Հա

Քաղաքական

18/03/2021 - 11:10

«Գործող իշխանութիւնը պարբերաբար փորձում է ազատւել իրեն ոչ ցանկալի պաշտօնեաներից». Աւետիք Չալաբեան

«Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը գրում է.

«alikonline.ir» - «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը գրում է.

«Օրէնքի գերակայութեան մասին

Երէկ, դեռ ըստ ոչ պաշտօնական տեղեկութիւնների, Երեւանի Վարչական դատարանը վարոյթ է ընդունել ՀՀ Զինւած ուժերի Գլխաւոր շտաբի պետ Օնիկ Գասպարեանի հայցը՝ առոչինչ ճանաչելու իր պաշտօնանկութեան վերաբերեալ վարչապետի պաշտօնը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը։ Ես սպասում եմ դատարանի կողմից պաշտօնական հաստատմանը եւ մանրամասներին, մինչ այդ կուզենայի կիսւել մի քանի նկատառմամբ այս գործի վերաբերեալ, որը խոստանում է մեր իրականութեան մէջ աննախադէպ դառնալ (եւ նախադէպային՝ ապագայ գործերի համար)։

Նախ՝ հարցի քաղաքական կողմը։ Բոլորս յիշում ենք, որ Նիկոլ Փաշինեանը փորձել է Օնիկ Գասպարեանին պաշտօնանկ անել նրանից յետոյ, երբ Զինւած ուժերի Գլխաւոր շտաբը, եւ նրան ենթակայ ռազմական հրամանատարութեան ճնշող մեծամասնութիւնը յայտարարեց, որ Նիկոլ Փաշինեանը այլեւս ընդունակ չէ ադեկւատ որոշումներ ընդունելու, եւ պահանջեց նրա հրաժարականը։ Շատ այլ պետութիւններում, այդպիսի յայտարարութիւններին հետեւում է ռազմական յեղաշրջումը, սակայն մեր բանակի հրամանատարութիւնը մնաց օրէնքի սահմաններում, եւ եւս երեք անգամ վերահաստատելով իր յայտարութեան հիմնական դրոյթները, նախընտրեց ենթարկւել օրէնքի տառին, եւ յաւելեալ ցնցումներից զերծ պահել երկիրը։

Դրանով հանդերձ, այս դիմակայութիւնը ակնյայտ դարձրեց, որ բանակի հրամանատարութիւնը իր յայտարարութիւնը անելու համար լուրջ հիմքեր ունէր, որոնց արդիւնքում Նիկոլ Փաշինեանը կորցրել է զինւած ուժերը եւ մեր երկրի պաշտպանութիւնը կառավարելու կարողութիւնը, եւ դա էապէս կազդի հետագայ քաղաքական զարգացումների վրայ։ Լեւոն Տէր-Պետրոսեանի անսպասելի յայտարարութիւնը՝ Նիկոլ Փաշինեանին անվտանգութեան երաշխիքներ տրամադրելու եւ երկրից փաստացի արտաքսելու մասին դրա առաջին հաստատումն էր, եւ փաստացի կրկնում է բանակի հրամանատարութեան թեզը։

Այս իմաստով, յոյժ կարեւոր է, որ հետագայ բոլոր քաղաքական զարգացումները շարունակեն մնալ Սահմանադրութեան եւ շրջանակներում, եւ դատարանի որոշումը՝ ընդունելու Օնիկ Գասպարեանի հայցը, դրա լաւագոյն երաշխիքներից մէկն է, եւ թոյլ կը տայ զերծ պահել բանակը քաղաքական գործընթացին կրկին անմիջականօրէն ներգրաււելուց։

Երկրորդը՝ հարցի ինստիտուցիոնալ կողմն է։ Գաղտնիք չէ, որ պետութիւնը բաղկացած չէ միայն քաղաքական իշխանութիւնից, այլ ունի կարեւորագոյն հաստատութիւններ, որոնք ապահովում են նրա կենսագործունէութիւնը, եւ դրանով պէտք է դուրս գտնւեն քաղաքական ցիկլերից։

Բանակը դրանցից առաւել կարեւորն է, թէեւ բնաւ ոչ միակը՝ նման կառոյցներ են նաեւ Սահմանադրական դատարանը, Կենտրոնական բանկը, Դատախազութիւնը, դատարանները, Մարդու իրաւունքերի պաշտպանը, եւ մի շարք այլ կառոյցներ։ Այս կառոյցների ղեկավարները այդ պատճառով նշանակւում են ֆիքսւած ժամկէտով, եւ չեն կարող հայեցողաբար պաշտօնազրկւել։ Ցաւօք, գործող իշխանութիւնը, փորձելով իր վերահսկողութիւնը հաստատել պետական բոլոր ինստիտուտների վրայ, պարբերաբար փորձում է ճնշումների եւ օրէնքի խախտման միջոցով ազատւել իրեն ոչ ցանկալի պաշտօնեաներից, դրանով խարխլելով պետական ողջ ապարատի կենսագործունէութիւնը։ 

Նիկոլ Փաշինեանի կողմից Գլխաւոր շտաբի պետի պաշտօնազրկման գործողութիւնը դրա դասական օրինակ է՝ թէեւ բոլորը հրաշալի գիտեն, որ նա Սահմանադրութեան 155 յօդւածի եւ Պաշտպանութեան մասին օրէնքի 16 յօդւածի համաձայն պաշտօնի է նշանակւած 5 տարով, եւ այդ ընթացքում անձեռնամխելի է, Նիկոլ Փաշինեանը, իրեն յատուկ կամայական ոճով, ոտնահարելով հերթական անգամ Սահմանադրութիւնը, փորձում է իր անձնական կամքը պարտադրել պետութեանը, դրանով շարունակելով քանդել նրա ինստիտուցիոնալ հիմքերը։

Անցեալում դա նրա մօտ ստացւում էր, քանի որ նա զգում էր զանգւածների աջակցութիւնը, սակայն հիմա, եթէ մենք ցանկանում ենք պահպանել մեր պետութիւնը վերջնական կազմաքանդումից եւ անարխիայից, այս ամենի դէմ պէտք է վերջապէս պատնէշ դրւի, եւ երկիրը սկսի կառավարւել Սահմանադրութեամբ եւ օրէնքներով։ Այս իմաստով էլ, դատարանի որոշումը խիստ կարեւոր է, եւ հնարաւորութիւն կարող է տալ իրաւական հարթութիւն վերադարձնել պետական կառավարումը, եւ ոչ միայն հիմա, այլեւ ապագայում նւազեցնել մէկ անձի սուբիեկտիւ գործօնը պետական կառավարման մէջ։

Եւ վերջապէս՝ հարցի զուտ իրաւական կողմը։ Այս իրավիճակը նաեւ աննախադէպ է նրանով, որ առաջին անգամ մեր պատմութեան մէջ այսպիսի բարձրաստիճան պաշտօնեան, որի դերը Ռազմական դրութեան պայմաններում էլ աւելի է կարեւորւում, պաշտօնազրկւում է ոչ թէ երկրի նախագահի հրամանագրով, այլ այսպէս կոչւած «իրաւունքի ուժով», իսկ իրականում ապօրինի, քանի որ «իրաւունքի ուժ» կոչւածը յղում է կատարում մի օրէնքի (Զինւորական ծառայութեան մասին), օրը առերեւոյթ հակասում է Սահմանադրութեանը, եւ որը հէնց այս պահին վիճարկւում է Սահմանադրական դատարանում։ Այս պայմաններում, առավել խելամիտ կլիներ, եթե վարչապետի պաշտօնը զբաղեցնողը ինքը յետ կանչէր իր առաջարկութիւնը, եւ սպասէր Սահմանադրական դատարանի կողմից օրէնքի վերաբերեալ համապատասխան եզրակացութեանը։

Քանի որ սակայն յայտնի է այս անձի կամայական վերաբերմունքը Սահմանադրութեան եւ օրէնքների նկատմամբ, նրա փոխարէն դա հիմա պէտք է անի դատարանը, դրանով վերականգնելով իրաւունքի գերակայութիւնը, եւ նախադէպ ստեղծելով, որ մարդկանց (ներառեալ պաշտօնեաների) իրաւունքները չեն կարող խախտւել՝ ելնելով վերադասի անձնական կապրիզներից եւ նրա կողմից օրէնքների կամայական մեկնաբանութիւնից։ 

Ամփոփելով, ցանկանում եմ յոյս յայտնել, որ դատարանը այս գործը կընդունի լիարժէք վարոյթի, գործին ներգրաււած բոլոր կողմերը օրինապահ կերպով կը ներգրաււեն դատական գործընթացի մէջ, եւ նրա արդիւնքում մեր երկրում կամպրապնդւի իրաւունքի գերակայութիւնը։

Որպէս յաւելեալ առաւելութիւն՝ դա թոյլ կը տայ կայունացնել զինւած ուժերի կառավարումը մի վիճակում, երբ մենք գտնւում են ամենօրեայ ռազմական ագրեսիայի սպառնալիքի տակ, իսկ երկրի ներսում էլ քաղաքական զարգացումները տանել սահմանադրական հունով, եւ ի վերջոյ հանգուցալուծել այն խորը ճգնաժամը, որում մենք այսօր յայտնւել ենք»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։