Հա

Քաղաքական

14/03/2021 - 10:30

«Հայ Առաքելական Եկեղեցին կանգնած է Արցախի թեմը կորցնելու շեմին»․ Regnum

Ռուսական Regnum լրատւական գործակալութիւնը հրապարակել է յօդւած, որում հեղինակը՝ Վատիկանի եւ Հռոմէական կաթոլիկ եկեղեցու, ինչպէս նաեւ Միջին Արեւելքի եւ Անդրկովկասի եկեղեցիների հարցերով փորձագէտ Ստանիսլաւ Ստրեմիդլովսկին, անդրադարձ է կատարել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հնարաւոր ապագային:

«alikonline.ir» - Ռուսական Regnum լրատւական գործակալութիւնը հրապարակել է յօդւած, որում հեղինակը՝ Վատիկանի եւ Հռոմէական կաթոլիկ եկեղեցու, ինչպէս նաեւ Միջին Արեւելքի եւ Անդրկովկասի եկեղեցիների հարցերով փորձագէտ Ստանիսլաւ Ստրեմիդլովսկին, անդրադարձ է կատարել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հնարաւոր ապագային:

Tert.am-ը ներկայացնում է հեղինակի յօդւածը․

«Վատիկանի նկատմամբ Բաքւի ուշադրութեան մէջ ինչ-որ զարմանալի բան կայ: Ադրբեջանը ֆորմալ առումով մուսուլմանական երկիր է: Այնուամենայնիւ, երկրի իշխանութիւնները նկատելի օգնութիւն չեն ցուցաբերում շիիզմի առաջատար կենտրոններ Իրաքին եւ Իրանին: Աւելի շատ յայտնի է Ադրբեջանի դերը քրիստոնէական սրբավայրերի վերականգնման գործում, որում նա ակտիւօրէն համագործակցում է Վատիկանի հետ:

Այսպիսով, օրերս Վատիկան են այցելել «Հէյդար Ալիեւ» հիմնադրամի պատւիրակութիւնն ու Ադրբեջանի կրօնական համայնքների ներկայացուցիչները: Ինչպէս յայտնում են Բաքւի հրատարակութիւնները, այցի ընթացքում «Հէյդար Ալիեւ» հիմնադրամի եւ Սուրբ Աթոռի հնագիտական խորհրդի միջեւ համագործակցութեան նոր համաձայնագիր է կնքւել` Սուրբ Կոմմոդոսի կատակոմբները վերականգնելու աշխատանքների շուրջ: Մշակոյթի հարցերով պապական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկօ Ռաւազին նամակ է ստացել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայից: Հռոմէական կատակոմբների վերականգնման հարցի շուրջ համագործակցութեան քննարկումներից բացի, Ադրբեջանի պատւիրակութիւնը «կոչ է արել Վատիկանի մասնագէտներին իրենց անմիջական մասնակցութեամբ, ինչպէս նաեւ կարծիքներով եւ առաջարկութիւններով նպաստել պատմական եւ մշակութային ժառանգութեան վերականգնմանը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողութեանն անցած տարածքում: Հարցը միայն այն չէ, որ Բաքուն հնարաւորութիւն կունենայ գումար վաստակել դէպի քրիստոնէական վայրեր կազմակերպւելիք զբօսաշրջութիւնից։ Այսպիսով հարւածի տակ է ընկնում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը։

Յիշեցնենք, որ Ադրբեջանը հաւակնում է Կովկասեան Ալբանիայի ժառանգութեանը, ինչով էլ հիմնաւորում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առկայ եկեղեցիների գոյութիւնն ու իր պետականութիւնը: Այս հարցի շուրջ բազմիցս զրոյցներ են կայացել Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի հետ, որը 1988-ից 2020 թւականներին եղել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը: «Մենք Արցախի պետականութիւնը հաշւում ենք 5-րդ դարի առաջին կէսից՝ հայկական թագաւորութեան անկումից յետոյ, երբ Արեւելեան Հայաստանում՝ Արցախում, Ուտիքում, Փայտակարանում եւ Կուր գետի ձախ ափին հայկական թագաւորութիւն է ստեղծւել՝ իր թագաւորով եւ կաթողիկոսով»,- ասել է Պարգեւ արքեպիսկոպոսը,- «Այն, ինչը ժամանակին անւանւում էր Կովկասի ալբանական թագաւորութիւն եւ Ալբանական կաթողիկոսությիւն»: Գիւլիստանի խաղաղութեան պայմանագրից յետոյ Ալբանական կամ Աղւանական կաթողիկոսութիւնը, որի կաթողիկոսական նստավայրը գտնւում էր Գանձասարում (պատմականօրէն հայաբնակ Լեռնային Ղարաբաղում), դադարել է գոյութիւն ունենալ եւ վերափոխւել է Հայ Առաքելական Եկեղեցու մետրոպոլիայի, ապա բաժանւել երկու՝ Ղարաբաղի ու Շամախիի թեմերի: Ներկայիս իրաւայաջորդը Արցախի թեմն է: Քանի դեռ գոյութիւն ունէր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, թէկուզեւ չճանաչւած, այն աջակցել եւ սնուցել է Արցախի թեմը: Եւ սա կապում էր Բաքւի ձեռքերը: Սակայն Ղարաբաղեան յաղթական պատերազմից յետոյ Բաքւի առջեւ նոր հեռանկարներ են բացւել:

«Այս համատեքստում առանձնայատուկ տեսակիւնից կարելի է դիտարկել «ազատագրւած տարածքներում» (չակերտը-ԽՄԲ.) ալբանական եկեղեցիների առկայութեանը, ինչը հայ «զաւթիչները» (չակերտը-ԽՄԲ.) աշխարհին փորձել են եւ փորձում են ներկայացնել որպէս «սեփական» արմատներ»,- նախորդ տարւայ նոյեմբերին գրել է ադրբեջանական Turan.az պորտալը,- Չնայած համաշխարհային պատմութիւնն ապացուցում է, որ Ալբանական եկեղեցին որոշակի շրջանում ինքնանկախ (ուղղափառ եկեղեցիների համակարգում մի տեղական եկեղեցու անկախութիւնը միւսից) եկեղեցի է եղել: Այլ հարց է այն, որ 1836 թւականին Ալբանական կաթողիկոսութիւնը վերացւել է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի որոշմամբ։ Եւ այստեղից հարց է առաջանում. արդեօք ժամանակը չէ՞ պատրաստել Ալբանական եկեղեցու իրաւունքների վերականգնման վերաբերեալ փաստաթղթերը, եւ յատկապէս վերականգնել եկեղեցու հին ժառանգութիւնը, վերադարձնել ինքնանկախ կարգավիճակը։ Յատկապէս եթէ Ադրբեջանում ալբանա-ուդիական քրիստոնեայ համայնք գոյութիւն ունի»: Հարցը միանգամայն տրամաբանական է: Իրօք, ի՞նչն է խանգարում Բաքւին լուծել այն, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան գոյութեան 30 տարիների ընթացքում, Էջմիածինը, Երեւանին որպէս այլընտրանք, չի բարձրացրել Աղւանական կաթողիկոսութիւնը վերականգնելու հարցը, ինչը, ըստ էութեան, երկարացրել է իր ազդեցութիւնը Արցախի սահմաններում: Ինչո՞ւ, օրինակ, Բաքուն այժմ չի դիմում Պոլսի պատրիարք Բարդուղիմեոսին` խնդրելով ինքնանկախութիւն շնորհել, իհարկէ, ոչ թէ Աղւանական, այլ Ալբանական կաթողիկոսութեանը։ Այդ քայլից յետոյ Ադրբեջանի իշխանութիւնները կարիք չեն ունենայ պայքարել աշխարհում նոր ուղղափառ եկեղեցու ճանաչման համար` բախւելով Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցուն, որի Բաքւում գտնւող մետրոպոլիան դրանից յետոյ կտրուկ անկում կապրի:

Ինքնակախութեան վերականգնումից յետոյ յաջորդ օրը Բաքուն կարող է ունիայի խնդրանքով դիմել Վատիկանին, որպէսզի նորաստեղծ Ալբանական Ուղղափառ Եկեղեցին դասւի Սուրբ Աթոռի հետ հաղորդակցման մէջ գտնւող Մերձաւոր Արեւելքի բազմաթիւ Եկեղեցիների շարքին: Իհարկէ, այստեղ կարելի է յիշել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Մոսկւայի ու համայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլի Հաւանայում կայացած հանդիպման ընթացքում ընդունւած համատեղ հռչակագրի այն կէտը, որում ասւում է, որ «նախորդ դարերում գոյութիւն ունեցած «ունիատիզմի» (միացման) մեթոդը, որը ենթադրում է մի համայնքի միացումը միւսի հետ` այն անջատելով սեփական Եկեղեցուց, միասնութեան վերականգնման ճանապարհ չէ»: Սակայն սա վերաբերում է արդէն գոյութիւն ունեցող Եկեղեցիներին, եւ չի տարածւում Ալբանական եկեղեցու վրայ, քանի որ այն «զրոյից» կը ձեւաւորւի: Իսկ կաթոլիկութիւնը, որպէս այդպիսին, հնարաւոր չէ գտնել Ադրբեջանի պատմական արմատներում: Հանրապետութեան տարածքում կաթոլիկ համայնքների պատմութեան մասին պահպանւած գրաւոր աղբիւրները սկսւում են 14-րդ դարից՝ միայն Նախիջեւանում այդ ժամանակ գործել է 12 առաքելութիւն: 

Եթէ Լեռնային Ղարաբաղում, Արցախի թեմի փոխարէն, յայտնւէր վերականգնւած Աղւանական կաթողիկոսութիւնը, դա կը դժւարեցնէր Ալբանական եկեղեցի ստեղծելու Բաքւի գործողութիւնը: Սակայն ո՛չ Ստեփանակերտը, ո՛չ էլ Էջմիածինը այդ քայլին չեն գնացել: Այժմ նախաձեռնութիւնը Բաքւի ձեռքում է»: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։