Հա

Քաղաքական

15/03/2021 - 19:40

Պէտք է ամէն գնով կանխել այս իշխանութեան օրօք արտահերթ ընտրութիւնների անցկացումը

Հայրենիքի փրկութեան շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանն իր տեսակէտն է յայտնել արտահերթ ընտրութիւնների մասին․

«alikonline.ir» - Հայրենիքի փրկութեան շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանն իր տեսակէտն է յայտնել արտահերթ ընտրութիւնների մասին․

«Մեր երկիրը, անցնելով խայտառակ ու աղէտալի կապիտուլեացիայի միջով, այժմ կանգնած է նոր աղէտի շեմին՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային խորացող ճգնաժամ:

Նման պայմաններում ի՞նչ լուծումներ են առաջարկւում երկիրն այս վիճակից հանելու համար: Որո՞նք են տարբերակները.

 

Տարբերակ 1. Առաջարկում է Հայրենիքի փրկութեան շարժումը

Ցոյցերի եւ անհնազանդութեան գործողութիւնների միջոցով ձեւաւորել համազգային շարժում՝ պարտադրելով այս իշխանութեանը հեռանալ: Ազգային ժողովի միջոցով ընտրել նոր վարչապետ, որը չի լինի իշխող ուժից, կը ձեւաւորի ժամանակաւոր կառավարութիւն, կը կայունացնի երկրում իրավիճակը եւ մէկ տարի անց կը կազմակերպի արդար խորհրդարանական ընտրութիւններ՝ չմասնակցելով այդ ընտրութիւններին եւ հեռանալով իշխանութիւնից:

 

Տարբերակ 2. Ցանկանում է ժողովրդի մի զգալի մասը

Բանակը վերցնում է իշխանութիւնը՝ ձեւաւորելով ժամանակաւոր ադմինիստրացիա, եւ որոշ ժամանակ անց տեղի են ունենում խորհրդարանական ընտրութիւններ: Կամ նոյնը լինում է ժողովրդական ապստամբութեան միջոցով:

Այս տարբերակը վտանգաւոր է համարւում այն պատճառաբանութեամբ, որ այդ ճանապարհով ձեւաւորւած ժամանակաւոր իշխանութիւնն արտաքին աշխարհի կողմից կընկալւի ոչ լեգիտիմ:

Կարծում եմ՝ այս դէպքում վտանգը չափազանցւած է, յատկապէս, որ առաջարկւում է ժամանակաւոր շրջան, որից յետոյ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրութիւններ: Ներկայ իրավիճակից աւելի վտանգաւոր վիճակ ստեղծւել չի կարող: Այդ ժամանակահատւածում մենք կը համագործակցենք մեր բնական դաշնակիցների հետ, մեր թշնամիները կը զգուշանան:

 

Տարբերակ 3. Առաջարկւում է իշխանութեան կողմից (մի կողմ թողնենք, որ այդ առաջարկութիւնն ամենայն հաւանականութեամբ քաղաքական խաղ է եւ ոչ՝ իրականանալիք տարբերակ)

Հապճեպ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ Նիկոլ Փաշինեանի օր»ք (կամ ձեւականօրէն նրա թիմից որեւէ մէկին վարչապետ նշանակելով):

Այս տարբերակն ամենավտանգաւորն է, որը մեծ հարւած կը հասցնի Հայաստանին եւ իր խայտառակ հետեւանքներով էապէս կը խորացնի կապիտուլեացիայի խայտառակութեանը: Այս քաոսի, պառակտման, արտաքին վտանգի ներքոյ ընտրութիւնների անցկացումն անհեթեթութիւն է եւ մեր երկիրը ոչ թէ կը հանի այս վիճակից, այլ աւելի կը խորացնի իրավիճակը: Խնդիրը պետութեան գահավիժման կասեցումն է, որը պահանջում է ներկայ իշխանութեան հեռացում:

Չմոռանանք, որ Հայաստանում իշխանութիւնն ընտրութիւնների միջոցով մշտապէս վերարտադրւել է: Երբեք ընդդիմութիւնը չի եկել իշխանութեան ընտրութիւնների միջոցով (նոյնիսկ 2018 թւականի ընտրութիւններին, քանի որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինեանն արդէն վարչապետ էր):

 

Իշխանութեան վերարտադրման «գաղտնիքը» շատ պարզ է.

- իշխանական լծակներ,

- ֆինանսական միջոցներ՝ ինչպէս պետական, այնպէս էլ անձնական,

- եւ ի վերջոյ՝ իշխանութեան հնարաւորութիւնը՝ կեղծել ընտրութիւնների արդիւնքները եւ ուժով պահել իշխանութիւնը:

Այս ամէնն ամենավատ ձեւով իրականացնելու բոլոր պայմաններն այս իշխանութիւնների օրօք առկայ են: Բայց այս ամենին աւելացել է եւս մի բան, որը նախինում չկար՝ արտաքին ուժերի միջամտութիւնը: Մեր պայքարն այսօր ոչ միայն այս իշխանութեան դէմ է, այլ աւելի շատ՝ այս իշխանութեանը եւ դրա միջոցով նաեւ Հայաստանը վերահսկող հզօր արտաքին ուժերի դէմ, որոնք մեր երկրում ունեն լրտեսական լայն ցանց եւ ժողովրդին մանիպուլեացիայի ենթարկող քարոզչական ցանց, որն իր արդիւնաւէտութիւնն արդէն ապացուցել է:

Նման պայմաններում միամտութիւն է կարծել, որ ընդդիմադիր, հայրենքը փրկել ցանկացող ուժերն այս ընտրութիւնների միջոցով յաղթանակ կունենան:

Պատահական չէ, որ մեր կողմից մինչեւ ընտրութիւնների անցկացումն առաջարկւում է մէկ տարի ժամկէտ, որի ընթացքում պէտք է նախեւառաջ մեր երկիրն ազատենք լրտեսական ցանցից եւ արտաքին ազդեցութիւնից, նաեւ պարտադրելով ժամանակաւոր կառավարութեան վարչապետին չմասնակցել իր օրօք կազմակերպւող ընտրութիւններին՝ բացառել ընտրութիւններում իշխանական լծակների չարաշահումը:

 

Նիկոլ Փաշինեանի կամ նրան ձեւականօրէն փոխարինողի օրօք ընտրութիւնների անցկացումը կը բերի սարսափելի հետեւանքների.

- կը վերարտադրւի նոյն իշխանութիւնը,

- Հայաստանը կը շարունակի մնալ արտաքին ազդեցութեան տակ,

- կը լեգիտիմացւեն բոլոր այն կորուստները, որ ունեցել ենք պատերազմի հետեւանքով եւ շարունակում ենք ունենալ:

Միայն այն փաստը, որ ներկայ իշխանութիւնն է անցկացնում ընտրութիւնները, արդէն իսկ կը նշանակի լեգիտիմացնել մեր կորուստներն ու պարտութիւնը:

 

Հետեւաբար ի՞նչ է պէտք անել:

Պէտք է ամէն գնով կանխել այս իշխանութեան օրօք արտահերթ ընտրութիւնների անցկացումը: Իսկ եթէ, այնուամենայնիւ, իշխանութիւնը գնայ այդ քայլին եւ յայտարարի ընտրութիւնների մասին, ապա պէտք է հեռացնել այս իշխանութեանը մինչեւ նախընտրական գործընթացի սկիզբը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։