեռացնելու հետ կապւած նախաձեռնւած գործընթացի մասին: 

«alikonline.ir» - ՀՀ Արդարադատութեան նախարարի նախկին տեղակալ, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու Արամ Օրբէլեանը LinkedIn-ի իր օգտահաշւում ներկայացրել է կարճ վերլուծութիւն վարչապետի կողմից Գլխաւոր շտաբի պետին պաշտօնից հեռացնելու հետ կապւած նախաձեռնւած գործընթացի մասին: Գրում է Tert.am-ը:

«Գլխաւոր շտաբի պետը կը շարունակի պաշտօնավարել, քանի որ Հայաստանի Հանրապետութեան նախագահն իրաւասու չէ նրան հեռացնել պաշտօնից, իսկ հրամանագիր չստորագրելը չի առաջացնում դրա իրաւունքի ուժով ուժի մէջ մտնել, քանի որ ՀՀ նախագահը չունի իրաւասութիւն հեռացնել Գլխաւոր շտաբի պետին»,- գրել է Օրբէլեանը եւ կցել վերլուծութիւնը, որն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

Արդէն քանի օր է հասարակական քննարկման թիւ մէկ թեման կամ առնւազն թեմաներից մէկը ՀՀ Գլխաւոր շտաբի պետի «լիազօրութիւնները դադարեցնելու» գործընթացն է: Հասարակութիւնը շունչը պահած սպասում է՝ կուղարկի՞ արդեօք Հայաստանի Հանրապետութեան նախագահը համապատասխան ակտը Սահմանադրական դատարան, թէ՞ ոչ, հաշւարկում են ժամկէտները՝ երբ է «օրէնքի ուժով «համապատասխան ակտը» համարւում ընդունւած», քննարկում են՝ ինչ կը լինի, եթէ ՀՀ նախագահը չստորագրի ակտը, եւ կարո՞ղ է ընդհանրապէս չստորագրել ակտը եւ այլն: Այս քննարկման մէջ սակայն, բաց է մնում կենտրոնական խնդիրը: Իսկ արդեօ՞ք ընդհանրապէս ՀՀ նախագահը իրաւունք ունի հեռացնել Գլխաւոր Շտաբի պետին, որ նոր քննարկման առարկայ դառնայ, արդեօ՞ք գործընթացն ընդհանրապէս ճիշտ է կատարւել/կատարւում:

 

1. Ինչո՞վ են սահմանւում Հայաստանի Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնները

Մինչեւ բուն հարցի քննարկմանը անդրադառնալը, փորձենք հասկանալ ինչ ակտով կամ ակտերով է սահմանւում Հայաստանի Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնները:

Սահմանադրութեան 123-րդ յօդւածի 4-րդ մասի համաձայն

4. Հանրապետութեան նախագահն իր գործառոյթներն իրականացնում է Սահմանադրութեամբ սահմանւած լիազօրութիւնների միջոցով:

Նման կարգաւորում (որ լիազօրութիւնները սահմանւում են բացառապէս Սահմանադրութեամբ) է գործում նաեւ ԱԺ-ի դէպքում (88-րդ յօդւածի 4-րդ մաս), ի տարբերութիւն օրինակ կառավարութեան, ում լիազօրութիւնները սահմանւում են Սահմանադրութեամբ եւ օրէնքներով (146-րդ յօդւածի 4-րդ մաս):

Այսինքն Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնները սահմանւում են բացառապէս Սահմանադրութեամբ (եւ հետեւաբար նաեւ օրէնքով նրան չի կարող տրւել որեւէ յաւելեալ՝ Սահմանադրութեամբ չնախատեսւած իրաւասութիւն):

 

2. Ի՞նչ իրաւասութիւն է տալիս Սահմանադրութիւնը Հայաստաին Հանրապետութեան նախագահին զինւած ուժերի բնագաւառում:

Հայաստաին Հանրապետութեան նախագահին է նւիրւած Սահմանադրութեան 5-րդ գլուխը: ՀՀ նախագահի գործառոյթները եւ իրաւասութիւնը սահմանւած է ինչպէս այդ գլխով (մասնաւորապէս 128-138 յօդւածներ), այնպէս էլ այլ սահմանադրական մարմինների վերաբերւող գլուխներում պարունակւող առանձին յօդւածներով:

Զինւած ուժերի բնագաւառում ՀՀ նախագահի լիազօրութիւններին է վերաբերւում Սահմանադրութեան 133-րդ եւ 155-րդ յօդւածները:

Սահմանադրութեան 133-րդ յօդւածի համաձայն

1. Հայաստանի Հանրապետութեան նախագահը, վարչապետի առաջարկութեամբ, օրէնքով սահմանւած դէպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է զինւած ուժերի եւ այլ զօրքերի բարձրագոյն հրամանատարական կազմը:

2. Հայաստանի Հանրապետութեան նախագահը, վարչապետի առաջարկութեամբ, օրէնքով սահմանւած դէպքերում եւ կարգով շնորհում է բարձրագոյն զինւորական կոչումներ:

Իսկ 155-րդ յօդւածը վերաբերւում է հէնց զինւած ուժերին, եւ հէնց այդ յօդւածով է սահմանւած Հայաստանի Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնը «քննարկման առարկայի» մասով, ներառեալ գլխաւոր շտաբի պետի առնչութեամբ:

Համաձայն նշւած յօդւածի 3-րդ եւ 5-րդ մասերի

3. Զինւած ուժերի զինւորական ամենաբարձր պաշտօնատար անձը գլխաւոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկութեամբ նշանակում է Հայաստանի Հանրապետութեան նախագահը՝ օրէնքով սահմանւած ժամկէտով: Ոչ պատերազմական ժամանակ գլխաւոր շտաբի պետը ենթակայ է պաշտպանութեան նախարարին:

...

5. Զինւած ուժերի ենթակայութեան, ղեկավարման, ինչպէս նաեւ այլ մանրամասներ սահմանւում են օրէնքով:

Այսինքն Հայաստանի Հանրապետութեան նախագահն իրաւասու է նշանակել գլխաւոր շտաբի պետին՝ օրէնքով սահմանւած ժամկէտով (հինգ տարի է սահմանւած օրէնքով): Օրէնքով պէտք է սահմանւի Գլխաւոր Շտաբի պետի պաշտօնավարման ժամկէտը, ինչպէս նաեւ օրէնքով կարող են սահմանւել ԶՈՒ ենթակայութեան, ղեկավարման եւ նաեւ այլ մանրամասներ (բայց ոչ մի դէպքում օրէնքով ՀՀ նախագահին չի կարող տրւել աւել լիազօրութիւն, եւ նման մանրամասները չեն կարող վերաբերւել ժամկէտից շուտ լիազօրութիւնների դադարեցմանը):

Յատկանշական է, որ եթէ դիտարկենք տարբեր մարմինների ձեւաւորման կարգաւորումները, ապա որոշ դէպքերում յստակ նշւած է բացառապէս նշանակման իրաւասութիւնը (առանց հեռացնելու լիազօրութեան), իսկ որոշ դէպքերում նշանակման եւ լիազօրութիւնների դադարեցման մասին:

Օրինակ, Հայաստանի Հանրապետութեան նախագահը նշանակում է վճռաբեկ դատարանի դատաւորներին եւ պալատների նախագահներին, առաջին ատեանի եւ վերաքննիչ դատարանի դատարանի դատաւորներին եւ դատարանի նախագահներին (տարբեր մարմինների առաջարկութիւններով - յօդւած 166):

Իսկ օրինակ օտարերկրեայ պետութիւններում եւ միջազգային կազմակերպութիւններում դիւանագիտական ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետութեան նախագահը նշանակում եւ յետ է կանչում (յօդւած 132), կամ օրինակ Կառավարութիւնը նշանակում եւ ազատում է մարզպետներին (յօդւած 160):

Նշւածից պարզ է դառնում, որ ՀՀ նախագահը Գլխաւոր շտաբի պետի մասով ունի միայն մէկ իրաւասութիւն՝ նշանակել նրան վարչապետի առաջարկութեամբ հինգ տարի ժամկէտով:

 

3. Արդեօ՞ք պաշտօնի նշանակելու իրաւասութիւնը չի ենթադրում նաեւ լիազօրութիւնները դադարեցնելու իրաւասութիւն (implied competence)

Այնպիսի մեկնաբանութիւն, որ նշանակելու իրաւասութիւնը ենթադրում է նախ ազատելու լիազօրութիւն նախեւառաջ չի բխում հէնց Սահմանադրութեան տարբեր յօդւածներում նշւած երկու իրաւասութիւնների (նշանակման եւ ազատման) տարանջատման փաստից (այսինքն որտեղ ազատելու կամ յետ կանչելու իրաւասութիւն առկայ է, դա յստակ նշւած է): Բացի դրանից նման մեկնաբանութեան դէպքում կը ստացւի, որ Հայաստանի Հանրապետութեան նախագահը առանց սահմանափակման կարող է օրինակ հեռացնել դատաւորներին, դատարանի նախագահներին, վարչապետին (քանի որ նրանց հէնց ինքն է նշանակում), ինչը ակնյայտօրէն չի բխում Սահմանադրութեան որեւէ մեկնաբանութիւնից:

Այսինքն կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետութեան նախագահն իրաւունք ունի նշանակել ՀՀ Գլխաւոր շտաբի պետին, բայց նշւած իրաւասաութիւնը չի ներառում Գլխաւոր շտաբի պետին հեռացնելու իրաւասութիւն:

 

4. Ի՞նչ կը լինի, եթէ Հայաստանի Հանրապետութեան նախագահը չստորագրի վարչապետի միջնորդութիւնը:

Արդէն իսկ նշեցի որ Հայաստանի Հանրապետութեան նախագահը չունի իրաւասութիւն հեռացնելու Գլխաւոր շտաբի պետին: Յաջորդ հարցը, որը ինտենսիւ քննարկւում է հանրութեան կողմից հետեւեալն է. արդեօ՞ք ՀՀ նախագահի կողմից վարչապետի միջնորդութիւնը չստորագրելու, բայց նաեւ Սահմանադրական դատարան չդիմելու դէպքում, իրաւունքի ուժով Գլխաւոր շտաբի պետը ազատւում է աշխատանքից:

Հայաստանի Հանրապետութեան նախագահի կողմից իր իրաւասութիւնները իրականացնելու (չնայած ինչպէս նշւեց վերը նշւած իրաւասութիւն ՀՀ նախագահը չունի) կարգը (ընդունւող ակտերը) սահմանւած է Սահմանադրութեան 139-րդ յօդւածով:

1. Իր լիազօրութիւններն իրականացնելիս Հայաստանի Հանրապետութեան նախագահն ընդունում է հրամանագրեր եւ կարգադրութիւններ:

2. Հայաստանի Հանրապետութեան նախագահը Սահմանադրութեան 131-137-րդ յօդւածներով, 155-րդ յօդւածի 3-րդ մասով, 166-րդ յօդւածի 3-րդ, 4-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանւած դէպքերում կարող է համապատասխան ակտը եռօրեայ ժամկէտում իր առարկութիւններով վերադարձնել առաջարկութիւն ներկայացնող կամ միջնորդութեամբ դիմող մարմին: Եթէ իրաւասու մարմինը չի ընդունում այդ առարկութիւնը, ապա ՀՀ նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Եթէ Հայաստանի Հանրապետութեան նախագահը չի կատարում սոյն յօդւածի 2-րդ մասով սահմանւած պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մէջ է մտնում իրաւունքի ուժով:

Այսպիսով, սահմանադրութիւնը նախատեսել է կարգաւորում, որի համաձայն միջնորդութիւն ներկայացնող մարմինը դիմում է Հայաստանի Հանրապետութեան նախագահին, ապա վերջինս կարող է ստորագրել կամ առաջարկութիւններով վերադարձնել, սակայն կրկին դիմելու դէպքում ՀՀ նախագահը իրաւասու է (իրաւունք ունի եւ պարտաւոր է)՝ կամ ստորագրել ակտը կամ դիմել Սահմանադրական դատարան: Ընդ որում Սահմանադրութիւնը ելնում է կանխավարկածից, որ ՀՀ նախագահը պարտաւոր է դիմել Սահմանադրական դատարան, եթէ գտնում է որ ակտը հակասում է Սահմանադրութեանը, հակառակ դէպքում ստորագրել այն:

Ամէն դէպքում, որպէսզի Հայաստանի Հանրապետութեան նախագահը սահմանւած ժամկէտում չի կատարում իր պարտականութիւնը (ստորագրում կամ դիմում ՍԴ), ապա այդ դէպքի համար Սահմանադրութիւնը նախատեսել է ստորագրւած լինելու կանխավարկած, կիրառելով իրաւունքի ուժով ուժի մէջ մտնելու տեսութիւնը: Այսինքն Հանրապետութիւնը չի կարող անգործութեամբ խաթարել գործընթացները, եթէ նա համապատասխան ժամկէտում չի կատարում իր պարտաւորութիւնները, ապա իրաւական հետեւանքի տեսակէտից համարւում է որ նա ստորագրել է ակտը:

* սոյն վերլուծութեան առարկայից դուրս է, բայց Հայաստանի Հանրապետութեան նախագահը, եթէ գտնի որ առկայ չէ սահմանադրականութեան խնդիր, սակայն չցանկանայ քաղաքականապէս ասոցացւել ակտի հետ, կարող է այն չստորագրել, ցոյց տալով իր քաղաքական մօտեցումը: Սակայն նշւածը չի գործում, երբ ՀՀ նախագահը գտնում որ առկայ է սահմանադրականութեան հարց, լինելով սահմանադրութեան երաշխաւոր պարտաւոր է դիմել Սահմանադրական դատարան:

Պարզեցինք, որ իրաւունքի ուժով ուժ են ստանում որոշակի ակտեր, որոնք նախատեսւած են առանձին յօդւածներով: Դրանց մէջ է նաեւ 155-րդ յօդւածի 2-րդ կէտը, որին անդրադարձել ենք վերեւ: Այսինքն, եթէ դիմելու իրաւասութիւն ունեցող մարմինը միջնորդի Հայաստանի Հանրապետութեան նախագահին արձակել համապատասխան յօդւածներով նախատեսւած ակտերից որեւէ մէկը, սակայն վերջինս չարձակի հրամանագիր եւ անգործութեան մատնւի, ապա հրամանագիրը իրաւունքի ուժով կը համարւի արձակւած: Սահմանադրութեան մէջ Հայաստանի Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնների մասով իրաւունքի ուժով ակտը ընդունւած լինելու վերաբերեալ որեւէ այլ կարգաւորում առկայ չի:

Սակայն 139-րդ յօդւածի 2-րդ կէտում նշւած յղումներից եւ որեւէ մէկում խօսք չի գնում Գլխաւոր շտաբի պետին ազատելու մասին: Այսինքն, որպէսզի իրաւունքի ուժով ինչ որ բան տեղի ունենայ, ապա պէտք է որ նշւածը լինէր թւարկւած համապատասխան յօդւածների շարքում: Օրինակ, եթէ վարչապետը դիմէր ՀՀ նախագահին նշանակելու Գլխաւոր շտաբի պետ, բայց վերջինս որեւէ գործողութիւն չանէր, ապա ակտը կը համարւէր ընդունւած: Նոյն պնդումը չի վերաբերւում թւարկածից դուրս որեւէ այլ հարցով համապատասխան միջնորդութիւն ներկայացնելու դէպքում: Օրինակ, եթէ վարչապետը դիմի ՀՀ նախագահին միջնորդութեամբ, որ վերջինս դադարեցնի Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ որեւե դատաւորի լիազօրութիւն (Հայաստանի Հանրապետութեան նախագահի դատաւորներ նշանակելու լիազօրութիւնը բերւած է 166 յօդւածում, որի վրայ նոյնպէս յղում է անում 139-րդ յօդւածը) եւ ՀՀ նախագահը չարձագանքի (քանի որ դա որեւէ կերպ արձագանքման ենթակայ հարց չի, եւ ակնյայտ ապօրինի միջնորդութիւն է) դա որեւէ կերպ չի կարող բերել իրաւունքի ուժով տւեալ դատաւորի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի լիազօրութիւնների դադարեցման:

Այսինքն, որպէսզի իրաւունքի ուժով ինչ որ բան տեղի ունենայ, կարեւոր է որ նշւած գործառոյթը (նշանակել, հեռացնել, շնորհել եւ այլն) յստակ առկայ լինի այն յօդւածների ցուցակում, որի դէպքում ընդհանրապէս գործում է իրաւունքի ուժով ուժ ստանալու կարգաւորումը:

 

5. Նշանակում է արդեօ՞ք սա, որ Գլխաւոր շտաբի պետի լիազօրութիւնները ընդհանրապէս չեն կարող դադարեցւել

Այստեղ կարեւոր է տարանջատել լիազօրութիւնները դադարելու եւ լիազօրութիւնները դադարեցնելու միջեւ (երկու դէպքում էլ պաշտօնից ազատւում է անձը):

Սահմանադրութիւնը բացառել է Գլխաւոր շտաբի պետի լիազօրութիւնները դադարեցնելու հնարաւորութիւնը, ինչը չի նշանակում որ նրա լիազօրութիւնները չեն կարող ընդհանրապէս դադարել (մանրամասն ստորեւ):

Ընդ որում կարելի է պնդել, որ Սահմանադրութիւնում այդ մասով սխալմունք կամ թերութիւն չկայ, եւ վերջինս յատուկ է բացառել քաղաքական իշխանութիւնների իրաւասութիւնը դադարեցնել Գլխաւոր շտաբի պետի լիազօրութիւնները: Դա սահմանադրական զսպումների եւ հակակշռումների մեխանիզմներից մէկն է, եւ պրակտիկայում իրագործում է Սահմանադրութեան 14-րդ յօդւածով սահմանւած Զինւած ուժերի քաղաքական չէզոքութեան երաշխիքը: Նշւածը բացառում է, որ որեւէ դէպքում Գլխաւոր շտաբի պետը հեռացւելու վտանգով կաշկանդւած լինի գործել ազատ: Հակառակ պարագայում, քաղաքական իշխանութիւնները, ելնելով քաղաքական նպատակայարմարութիւնից միշտ կարող են հեռացնել Գլխաւոր շտաբի պետին եւ նշանակեն իրենց համար քաղաքական առումով աւելի ցանկալի անձի: Գլխաւոր շտաբի պետը չի համարւում քաղաքական պաշտօն (Սահմանադրութիւնը բացառում է դրա քաղաքական լինելը), իսկ [քաղաքական] նպատակայարմարութիւնից նրան հեռացնելու հնարաւորութիւնը պաշտօնը դարձնում է քաղաքական: Անկախ քաղաքական իշխանութիւնների կամ նրանց նախասիրութիւնների փոփոխութիւնից, Գլխաւոր շտաբի պետը պէտք է շարունակի պաշտօնավարել որպէս արհեստավարժ զինւորական:

Միեւնոյն ժամանակ, ինչպէս նշեցի, դա չի նշանակում որ Գլխաւոր շտաբի պետի լիազօրութիւնները չեն կարող դադարել: Լիազօրութիւնների դադարումը (ի տարբերութիւն դադարեցման) տեղի են ունենում որպէս իրաւական հետեւանք արտաքին հանգամանքների եւ տեղի չեն ունենում իրաւական ակտի արդիւնքում (օրինակ ՀՀ նախագահի հրամանագրի), այլ նշւած ակտը միայն արձանագրում է համապատասխան փաստը:

«Զինւորական ծառայութեան եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրէնքի 40-րդ յօդւածի 1-ին մասը նախատեսում է այդպիսի դադարման որոշակի հիմքեր, օրինակ այլ պաշտօնի նշանակւելու դէպքում; դատարանի` օրինական ուժի մէջ մտած դատավճռով կալանքի կամ որոշակի պաշտօններ զբաղեցնելու արգելքի ձեւով պատժի դատապարտւելու դէպքում; մէկ ամսից աւելի ժամկէտով անյարգելի պատճառով ծառայութեան չներկայանալու դէպքում; գերութեան մէջ գտնւելու դէպքում եւ այլն (ցուցակը ամբողջական չեմ բերում այստեղ): Սոյն վերլուծութեան նպատակը չի քննարկել նշւած հիմքերի համապատասխանութիւնը Սահմանադրութեանը (իմ գնահատմամբ որոշների կիրառումը Գլխաւոր շտաբի պետի եւ Բարձրագոյն հրամանատարական կազմի մասով խնդրահարոյց են), բայց ամէն դէպքում Գլխաւոր շտաբի պետի նկատմամբ պէտք է լինի յատուկ կանոնակարգում, որտեղ ըստ էութեան պիտանիութեան պարամետրերից ելնելով պէտք է սահմանւեն հանգամանքներ, որոնց առկայութեան դէպքում վերջինիս լիազօրութիւնները դադարում են եւ համապատասխան իրաւական ակտով ուղակի կարձանագրւի փաստը եւ ոչ թէ ակտի ուժով կը դադարեցւի:

 

6. Արդեօ՞ք գլխաւոր շտաբի նախկին երկու պետերի լիազօրութիւնները չեն դադարեցւել նոյն ընթացակարգով

Յատկանշական է, որ Գլխաւոր շտաբի երկու նախկին պետերի լիազօրութիւնները դադարել են (չեն դադարեցւել անկախ ձեւեկերպումից) հէնց նշւած օրէնքի համապատասխան կէտի հիման վրայ:

Այսպէս Մովսէս Յակոբեանը ազատւել է Գլխաւոր շտաբի պետի պաշտօնից Հանրապետութեան նախագահի 2018 թ. մայիսի 24-ի ՆՀ-330-Ա հրամանագրով, որտեղ որպէս հիմք է նշւել օրէնքի 40-րդ յօդւածի 1-ին մասի 1-ին կէտը (այլ պաշտօնի անցնելը), իսկ Արտակ Դաւթեանինը՝ 2020 թ. յունիսի 8 ՆՀ-118-Ա հրամանագրով, որտեղ որպէս հիմք նշւել օրէնքի 40-րդ յօդւածի 1-ին մասի 11-րդ կէտը (զինւորական ծառայութիւնից արձակւելը):

Այսինքն, երկու դէպքում էլ խօսք չի գնում լիազօրութիւնները դադարեցնելու մասին, այլ արձանագրւել է հիմքեր, որոնք տեղի են ունեցել բուն «լիազօրութիւնների դադարեցման» գործընթացից դուրս, ըստ էութեան եղել են անձի կամքով եւ որոնք բացառել են անձի՝ Գլխաւոր շտաբի պետի պաշտօն զբաղեցնելը: Նշւածը էականօրէն տարբերւում է գործող Գլխաւոր շտաբի պետ Օնիկ Գասպարեանի լիազօրութիւնները դադարեցնելու փորձի դէպքից:

 

7. Ի՞նչ է առկայ արդիւնքում

Այսպիսով, ունենք մի իրավիճակ, երբ Վարչապետը Հայաստանի Հանրապետութեան նախագահի անունից փորձում է ընդունել Գլխաւոր Շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրաւունքի ուժով: Ինչպէս նկարագրւեց վերը ոչ վարչապետը, ոչ էլ ՀՀ նախագահը չունեն լիազօրութիւն դադարեցնելու Գլխաւոր շտաբի պետի լիազօրութիւնները: Հետեւաբար նշւած ակտը ունի նոյն ուժը, ինչ օրինակ որեւէ նախարար հրաման արձակի վարչապետի լիազօրութիւնները դադարեցնելու վերաբերեալ, կամ փոխվարչապետը որոշի որ դադարեցնում է գլխաւոր դատախազի լիազօրութիւնները, կամ որեւը գիւղապետ որոշի վարչապետի լիազօրութիւնները դադարեցնելու մասին: Նշւած ակտը առոչինչ է, ինչը նշանակում է, որ որեւէ հետեւանք չի առաջացնում:

Հետեւաբար կարեւոր չի անցել է երեք օր, հինգ օր, տաս օր, թէ մէկ տարի, տեղի ունեցող գործընթացը չի կարող առաջացնել որեւէ հետեւանք, ինչը սակայն չի ազատում Հայաստանի Հանրապետութեան նախագահին այդ հանգամանքը հաստատելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու պարտաւորութիւնից եւ չի զրկում Գլխաւոր շտաբի պետին ի յաւելում պաշտօնավարման շարունակման նշւած փաստը նաեւ վարչական դատարանի միջոցով հաստատելու հնարաւորութիւնից:

* այս մասին յաջորդիւ առանձին կը ներկայացնեմ վերլուծութիւն, եթէ առաջանայ անհրաժեշտութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։