Հա

Քաղաքական

31/03/2021 - 08:30

«Նիկոլեան Հայաստանն ունի եւ ունենալու է զրօ հնարաւորութիւն. սա մեր այսօրւայ ողբերգութիւնն է». Միքայէլ Մինասեան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է արել, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ։

«alikonline.ir» - Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է արել, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ։

«Հարաւային Կովկասը հերթական անգամ վերածւել է աշխարհաքաղաքական մարտերի ասպարէզի: Դրան նպաստում են իրադարձութիւնները, որոնք զուգահեռաբար զարգանում են երեք հարթութիւններում: Առաջինը տեղական հարթութիւնն է. դա երրորդ Արցախեան պատերազմն է եւ դրանից յետոյ ստեղծւած իրավիճակը: Երկրորդն ընդլայնւած տարածաշրջանային մակարդակն է, որը ներառում է Արեւելեան Միջերկրականից մինչեւ Մերձաւոր Արեւելք ընկած տարածքն՝ իր դերակատարներով, շահերով եւ բախումներով: Եւ երրորդը համաշխարհայինն է. այս հարթութիւնը ՌԴ-ԱՄՆ (կամ Արեւմուտք-Ռուսաստան) սրւած լարւածութեան հարթութիւնն է: Կրակին իւղ են լցնում ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւնների իւրայատկութիւնները, եւ դրանց զարգացման հետ կապւած սպասումները:

Նման իրավիճակները պարունակում են ինչպէս մարտահրաւէրներ, այնպէս էլ հնարաւորութիւններ իւրաքանչիւր երկրի համար՝ կախւած նրա չափերից, նշանակութիւնից եւ այլն: Սակայն այստեղ կա մէկ կարեւոր «բայց»: Որպէսզի ի յայտ գան ինչ-որ հնարաւորութիւններ եւ դրանցից արդիւնաւէտօրէն օգտւելու շանսեր, պէտք է անհրաժեշտ պայմաններ լինեն. երկիրը պէտք է կանխատեսելի եւ հասկանալի գործընկեր լինի, պէտք է ազնիւ եւ վստահելի յարաբերութիւններ ունենայ դաշնակիցների հետ, պէտք է ունենայ սկզբունքներ եւ արժէքներ: Եւ, անկասկած, երկրում պէտք է լինի իշխանութիւն, որն ունակ է ապահովելու վերոնշեալը, որը կունենայ իրական եւ ոչ թէ ձեւական լեգիտիմութիւն եւ սուբիեկտայնութիւն, որպէսզի կարողանայ կեանքի կոչել իր պետութեան առաջնահերթութիւնները: Եւ վերջիվերջոյ այդ իշխանութիւնը պէտք է յարգւած լինի ինչպէս երկրից դուրս, այնպէս էլ երկրի ներսում: Վերը ասւած ամէն ինչից պարզ է դառնում, որ նիկոլեան Հայաստանն ունի եւ ունենալու է զրօ հնարաւորութիւն, զրօ գործիք հնարաւորութիւնների իրացման համար եւ այնպիսի մարտահրաւէրների ներկապնակ, որոնք կարող են կասկածի տակ դնել մեր երկրի գոյութիւնը որպէս այդպիսին: Սա մեր այսօրւայ ողբերգութիւնն է:

Իրադարձութիւնների նման պատկերի պարագայում անգամ առաջին հայեացքից դրական թւացող լուրերը խոր մտահոգութեան առիթ են տալիս: Դրա վառ ապացոյցն են 10 օր առաջւայ Բայդէնի վարչակազմի ազդակները Հայոց Ցեղասպանութեան թեմայով: Եւ այստեղ մի շարք հարցեր են ի յայտ գալիս: Կարեւո՞ր է արդեօք մեզ համար Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ԱՄՆ-ի կողմից: Միանշանակ՝ այո՛: Կա՞յ արդեօք վստահութիւն, որ ԱՄՆ-ում գործընթացն այդ ուղղութեամբ է ընթանում: Ո՛չ: Կան ոչ այնքան որոշակի ուղերձներ, որոնք հնչեցնում են վարչակազմի ներկայացուցիչները: Ինչպիսի՞ն են այդ գործընթացի տեսանելի եւ քողարկւած նպատակները եւ ինչպիսի՞ն պէտք է լինեն մեր պատասխան քայլերը, եւ արդեօ՞ք ունակ են Հայաստանի իշխանութիւնները պատասխանել հարցին, թէ ինչու է ԱՄՆ ղեկավարը հէնց հիմա սկսել արծարծել այս թեման: Պատասխանը նոյնն է. միանշանակ ո՛չ:

Բայդէնը խոստացել է աշխարհին «Ամերիկայի վերադարձը»: Պակաս չկայ այնպիսի մարդկանց, որոնք «հրաւիրում են» ԱՄՆ-ին, այդ թւում եւ մեր տարածաշրջան: Վտանգաւոր են նրանք, որոնք հրաւիրելով Ամերիկային՝ միայն անձնական շահ են հետապնդում: Էլ աւելի վտանգաւոր են նրանք, ովքեր երկակի/եռակի խաղ են խաղում՝ ուժային կենտրոնների բախում հրահրելով: Պէտք է արդեօ՞ք այստեղ յատուկ նշել Նիկոլի անունը:

Իսկ Բայդէ՞նը: Այն սուր մակարդակի պայմաններում, որով բնորոշւում են ԱՄՆ-Ռուսաստան յարաբերութիւնները, Բայդէնի համար այժմ կարեւոր է կարճ թոկին վերադարձնել «անառակ որդուն»՝ Թուրքիային: Երկրորդ, ԱՄՆ նախագահի համար կարեւոր է իր կողմը քաշել Ադրբեջանին՝ միեւնոյն ժամանակ աչք փակելով Ղարաբաղում սանձազերծւած պատերազմին եւ այդ երկրի անթաքոյց ագրեսիային (դրա համար բաւական է կարդալ Բայդէնի շնորհաւորական ուղերձն Ալիեւին Նովրուզի առթիւ): ԱՄՆ-ի համար կարեւոր է ակտիւանալ Իրանի հետ հարեւան տարածաշրջանում: Կարեւոր է նւաճել հայերի համակրանքը, առաջին հերթին՝ ամերիկահայերի: Եւ Հայոց Ցեղասպանութեան մասին՝ ոչինչ չպարտադրող այդ յիշեցումները կարող են լինել բոլոր վերոնշեալ նպատակներին հասնելու գործիքներից մէկը:

Որտե՞ղ է Հայաստանը բոլոր վերը թւարկւած գործընթացներում: Ողջ աշխարհը եռում է, ամպեր են կուտակւել մեր ողջ տարածաշրջանի, մեր հայրենիքի գլխավերեւում, իսկ մենք քննարկում ենք՝ թոյլ տալ, թէ չտալ յանցագործին Հայաստանում արտահերթ ընտրութիւններ կազմակերպել: Կատարւող ամէն ինչ յիշեցնում է մէկ դար առաջ տեղի ունեցած իրադարձութիւնները: Սակայն այս զուգահեռները թողնենք պատմաբաններին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։