Հա

Քաղաքական

30/03/2021 - 13:40

«Նիկոլ Փաշինեանն առաջարկում է գործարք՝ լաւ կեանքի հեռանկարի դիմաց մոռանալ հազարաւոր զոհերին ու վիրաւորներին, համակերպւել Արցախի կորստի հետ եւ շարժւել առաջ». «168 ժամ»

Նիկոլ Փաշինեանի նախընտրական պլատֆորմը պարզ է ու պարզունակ. Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ տնտեսական յարաբերութիւնների հաստատում, որպէս դրա հետեւանք՝ տնտեսութեան զարգացում եւ բարեկեցութեան աճ, փողի աւելացում, մի խօսքով։ Նիկոլ Փաշինեանը հասարակութեանն առաջարկում է կրկին իրեն ընտրել՝ կեանքի բարելաւման համար։ Նրա առաջարկը նոյնն է, ինչ ընտրութիւններին մասնակցող բոլորի առաջարկը՝ մարդկանց կեանքի բարելաւում։

«alikonline.ir» - «Նիկոլ Փաշինեանի նախընտրական պլատֆորմը պարզ է ու պարզունակ. Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ տնտեսական յարաբերութիւնների հաստատում, որպէս դրա հետեւանք՝ տնտեսութեան զարգացում եւ բարեկեցութեան աճ, փողի աւելացում, մի խօսքով։ Նիկոլ Փաշինեանը հասարակութեանն առաջարկում է կրկին իրեն ընտրել՝ կեանքի բարելաւման համար։ Նրա առաջարկը նոյնն է, ինչ ընտրութիւններին մասնակցող բոլորի առաջարկը՝ մարդկանց կեանքի բարելաւում։ Այն «փոքր» նրբութեամբ, որ նա դա առաջարկում է ընդամէնը հինգ ամիս առաջ առնւազն 5000 հայորդիների սպանած, աւելի քան 10.000 հայորդիների վիրաւոր ու հաշմանդամ դարձրած պետութիւնների հետ յարաբերութիւնների հաստատման ճանապարհով։

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինեանը հասարակութեանն առաջարկում է գործարք՝ լաւ կեանքի հեռանկարի դիմաց մոռանալ հազարաւոր զոհերին ու վիրաւորներին, համակերպւել Արցախի կորստի հետ եւ շարժւել առաջ։

Կայ վտանգ, որ հասարակութիւնը կարող է համաձայնել այդ գործարքին, որովհետեւ առաջարկւողը լաւ կեանքն է, այսինքն՝ փողը, որն այդքան կարեւոր է միջին վիճակագրական եւ ոչ այդքան վիճակագրական հայի համար։ Գործարքն էլ որքան ճղճիմ է, նոյնքան վտանգաւոր, քանի որ դրա հիմքում ընկած է «փող՝ մոռացութեան դիմաց» սկզբունքը, եւ եթէ դա յաջողի արցախեան պարտութեան պարագայում, ապա կարող է կիրառւել նաեւ, օրինակ, Հայոց Ցեղասպանութեան առնչութեամբ, ինչի սերմերը ցանւում են հէնց այս օրերին։ Վճարողներն էլ կարող են սպասւածից աւելի առատաձեռն գտնւել։

Ահա այս սցենարի իրականացման համար Նիկոլ Փաշինեանը պատրաստ է նետւել մարտի, որում իրեն վերապահել է՝ գելխեղդի, սեփական քաղաքական հակառակորդներին էլ՝ գայլերի դերը։ Նիկոլ Փաշինեանի ներկայացրած կենդանական մոդելը շատ պարզունակ է, պարզապէս նա բացայայտում է այդ մոդելի միայն մի մասը։ Իսկ ամբողջական մոդելն այն է, որ նա պատրաստ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդէպ ցուցաբերել նապաստակի հեզութիւն՝ պայմանով, որ ներքին հակառակորդներին վերաբերւելու է՝ որպէս գելխեղդ։

Այսպիսով, առաջիկայ ընտրութիւններում յաղթելու յաւակնութիւն է ներկայացնում մէկը, ով անձամբ իրեն համեմատում է գելխեղդի հետ, որը ոչ թէ սովորական, այլ կենդանակերպի նշանով երկւորեակ գելխեղդ է, ինչպէս նրա քաղաքական երկւութիւնը մեկնել էր իր կուսակիցներից ամենաանմեկնելին...

...Մարդը, ում գործունէութեան արդիւնքում թուրքական յայտնի «Գորշ գայլեր» կազմակերպութիւնը դպրոց է բացում «դժգոյն ու դժբախտ» Շուշիում, ցանկանում է պայքարել ներքին գայլերի դէմ, այսինքն՝ նրա համար գայլերն այդուհանդերձ ընդունելի են, պայմանով, որ նրանք պէտք է լինեն թուրքական ծագմամբ։

Կամ գուցէ գայլերի հետ համեմատութիւնը կապւած է ժողովրդի նկատմամբ Նիկոլ Փաշինեանի վերաբերմունքին. բոլորը գիտեն, թէ ում են պաշտպանում հովիւների գելխեղդները գայլերից։

Ով՝ ով, բայց Նիկոլ Փաշինեանն ամենալաւը գիտի ժողովրդի որակների մասին, առանց որոնց նա չէր կարող դառնալ «ժողովրդի վարչապետը»։ Մնում է պարզել հովիւներին»,- գրում է թերթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։