Հա

Քաղաքական

01/04/2021 - 08:50

«Մինչեւ 8% գնաճ կարող է լինել. ապրանքները շարունակելու են թանկանալ. եթէ այս իշխանութիւնը շարունակի մնալ, ապա մենք կունենանք բաւականին ծանր տնտեսական իրավիճակ». Արթուր Խաչատրեան

Կենտրոնական բանկը նշում է, որ Հայաստանում գնաճն աւելանալու է, հետեւաբար, ՀՀ բնակչութեան կենսամակարդակն ընկնելու է: Ապրանքները շարունակելու են թանկանալ, իսկ ԿԲ-ի կանխատեսումներից երեւում է, որ գոնէ կարճաժամկէտ կտրւածքով գնաճը 5,3 տոկոսի սահմաններում է լինելու, բայց հետագայում, ինչ-որ անհասկանալի լաւատեսական կանխատեսումներով պայմանաւորւած՝ կարծում են, որ գնաճը կը վերադառնայ 4 տոկոսի սահման, այսինքն՝ այն սահման, որը նրանք օրէնքով պէտք է պահեն: 

«alikonline.ir» - Կենտրոնական բանկը նշում է, որ Հայաստանում գնաճն աւելանալու է, հետեւաբար, ՀՀ բնակչութեան կենսամակարդակն ընկնելու է: Ապրանքները շարունակելու են թանկանալ, իսկ ԿԲ-ի կանխատեսումներից երեւում է, որ գոնէ կարճաժամկէտ կտրւածքով գնաճը 5,3 տոկոսի սահմաններում է լինելու, բայց հետագայում, ինչ-որ անհասկանալի լաւատեսական կանխատեսումներով պայմանաւորւած՝ կարծում են, որ գնաճը կը վերադառնայ 4 տոկոսի սահման, այսինքն՝ այն սահման, որը նրանք օրէնքով պէտք է պահեն: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը՝ խօսելով ԿԲ-ի «Գնաճի հաշւետւութիւն (Դրամավարկային քաղաքականութեան ծրագիր առաջին եռամսեակ 2021 թ. Դրամավարկային քաղաքականութեան 2020 թ. 4 եռամսեակի ծրագրի կատարման հաշւետւութեան մասին, ըստ որի, Հայաստանում պահպանւում է գնաճային սպասումների զգալի աւելացումը:

«Բայց, եթէ սցենարները նայենք, ապա նրանց կիրառած «հովհարային գծանկարով» մինչեւ 8 տոկոս գնաճ կարող է լինել: Նրանք, սա հիմնաւորում են դոլարի արժեւորմամբ եւ համավարակով պայմանաւորւած համաշխարհային միտումներով, բայց ես կարծում եմ, որ տեղի ունեցողը նաեւ այլ բացատրութիւն ունի: Ըստ պաշտօնական թւերի՝ մենք ունենք տնտեսական ակտիւութեան ցուցանիշի անկում 6,7 տոկոսի չափով եւ ունենք արտաքին առեւտրաշրջանառութեան նւազում, ներմուծումը նւազել է շուրջ 13,6 տոկոսով: Սա նշանակում է, որ Հայաստանում ապրանքն աւելի քիչ է արտադրւում, քան նախորդ տարիներին եւ Հայաստան աւելի քիչ ապրանք է ներմուծւում, քան նախորդ տարիներին: Ստացւում է, որ մենք նաեւ ունենք ապրանքային դեֆիցիտ եւ դեֆիցիտով պայմանաւորւած գնաճ»,- ներկայացրեց Խաչատրեանը:

Դիտարկմանը, թէ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանը յայտարարել էր, որ Հայաստանի տնտեսութիւնը համարեա վերականգնւել է, Խաչատրեանն արձագանքեց՝ այս յայտարարութիւնն իրականութեան հետ որեւէ ընդհանրութիւն չունի: «Անգամ նրա բերած մաթեմատիկական հաշւարկն է անլուրջ: Իսկ լաւատեսական հիմնաւորումներ անելիս, թէ երկնիշ տնտեսական աճ է լինելու՝ նա հաշւի չի առնում, որ իր մենք աղէտալի պարտութիւն ենք կրել եւ մինչ օրս առկայ է կորոնավիրուս: Երկու կարեւոր հարցերը հաշւի չառնելով՝ ինչպէ՞ս է նա կարողանում տնտեսական աճ կանխատեսել»:

Հարցին, թէ արդեօ՞ք էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկը չեն քննարկել այս հարցերը, որ հիմա ականատես ենք լինում երկու հակասական յայտարարութիւնների՝ վերջինս պատասխանեց, որ ԿԲ-ի կանխատեսումները տնտեսական աճի հետ կապւած շուրջ 7 անգամ տարբերւում է Քերոբեանի լաւատեսական կանխատեսումներից:

«Ինձ աւելի շատ հետաքրքրում է, թէ էկոնոմիկայի եւ Ֆինասների նախարարները, փոխվարչապետը միասին այս հարցը քննարկում են, թէ ոչ, քանի որ անցած տարի դեկտեմբերին Քերոբեանն առաջարկել էր տնտեսական զարգացման իր մօտեցումը պետական ներդրումների հետ կապւած, դրան դէմ էին քւէարկել ֆինանսների նախարարը, փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելեանը: Այսինքն, Կառավարութիւնում նրանք անգամ միմեանց հետ կարեւոր հարցեր չեն քննարկում կամ ընդհանուր մօտեցում չունեն, ուր մնաց էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկն այս հարցում համաձայնեն»:

Խօսելով գնաճի ֆոնին հասարակութեան վիճակի մասին՝ Խաչատրեանը նշեց, որ 5 տոկոս սղաճի ֆոնի վրայ, գոնէ պաշտօնական տւեալներով, աշխատավարձերի բարձրացումը կազմել է 0,8 տոկոս, ինչը չի կարող չյանգեցնել կենսամակարդակի վատթարացման: «Եթէ այս իշխանութիւնը շարունակի մնալ, եթէ այս յանցաւոր քաղաքական խմբակը շարունակի իշխել Հայաստանը եւ տնտեսական քաղաքականութեան մէջ փոփոխութիւն չտեսնենք, ապա մենք կունենանք բաւականին ծանր տնտեսական իրավիճակ, մարդկանց բարեկեցութիւնն էապէս կը նւազի եւ նրանք, ովքեր ասում էին՝ թող հացը դառնայ 1000 դրամ, բայց Փաշինեանը շարունակի վարչապետ մնալ, իրենց նպատակն իրականացւած կը տեսնեն»:

«Այս Կառավարութիւնն իր վարչապետի գլխաւորութեամբ ասում էր, որ Հայաստանն ագրարային պետութիւնից պէտք է դարձնենք զարգացած արդիւնաբերական երկիր, ոչնչացրեց գիւղատնտեսութեան նախարարութիւնը, միաւորեց այն Էկոնոմիկայի նախարարութեանը։ Այսօր յոյսն էլի դրել է գիւղատնտեսութեան վրայ: Կարծում եմ՝ իշխանականներին սա պէտք է յուշի, որ նրանք հերթական սխալն էին գործել»,- նշեց նա:

Արթուր Խաչատրեանը շեշտեց, որ այս իշխանութիւնը տնտեսական զարգացման հեռանկարը կապում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որի ապացոյցն է վերջին շրջանում վարչապետի, Տաւուշի մարզպետի, ԱԽ քարտուղարի յայտարարութիւնները: «Օրւայ իշխանութիւնը թուրքական օրակարգն է առաջ տանում՝ ենթակառուցւածքային ձախողւած ծրագրերը գովազդելով: Ինչպէ՞ս կարող էր թուրքը, ով 6 ամիս առաջ մեր դէմ կռւում էր Արցախում, այսօր օգնի, որ զարգանանք: Ի՞նչ է, 6 ամիս առաջ թշնամի էին, հիմա դարձան բարեկամ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։