Հա

Քաղաքական

10/03/2021 - 09:40

«ԳՇ-ում երկիշխանութիւն ստեղծելու փորձ է». Վրթանէսեանը` Արտակ Դաւթեանի նշանակման մասին

Ռազմական փորձագէտ, «Ռազմինֆօ» կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը Sputnik Արմենիայի եթերում խօսել է Արտակ Դաւթեանին ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի յատուկ յանձնարարութիւնների գծով աւագ սպայ նշանակելու մասին։

«alikonline.ir» - Ռազմական փորձագէտ, «Ռազմինֆօ» կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը Sputnik Արմենիայի եթերում խօսել է Արտակ Դաւթեանին ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի յատուկ յանձնարարութիւնների գծով աւագ սպայ նշանակելու մասին։

Կարէն Վրթանէսեանի դիտարկմամբ` սա ամբողջովին նոր պաշտօն է, գուցէ ստեղծւել է վերջին օրերին, հանրութիւնից գաղտնի։ Ըստ նրա` երբեք նման պաշտօնի յիշատակում չի եղել, փոխարէնը Պաշտպանութեան նախարարութիւնում կայ պաշտօն, որը կոչւում է յատուկ յանձնարարութիւններով գեներալ։ 

«Ինչ վերաբերում է Արտակ Դաւթեանի նշանակմանը, ապա փորձեցի Գլխաւոր շտաբում գտնել նման պաշտօն, սակայն չգտայ, նման բան ուղղակի չկայ, սա ըստ էութեան նորաստեղծ պաշտօն է։ Երկրորդ հարցն այն է, թէ ինչո՞ւ է այդ պաշտօնի հրամանագիրը ստորագրել Վաղարշակ Յարութիւնեանը, որովհետեւ ԳՇ-ում նման բարձրաստիճան սպայի նշանակման վերաբերեալ պաշտպանութեան նախարարը հրաման տալու իրաւասութիւն չունի։ Իրաւաբաններն աւելի ստոյգ կասեն, բայց ինձ համար սա ինչ-որ անհասկանալի իրավիճակ է»,- նշեց ռազմական փորձագէտը։

Վրթանեսեանի կարծիքով` սա Նիկոլ Փաշինեանի կողմից փորձ է ԳՇ-ում ստեղծել երկիշխանութիւն, ինչը վկայում է այն մասին, որ արդէն Փաշինեանն էլ գիտի, որ ԳՇ պետին պաշտօնից ազատելու մասին իր հրամանն իրաւական ուժ չունի, եւ դրա համար էլ սկսել են դիմել նման քայլերի։

«Ժամանակին որեւէ լուրջ պետական հերքում կամ պատճառաբանութիւն չտեսայ, թէ ինչու պաշտօնանկ արեցին Արտակ Դաւթեանին եւ չեմ բացառում, նոյնիսկ շատ հաւանական եմ համարում, որ հէնց նրա տղայի հարսանիքի պատմութիւնն էր պատճառ դարձել Նիկոլ Փաշինեանի հերթական իմպուլսիւ որոշման համար»,- նշեց ռազմական փորձագէտը։ 

Ինչ վերաբերում է կոնկրետ Արտակ Դաւթեանին, ապա Վրթանէսեանն ընդգծեց, որ որպէս զինւորական նրա մասին վատ բան չի լսել։ Նա երկար տարիներ եղել է օպերատիւ վարչութեան ղեկավարը, իսկ դա ԳՇ-ում օպերացիաների մշակման միջուկն է, այդ կառոյցի սիրտը։ Հետեւաբար Վրթանէսեանը մասնագիտական առումով այստեղ խնդիր չի տեսնում, ուղղակի հարցն այն է, որ իշխանութիւնն, ըստ նրա, հասկանալով, որ կորցնում է վերահսկողութիւնը տարբեր կառոյցների նկատմամբ, փորձում է տարբեր գեներալներին հանել իրար դէմ, կատարում է անօրինական քայլեր։ Փորձագէտի համոզմամբ` իշխանութիւնը մանիպուլիացիաների դիմելով որեւէ բանի չի հասնի, որովհետեւ ԶՈՒ ԳՇ բոլոր գեներալներն իրենց դիրքորոշումը յստակ ներկայացրել են, հետեւաբար նրանց պառակտելու յոյսերը սին են։   

Տեղեկացնենք, որ երէկ ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի նախկին պետ, գեներալ-լէյտենանտ Արտակ Դաւթեանը պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանի հրամանով նշանակւել է ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի յատուկ յանձնարարութիւնների գծով աւագ սպա:

Արտակ Դաւթեանը ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ է եղել 2018 թւականի մայիսի 24-ից մինչեւ 2020 թւականի յունիսի 8-ը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։