Հա

Քաղաքական

15/03/2021 - 11:30

Սահմանադրական դատարանից՝ դէպի Մարդու իրաւունքների պաշտպան

Այսպիսով հերթը հասաւ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյեանին։

Կառավարութիւնը, յանձին Նիկոլ Փաշինեանի, փաստօրէն, որոշել է կրճատել բիւջէով նախատեսւած ՄԻՊ-ին յատկացւող գումարը եւ Արման Թաթոյեանին այլեւս չհրաւիրել կառավարութեան նիստերին։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Այսպիսով հերթը հասաւ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյեանին։

Կառավարութիւնը, յանձին Նիկոլ Փաշինեանի, փաստօրէն, որոշել է կրճատել բիւջէով նախատեսւած ՄԻՊ-ին յատկացւող գումարը եւ Արման Թաթոյեանին այլեւս չհրաւիրել կառավարութեան նիստերին։

Իհարկէ, այս ամէնը հակասահմանադրական է եւ հակասում է ՄԻՊ սահմանադրական օրէնքին։

Այս մասին կարծես սկսեցին յիշել հայաստանեան տարբեր «առաջադէմ» գործիչներ եւ լրագրողներ։

Բայց, յարգելիներս, այդ ամէնը ինչո՞ւ յանկարծ հիմա նկատեցիք։ Չէ՞ որ այս բոլոր հակասահմանադրական քայլերը՝ «Քայլ արա», սկսւեցին դեռեւս 2018 թ. ստի ու կեղծիքի յեղափոխութիւնից յետոյ։

- 2018 թ․ Վարչապետի կոչով հանրահաւաքի հրաւիրում։ Հանրահաւաքի ընթացքում վարչապետի խօսքը․ «Կա՞յ Հայաստանում դատաւոր, որ ինձ չլսի»։

- 2018 թ․ Վարչապետ-ՀՔԾ պետ-ԱԱԾ պետ գաղտնազերծւած հեռախօսազրոյց․ «Ուզես-չուզես՝ կալանք պիտի տաս»։

- 2019 թ․ Վարչապետի կոչով դատարանների շրջափակում եւ դատաւորների ահաբեկում։

- Դատաւոր Դաւիթ Գրիգորեանի դէմ քրէական գործի «թխում»:

- Դատաւոր Ալեքսանդր Ազարեանին «գրագողութեան» մէջ մեղադրում։

- 2019 թ․ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի ընկերների եւ հարազատների դէմ վարչապետի յանձնարարականով քրէական գործերի «թխումներ»։

- 2019 թ․ ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի ուղարկելու հակասահմանադրական օրէնքի ընդունում։

- 2020 թ․ ՍԴ անդամների լիազօրութիւնները դադարեցնելու մասին հակասահմանադրական հանրաքւէի մասին օրէնքի ընդունում։

- 2020 թ․ ՍԴ անդամների լիազօրութիւնների դադարեցման հակասահմանադրական օրէնքի ընդունում։

- 2021 թ․ Բարձրագոյն Դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրեանին, սահմանադրութիւնը խախտելով՝ նշանակում։

- Գլխաւոր շտաբի պետ Օնիկ Գասպարեանին, սահմանադրութիւնը խախտելով՝ պաշտօնից ազատում։

Եւ սա ողջ ցուցակը չէ։

Եւ դուք ոչ միայն այս ամէնը չէիք «նկատում», այլեւ ողջունում եւ ծափահարում էիք։

Այս ուղղակի յիշեցում «առաջադէմներին»։

Շատերը վարչապետի այս «քայլը» կը համարեն՝ որպէս Ադրբեջանի պատւէր։ Չէ՞ որ հէնց Ադրբեջանի ղեկավարութիւնն էր նեարդայնանում Արման Թաթոյեանի գործունէութիւնից՝ ուղղւած Հայաստանի սահմանների եւ ՀՀ քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեանը։

Ինքս կարծում եմ, որ այստեղ, իհարկէ, համընկնում են Ադրբեջանի եւ վարչապետի ցանկութիւնները։

Բայց նաեւ խնդիրն այլ հարթութեան մէջ է։ Սա ոչ միայն վարչապետի վերաբերմունքն է ընդհանրապէս մարդու իրաւունքների պաշտպանութեան վերաբերեալ։ Նրա համար մարդը, մարդու արժանապատւութիւնը, կեանքը զրոյի արժէք ունեն։ Մոռացե՞լ էք «Ասֆալտին կը փռենք, պատեպատ կը տանք, շնաբարոյ դուրսպրծուկներ» արտայայտութիւններն ու անտարբերութիւնը համավարակի եւ պատերազմի հազարաւոր զոհերի եւ գերիների հանդէպ։ Բացի այս, վարչապետն իր տոտալիտար մտածողութեամբ չի պատկերացնում, որ Հայաստանում կարող են լինել իրենից անկախ պետական կառոյցներ։ Եթէ նոյնիսկ ՀՀ Սահմանադրութիւնն ու օրէնքները երաշխաւորում են տարբեր կառոյցների անկախութիւնը, ապա միեւնոյն է՝ դրանք բոլորը պէտք է անվերապահօրէն ենթարկւեն վարչապետի կամքին եւ կատարեն նրա ցուցումները, ինչպէս ՀՀ գլխաւոր դատախազն ու մի շարք դատաւորներ։ Իսկ այն կառոյցները՝ իրենց ղեկավարներով, որոնք չեն ենթարկւում, գործի է դրւում «նախկիններ, թալանչիներ» փորձւած քարոզչական մեթոդն ու յանձնարարւում գրպանային ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին, ՔԿ-ին, Ոստիկանութեանը, Դատախազութեանը՝ շտապ քրէական գործեր յարուցել չենթարկւողների, նրանց հարազատների, ընկերների դէմ։ Յիշենք հէնց վերջերս ԲԴԽ նախագահ Ռուբէն Վարդազարեանի կնոջը ՀՔԾ հրաւիրելու փաստը։ Եւ այս ամէնը համակարգում է վարչապետի խորհրդական Աննա Վարդապետեանը։

Այն, որ հերթը հասնելու էր ՄԻՊ Արման Թաթոյեանին, կասկած չունէի, ուղղակի ժամանակի հարց էր։ Եւ սա դեռ սկիզբն է, շուտով հաւանաբար կը յարուցւեն քրէական գործեր Արման Թաթոյեանի եւ նրա մերձաւորների նկատմամբ։ Ի՞նչ փոյթ, որ ՄԻՊ-ն օր ու գիշեր աշխատում էր, ստի եւ կեղծիքի յեղափոխութեան օրերին, պաշտպանելով մոլորւած ցուցարարներին։ Ի՞նչ փոյթ, որ պատերազմի օրերին ՄԻՊ գրասենեակն իր ղեկավարով օր ու գիշեր աշխատում էին եւ միջազգային կառոյցներին տեղեկացնում Ադրբեջանի վայրագութիւնների, հումանիտար իրաւունքի խախտումների մասին։ Ի՞նչ փոյթ, որ պատերազմից յետոյ նոյնպէս ՄԻՊ-ը աներեւակայելի աշխատանք է տանում գերիներին վերադարձնելու ուղղութեամբ։

Ամենայն հաւանականութեամբ, շուտով, համաշխարհային ճանաչում ունեցող սահմանադրագէտներ Հայկ Յովակիմեանի եւ Վահագն Գէորգեանի կողմից ԱԺ կը ներկայացւի «օրէնքի» նախագիծ՝ փոփոխութիւն կատարելու ՄԻՊ սահմանադրական օրէնքում։ Ըստ ներկայացւած նախագծի՝ Մարդու իրաւունքների պաշտպան (ՄԻՊ) անւանումը կը փոխարինւի Վարչապետի իրաւունքների պաշտպան (ՎԻՊ) անւանումով։ ՎԻՊ կառոյցն օրէնսդրօրէն կը դառնայ վարչապետին կից, ինչպէս ԱԱԾ-ն, Ոստիկանութիւնը, ՀՔԾ-ն, ՔԿ-ն։ ՎԻՊ ղեկավարին կը նշանակի եւ կազատի ՀՀ Նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ։ ՎԻՊ-ը կը ֆինանսաւորւի՝ ինչպէս բիւջետային, այնպէս էլ՝ արտաբիւջետային միջոցներով։ Արդէն յայտնի է ՎԻՊ ղեկավարի հիմնական թեկնածուն՝ նոյն աշխարհահռչակ սահմանադրագէտ Վահագն Գէորգեանը։

 

168.am

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։