Հա

Քաղաքական

01/04/2021 - 14:00

«Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագայ պատերազմի համար, որի հիմնական թիրախը կը լինի Սիւնիքը». Ռուբէն Սաֆրաստեան

Ցեղասպանութեան ճանաչման քաղաքականութիւնը դարձել է մեր ինքնութեան անբաժանելի մասը, եւ երբ Թուրքիան չի հրաժարւում Հայոց Ցեղասպանութեան ժխտման, կեղծման քաղաքականութիւնից, եւ ցուցաբերում է ագրեսիւ մօտեցումներ, ապա այս պայմաններում, Թուրքիայի հետ յարաբերութիւնների լաւացման քաղաքականութիւնը կը լինի կոպիտ սխալ մեր կողմից:

«alikonline.ir» - Ցեղասպանութեան ճանաչման քաղաքականութիւնը դարձել է մեր ինքնութեան անբաժանելի մասը, եւ երբ Թուրքիան չի հրաժարւում Հայոց Ցեղասպանութեան ժխտման, կեղծման քաղաքականութիւնից, եւ ցուցաբերում է ագրեսիւ մօտեցումներ, ապա այս պայմաններում, Թուրքիայի հետ յարաբերութիւնների լաւացման քաղաքականութիւնը կը լինի կոպիտ սխալ մեր կողմից: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Գիտութիւնների ազգային ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանն՝ անդրադառնալով Հայաստանի իշխանութեան կողմից հնչող այն յայտարարութիւններին, որ Թուրքիայի հետ մեր յարաբերութիւնները պէտք է վերանայել:

Թուրքագէտը նշեց, որ ԱՄՆ այս անգամ բաւական մօտ է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը վերջնական աւարտին հասցնելուն: Նրա համոզմամբ՝ այդ գործընթացը սկսւել է, երբ ամերիկեան Կոնգրեսը իր Ստորին եւ Վերին պալատներով ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը, եւ բաւական մեծ նախանշաններ կան, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդէնն, այս անգամ գործընթացը աւարտին հասցնի, սակայն, իր համար անհասկանալի է թէ ինչո՞ւ են Հայաստանի ղեկավարները Թուրքիայի հետ յարաբերութիւնների շտկման յայտարարութիւններով հանդէս գալիս:

«ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կապւած է աւելի լայն աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ, որոնք տեղի են ունենում ամերիկեան քաղաքականութեան բնագաւառում եւ դրանցից ամենակարեւորը այն է, որ ԱՄՆ-ի համար Թուրքիայի նշանակութիւնը պակասում է, քանի որ ԱՄՆ-ի համար պակասում է Մերձաւոր արեւելքի նշանակութիւնը: Դա կապւած է այն հանգամանքի հետ, որ ամերիկացիներն իրենց արտաքին քաղաքականութեան կենտրոնը տեղափոխում են Խաղաղ ովկիանոսի շրջանները, քանի որ իրենց հիմնական ախոյեանը հանդիսանում է Չինաստանը, եւ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների այս ֆոնի վրայ է, որ տեղի է ունենում ԱՄՆ-ի վերնախաւի կողմից ձգտում՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրայ, որպէսզի ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը»,- նշեց նա:

Սաֆրաստեանի կարծիքով՝ Հայաստանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար ակտիւութիւն ցուցաբերելը պետական քաղաքականութեան արտայայտում է, եւ Ամերիկայում գտնւող երկու լոբբիստական կազմակերպութիւնների կողմից տարիներ շարունակ շատ ակտիւ, լայնածաւալ աշխատանքներ են տարւել այդ բնագաւառում եւ 38 կոնգրեսականների դիմումը Բայդէնի, հէնց այդ գործունէութեան արդիւնք է:

Հարցին, թէ ի՞նչ վտանգներ է տեսնում Սիւնիքում, այսօր ՄԻՊ-ը նշել է, որ Սիւնիքի Արաւուս գիւղի բնակիչներին ադրբեջանցիներն ասել էին լքել տարածքը, այլապէս դրոն կուղարկեն, որ գիւղը ոչնչացնի, Սաֆրաստեանը պատասխանեց.

«Վերջին շրջանում Ադրբեջանն ուժեղացրել է Հայաստանի նկատմամբ իր ագրեսիւ հռետորաբանութիւնը, որն ուղղակի ագրեսիւ հռետորաբանութիւն չէ, նա հող է նախապատրաստում հետագայ ագրեսիւ պատերազմի համար: Այս անգամ պատերազմը ուղղւած կը լինի Հայաստանի դէմ, որի հիմնական թիրախը կը լինի Սիւնիքը, որովհետեւ Սիւնիքն ունի կարեւորագոյն նշանակութիւն թուրք-ազերիական տանդեմի համար: Միայն այն փասստն, որ Ադրբեջանում լայնօրէն տարածւում են քարտէզներ, որտեղ Սիւնիքը եւ Տաւուշը ներկայացւում են որպէս ադրբեջանական պատմական տարածք, դա վկայում է, որ հող է նախապատրաստւում ապագայ պատերազմի համար եւ այս առումով մենք պէտք է շատ զգոյշ լինենք, եւ պատրաստ լինենք Սիւնիքի ուղղութեամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ամէն տեսակ ագրեսիւ գործողութիւնների»:

 

Հերմինէ Միքայէլեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։