Հա

Քաղաքական

31/03/2021 - 13:40

«Ուսապարկերի Հայաստանը. ուսապարկ-պետութեան կարգավիճակը խիստ ժամանակաւոր է, եւ ընթացքը չկասեցնելու դէպքում «պետութիւն» բաղադրիչը դուրս է մղւելու». Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահէ Յովհաննիսեանի յօդւածը։ Այն ամբողջութեամբ՝ ստորեւ․

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Վահէ Յովհաննիսեանի յօդւածը։ Այն ամբողջութեամբ՝ ստորեւ․

«Այսօրւայ Հայաստանի ուսապարկային կառավարման մոդելը ճիշտ ձեւակերպում է, բայց այն խոր եւ ճիւղաւորւած համակարգ է եւ որեւէ կերպ չի սահմանափակւում իշխող խմբակցութեամբ։

Ն. Փաշինեան. Թիւ 1 ուսապարկ

Երկրի թիւ 1 ուսապարկը Ն. Փաշինեանն է։ Այս իրողութիւնն արձանագրելով է միայն հնարաւոր հասկանալ ուսապարկային պետութեան իրական շերտերը։ Փաշինեանը, ֆորմալ պահպանելով վարչապետի պաշտօնը, չի տիրապետում երկիրը կառավարելու գործիքներին, չի կարողանում որոշումներ կայացնել, իրադարձութիւնների ընթացքը հաշւարկել եւ ազդել դրանց վրայ։ Ինքը շատ լաւ դա հասկանում է։

Փաշինեանն ուսապարկ է թէ´ դրսի համար, թէ´ ներսի։ Արտաքին աշխարհի համար նա գործընկեր չէ, եւ Ալիեւն ու Էրդողանը դա պարբերաբար շեշտում են։ Ռուսաստանի համար նա Մուրադովի օգնականին համարժէք ինչ-որ կարգավիճակ ունի, Արեւմուտքի համար՝ ասենք մի քիչ աւելին է քան, օրինակ, Դանիէլ Իոանիսեանը, քանի որ hակառուսական պրոցեսների համար ունի որոշակի դերակատարում։

Պակաս վտանգաւոր չէ Փաշինեանի՝ «ներքին ուսապարկի» կարգավիճակը։ Իշխանութեան մէջ ակնյայտօրէն ձեւավորւել է մի խումբ, որը Փաշինեանին վերապահում է շրջիկ կլոունի դերակատարում՝ մարզային այցեր, միտինգներ եւ այլն։ Եւ հէնց այդ խումբն է տնօրինում երկրի ֆինանսական ռեսուրսները, փորձում քաղաքական պրոցեսներ կառավարել, ղեկավարել ուժային համակարգը, իրաւապահ համակարգը, բանակցել այլոց հետ եւ այլն։ Այդ խումբը կազմւած է 90-ականների իշխանութեան ներկայացուցիչներից՝ պաշտօնեաներ, դատախազներ, օլիգարխներ եւ այլն։ Սա «վերթիմային» մի խումբ է, որի համար Փաշինեանը եւ ԱԺ 85-ը միայն գործիք են՝ վերահսկողութիւն ապահովելու, փող աշխատելու, կառավարելու համար։

Ուսապարկ ԱԺ

Ի սկզբանէ «ուսապարկ» որակել էին «Իմ քայլին»։ Նրանց գուցէ իրօք թւում է, թէ իրենք են յենասիւնը, եւ իրենք կարեւոր են։ Իրականում «Իմ քայլին» վերապահւած է «թիմային կլոունի» կարգավիճակ, որտեղ, սակայն, ամէն ինչ չէ նոյն հարթութեան վրայ։

Կան «վերազգային» ուսապարկեր, ովքեր հրահանգներ ստանում են ոչ թէ հայաստանեան հիմնարկներից, այլ միջազգային։

Կան «անորոշ IQ-ով» ուսապարկեր, ովքեր իսկապէս ներշնչւել են, թէ իրենք Նոր Հայաստանի կերտողներն են եւ գաղափարական մարտիկները։

Կան «ձեւաւորւած նոր կլանների» ուսապարկեր, ովքեր ուղղակի կատարում են վերը նկարագրւած՝ իշխանութեան ռէալ լծակներին տիրապետող խմբի հրահանգները։

Կան «անդէմ ուսապարկեր», որոնց անունները եւ դէմքերը հանրութեանը յայտնի չեն, եւ նրանք իներցիայով գոյատեւում են՝ մտավախութիւն ունենալով, որ ուսապարկից այն կողմ կեանք գոյութիւն չունի։

Ուսապարկ անւանւած իշխող խմբակցութիւնում մի յայտնի օրէնք է գործում. «Իմ ուսապարկի ուսապարկը իմ ուսապարկը չէ»։ Սա ձեւաւորում է ճիւղաւորւած յարաբերութիւններ, որը դժւարացնում է քաղաքական երկխօսութիւնը այդ ուժի հետ։

Ուսապարկ ինստիտուտներ

Պետական ինտիտուտների ճնշող մեծամասնութիւնը չի աշխատում, տեղի է ունեցել տոտալ ուսապարկացում։ Բայց տարբեր ինստիտուտների ուսապարկացումը տարբեր աստիճանի է։

Անհնար է պատկերացնել, որ «Գործող իշխանութիւնների անարդիւնաւէտ կառավարումը եւ արտաքին քաղաքականութիւնում ցուցաբերած լրջագոյն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» ձեւակերպման տակ ստորագրած գեներալները, բանակի ղեկավարութիւնը օրեր յետոյ յոտնկայս դիմաւորում է նոյն մարդուն, որի մասին տւել է այդ ձեւակերպումը։

Փաստօրէն՝ արտաքին աշխարհի, թշնամու, բարեկամի կողմից ուսապարկ ընկալւող վարչապետը, որը նաեւ իր իշխանութեան մի խմբի կողմից է ուսապարկ դարձել եւ օգտագործւում է որպէս ժամանակաւոր գործիք, կարողանում է հայկական բանակի հրամկազմին սարքել ուսապարկ։ Պարզ է, չէ՞, որ նման պետութիւնը պէտք ենթարկւէր եւ ենթարկւի խոշոր վթարների։

Ուսապարկ- քննչականներ, ուսապարկ-մարզպետարաններ, ուսապարկ-Հ1 եւ այլն

Ապշեցուցիչ է, բայց ուսապարկ է դառնում է նաեւ «Հայաստան» Համահայկական հիմնադրամը, որից, պարզւում է, ուղղակի, առանց որեւէ ընթացակարգերի կարելի է վերցնել 52 մլրդ ու յետոյ ասել՝ հաշւետւութիւն չեմ տալիս. չեմ ուզում՝ չեմ տալիս։ Իսկ գիտէ՞ք ինչու է դա հնարաւոր. որովհետեւ հոգաբարձուների խորհրդում, ըստ կանոնադրութեան, մեծ թիւ են կազմում գործող պաշտօնեաները։ Ուսապարկ-պաշտօնեաների մի զգալի խումբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Եւ եթէ Փաշինեանը տեսախցիկի առաջ բառիս բուն իմաստով ծամելով ուտէր այդ գումարը, միեւնոյն է, Ա. Միրզոյեանը, ԿԲ նախագահը, ֆիննախը եւ այլոք ասելու էին՝ դա նորմալ է։

Կան եզակի դիմադրող համակարգեր, օրինակ՝ դատարանները։ Եւ Հայաստանի ինքնափլուզման ամենակոշտ խոչընդոտներից մէկն այսօր հէնց դատարաններն են։ Եթէ մի հրաշքով կարողացանք փրկել Հայաստանը, ապա դատարաններն է´լ աւելի անկախ ու է´լ աւելի ամուր դարձնելու խնդիրը պէտք է դարձնել առաջնահերթ՝ ապագայ բոլոր հնարաւոր աւանտիւրիստական սցենարների դէմ ինստիտուցիոնալ պատնէշ ունենալու համար։

Ուսապարկ-հասարակութիւն

Սեպտեմբերի 27-ից յետոյ Փաշինեանի իշխանութեան գոյութիւնը Հայաստանում խօսում է հասարակութեան ուսապարկացման մասին։ Մարդը, որը պատերազմ բերեց երկիր, զոհեց ամբողջական սերունդ ու հարցականի դրեց պետութեան գոյութիւնը, շարունակում է իշխանութեան մնալ։

Մարտի 1-ի բերովի հանրահաւաքից յետոյ, «մեզ Ղարաբաղ ու Սիւնիք պէտք չեն» հանրային որոշակի տրամադրութիւնների առկայութեան պայմաններում, գիւղերում աղ ու հացով նրան դիմաւորելուց յետոյ (թէկուզ՝ բեմականացւած) արձանագրւում է, որ դու ունես ուսապարկ-հասարակութեան խնդիր, ու հասկանում ես, որ չես կարող հաշւարկել դրա իրական մասշտաբները։

Ամենավտանգաւոր հետեւութիւնը

Ձեւաւորւել է պետութեան առաջին դէմքերի, պետական ինստիտուտների եւ հասարակութեան որոշակի շերտի ուսապարկ-համակարգ։

Պետութիւնը չունի ինքնուրոյն ներքին եւ արտաքին օրակարգ, պետական ինստիտուտները չեն գործում օրէնքով իրենց վերապահւած գործառոյթների եւ իրաւասութիւնների շրջանակում։ Ամենավտանգաւոր հետեւութիւնը՝ Հայաստանը վերածւել է ուսապարկ-պետութեան։ Չմանրամասնելով դրա էութիւնը՝ ուղղակի ֆիքսենք իրականութեան պարամետրերը.

Պետութիւնը դարձել է պատանդ Փաշինեանի ձեռքում։

Ուսապարկ-պետութեան կարգավիճակը խիստ ժամանակաւոր է, եւ ընթացքը չկասեցնելու դէպքում «պետութիւն» բաղադրիչը դուրս է մղւելու։

Ողբերգութիւնը կասեցնելու հեռանկարն առայժմ խիստ մշուշոտ է:

Հայաստանի ուսապարկացման պրոցեսը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր պետութիւններին, բացի Հայաստանից»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։