Հա

Քաղաքական

06/03/2021 - 12:10

«Սկսւել է Հայաստանի թուրքաֆիկացումը՝ զէնքով, պրոպագանդայով, տնտեսութեամբ, յետոյ կը գան թուրքական բանկերը, բիզնեսները, որոնք սահուն կը խժռեն ամէն ինչ, կը ստիպեն փոխել օրէնքներ»․ Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը յօւած է գրել, որում անդրադառնում է Հայաստանում ստեղծւած իրադրութեանը։ Հեղինակը նշում է, որ սկսւել եւ մեծ թափով ընթանում է Հայաստանի թուրքաֆիկացումը՝ զէնքով, պրոպագանդայով, տնտեսութեամբ։ Ըստ նրա՝ յետոյ կը գան թուրքական բանկերը, բիզնեսները, ձեռք կը բերւի ահռելի քանակով անշարժ գոյք, ապա կը ստիպեն փոխել օրէնքներ։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահէ Յովհաննիսեանը յօւած է գրել, որում անդրադառնում է Հայաստանում ստեղծւած իրադրութեանը։ Հեղինակը նշում է, որ սկսւել եւ մեծ թափով ընթանում է Հայաստանի թուրքաֆիկացումը՝ զէնքով, պրոպագանդայով, տնտեսութեամբ։ Ըստ նրա՝ յետոյ կը գան թուրքական բանկերը, բիզնեսները, ձեռք կը բերւի ահռելի քանակով անշարժ գոյք, ապա կը ստիպեն փոխել օրէնքներ։

Յօդւածը կարդացէք ստորեւ․

Ալիեւի երէկւայ յայտարարութիւնը շոկային է. «Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Բայց դա նրան չի յաջողւի։ Մենք կը ստիպենք նրանց։ Մենք կեանքի կը կոչենք մեր բոլոր ցանկութիւնները՝ այնպէս, ինչպէս քշեցինք նրանց մեր հողերից...»։

Սա բաց տեքստով յայտարարութիւն է, որ Նիկոլը կամ կը զիջի ամէն ինչ, կամ առաջիկայում մի գեղեցիկ օր ադրբեջանաթուրքական զօրքերը կը մտնեն Հայաստան։

Կարծում եմ, որ այսօրւայ հանրահաւաքի առանցքը պէտք է լինի սա։ Եթէ այսօրւայ հարթակը ինքը գիտակցում է այս իրավիճակը, ապա պէտք է կտրուկ փոխի իր բովանդակութիւնը եւ աշխատանքի ոճը։ Եթէ չի գիտակցում, նա այս տեսքով անելիք չունի։

Եթէ սա գիտակցում են նախկին նախագահները, ապա պէտք է կտրուկ եւ հրապարակային հարթեն իրենց տարաձայնութիւնները եւ հանդէս գան երկիրը Նիկոլից օր առաջ ազատելու վճռականութեամբ։ Սա է «նախագահական պատասխանատւութեան» դրսեւորումը։

Եթէ սա գիտակցում է Հայաստանի ԳՇ եւ բանակը, ապա պէտք է դուրս գան «արիստոկրատի» պոզայից ու կատարեն քայլեր, որը պարտաւոր է անել ցանկացած երկրի բանակ՝ պետութեան փլուզման 100 տոկոսանոց վտանգի ժամանակ եւ դադարեն համեստօրէն սպասել Արմէն Սարգսեանի՝ դժւար կայացւող որոշումներին։

Եթէ սա գիտակցում է խորհրդարանական ընդդիմութիւնը, ապա պէտք է դադարեցնի հեզաճկուն հանդիպումները Նիկոլի հետ ու դադարի իրենց ապագայ մանդատների թիւը գերնպատակ համարել։

Եթէ սա գիտակցում են հանրային դէմքերը, հրապարակային գործիչները, ապա պէտք է աներեւակալի ահազանգ հնչեցնեն։

Եթէ սա գիտակցում է ԱԱԾ-ն, ապա գործելու ժամանակը հիմա է, որովհետեւ վաղը գործելու իմաստ էլ չի լինելու։

Ես չգիտեմ՝ ով ինչքան է գիտակցում իրավիճակի լրջութիւնը, վտանգի սրութիւնը, բայց ժողովուրդը դա չի գիտակցում։ Ուրեմն՝ օրերի խնդիր պէտք է դառնայ ողջ երկրով մէկ արշաւը՝ բացատրել, արթնացնել, ոտքի հանել ժողովրդին։

Մենք ինչո՞վ ենք զբաղւած. Էդմոնը Նիկոլին ինչ ասաց, «Սողոմոնեան Գագոն» ինչ գրեց, ում ասուլիսն ով լայքեց կամ դիսլայքեց, ում թիմից ով ինչ ստատուս գրեց... Սա՝ թուրքական պոտենցիալ ներխուժումից ու պետութիւն կորցնելուց հինգ րոպէ առաջ։

Այս իշխանութիւնից որեւէ բան սպասել պէտք չէ. դատելով զարգացումներից՝ նրանք խորը թելերով կապւած են թուրքական շահի հետ։ Ով ինչքան խորը՝ ես չգիտեմ, դա կարող է պարզել միայն քննութիւնը։ Բայց որպէս հաւաքական միաւոր՝ այս իշխանութիւնը Չպետութիւնն է։ Նրանք մտածում են միայն իրենց լինելու մասին ու առաւելագոյնը կարող են Սպարապետի շիրիմին կոկորդիլոսի արցունք թափել ու կործանել երկիրը։

Թուրքական կողմը կոնկրետ ձեւակերպումներով ու կոնկրետ քարտէզներով է ցոյց տալիս, թէ ինչպէս է առաջիկայում մասնատելու Հայաստանը։ Կոնկրետ զօրավարժութիւններ են անում։ Կոնկրետ ճնշումներ ու կոնկրետ ժամկէտներ։

ՀՀ իշխանութիւնը նոյնպէս «զօրավարժութիւններ» է կազմակերպում՝ հրապարակի բերովի միտինգի եւ հայկական բանակի դէմ գործողութիւնների տեսքով։

Պայքարի մի յստակ բանաձեւ կայ՝ ամէն ոք, ով որոշել է պայքարել, դա անում է ոչ թէ հարթակի, ոչ թէ այս կամ այն մարդու կամ կուսակցութեան, այլ՝ իր երեխաների համար։ Ու պէտք չէ մեղադրել միւսին, թէ լաւ չեն պայքարում։ Ամէն ոք յանուն իր երեխայի պէտք է անի պայքարը։

Եւ բոլոր նրանք, ովքեր միշտ դիտորդ են, ովքեր ամէն արհեստական պատճառաբանութիւն բերում են, թէ ինչու են տանը ու անտարբեր, թէ ինչու են վախենում, պէտք է յստակ իմանան, որ եթէ շարունակւի այդպէս, ապա շատ շուտով աւելի մեծ ու բնական վախենալու պատճառ կարող է լինել։

Սկսւել եւ մեծ թափով ընթանում է Հայաստանի թուրքաֆիկացումը՝ զէնքով, պրոպագանդայով, տնտեսութեամբ, յետոյ կը գան թուրքական բանկերը, բիզնեսները, որոնք սահուն կը խժռեն ամէն ինչ։ Ահռելի քանակութեամբ ձեռք կը բերւեն անշարժ գոյք եւ հողեր։ Կը ստիպեն՝ փոխել օրէնքները։

Այս իշխանութիւնը կա´մ ի սկզբանե, կա´մ կատարւած փաստի արդիւնքում յանձւել է թուրքերին։ Այն չունի դիմակայելու ռեսուրս։ Այն չի հասկանում, որ խաղաղ մրցակցութիւնը նոյնպէս կոշտ մրցակցութիւն է։ Չի պատկերացնում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղ պայմաններում պէտք է արժանապատիւ յարաբերութիւններ ձեւեաւորել, ոչ թէ՝ յանձնւել։

Մեր առաջ դրւած հարցը մէկն է՝ պահո՞ւմ ենք Հայաստանը, թէ՞ ոչ։ Այլ բաժանարար գիծ հիմա չի կարող լինել։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։