Հա

Քաղաքական

17/03/2021 - 12:10

«Արտահերթ ընտրութիւններն անցկացւելու են պետական համակարգի գրեթէ 100%-անոց պարալիզացման պայմաններում եւ շատ փոքր է հաւանականութիւնը, որ կը ձեւաւորւի վիճակը կայունացնող սոլիդ իշխանութիւն». Վ. Յովհաննիսեան

Tert.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանի «Առաջին ընտրութիւնները՝ Թուրքիայի եւ «նոր հայերի» մասնակցութեամբ» վերտառութեամբ յօդւածը: 

«alikonline.ir» - Tert.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահէ Յովհաննիսեանի «Առաջին ընտրութիւնները՝ Թուրքիայի եւ «նոր հայերի» մասնակցութեամբ» վերտառութեամբ յօդւածը: 

Գիտէ՞ք Ալիեւը ինչու է այդքան ցուցադրական լկտի պահում իրեն, մեր՝ ծուխը չմարած քաղաքներում, գիւղերում ձնագնդի խաղում, եկեղեցիների բակում թէյ խմում, մեր կառուցած դպրոցների կողքով աւտոդրայւ անում.

- Որովհետեւ նոյեմբերի 10-ից յետոյ Հայաստանում իշխանութիւն չի փոխւել, ու Ալիեւն ինքը զարմանում է համահայկական անկարողութեան վրայ. հանդուրժել մէկին, ով մսխեց ազգային բոլոր երազանքները։

- Որովհետեւ Երեւանում հնարաւոր է, թէկուզ բերովի, թէկուզ վարչական լծակով յաջակցութիւն կապիտուլեանտի ու մի սերունդ զոհածի հանրահաւաք անել։

- Որովհետեւ իբր կրթւածն ու իբր «ոչ ժեխը» տանը նստած փիլիսոփայում է, թէ՝ «լաւ, ասենք՝ Նիկոլը գնայ, բայց յարմար թեկնածութիւն դեռ չկայ»։

- Որովհետեւ 17-ի հարթակի ազդեցիկ հատւածին, երբ շաբաթներ շարունակ յամառօրէն յուշում ես, բացատրում՝ որն է ճիշտը, ինչ պէտք է անել յաջողութեան համար, ու նրանք յամառօրէն չեն անում, դու հասկանում ես, որ նոյնիսկ այս պահին ոմանք անձնական կամ խմբակային շահերով են առաջնորդւում, ապագայ ԱԺ-մանդատների կամ հնարաւոր կոալիցիոն կառավարութեան փայերի հաշւարկի հոգեբանութեան մէջ են։

Ալիեւը ցուցադրաբար ստորացնում է մեզ, որովհետեւ մենք կորստի ցաւ չենք ապրում։ Մեր հաւաքական միտքը եւ իրական աղէտի ծաւալները անհամապատասխան են։ Մենք ապրում ենք միջին կոմերսանտի փիլիոսափութեամբ։ Ալիեւը ցուցադրաբար ստորացնում է մեզ, որովհետեւ մենք սխալմամբ «ժեխ» ենք անւանում չկրթւած ու չքաւոր մի խաւի, այնինչ այդ բառն աւելի բնութագրական է մեր վերնախաւերին։

 

Յետպատերազմական ընտրութիւնները

Քանի որ արագ արտահերթ ընտրութիւնների տարբերակն աւելի առարկայական է դառնում, կարեւոր է հասկանալ այդ ընտրութեան հիմնական պարամետրերը.

- Դրանք անցնելու են Ալիեւի եւ Էրդողանի անմիջական մասնակցութեամբ։ Նման բան մեր ընտրական մշակոյթում առաջին անգամ է լինելու։ Եւ նրանք փորձելու են իրենց քայլերով, յայտարարութիւններով եւ այլ գործիքակազմերով ազդել ընտրութիւնների արդիւնքների վրայ։ Հայաստանյան քաղաքական վերնախաւերը չունեցան լրջութեան բաւարար աստիճան՝ հասկանալու համար, որ ընտրութիւններ պէտք է անցկացւեն միայն այս ռիսկը չէզոքացնելուց կամ գոնէ նւազեցնելուց յետոյ։

- Առաջիկայ ընտրութիւններին լինելու է նոր ընտրազանգւած, որն առաջին անգամ ընտրութիւններին մասնակցելու է կազմակերպւած, ինստիտուցիոնալիզացւած՝ Նոր Հայաստանի հայը՝ հայ առանց պետութեան։ Այս մարդիկ միշտ եղել են, նոյնիսկ՝ մեծ քանակով, ովքեր պետութեան եւ պետականութեան գաղափարները էւոլիւցիոն ոչ լիարժէք աճի պատճառով չեն ընկալել։ Բայց  նրանք միշտ եղել են ցաքուցրիւ։ Հիմա նրանք՝ «հայ՝ առանց պետութեան» իրական կազմակերպւած ընտրազանգւած են։

- Ընտրութիւններն անց են կացւելու պետական համակարգի գրեթէ 100 տոկոսանոց պարալիզացման պայմաններում։

Ի՞նչ սպասել գործող վարչապետի պայմաններում արագ, արտահերթ ընտրութիւններից։ Հաւանականութիւնը, որ կը յաջողւի ձեւաւորել սոլիդ իշխանութիւն, որը կը կայունացնի վիճակը, շատ փոքր է։

Աւելի հաւանական է, որ պետութեան կազմաքանդման պրոցեսները չի յաջողւի կասեցնել, դրանք ինտենսիւօրէն կը շարունակւեն։ Եւ որոշ ժամանակ յետոյ, նոր պատմական իրողութիւնների եւ նոր ռիսկերի ներքոյ, կը ստեղծւի նոր իրականութիւն։

Սա է իրականութեան, մթնոլորտի եւ հեռանկարի համառօտ նկարագիրը, որի առկայութեամբ մենք ուզում ենք գնալ արագ արտահերթ ընտրութիւնների։

Վահէ Յովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։