«Հրապարակ»-ը գրում է. «Երբ հետեւում ես այս իշխանութիւնների քայլերին՝ սկսած 2018 թւականից, տպաւորութիւն է ստեղծւում, թէ թշնամին գրաւել է մեր երկիրը եւ զբաղւած է ամէն ինչ կազմալուծելու, ոչնչացնելու, պարալիզացնելու գործով:
«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է. «Երբ հետեւում ես այս իշխանութիւնների քայլերին՝ սկսած 2018 թւականից, տպաւորութիւն է ստեղծւում, թէ թշնամին գրաւել է մեր երկիրը եւ զբաղւած է ամէն ինչ կազմալուծելու, ոչնչացնելու, պարալիզացնելու գործով:
Գրեթէ բոլոր ոլորտներում բանիմաց ու փորձառու կադրերն ազատւեցին աշխատանքից եւ փոխարինւեցին քայլած, անփորձ, անգրագէտ կադրերով: Եթէ ուսումնասիրենք այս 3 տարում պաշտօնի նշանակւածների ցանկը՝ նրանց կրթական ցենզը, կենսագրութիւնը, անցած ճանապարհը, ապա շատ զաւեշտալի սուբիեկտներ կը յայտնաբերենք այնտեղ, եւ ԱՄՆ-ում ու Էջմիածնում տաքսու վարորդ աշխատածներ, եւ տասնաւարտներ, որոնք իրենց կենսագրականի՝ սեռի սիւնակում «արու» են գրում, եւ ուսանողական նստարանից միանգամից պատգամաւորի մանդատ ստացածներ, եւ ռուսաստաններում 10 տարի աշխատած խոպանչիներ, որոնց հրաւիրել են յեղափոխութիւնից յետոյ բարձր պաշտօն ստանձնելու, եւ հագուստի խանութի մենեջեր, որ հիմա սոցապփոխնախարար է աշխատում եւ իր ընկերուհիներին համակարգի հիմնարկներում տնօրէններ կարգում: Ամբողջական ցանկի հրապարակումն ու վերլուծութիւնը կարող է ուսանելի ձեռնարկ լինել բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թէ փողոցում յեղափոխութիւն անելով՝ կարելի է երկիրը զարգացնել։
Բայց կադրերն էլ չեն խնդիրը՝ խելացի կառավարման, ճիշտ հրահանգաւորման դէպքում անգամ 10-ամեայ կրթութեամբ անգրագէտ ու անփորձ մարդիկ կը կարողանային կարճ ժամանակում իւրացնել աշխատանքի հմտութիւնները եւ քիչ թէ շատ աշխատունակ դառնալ: Բայց դրա համար յարկաւոր է, որ պարագլուխը՝ երկրի ղեկին յայտնւած մարդը, աշխատանքային մթնոլորտ ստեղծի, ոչ թէ քանդի, այլ կառուցի եւ ստիպի, որ ներքեւի օղակներում աշխատեն, այլ ոչ թէ անաշխատ պարգեւավճարներ ստանան: Մեր բախտն այդ հարցում ակնյայտօրէն չբերեց: Երկրի ղեկին յայտնւած անձը, պարզւեց՝ շատ աւելի անփորձ ու ապակառուցողական է, քան կարելի էր սպասել խմբագրի եւ պատգամաւորի փորձառութիւն ունեցող մէկից:
Պարզւեց՝ նա այս երկիրը չի սիրում եւ այն դիտում է որպէս ռազմաւար, որը ստացել է կայծակնային յեղաշրջման եւ հանրութեանը փողոց հանելու շնորհքի դիմաց: Պարզւեց, որ ատում է բոլոր աշխատող մարդկանց եւ գործող համակարգերը ու իր խնդիրն է համարում դրանք բոլորը կազմալուծելն ու կաթւածահար անելը: Այդ մտայնութեամբ էլ նախ ազատեց բոլոր պրոֆեսիոնալներին՝ իբրեւ թէ կոռուպցիայի դէմ պայքարելու մտայնութեամբ: Սկսեց պայքարել անորոշ «նախկիններ» հասկացութեան դէմ՝ նախկիններից որոշ թալանչիների ու վարկաբեկւածների պահելով իր կողքին, իսկ միւսներին՝ ազատելով: Սկսեց քանդել համակարգերը՝ կառավարութեան կառուցւածքը փոխելով, նախարարութիւններ վերացնելով, միաւորելով ու ինչ-որ կառոյցներ մի ոլորտից միւսը տեղափոխելով: Սկսեց իրականացնել սորոսական շրջանակների տարիների ծրագիրը՝ կրթութեան համակարգի, ոստիկանութեան, ԱԱԾ-ի, դատական համակարգի բարեփոխումների մէջ անթաքոյց ներգրաւելով ամենաակնառու սորոսական գործիչներին ու հասարակական կազմակերպութիւններին: Սկսեց փոխել կրթական համակարգը եւ նրա ղեկավար կազմը՝ ռեկտորներ, տնօրէններ: Ձեռնամուխ եղաւ գիտութեան համակարգը փոխելուն եւ Գիտութիւնների ազգային ակադեմիան վերացնելուն: Փոխեցին յայտնի բուժհիմնարկների ղեկավարներին: Մեծ եռանդով անցան համայնքապետեր փոխելուն, մանաւանդ նրանց, ովքեր իրենց թրի տակով չանցան: Եւ այդ գործն իրականացնելու համար անգամ քրէական լծակներ գործի դրւեցին՝ ամօթալի ու փլւող քրէական գործեր յարուցելով այն համայնքապետերի նկատմամբ, որոնք յօժարակամ չեն հեռանում կամ չեն ենթարկւում:
Մի հսկայ շրջան Նիկոլ Փաշինեանը խաչակրաց արշաւանք իրականացրեց Սահմանադրական դատարանի դէմ՝ այն կիսով չափ իրեն ենթարկեցնելով: Հիմա ձեռնամուխ է եղել դատարաններին: Թէեւ 3 տարում նման փորձեր էլի են եղել՝ ձախողւած վեթինգի ծրագիրը, օրինակ, որը միջազգային կառոյցների միջամտութեամբ չիրականացւեց: Դատարանները շրջափակելու, դատաւորներին վիրաւորելու, իսկ օրերս էլ ԲԴԽ նախագահին հրապարակաւ նսեմացնելու ամօթալի ակցիաներից իւրաքանչիւրը բաւարար կը լինէր, որ հայ հասարակութիւնը հասկանար՝ վտանգաւոր է, աղէտաբեր է այս իշխանութիւնների պաշտօնավարման իւրաքանչիւր օրը: Սրանք անգամ չեն հասկանում, որ իրենք պոզիտիւ պարտաւորութիւն ունեն դատական համակարգը գոնէ ֆիզիկապէս համալրելու եւ ԲԴԽ նախագահին հեռացնելու, վարկաբեկելու համար բոյկոտում են իրենց տարրական պարտականութիւնները՝ վճռաբեկ դատարանի դատաւորներ ընտրելու գործընթացը: Եւ հպարտօրէն՝ «Իմ քայլը» խմբակցութեան ղեկավարի շուրթերով յայտարարում են, որ դատաւորների թեկնածուների հետ խնդիր չունեն, բայց չեն մասնակցելու նրանց ընտրութեանը՝ Ռուբէն Վարդազարեանի ինադու:
Աշխարհը նման անգրագէտ, անգործունակ, երկիրը միտումնաւոր կաթւածահար անող իշխանութիւններ, հաւանաբար, դեռ չէր տեսել:
Սրանք երկրի ու հասարակութեան հետ վարւում են ինչպէս թշնամին, որը պատերազմում յաղթել եւ գրաւել է հակառակորդի երկիրը ու գիտի, որ վաղ թէ ուշ պէտք է հեռանայ, ուստի ամէն ինչ անում է այն հիմնահատակ աւերելու, քանդելու, վառելու, մոխրացնելու համար, որպէսզի իր հեռանալուց յետոյ տասնամեակներով չկարողանան այդ երկրի բնակիչները վերականգնել այն»: