Հա

Քաղաքական

15/03/2021 - 11:25

«Շուշիի ազատագրման օրը դիմաւորել Շուշին յանձնած կապիտուլեանտի հետ, հաւասարազօր է կրկնակի նւաստացմանը». Անուշաւան Դանիէլեան

Արցախի նախկին վարչապետ Անուշաւան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Արցախի նախկին վարչապետ Անուշաւան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Շուշիի ազատագրման օրը դիմաւորել Շուշին յանձնած, հայրենիքը վաճառած կապիտուլեանտի հետ, հաւասարազօր կը լինի մեր ազգի կրկնակի նւաստացմանը։

Մինչեւ Շուշիի ազատագրման տօնը՝ մայիսի 9-ը, 2 ամսից քիչ ժամանակ է մնացել։

Տօն, որ մեր ժողովրդի, համայն հայութեան միասնութեան ու յաղթանակի, ինչպէս նաեւ մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է։ Յաղթանակ, որ ձեռք բերւեց մեր հազարաւոր տղաների կեանքի ու արեան գնով։ Տօն, որը նշելու համար աշխարհասփիւռ մեր հայրենակիցները Կանադաից մինչեւ Աւստրալիա, Մոսկւայից մինչեւ Արգենտինա, յատուկ ժամանում էին Հայաստան, Արցախ յաղթանակի օրը տօնելու ու յաղթանակի հետ հաղորդակցւելու համար։

Յիշում եմ, Արցախում՝ իմ վարչապետութեան տարիներին, մայիսեան եռատօնի օրերին սփիւռքահայերի մի խմբի էի ընդունել։ Որոնց թւում էր արգենտինահայ տարեց մի տղամարդ, ով դիմելով ինձ հպարտութեամբ ասաց. «Պարոն Վարչապետ, ես ինձ հետ բերել եմ իմ չորս թոռներին, որ նրանք անձամբ հաղորդւեն յաղթանակի արժէքների հետ, զգան յաղթանակի համը ու գինը, թօթափեն լացկան ու տխուր աչքերի կոմպլեքսները ու հպարտանան, որ հայ են»։

Եւ, իսկապէս, Շուշին փոխեց հայի հոգեբանութիւնը լինի դա Արցախում, Հայաստանում թէ՛ սփիւռքում։ Շուշին շտկեց մեր ողնաշարը, ինքնավստահութիւն հաղորդեց մեզ ու միաւորեց մեր ժողովրդին ընդհանուր յաղթանակների ու ընդհանուր նպատակների շուրջը։

Ուստի այսօր ծնկի եկած, համատարած սգի, շարունակւող ու սպասւելիք կորուստների, վաղւայ օրւայ նկատմամբ կորցրած հաւատքի պայմաններում մեր ժողովուրդը առաջին քայլը, որ պէտք է անի մեր ազգային արժանապատւութիւնը վերականգնելու ճանապարհին, դա հայրենադաւ իշխանութիւններից օր առաջ ազատւելն է։

Այլապես. Շուշիի ազատագրման օրը դիմաւորել Շուշին յանձնած, հայրենիքը վաճառած կապիտուլեանտի ու պատերազմում պարտւած նրա թիմի հետ, հաւասարազօր կը լինի մեր ազգի կրկնակի նւաստացմանը։ Ժամանակն է վերջապէս սթափւելու, համախմբւելու ու մեր ազգի ճակատից մաքրելու անթասիբ, սեփական արժանապատւութիւնը չգիտակցող, նւաստացած ու պարտւած ազգի խարանը։

Բաւական է մեր տաքուկ տներում նստած, կապիտուլեանտի գոյութիւնը որպէս վարչապետ բարդել առանձին անձերի, բանակի, Հայրենիքի փրկութեան առաջնորդների, Ռուսաստանի, երրորդ կամ անյայտ այլ ուժերի վրայ։ Հայրենիքի ճակատագիր՝ բառիս բուն իմաստով Հայաստանի լինել-չլինելու հարցը, կախւած է մեզնից իւրաքանչիւրից։

Շուշիի ազատագրումը, Արցախեան յաղթանակը կերտեցին այսօրւայ ուսանողների, երիտասարդների ծնողներն ու հարազատները, որոնք կամաւոր, առանց պարտադրանքի մեկնեցին ռազմաճակատ ու ապահովեցին վերջին 700 տարւայ մէջ մեր առաջին յաղթանակը, որը համազգային զարթօնքի դեր կատարեց մեր ժողովրդի, ազգի, համայն հայութեան համար։

Համոզւած եմ, որ այսօրւայ երիտասարդութիւնը արժանի կը լինի իր հայրերի կերտած յաղթանակներին, եւ ուս-ուսի տւած, իր ծնողների, հարազատների հետ դուրս կը գայ փողոց ու կապահովի մեր բոլորիս յաղթանակը հայրենադաւ խունտայի, իշխանութիւնը զաւթած թուրքական գործակալների խմբակի նկատմամբ, պարզերես անելով մեր ազգը քաղակաքիրթ ժողովուրդների հայեացքի ներքոյ, ապահովելով երկրի զարգացման կանխատեսելիութիւնը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։