Հա

Քաղաքական

07/03/2021 - 13:20

Համահայկական հիմնադրամին հանգանակւած գումարի 60%-ը տրամադրւել է Կառավարութեանը. հաշւետւութիւնն ուշանում է

Այս յօդւածն ընթերցողներից շատերը, մեծ հաւանականութեամբ, գումար են հանգանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամին արցախեան երկրորդ պատերազմի ընթացքում։ Աւելին, ձեզնից ոմանք նւիրատւութեան մասին վկայող կտրոնը հրապարակել են սոցցանցերում՝ յորդորելով ընկերներին նոյնպէս մասնակցել դրամահաւաքին։

Այս յօդւածն ընթերցողներից շատերը, մեծ հաւանականութեամբ, գումար են հանգանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամին արցախեան երկրորդ պատերազմի ընթացքում։ Աւելին, ձեզնից ոմանք նւիրատւութեան մասին վկայող կտրոնը հրապարակել են սոցցանցերում՝ յորդորելով ընկերներին նոյնպէս մասնակցել դրամահաւաքին։

Հիմնադրամի տնօրէն Հայկակ Արշամեանն իր հարցազրոյցներից մէկում նշել է, որ «Հայաստանի պրակտիկօրէն չափահաս բնակչութիւնը ներգրաււած է եղել այս դրամահաւաքին», իսկ ԱՄՆ-ից մօտ 250 հազար մարդ է նւիրատւութիւն արել։

Ասպիսով, հանրութեան համատեղ ջանքերով Հիմնադրամը հաւաքել է մօտ 170 մլն ԱՄՆ դոլար, որից 60-70 մլն դոլարը՝ Հայաստանից, մնացածը՝ Սփիւռքից։

Նւիրատու «չափահաս» հանրութիւնը մինչ օրս ակնկալում, բայց չի ստանում հիմնադրամի թափանցիկ, համապարփակ եւ բաց հաշւետւութիւնն այն մասին, թէ ինչի վրայ են ծախսւել իրենց նւիրաբերած գումարները։

Պատերազմի ընթացքում իրականացւող «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» կոչւող դրամահաւաքի նպատակն էր թիկունքում վերականգնողական աշխատանքներ եւ ծառայութիւններ իրականացնել։ Տարբեր հանրային ազդեցութիւն ունեցող անձինք եւ պաշտօնեաներ յորդորում էին գումար փոխանցել Համահայկական հիմնադրամին, քանի որ այն միակ վստահելի ճանապարհն է՝ պատերազմից տուժածներին օգնելու։

2020-ի հոկտեմբերին Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է հաւաքւած գումարի մօտ 60 տոկոսը (մօտ 105 մլն դոլար) նւիրաբերել Հայաստանի կառավարութեանը, ինչի մասին նւիրատու հանրութիւնը տեղեկացել է միայն նոյեմբերի 18-ին։ Ի դէպ՝ Կառավարութեանը նւիրաբերած գումարի չափի մասին հիմնադրամի տնօրէնը նախընտրում էր չխօսել։

Հաշւի առնելով հանրութեան տեղեկացւած լինելու պահանջը՝ 2020 թ. դեկտեմբերի 18-ին «Հետք»-ը հարցում ուղարկեց Համահայկական հիմնադրամ՝ խնդրելով տրամադրել 2020 թ.-ի յունւարի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատւածում բոլոր ֆինանսական մուտքերի եւ ելքերի բացւածքը։ Խնդրել էինք նաեւ տրամադրել տեղեկութիւն, թէ հաւաքւած գումարն ինչի վրայ է ծախսւել, թիկունքի յատկապէս ո՞ր կարիքներն են բաւարարւել, եւ ի՞նչ ծրագրեր են իրականացւել։

Մեր հարցմանը մէկ ամսից աւելի պատասխան չստանալուց յետոյ զանգահարեցինք Հիմնադրամի լրատւութեան բաժին։ Մէկ աշխատանքային օր մեզ չէր յաջողւում կապւել բաժնի պատասխանատուներից որեւէ մէկի հետ։ Յաջորդ օրը զանգահարեց մարկետինգի եւ հանրային կապերի հարցերով խորհրդատու Աշոտ Բարսեղեանը, ով նշեց, որ «Հետք»-ից այլ հարցումներ էլ են ստացել, եւ նշւած հարցումը շփոթել են միւսների հետ, ինչի պատճառով էլ թողել են անպատասխան։

Յունւարի 29-ին ստացանք գրութիւն, որում ֆինանսական մուտքերի եւ ելքերի բացւածքը տրամադրելու վերաբերեալ մեր հարցին Հիմնադրամը տւել էր հետեւեալ պատասխանը.

«Հիմք ընդունելով հանրութեան պահանջը եւ վերջիններիս մտորումները Հիմնադրամի բարի համբաւի շուրջ՝ Հիմնադրամը, առաջնորդւելով «Հիմնադրամների մասին» օրէնքով, հրաւիրել է միջազգային հեղինակութիւն վայելող անկախ աուդիտորական ընկերութեանը իրականացնելու աուդիտորական ուսումնասիրութիւն՝ 2020 թւականի ընթացքում Հիմնադրամի կողմից կազմակերպւած դրամահաւաքների արդիւնքում հաւաքագրւած գումարների եւ դրանց օգտագործման նպատակայնութեան եւ արժանահաւատութեան կապակցութեամբ, որի արդիւնքները, հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունւելուց եւ հաստատւելուց յետոյ, կը հրապարակի բաց հաշւետւութիւն»:

Հարցին, թէ կոնկրետ ինչ ծրագրեր են իրականացւել թիկունքում, Հիմնադրամը պատասխանել էր.

«Մենք ենք, մեր սահմանները» դրամահաւաքի ողջ հասոյթը նպատակաուղղւում է միայն ռազմական դրութեան եւ պատերազմի հանգամանքներով պայմանաւորւած ենթակառուցւածքների, ֆինանսական եւ առողջապահական ծախսերի ֆինանսաւորման, արցախցիներին անհրաժեշտ օգնութիւն ցուցաբերելու համար»։

Ստիպւած եղանք եւս մէկ անգամ հեռախօսային զրոյց ունենալ Հիմնադրամի ներկայացուցիչ Աշոտ Բարսեղեանի հետ՝ նշելով, որ նշւած տեքստը ոչ թէ պատասխանում է մեր հարցերին, այլ նման է մամուլի հաղորդագրութեան։ Խնդրեցինք յստակ պատասխանել մեր հարցերին, եւ եթէ չեն տրամադրելու ֆինանսական բացւածքը, պատասխանեն, որ չեն տրամադրում։

Ստացանք երկրորդ պատասխանը, որում ասւում էր. «Հիմնադրամի կողմից կատարւած ծախսերը ենթակայ են հրապարակման միայն միջազգային աուդիտ եւ հոգաբարձուների խորհրդի կողմից վերջնական հաստատում անցնելուց յետոյ»։ Թէ երբ կիրականացւի աուդիտ եւ կը հրապարակւի հաշւետւութիւնը, պատասխանում չէր նշւում։

Համահայկական հիմնադրամի վերջին` 2018 թ.-ի հաշւետւութիւնը հրապարակային ծանուցումների պաշտօնական ինտերնետային կայքում (azdarar.am) հրապարակւել է 2019 թ.-ին։ Ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրէնքի 39-րդ յօդւածի՝ իւրաքանչիւր հաշւետու տարւան յաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամները պարտաւոր են հրապարակել նւիրատւութիւնների եւ ծախսերի վերաբերեալ հաշւետւութիւն։ Սա ենթադրում է, որ մինչեւ այս ամսւայ վերջ Հիմնադրամը նւիրատւութիւնների եւ ծախսերի վերաբերեալ մանրամասն հաշւետւութիւն պէտք է հրապարակի։ Սահմանւած ժամկէտում հաշւետւութիւնը չհրապարակելու կամ թերի հրապարակելու դէպքում արդարադատութեան նախարարութիւնը կիրառում է Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքով նախատեսւած պատասխանատւութեան միջոցներ, ընդհուպ հիմնադրամը լուծարելու պահանջով դատարան դիմելը:

Հայաստանի կառավարութիւնը Հիմնադրամի շահառուն չէ

Հայաստանի Հանրապետութիւնը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնադիրը, իսկ կանոնադրութեան համաձայն՝ Հիմնադրամի սեփականութիւնը չի կարող օգտագործւել ի շահ իր հիմնադրի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետութեան։

«Հետք»-ը հարցրել է Հիմնադրամին, թէ ինչո՞ւ են խախտել կանոնադրութիւնը՝ հաւաքւած գումարի մեծ մասը փոխանցելով պետբիւջէ։ Հիմնադրամը, յղում անելով կանոնադրութեան 27-րդ կէտին, նշել է, որ խախտում չի եղել։ Ըստ այդ կէտի՝ հիմնադիրը (Հայաստանի Հանրապետութիւնը) կարող է օգտագործել Հիմնադրամի սեփականութիւնը, եթէ հանդիսանում է կանոնադրութեամբ նախատեսւած շահառու։

Ըստ կանոնադրութեան (7-րդ կէտ)՝ Հիմնադրամի շահառու են Հայաստանի, Արցախի եւ սփիւռքաշատ այլ երկրների բնակչութիւնը։ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը Հայաստանի բնակչութիւնը չէ, հետեւապէս Հիմնադրամի շահառուն չէ։ Այդ տրամաբանութեամբ Հիմնադրամի հաւաքած միջոցները կարող էին ուղղւել սփիւռքաշատ այլ երկրներից մէկի, ասենք` ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի կառավարութիւններին։

Թէ ինչ իրաւական հիմքով է Հայաստանի կառավարութիւնը վերածւել շահառուի,  անհասկանալի է։ Գումարը պետական գանձապետարան փոխանցելուց յետոյ Հիմնադրամն այլեւս որեւէ լծակ չունի վերահսկելու, թէ երբ եւ ինչ նպատակներով է այն ծախսւում։

2020 թ. նոյեմբերի 19-ին «Հետք»-ի հետ զրոյցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրէն Հայկակ Արշամեանը նշել էր, որ պետբիւջէ փոխանցւած գումարից չի վճարւել աշխատավարձ կամ պարգեւավճար, այլ «կատարւել է փախստականների հետ կապւած ամբողջ գործընթացը», իրականացւել են «առողջապահական ծախսեր»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը, որ զբաղւում է արցախցիների կացարանների ապահովմամբ եւ հումանիտար այլ աջակցութեամբ, 2020 թ. դեկտեմբերի 28-ի դրութեամբ «Հետք»-ին յայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից որեւէ ֆինանսական աջակցութիւն չի ստացել։

2020 թ. դեկտեմբերի կէսերին Արցախի առողջապահութեան նախարար Արարատ Օհանջանեանը «Հետք»-ին յայտնել էր, որ Արցախի շատ հիւանդանոցներ ունեն վերանորոգման կարիք. շէնք-շինութիւնները լրջօրէն վնասւել են, բոլոր հիւանդանոցների պատուհանները կոտրւած են, բայց «Հայաստան» համահայկական հիմնադրամից որեւէ աջակցութիւն չեն ստացել։

Այս հարցով դիմել էինք Հիմնադրամ՝ ճշտելու, թէ արդեօք hանգանակութիւններից նախատեսւում է օգնութիւն տրամադրել Արցախի առողջապահական համակարգը վերականգնելու համար։ Այս հարցը մնացել էր անպատասխան։

2021-ի յունւարի 29-ին Հայկակ Արշամեանը «Հետք»-ին յայտնել է, որ ակտիւ համագործակցում են Արցախի Հանրապետութեան կառավարութեան հետ՝ վերակառուցման աշխատանքներ իրականացնելու ուղղութեամբ:

«Մեկնարկել է լայնածաւալ շինարարական աշխատանքների, ինչպէս նաեւ՝ շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ շինանիւթերի ձեռքբերմանն ուղղւած ծրագիր, որի նպատակն է արցախա-ադրբեջանական ռազմական գործողութիւնների արդիւնքում տուժած բնակելի տների, բազմաբնակարան շէնքերի վերակառուցման եւ մի շարք այլ օբիեկտներին հասցւած վնասների հրատապ վերացումը: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերոնշեալ ծրագրի ֆինանսաւորումն իրականացւում է Հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահաւաքի միջոցներով»,- ասել էր Արշամեանը:

Իսկ 2021 թ. փետրւարի 17-ի դրութեամբ պարզ դարձաւ, որ Հիմնադրամը դեռ գումար չի յատկացրել Արցախում բնակարանաշինութեան կամ այլ քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու համար։ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարեանը «Հետք»-ին յայտնեց, որ Հիմնադրամում «ինչ-ինչ խնդիրներ կան», ինչի պատճառով ֆինանսական յատկացումներն ուշանում են։

Հիմնադրամն անպատասխան թողեց նաեւ մեր՝ նւիրատուների ամբողջական ցանկի, գնումների ընթացակարգերի, ընկերութիւնների անւանումների մասին հարցերը։

Ինչեւէ, Հիմնադրամի կայքում առկայ տեղեկութեան համաձայն՝ հանգանակւած գումարից 10 մլրդ դրամ յատկացւել է միանւագ 68 հազար դրամ եւ աւել դրամական աջակցութիւն տրամադրելու համար, (ինչը կազմում է մօտ 20 մլն ԱՄՆ դոլար), եւս 10 մլրդ ՀՀ դրամ՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնւած բնակավայրերի բնակիչներին միանւագ 300 000 ՀՀ դրամ աջակցութեան համար։

1,1 մլն դոլար հիմնադրամը յատկացրել է «Զինծառայողների  ապահովագրութեան հիմնադրամին»։

Հիմնադրամից մեզ յայտնել են, որ գնել են նաեւ դիզելային գեներատորներ, շտապ օգնութեան մեքենաներ, բժշկական սարքաւորումներ ու առաջին օգնութեան պարագաներ, կենցաղային առաջին անհրաժեշտութեան իրեր, փայտի վառարաններ, հոսանքի տաքացուցիչներ, շարժական գազօջախներ, շարժական լիցքաւորման կայաններ, մահճակալներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ։

«Այժմ էլ Հիմնադրամը մշակում է ճգնաժամի յաղթահարման կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ ծրագրեր»,- նշւած է Հիմնադրամի պատասխանում։

Կարճաժամկէտ, առաւել եւս երկարաժամկէտ ծրագրեր իրականացնելու համար Հիմնադրամը նոր ֆինանսների կարիք կունենայ, իսկ հաշւետու եւ թափանցիկ մեխանիզմների առկայութիւնը հանրութեան վստահութեան եւ նւիրատւութիւնների շարունակականութեան գրաւականն է։

 

Ուղղում. տեքստում կատարւել է փոփոխութիւն՝ «կառավարութեանն ուղղւած գումար» արտայայտութիւնը փոխարինւել է «պետբիւջէ փոխանցւած գումար» արտայայտութեամբ։

 

Hetq.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։