Հա

Քաղաքական

06/03/2021 - 13:50

Մեր մէջքի յետեւում մեզ վերաբերող հարցերում լուրջ գործընթացներ են տեղի ունենում, պատերազմի արդիւնքների ու շարունակւող անգործութեան հետեւանքով ձեւաւորւել են մեզ համար կործանարար նոր կարծրատիպեր». Օսկանեան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը յօդւած է հրապարակել, որում անդրադառնում է Հայաստանում ստեղծւած իրադրութեանը, ՀՀ արտաքին քաղաքականութեանն ու Լեռնային Ղարաբաղի գործընթացին, նաեւ նշում երեք ուղղութիւն, որտեղ պէտք է աշխատանք տարւի։

«alikonline.ir» - ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը յօդւած է հրապարակել, որում անդրադառնում է Հայաստանում ստեղծւած իրադրութեանը, ՀՀ արտաքին քաղաքականութեանն ու Լեռնային Ղարաբաղի գործընթացին, նաեւ նշում երեք ուղղութիւն, որտեղ պէտք է աշխատանք տարւի։

Յօդւածը ներկայացնում ենք ստորեւ․

 

Գնացք բարձրանալու ժամանակը

Իմ երկարամյա դիւանագիտական փորձից ելնելով՝ կարող եմ հաստատապէս ասել, որ երբ միջնորդների, միջազգային հանրութեան մօտ ձեւաւորւում եւ կարծրանում են տեսակէտներ, հետագայում դրանց դէմ պայքարելն ու փոխելը շատ դժւար է լինում: Այդպէս էր նոյնիսկ, երբ մենք յաղթական եւ գերիշխող դիրքերում էինք: Այսօր, երբ պարտւել ենք պատերազմում, բարոյալքւել եւ գտնւում ենք ներքաղաքական ցնցումների մէջ, նման իրավիճակներին դիմագրաւելը շատ աւելի դժւար է, դրա համար անմարդկային ջանքեր են պահանջւում:

Այսօր մեր շուրջ եւ մեր մէջքի յետեւում մեզ անմիջապէս վերաբերող հարցերում լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Պատերազմի արդիւնքների ու մինչ օրս շարունակւող անգործութեան հետեւանքով ձեւաւորւել են մեզ համար կործանարար նոր կարծրատիպեր, որոնք կոտրելը ամէն օր աւելի է բարդանում։

Դրանք հիմնւած են երեք փաստարկումների վրայ՝ ա) Լեռնային Ղարաբաղի հարցը լուծւած է, բ) Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, որտեղ ապրում են հայեր եւ նրանց՝ մարդու իրաւունքներին վերաբերող հարցերին կարելի է ականջալուր լինել, գ) ժամանակն է, որ նայենք դէպի ապագան: ԱՄՆ-ի եւ Եւրոպական Միութեան քաղաքական եւ դիւանագիտական շրջանակներում շրջանառւող խօսակցութիւնները, ինչպէս նաեւ Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի ամենաբարձր պաշտօնեաների արած յայտարարութիւնները՝ վկայ:

Արտաքին քաղաքականութեան եւ յատկապէս Լեռնային Ղարաբաղի գործընթացին առնչւող գնացքը տեղից շարժւել է։ Այժմ, երբ այն սկսում է թափ հաւաքել, մենք ոչ թէ կողքից քայլում ենք՝ փորձ անելով ցատկել ներս, այլ կանգնել ենք։ Այդ գնացքը շուտով կը լքի կայարանը, եթէ մենք չսկսենք արագ վազել նրա յետեւից եւ ներս ցատկել։

Դա անելու համար մեզ անհրաժեշտ է աշխատել երեք ուղղութեամբ՝ դիւանագիտական, ռազմական եւ միջազգային իրաւական։

 

Դիւանագիտութիւն

Դիւանագիտական ճակատում հայկական կողմը շատ արագ պէտք է յստակեցնի իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Իմ համոզմամբ՝ դա պէտք է կառուցւած լինի հետեւեալ դրույթների վրայ.

1. Նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը այդ պահին Լեռնային Ղարաբաղում եւ յարակից շրջաններում պատերազմական գործողութիւնների արդիւնքում ստեղծւած իրավիճակի արտացոլումն է։ Դրա բովանդակութիւնը ոչ թէ Հայաստանի Հանրապետութեան կամքի եւ ցանկութեան, այլ ռազմական ուժով պարտադրւած իրավիճակի արտայայտութիւնն է։

2. Ռազմական գործողութիւնների արդիւնքում ստեղծւած ստատուս-քւոն երբեք չի կարող հիմք ծառայել տարածաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղութեան, ինչպէս նաեւ հարեւան երկրների միջեւ բարիդրացիական յարաբերութիւնների հաստատման համար։ Ինչպէս 1994-ին պատերազմի արդիւնքում ամրագրւած ստատուս-քւոն հիմք չծառայեց յաջորդ քսանհինգ տարիներին խաղաղութեան համար, այնպէս էլ այս պատերազմի արդիւնքում ստեղծւած իրավիճակը չի կարող ամուր խաղաղութեան հիմք լինել գալիք տարիների համար։

3. Հայկական կողմը երբեք յաւակնութիւն չի ունեցել եւ ապագայում էլ չի ունենալու տարածքների նկատմամբ, որոնք իրենը չեն եղել, բայց նախանձախնդիր եւ հետեւողական է լինելու տէր կանգնելու այն ամենին, ինչն արդարացիօրէն պատկանում է իրեն։

4. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հողում ինքնորոշւելու իրաւունքի իրացումը՝ ինչպէս անկախութեան առաջին օրւանից, շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան գլխաւոր խնդիրը։

Այս սկզբունքները հրապարակայնացնելուց յետոյ մեր դիւանագիտութիւնը ակտիւ եւ հետեւողական կուլիսային աշխատանք պէտք է տանի դրանց հիմնաւորման եւ ամրագրման հարցում մեր տարածաշրջանի հիմնական դերակատարների հետ՝ շեշտը դնելով Ռուսաստանի, բայց ոչ նւազ՝ միւս շահագրգիռ կողմերի հետ գործակցութեան վրայ։

 

Ռազմական

Դիւանագիտական այս աշխատանքին միս եւ արիւն տալու համար անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին, որտեղ ներգրաււած կը լինեն անձինք Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից, որոնց առաջ խնդիր դրւած կը լինի ամենակարճ ժամկէտում մշակել եւ կիրառութեան դնել Հայաստանի բանակի վերակենդանացման, վերազինման եւ կատարելագործման ծրագիր՝ լրջագոյնս աշխատելով դրա համար տնտեսական հիմքեր ու ֆինանսական աղբիւրներ ստեղծելու ուղղութեամբ։

Բնական է, որ տարածաշրջանում գետնի վրայ իրավիճակի էական փոփոխութիւն է տեղի ունեցել։ Փոխւել են մեր ներկայ եւ ապագայ մարտահրաւէրները։ Այդ բանակի կառուցւածքը, զինատեսակները եւ ընդհանրապէս բնոյթը պէտք է համահունչ լինեն նոր ստեղծւած իրավիճակին եւ մարտահրաւէրներին։ Այն պէտք է տարբեր լինի դասական կամ կոնւենցիոնալ բանակից, վերածւի շատ աւելի շարժունակ, դիպուկ եւ նպատակամէտ բանակի։

 

Միջազգային իրաւական

Միջազգային իրաւական ասպարեզում նոյնպէս անհրաժեշտ է ստեղծել համազգային մի մարմին՝ կրկին բաղկացած Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի ներկայացուցիչներից: Դրանում պէտք է ներդրւեն լուրջ միջոցներ, ներգրաււեն միջազգային իրաւաբանական հաստատութիւններ՝ հետապնդելու առաջին հերթին գերիների վերադարձի խնդիրը, բարձրացնելու Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում քիմիական զէնքի կիրառման եւ միջազգային քրէական հետապնդում ենթադրող գործողութիւնները, ինչպէս նաեւ Ադրբեջանի հսկողութեան տակ գտնւող տարածքներում հայկական մշակութային արժէքների պահպանման հարցերը։

Եթէ մենք ուզում ենք, որ մեր հակառակորդները, բարեկամներն ու հարեւանները, ինչպէս նաեւ միջազգային հանրութիւնը մեզ լսեն, յարգեն եւ մեզ ընկալեն որպէս տարածաշրջանային դերակատար, անհրաժեշտ է, որ այս երեք ուղղութիւններով չյապաղենք եւ ամենակարճ ժամկէտում սկսենք արդիւնքներ ցոյց տալ։

Աւելին՝ եթէ շարունակւի այս ներքին յամառութիւնը եւ արտաքին անգործութիւնը, ապա, իմ խորին համոզմամբ, ոչ հեռու ապագայում մեզ սպառնում է Արցախի մնացորդ մասի նախիջեւանացում, Սիւնիքի հայաթափում ու նոյնիսկ կորուստ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։