Հա

Քաղաքական

16/03/2021 - 12:00

«Եթէ ՄԻՊ-ը լինէր իշխանութեանը հնազանդ, ապա նրա ֆինանսաւորումը չէր կրճատւի». Իշխանեան

Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ, իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է ՀՀ կառավարութեան որոշմանը, որն առնչւում է ՄԻՊ-ի գրասենեակի ֆինանսաւորմանը։

«alikonline.ir» - Հայաստանի Հելսինկեան կոմիտէի նախագահ, իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում անդրադարձել է ՀՀ կառավարութեան որոշմանը, որն առնչւում է ՄԻՊ-ի գրասենեակի ֆինանսաւորմանը։

Աւետիք Իշխանեանի դիտարկմամբ` ամենակարեւոր խնդիրն այն է, որ կառավարութեան որոշումը հակասում է «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրէնքին, ըստ որի` ՄԻՊ-ի գրասենեակի ֆինանսաւորումը չի կարող ցածր լինել նախորդ տարւայ բիւջէով յատկացւած չափից։ Իշխանեանի կարծիքով` հէնց այդ օրէնսդրութեան շնորհիւ է նաեւ, որ ՄԻՊ-ի հայաստանեան գրանսենեակը ունի միջազգային ճանաչում եւ համարւում է «Ա» կարգի բարձր կառոյց։

«Կառավարութեան որոշմամբ այդ ամէնը փաստօրէն ի չիք է դառնում։ Բայց դա հարցի արտաքին կողմն է, մինչդեռ իմ համոզմամբ` պատճառն իրականում շատ աւելի խորն է։ Հայաստանի վարչապետը չի կարողանում համակերպւել այն մտքի հետ, որ երկրում կարող է լինել իրեն չենթարկւող պետական կառոյց, մինչդեռ Հայաստանում կան մի քանի պետական կառոյցներ, որոնք օրէնսդրօրէն անկախ են գործադիրից` ՍԴ-ն, դատարանները, դատախազութիւնը եւ ՄԻՊ-ի գրասենեակը»,- նշեց իրաւապաշտպանը։

Իշխանեանի կարծիքով` ՄԻՊ-ի գրասենեակը գործել եւ գործում է նոյնիսկ երեւակայութիւնից վեր գերլարւած գրաֆիկով՝ թէ՛ պատերազմի ժամանակ փաստահաւաք աշխատանքով, զեկոյցներով, թէ՛ գերիների հետ կապւած խնդրով, ինչպէս նաեւ ներքաղաքական դաշտում իր գործունէութեամբ` արձանագրելով ու քննադատելով իշխանութեան կողմից մարդու իրաւունքների ոտնահարման դրսեւորումները եւ քննադատելով նաեւ ընդդիմութեանը, երբ նրա բառապաշարում նկատւում են վտանգաւոր տարրեր։

«ՄԻՊ-ի գրասենեակն ինքնուրոյն եւ օբիեկտիւօրէն աշխատող կառոյց է, բայց չի ենթարկւում անձամբ վարչապետին, նրա ստրուկը չէ։ Հիմնական պատճառն այն չէ, որ ֆինանսատնտեսկան վիճակը Հայաստանում բարւոք չէ, ուստի կրճատում են ՄԻՊ-ի բիւջէն, այլ այն, որ նա վարչապետին հնազանդ չէ ե՛ւ դէ-իւրէ, ե՛ւ հոգեբանօրէն։ Եթէ ՄԻՊ-ը լինէր իշխանութեանը հլու, չքննադատեր նրան վերջին տարիներին, պաշտպաներ իշխանութեանը բոլոր հարցերում` քննադատելով ընդդիմութեանը, ինչպէս արեցին քաղհասարակութեան շատ ներկայացուցիչներ, ապա ՄԻՊ-ի ֆինանսաւորումը չէր կրճատւի, կաւելանար, նոյնիսկ նրան կը տային ստւերային մեծ գումարներ»,- նշեց իրաւապաշտպանը։

Անդրադառնալով այն հարցին, թէ Ազգային ժողովը կը հաստատի՞ արդեօք կառավարութեան որոշումը, Իշխանեանն ընդգծեց, որ դա կախւած կը լինի վարչապետի կամքից, եթէ վերջինս ընկրկի միջազգային հանրութեան կոչերի առջեւ, ապա նախագիծը նոյնիսկ չի հասնի ԱԺ, իսկ եթէ հասնի խորհրդարան, ուրեմն կայ հրահանգ, եւ ԱԺ-ն կը հաստատի այդ որոշումը։

Յիշեցնենք, որ կառավարութեան ընդունած որոշմամբ` առաջարկւում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրաւունքների պաշտպանի մասին» 2016 թւականին ընդունւած սահմանադրական օրէնքի 8-րդ յօդւածի 5-րդ մասը, որով էլ ամրագրւած է, որ ՄԻՊ գրասենեակի ֆինանսաւորումը չի կարող ցածր լինել նախորդ տարւայ բիւջէով յատկացւած չափից։

Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արման Թաթոյեանը մարտի 13-ին յայտարարեց, որ կառավարութիւնը փորձում է վերացնել ՄԻՊ-ի անկախութիւնը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։