Հա

Քաղաքական

08/03/2021 - 12:40

«Այն, որ ՀՀ-ում կան դաւաճաններ եւ գործակալներ, շատ հաւանական է, բայց այդ գաղափարն ամէն րոպէ շահարկելու դէպքում կը յայտնւենք քաղաքական ծուղակում. պէտք է ընտրել պայքարի «Ես»-ի ձեւաչափը». Վ. Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը ներկայացնում է Վահէ Յովհաննիսեանի յօդւածը.

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը ներկայացնում է Վահէ Յովհաննիսեանի յօդւածը.

«Մեր քաղաքում նոյն օրը, նոյն ժամին տեղի է ունեցել երկու խոշոր հանրահաւաք։ Մի պատգամաւոր շատ դիպուկ է նկատել, որ այսօր Հայաստանում կայ երկու ընդդիմութիւն, եւ չկայ իշխանութիւն։ Ճիշտ հասկանալու համար մեր այսօրւայ պոտենցիալը եւ պետական ռիսկայնութիւնը՝ կարիք կայ առանձին-առանձին քննարկելու հարթակների եւ հրապարակների բովանդակութիւնը։

 

Մաս 1. Կառավարութեան հրապարակը

Հաւաքւածների թիւն էական չէ։ Պատկերը լաւատեսութեան տեղ չի թողնում. աւտոբուսներով մարզերից ներկրւած մեր հայրենակիցներ՝ արեւածաղկի տոպրակներով, քաղաք եկածի խանդավառութեամբ, իր եւ ընդհանուր իրավիճակի ակնյայտ անադեկւատ ընկալմամբ։ Նրանցից ոմանք տեսախցիկների առաջ տեքստեր էին ասում, աւելի շատերը՝ խորիմաստ չրթում ու աջակցում իրենց այստեղ բերածին։ Նրանց աշխարհընկալման մէջ պատերազմ չի եղել, սամռկեցուցիչ քանակի զոհեր ու վիրաւորներ չեն եղել, թուրքը չի մտել մեր գիւղերն ու քաղաքները, թուրքը չի պատրաստւում մտնել Սիւնիք ու Վայոց Ձոր։

Եթէ շատ անյարմար հարցեր տաս, կը սկսեն պաշտպանել իրենց այս հրապարակ բերողին՝ աւելի սահմռկեցուցիչ ձեւակերպումներով՝«լաւ ա սենց, քան թէ...»։ 

Պէտք է պայմանաւորւել մի բան՝ այս հրապարակին չի կարելի վիրաւորել, անւանարկել, նրանք մեր քաղաքացիներն են, ունեն հաւասար ձայնի իրաւունք, բայց այս հրապարակից պէտք է սարսափել՝ հէնց նոյն պատճառով։ Սա Չպետութեան քաղաքացիներն են։

Զուտ մեխանիզմի առումով պէտք է արձանագրենք փաստը՝ պետական մեքենան կարողանում է բերել-լցնել հրապարակ։ Նա ունի այդ ռեսուրսը։ 2018-ին, երբ երկիրը «մերժում էր Սերժին», ես յօդւած հրապարակեցի՝ «Չի լինում մէկ մեղաւոր», ու փորձում էի ապացուցել, որ 10 հազար վերցնող ու քւէարկող զանգւածը, եթէ մի օր փողոց է փակում, չի դառնում հպարտ կամ կրթւած։ Ամենեւին։ 2021-ի մարտի 1-ին դրանում, կարծում եմ, համոզւեցինք։ Եթէ վաղը լինեն ուրիշ մարզպետներ, ուրիշ քաղաքական ուժ, հրապարակ ուրիշ հրաւիրող, ապա նոյն թիւը եւ որակը հանգիստ կապահովւի, այդ թւում՝ նոյն մարդկանցով։ Սա խնդիր է։

Ի դէպ, նոյնը վերաբերում է հրապարակի միւս որակներին, օրինակ՝ առաջին շարքերում կանգնած «գաղափարական 10 տոկոսին»։ Ցանկացած իշխանութիւն ունի այդ թիւը՝ նւիրւածներ, անձնական շահերով փոխկապակցւածներ, անձնական այլ մոտիւացիաներով կապեր եւ այլն։

Քանի որ Հայաստանում ընտանեկան, կլանային, ցեղային կապերի համակարգն առանցքային է, ապա ցանկացած իշխանութիւն դա կարող է աշխատեցնել։

Եթէ հարցնես հրապարակին՝ ինչո՞ւ էք հաւաքւել, 80 տոկոսը կապակցւած պատասխան չի կարող տալ։ Եւ նոյնը եղել է բոլոր ընտրութիւնների ժամանակ, երբ ուղղորդւող քւէարկողները չեն կարողանում բացատրել իրենց ընտրութիւնը։

Հեռանկարի առումով, իհարկէ, ողբերգութիւն է, որ հրապարակ տարհանւածների մէջ կային շատ ուսուցիչներ։ Բայց պետական մեքենան անողոք է՝ դպրոց, պոլիկլինիկա, նախարարութիւններ, մարզպետարաններ եւ այլն։ Պետական մեքենան 30 տարիների ընթացքում երբեք չի ձգտել այդ համակարգերում մարդ տեսնել, մարդ զարգացնել, մարդ խրախուսել։

 

Մաս 2. Հրապարակի հարթակ

Հարթակը պէտք է բաժանել երեք մասի. ա/ Փաշինեան, բ/ անյոյս-վերջացած դէմքեր, գ/ մարդիկ, ովքեր հարցեր են առաջացնում։

Փաշինեանի կորուստներն արդէն ոչ թէ քաղաքական դաշտում են, այլ՝ զուտ մարդկային։ Ողջ գիտակից քաղաքական ճանապարհը մարտի 1-ով սկսած եւ դրա վրայ կառուցած մարդը մարտի 1-ին բերովի, «սեմուշկով հանրահաւաք» է անում։ Որպէս մարդ նա արդէն իսկ վերջանում է։ Ինքը չի յարգում ո´չ մարտի 1-ի ողբերգութիւնը, ո´չ մարտի 1-ի զոհերին, ոչ էլ ինքն իրեն։

Փաշինեանն ունէր մէկ մոտիւացիա՝ վախը, եւ վախից հաւաքել էր հազարաւոր մարդկանց։ Այդ միջավայրում նա իրեն անվտանգ է զգում։ Փաշինեանն իր գլխի մէջ այլեւս ունի մէկ խնդիր՝ անձնական անվտանգութիւնը։ Եւ այդ խնդրին հասնելու համար նա պատրաստ է ամէն գնով պահել իշխանութիւնը՝ պետութիւնը քանդելու գնով, Սիւնիքը կորցնելու, դիպուկահարներով շրջելու, սեփական ընտանիքի անդամների կեանքը թունաւորելու, քաղաքացիական բախումներ հրահրելու եւ այլ ցանկացած գնով։

Հէնց այդ պատճառով ես պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետութեան անունից նրան պէտք է տրւեն անձնական անվտանգութեան երաշխիքներ՝ բանակի, նախագահի, նախկին նախագահների, միասնական ընդդիմութեան, եկեղեցու, բակի տղերքի եւ այլն, համատեղ արձանագրւած երաշխիքներ՝ արագ եւ խաղաղ հեռանալու դէպքում։

Սա շատ կարեւոր է պետութեան համար եւ ընդհանուր լարւածութեան լիցքաթափման առումով։ Սա շատ կարեւոր է ԱԺ մեծամասնութեան եւ նրա թիմակիցների համար։ Այս մարդիկ նոյնպէս ապրում են իռացիոնալ վախերի մէջ։ Չի կարելի 24 ժամ նրանց դաւաճան ու գործակալ կոչել, սպառնալ դատերով ու յետոյ զարմանալ, թէ ինչու չեն լքում խմբակցութիւնը։

Այն, որ Հայաստանում կան դաւաճաններ եւ թուրքական գործակալներ, շատ հաւանական է, բայց այդ գաղափարը ամէն րոպէ շահարկելու դէպքում մենք բոլորս կը յայտնւենք քաղաքական ծուղակում։

Ինչ վերաբերում է Փաշինեանի ելոյթին, ապա եթէ յաջորդ օրը հարցնես, թէ ինչ ասաց, ոչ ոք չի կարող պատասխանել։ Ընդհանրապէս, նրա ելոյթներին այլեւս միայն այդպէս պէտք է վերաբերւել՝ երբ ինչ ուզի կասի, յաջորդ օրը չի յիշի, կասի լրիւ հակառակը։ Այդ մարդը լրիւ ուրիշ ապրումների մէջ է, որոնք ոչ մի կապ չունեն պետութեան եւ պետական կառավարման խնդիրների հետ։

Հրապարակի հարթակի միւս շերտն անյոյս-վերջացած դէմքերն են։ Նրանք կամ ի ծնէ ի վիճակի չեն ինքնուրոյն մտածել եւ ինքնուրոյն ապրել եւ փարաւոնի ստրուկի նման Փաշինեանի հետ վերջանալու են, կամ այս իշխանութեան հետ կապւած են կոռուպցիոն եւ այլ տիպի յանցագործութիւններով ու լուծում են շատ կոնկրետ խնդիրներ՝ թալանել եւ չբռնւել։

Հրապարակի հարթակի երրորդ շերտը, ըստ իս, ամենակարեւորն է ու ֆունկցիոնալ իմաստով միակ հետաքրքրութիւն ներկայացնողը։ Իմ կողմից կարեւորւած հանդուրժողականութիւնը հիմնականում վերաբերում է հէնց նրանց։ Բայց մենք այդ հանդուրժողականութիւնը պէտք է միասին կառուցենք։ Դա միակողմանի չի կառուցւի։ Եթէ նրանք լուռ ու մունջ կանգնելու են Նիկոլի հարթակում, այսքանից յետոյ լուռ ու մունջ լսելու են նրա վտանգաւոր անհեթեթութիւնները, ժամանակ առ ժամանակ ծափ են տալու ու չեն հարցնելու՝ «բայց յեղափոխութիւն անում էինք «հպարտ քաղաքացիներ» կարգախօսով, հիմա ինչո՞ւ ենք պետական մեքենայով, օլիգարխներով ու կրիմինալով միտինգ հաւաքում», դժւար է լինելու իրար հասկանալը։ Եթէ նրանք այսքանից յետոյ չեն ասելու՝ հերիք է ներքին թշնամանք ու ներքին պառակտում հրահրել, ապա ինչպէ՞ս են պատկերացնում, որ միւս հարթակներում յաղթեն այն մարդիկ, ովքեր հանդուրժողականութեան կողմնակիցն են։ Պարզ է, չէ՞, որ այնտեղ էլ կշիռ կը ստանան արմատական-ագրեսիւ տրամադրութիւնները։

Եթէ նրանք շարունակելու են կանգնել այն Փաշինեանի յետեւում, որը լուծում է միայն ու միայն մէկ՝ սեփական ֆիզիկական անվտանգութեան հարցը, շարունակում են լինել նրա պերսոնալ նաժիշտները, ապա երկրում հանդուրժողականութիւն շատ դժւար է լինելու ունենալ։

Երկրում պէտք է լինի հանդուրժողականութիւն եւ պէտք է բացառել սպեկուլեատիւ ագրեսիան, բայց դա հնարաւոր է անել միայն փոխադարձ քայլերով, միմեանց կողմից ընկալւած լինելու հրապարակային ժեստերով։ Ես վստահ եմ, որ «Իմ քայլում» ու նաեւ հարթակում կան մարդիկ, որ ո´չ դաւաճան են, ո´չ «հայրենադաւ»։ Բայց նրանք իրենց պահում են որպէս ռումբ՝ մեր պետութեան տակ։

Երբ պատերազմի օրերին ԱԺ նախագահն ասում է «Չշշկռւէ´ք, սա է մեր գերագոյն գլխաւոր հրամատարը» եւ իրեն պահում է քաղաքական անչափահասի պէս, ապա այսօր ճիշտ կը լինի, որ նա ասի՝ «ե´ս եմ շշկռւել, ու այս գերագոյն գլխաւոր հրամանատարի սխալ որոշումների արդիւնքում մենք ծանր կորուստներ ենք ունեցել, կը ներէ´ք»։ Այդ դէպքում ինքը կը տեսնի ոչ թւ «Օմեգայի» մեղադրանք, այլ՝ գիտակցում, որ բոլորն էլ կարող են սխալւել, ու հիմա միասնական լուծումներ են պէտք։

Բայց դա չի արւում։ Դրա փոխարէն լուռ ու մունջ կանգնում են Նիկոլի հարթակում ու լսում նրա զառանցանքը։

Այն, ինչ կատարւեց Ա. Միրզոեանի հետ, երբեք չպէտք է կրկնւի, ոչ մէկի հանդէպ։ Բայց նման այլանդակ զարգացումներից զերծ մնալը չի արւում ԱԺ-ում դիպուկահարներ շարելով, դա այլ կերպ է արւում՝ մթնոլորտի փոփոխութեամբ։ Ես առաջարկում եմ անել այդ ուրիշ քայլերը։ Դիպուկահարներին ժողովրդի դէմ ցուցադրաբար հանողն ասում է միայն մի բան. թէ գան ինձ «մորթելու», ես մինչեւ վերջ պաշտպանւելու եմ, յետոյ ինչ կը լինի՝ կը լինի։ Բայց մեր ուզածն էլ հէնց դա է, որ ոչ ոք ոչ մէկին չմորթի, դրան տանում է ձեր այդ մի հոգին, որի թիկունքին լուռ կանգնած՝ դուք միտինգ ենք անում։ Փոխարէնը պէտք էր մթնոլորտը փոխել։

Ի՞նչ սպասել հրապարակի հարթակից։ Մեծ հաշւով՝ ոչինչ։ Դա Չպետութեան հարթակն է։ Այսօր պետութիւն պահելու համար այդ հարթակը պէտք է հեռացւի կառավարութեան շէնքի միջից, կողքից, դրսից։

Ի՞նչ սպասել հրապարակից։ Մեծ հաշւով՝ ոչինչ։ Դա Չպետութեան հասարակութիւնն է։ Այդ մարդկանց պէտք չէ վիրաւորել, նրանց կրթել է պէտք։ Բայց մի հետեւութիւն յստակ պէտք է արւի. յաջորդ իշխանութիւնները չպէտք է չարաշահեն այդ զանգւածների քաղաքացիական անօգնականութիւնը։ Ուղղակի դա պէտք է արգելւի։ Պետութիւն զարգացնելու համար այդ մարդկանց պէտք է տալ աշխատելու եւ ապրելու հնարաւորութիւններ ու կրթել։ Համբերատար ու երկար կրթել։

 

Մաս 3. Բաղրամեանի հանրութիւնը

Քաղաքում, ով գիտակցում է իրականութիւնը եւ պատրաստ է դուրս գալ փողոց, այնտեղ է։ Ում ճանաչում ես դպրոցից, բուհից, աշխատանքային կենսագրութիւնից, ում հետ ունես ընդհանուր թեմաներ, եւ ովքեր ունեն որոշակի կրթական ցենզ, այնտեղ են։

Մի 30 տոկոս բերւում են տարբեր անձանց ազդեցութեան շրջանակներից։

Ու պէտք է ընդունել փաստը՝ այս բովանդակութեան եւ այս մենեջմենթի պարագայում Բաղրամեան եկողների թիւը չի մեծանալու։ Բովանդակութիւնը պէտք է փոխւի, որպէսզի տոտալ Նիկոլ մերժող, բայց տանը մնացող հասարակութիւնը դուրս գայ փողոց, իսկ մենեջմենթը պէտք է փոխւի, որպէսզի ողջ Հայաստանը ոտքի կանգնի։

Չի կարող լինել Հայրենիքի փրկութեան շարժում՝ Երեւանի փոքր կենտրոնի մի քանի խաչմերուկներում։

Բաղրամեանի թիւն առանց այս երկու փոփոխութիւնների չի մեծանալու։ Բայց եւ չի նւազելու։ Սա մոտիւացւած հասարակութիւն է, որը դուրս է գալիս փողոց ոչ թէ հարթակի, այլ՝ իր համար։ Բաղրամեանի հանրութիւնը՝ Պետութեան հասարակութիւնն է, որը, ի դէպ, կարող է նաեւ պարտւել, բայց դա լինելու է պետութեան պարտութիւնը։

 

Բաղրամեանի հարթակը

Այս հարթակը նոյեմբերից սկսած կատարել է մեծ գործ՝ փողոցին տւել է կառավարելի տեսք՝ պրոցեսները պահելով օրինականութեան սահմաններում, ու ձեւակերպել է համընդհանուր յստակ պահանջ՝ «Հայաստանն առանց Նիկոլի», կատարելով զգալի կոնսոլիդացնող դեր։

Հետագայ ամիսներին հարթակը չզարգացաւ. իրավիճակը փոխւեց, իսկ հարթակն այդ նոյն աճը չապրեց։

Բաղրամեանի հարթակն ունի դժւար թաքցւող մի յատկանիշ. այն չի սիրում առաջարկներ լսել, շատ կարծրացած է ու ինքն իր սահմանած քւոտաների գերին է։

Շաբաթների ընթացքում հարթակի մօտ նկատւում է աստեղային հիւանդութիւն։ Այդ աստեղային հիւանդութեան պատճառը ինչ-որ իմաստով մենք ենք՝ մենք, որ մեր ընտանիքներով, մեր ընկերներով գնում ենք հանրահաւաք, եւ հարթակին մի պահ սկսել է թւալ, թէ մենք գնում ենք իրենց լսելու։

Ունի՞ արդեօք Բաղրամեանը յաջողութեան հնարաւորութիւն։ Միանշանակ՝ այո, եթէ իրօք դառնայ հայրենիքի փրկութեան շարժում։ Դա ենթադրում է օրերի ընթացքում, աչքիդ առաջ այս ձեւաչափից անցում քաղաքական մեծ հոսանքի, Երեւանի կենտրոնից՝ համահայաստանեան, համահայկական շարժման տրանսֆորմացիա, որի համար ռեսուրսներ են պէտք։

Ունի, արդեօ՞ք, Բաղրամեան փողոցը պարտւելու հնարաւորութիւն։ Գրեթէ՝ ոչ։ Դժւար է յաղթել մոտիւացւած ինտելեկտուալ հանրութեանը։ Դա կը լինի պետութեան պարտութիւնը։

 

Փակուղային ճշմարտութիւն

Փաշինեանը Բաղրամեանը կոչում է «Էլիտաների բունտ», իսկ Բաղրամեանը նրան՝ «Ժեխապետ»։ Մեծ հաշւով՝ երկուսն էլ ճիշտ են։ Բայց սա փակուղի է, քանդւում է պետութիւնը։ Բոլոր նրանք, ովքեր հասկանում են այս վիճակի անթոյլատրելիութիւնը եւ ռիսկայնութիւնը, պէտք է թէ´ իրենց քայլն անեն, թէ´ հնչեցնեն իրենց ձայնը։ Երկու կողմերից էլ պէտք է անեն դա՝ միմեանց ընդառաջ գալով, եւ ոչ՝ իրար հակադարձելու եւ հերքելու նպատակով։ Շատ կարեւոր է, որ իշխող ուժի անդամները քայլ անեն ու դուրս գան Փաշինեանի նաժիշտի կամ թիկնապահի հոգեբանութիւնից։

Միւս կողմից՝ շատ կարեւոր է, որ մարդիկ, ովքեր այսօր հանրային տրամադրութիւններ են ձեւաւորում ու ունեն հանրութեան մէջ որոշակի հեղինակութիւն, չդառնան որեւէ ձեւաչափի գերին՝ լինի դա 17, 10, 6 թէ որեւէ այլ։ Պէտք է աւելի կարեւորել սեփական ձայնը, ու ընտրել պայքարի «Ես»-ի ձեւաչափը։ Հէնց դա արեցինք՝ նոր էֆեկտիւ հարթակը կը ձեւաւորւի։ Մեզ լուծումներ են պէտք, եւ դրանք չեն կարող կախւած լինել մէկ կամ մի քանի հոգու ապրումներից»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։