Հա

Քաղաքական

07/04/2021 - 13:20

Ո՞րն է ձախի տեղը. Հայաստանի 30 տարւայ պատմութեան միջով

Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Հայաստանում խորացող ճգնաժամերը, անհաւասարութեան խորը ճեղքը՝ զանգւածների աղքատացումը եւ մի փոքր շերտի հարստանալը թիւրիմացաբար եւ նաեւ միտումնաւոր վերագրում են միայն ղեկավարների անձնական առանձնայատկութիւններին (Լեւոն Տէր-Պետրոսեանն ու նրա ՀՀՇ-ական շրջապատը, ապա նրանց փոխարինած Ռոբերտ Քոչարեան, ապա Սերժ Սարգսեան, որոնց իրենց շրջապատով անւանում են ղարաբաղեան կլան, հիմա էլ Նիկոլ Փաշինեանը՝ Իմ քայլի հետ միասին)։

ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Հայաստանում խորացող ճգնաժամերը, անհաւասարութեան խորը ճեղքը՝ զանգւածների աղքատացումը եւ մի փոքր շերտի հարստանալը թիւրիմացաբար եւ նաեւ միտումնաւոր վերագրում են միայն ղեկավարների անձնական առանձնայատկութիւններին (Լեւոն Տէր-Պետրոսեանն ու նրա ՀՀՇ-ական շրջապատը, ապա նրանց փոխարինած Ռոբերտ Քոչարեան, ապա Սերժ Սարգսեան, որոնց իրենց շրջապատով անւանում են ղարաբաղեան կլան, հիմա էլ Նիկոլ Փաշինեանը՝ Իմ քայլի հետ միասին)։

Իրականում ճգնաժամի գլխաւոր պատճառը Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Հայաստանի որդեգրած ազատական քաղաքականութիւնն էր, որ նախ Սովետական Միութեան դեմոնիզացմամբ քաղաքական ասպարէզից դուրս մղեց Խորհդային Կոմունիստական կուսակցութեան բեկորները, ապա գրաւեց ամբողջ քաղաքական դաշտը։

Անկախութեան առնւազն 26 տարիների ընթացքում բոլոր քաղաքական ուժերը ե՛ւ իշխանութեան մէջ, ե՛ւ ընդդիմութիւնում ազատականներ են (որոշ վերապահումներով նաեւ Դաշնակցութիւնն ու Կոմկուսի նախկին քարտուղար Կարէն Դեմիրճեանի հիմնադրած Ժողովրդական կուսակցութիւնը, ազատական են) (Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մասով խմբագրութիւնը համամիտ չէ հեղինակի կարծիքի հետ-Alikonline)։ Նրանք բոլորը երկրպագում են ազատ շուկան, ռեսուրսների եւ տնտեսական հաստատութիւնների սեփականաշնորհումը, աւելի արմատականները պետական հաստատութիւնների մասնաւորեցումը՝ նոյնիսկ զինւած ուժերի օղակների։

Իսկ այն, որ այս քաղաքականութիւնը յանգեցնում է անարդարութիւնների եւ անհաւասարութեան, ընդդիմութիւնները վերագրում են իշխանութեան մէջ գտնւող անձանց բարոյական յատկանիշներին, եւ որ նրանք ազատականութիւնը ճիշտ չեն կիրառում։

Իշխանութեան եւ ընդդիմութեան պարբերական առճակատումները ի վերջոյ յանգեցրին ընդդիմութեան յաղթանակին՝ 2018 թւականի այսպէս կոչւած սիրոյ եւ համերաշխութեան յեղափոխութեան տեսքով։

Սակայն եթէ գաղափարական յեղափոխութիւն եղել է, ապա ազատական գաղափարախօսութեան շրջանակում. չափաւոր ազատականներին փոխարինեցին աւելի արմատականները. իշխանութեան եկած «Իմ քայլը» խմբաւորումը վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ առաւել արմատական ազատականներ են։ Խնդրեմ մի քանի փաստ.

1. Փաշինեանի կառավարութիւնը վերացրեց պրոգրեսիւ եկամտահարկը, եւ ներդրեց համահարթ եկամտահարկ, որով մեծ եկամուտներ ունեցողների հարկերը կրճատւեցին։ Նախկին իշխանութեան ժամանակ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձից 23 տոկոսն էր եկամտահարկ, 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ՝ 28 տոկոսը, իսկ 2 միլիոնից աւելին՝ 36 տոկոսը: 2020-ի յունւարի 1-ից արդէն բոլորի եկամտահարկը դարձաւ 23 տոկոս, տես. Հրագ Փափազեան. «Համահարթ հարկում. մի քանի խօսք իշխանական փաստարկների եւ արդարութեան մասին»

2. Սկսեցին մասնաւորեցնել պետական հաստատութիւնները՝ պետական աուդիտ ծառայութիւնները, խնամքի տները՝ ծերանոցներ, մանկատներ, կարեկցանքը բերեցին բիզնեսի ոլորտ՝ մրցոյթներ յայտարարելով մասնաւոր ձեռնարկութիւնների միջեւ պետական ֆինասաւորման համար։ Եւ նաեւ բանակում սննդի կազմակրպումը յանձնեցին մասնաւոր ընկերութիւններին, որն իր սնանկութիւնը բացայայտեց շատ արագ, պատերազմի ժամանակ, երբ մասնաւոր կազմակերպութիւնները հրաժարւեցին ռազմաճակատում սնունդը կազմակերպել եւ մի շարք զօրամիաւորումներ սովի մատնւեցին։

Անի Կաղինեանը գրում է. «Առաջին օրերին սնունդը ռազմաճակատում։ Չգիտեմ ինչ լանչ էր, որը սպասարկում էր սնունդ։ Դէ հացը սարքել են մի կերպ հասցրել չաստեր, տեսել են չաստերը պայթացրած ու մարդ չկայ, չկան այն մարդիկ, ովքեր պէտք է մատակարարէին հացը դէպի դիրքեր։ Որքանով իրանք տեղեակ են եղել դիրքերից ու որքանին հնարաւոր է եղել մօտենալ սնունդը տարել են, մնացածը սոված են մնացել, մինչեւ չոր սնունդը տեղ է հասել։ Մի քանի օրից սնունդ մատակարարող անասունները փախան Արցախից, որովհետեւ իրենք զօրքի հետ չէին կարող տեղաշարժւել եւ տաք սնունդ տալ զօրքին։ Ա՛յ այսպէս է եղել սննդի մատակարարումը, թող ձենը կտրի էս դաւաճանը, անտանելի է, գարշելի է»։

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը. «Յիշո՞ւմ էք այդ ամբողջ PR-ը, որի անունը ես դրել եմ՝ ելակային քանդոցի: Ղարաբաղի պաշտպանութեան բանակի հրամանատարութիւնը խնդրել է Նիկոլ Փաշինեանին առաջին գծի զօրամասերը զերծ պահել այդ ծրագրից, դա անել Հայաստանում. ուզո՞ւմ էք զօրքը ելակ ուտի, թող դա լինի Հայաստանում: Բացատրեմ՝ ինչու. որովհետեւ, երբ սկսւում է պատերազմը, քաղաքացիական կազմակերպութիւնները, որոնք պէտք է մատակարարեն բանակի սնունդը, չեն կարող գալ, հասնել, եւ դա նորմալ է, որովհետեւ զօրքը պէտք է ունենայ զէնք եւ ուտելիք: Երբ սկսւեց պատերազմը, այդ մարդիկ օբիեկտիւ պատճառներով չէին կարող մատակարարել ոչ միայն ելակը, նաեւ հացը եւ միսը, եւ զօրքը մնաց սոված»։

3. Ի տարբերութիւն նախորդների, որպէս յեղափոխութեամբ ընտրւած լեգիտիմ ղեկավար՝ Փաշինեանը աւելի բացայայտ է ցուցադրում իր լիբերալ եւ աջ գաղափարները, նրա խօսքն է. «աղքատութիւնը մարդկանց ուղեղում է», Կուռթան գիւղում աղքատ, հիւանդ գիւղացու կացարան ստանալու խնդրանքին պատասխանում է՝ առողջ տղամարդը, առողջ տղամարդուց տուն կուզի, աշխատանքային իրաւունքը ոտնատակ անելով հրապարկայնօրէն ստիպում է մաքսատան աշխատողին ազատւել աշխատնքից այն բանի համար, որ գրասենեակում անկիւնում Հայաստանի դրօշը գետնին դրւած է եղել։

Ընդդիմութիւնների ամենակրկնւող բնութագրումը իշխանութիւններին թալանչիներն էր։ Աւելի ծայրայեղացրեց այս մեղադրանքը 2008-ի նախագահական ընտրութիւնների թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը, որ իշխանութիւններին որպէս թալանչի անւանեց մոնղոլ թաթարներ։ Հէնց այդ թւին որպէս Տէր-Պետրոսեանի գլխաւոր զինակից յայտնի դարձաւ այսօրւայ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, որ իր նախկինների հասցէին թալանչի որակումը իր բերանից մինչեւ հիմա չի իջեցնում։ Թէ ինչ է նշանակում թալանչի, չեն ասում, փորձենք հասկանալ։

Եթէ պետական ձեռնարկութիւնների սեփականշնորհումն է, ապա ամենախոշոր սեփականաշնորհումները եղել են Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան ժամանակ:

Լրագրող Արա Մարտիրոսեանը գրում է. «Լեւոն Տէր-Պետրոսեանի օրօք՝ մինչեւ 1997 թւականը, մասնաւորեցւեց 4917 օբիեկտ, իսկ պետական բիւջէ մուտք գործեց ընդամենը 40.2 մլրդ դրամ։ Համեմատութեան համար նշենք, որ 1997-2007 թւականներին կամ Ռոբերտ Քոչարեանի վարչապետութեան, ապա՝ նախագահութեան շրջանում սեփականաշնորհւեց 230-ով պակաս օբիեկտ, բայց պետութիւնը ստացաւ 122 մլրդ դրամ եւ 108 մլն դոլար (կամ մօտ 52 մլրդ դրամ)»։

Մի օրինակ, Երեւանի հսկայ գինու գործարանը սեփականաշնորհւել էր 1996-ին մօտ 100 հազար դոլարով։

Եթէ թալանը բիւջէի միջոցները իւրացնելն է, ապա նոր իշխանութիւնները բացայայտօրէն են իւրացնում՝ իրենք իրենց աշխատավարձերը բարձրացնելով եւ պարգեւավճարներ տալով (իմքայլական պատգամաւորներն ու պաշտօնեաները 20 ամսում ստացել են 108 միլիոն դոլարի չափ պարգեւավճար)։

Այսուհանդերձ, Հայաստանում վերջին 26-27 տարիներին մի գաղափարական պայքար գնում է, որի առանցքը Արցախն է։

Մի կողմը վստահ է, որ Հայաստանի աղքատութիւնը Ադրբեջանի հետ հակամարտութեան պատճառով է, հաւատում է կամ հաւատացնում է, որ Հայաստանը կարող է եւ պէտք է բարեկամանայ իր հարեւանների հետ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի, որի շնորհիւ երկիրը շրջափակումից դուրս կը գայ, կոմունիկացիաները կը բացւեն, եւ երկիրը արագ կը զարգանայ, որ ինչպէս Եւրոպայում նախկին թշնամիները կողք կողքի բարեկամաբար ապրում են, այնպէս էլ դա հնարաւոր է այս տարածաշրջանում։ Ուղղակի դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը Թուրքիային չգրգռի Հայ Դատի պահանջներով, իսկ ամենակարեւորը՝ զիջումների գնայ Ադրբեջանին։

Այլ կերպ ասած, նրանք Արցախը եւ Հայ Դատը որպէս գին վճարելով ուզում են ձեռք բերել թուրքերի եղբայրութեանը։

Այս գաղափարի հիմնադիրն է առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետորսեանը իր շրջապատով, ներկայացուցիչներն են նաեւ նոր իշխանութիւնները (Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը առանձնացել է Տէր-Պետրոսեանի ՀԱԿ-ից)։ Նրանց կոչենք ֆրատերականներ (եղբայրականներ, Տէր-Պետրոսեանը 2008-ին յայտարարում էր, որ հայերն ու ադրբեջանցիները քիրւայութիւն են արել)։

Այդ շրջանակները, անկարող լինելով խոստովանել, որ Հայաստանի աղքատ լինելը իրենց վարած լիբերալ քաղաքականութեան հետեւանքն է, ճգնաժամի մեղքը գցեցին Արցախի վրայ: «Արցախը յանձնենք, լաւ կապրենք» մտայնութիւնը սկսեց ակտիւօրէն տարածւել։ Հէնց այս թեզերի վրայ էլ հիմնւած էր 1997-ին ԼՏՊ-ի կողմից ընդունւած ղարաբաղեան կարգաւորման փուլային տարբերակը, որով զիջում էին անվտանգութեան գօտին, իսկ Արցախի կարգավիճակը թողնում ապագային։

Նրանց գաղափարական հակառակորդները պնդում էին, որ ոչ, Հայաստանի ճգնաժամի պատճառը սխալ տնտեսական քաղաքականութիւնն է, որ ինտերնետի դարում Հայաստանը կարող է զարգանալ նաեւ փակ սահմաններով (այս խօսքը ասել է Ռոբերտ Քոչարեանը 1998-ին անվտանգութեան նիստում)։ Եւ որ Արցախը ոչ թէ բեռ է այլ արժէք, որ խթանում է լուրջ նպատկներ իրագործել(կրկին Քոչարեան), որ միայն Արցախի անկախութեան նպատակը ժողովրդին համախմբում է առաւել արդիւնաւէտ ու անվտանգ պետութիւն կառուցելու շուրջ ու նպաստում ժողովրդի գոյատեւմանը, իսկ միայն գոյատեւման խնդիր ունեցող ժողովուրդները չեն էլ գոյատեւում(Վազգէն Մանուկեան)։

Նրանց անւանենք սուրւիւալիստներ՝գոյատեւմանը սպառնացող վտանգը կանխատեսողներ եւ դիմակայողներ: Սուրվիւալիստները համոզւած են, որ Հայաստանը մի տարածաշրջանում է, ուր բազմաթիւ կրօնական, ազգային, աշխարհաքաղաքական հակամարտութիւնների պատճառով մօտ ապագայում տեւական խաղաղութիւն անհնար է: Այն խմորումները, որոնք Եւրոպայում աւարտւեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ, Միջին Արեւելքում եւ յարակից տարածքներում նոր թափ են հաւաքում ու յղի են անկանխատեսելի աղէտներով, եւ պոտենցիալ վտանգների նկատմամբ զգօնութեան թուլացումը կը յանգեցնի հայ ժողովրդի նոր ցեղասպանութեան։ Անմիջական վտանգը Ադրբեջանից է, ապա` Թուրքիայից, քանի որ չեն ճանաչում իրենց կատարած մեծ ոճիրը՝ հայերի ցեղասպանութիւնը, ու որպէս դրա շարունակութիւն` չեն ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը։ Հետեւաբար, պէտք է հասնել Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը, որից յետոյ երբ թուրքական պետութիւններն էլ համակերպւեն Արցախի անկախութեան հետ, նրանց հետ յարաբերութիւններ հաստատել։ Իսկ մինչ այդ Արցախի ինքնորոշման արդար պահանջը պաշտպանելու եւ երկրի անվտանգութեան համար անհրաժեշտ է մշտապէս մեծացնել ռազմական պաշտպանութիւնը, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է Հայաստանի միակ ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ յարաբերութիւններն ամրացնել՝ կատարելագործելու համար անվտանգութեան համակարգը։

Այս գաղափարական դաշտում են ղարաբաղեան քաղաքական շրջանակները Ռոբերտ Քոչարեանի հեղինակութեամբ, ընդդիմադիր Հայրենիքի փրկութեան շարժումը, որի մէջ 17 կուսակցութիւններից են Դաշնակցութիւնը, Մէկ Հայաստան կուսակցութիւնը, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցեանն իր ղեկավարած Հայրենիք կուսակցութեամբ, նախկին իշխող Հանրապետական կուսակցութիւնը, շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը։

Արցախեան գաղափարի կողմնակիցները 1998-ին տապալեցին Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութիւնը, եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարեանը դարձաւ Հայաստանի նախագահ։ Հայաստանը իրօք զարգացաւ: Աղքատութեան մատնւած երկիրը սկսել էր ուշքի գալ:

Մի քանի փաստեր.

Մի քանի տարում երկրի ՀՆԱ-ն աճել էր 6 անգամ, 1998-ին 2 միլիարդ դոլար էր, 10 տարի անց՝ 2008-ին, 12 միլիարդ դոլար, 2000-ականներին ՀՆԱ-ի տարեկան աճը 10.5 տոկոս էր։ 1998-ին բիւջէն 300 միլիոն դոլար էր, 10 տարի անց՝ 2 միլիարդ դոլար, տարեկան տնտեսական աճը մօտ 12 տոկոս էր (միայն անասնագործութեան մէջ 2000-2007 թւերին ՀՆԱ-ն աճել է 90 տոկոսով, 32 տոկոսով աճել է տաւարի գլխաքանակը, մինչեւ թռչնամիս ու ձու ներկրող երկրում 2000 թւից դրանց արտադրութիւնն այնքան աճեց, որ արտադրածի 20 տոկոսը սկսեց արտահանւել):

1998-ին երկրում աղքատութիւնը 55 տոկոս էր, իսկ ծայրայեղ աղքատութիւնը՝ 22 տոկոս, 9 տարի անց 2007-ին աղքատութիւնը իջաւ 25 տոկոսի, այսինքն երկու անգամ կրճատւեց, իսկ ծայրայեղ աղքատութիւնը իջաւ մինչեւ 4 տոկոս, այսինքն՝ կրճատւեց մօտ 6 անգամ։

Տնտեսութեան բարելաւմանը զուգընթաց արտագաղթի տեմպերը նւազեցին այնքան, որ արտագաղթը կանգնեց, 2004-2006 թւերին 35 400-ով աւել մարդ մուտք էր գործել երկիր, քան հեռացել։

Փոխւեց նաեւ ղարաբաղեան կարգաւորման գործընթացը, 2007 թւականին ընդունւած Մադրիդեան սկզբունքներում միջազգային հանրութիւնը՝ յանձին Մինսկի խմբի եռանախագահների, ճանաչեց Արցախի ինքնորոշման իրաւունքը։

Սակայն 2008-ից յետոյ, երբ նախագահ դարձաւ Քոչարեանի զինակից Սերժ Սարգսեանը, երկիրը սկսեց ճահճանալ, կրկին աղքատութիւնը տարածւեց, 2009-ին Հայաստանը տարեկան ՀՆԱ-ի նւազմամբ աշխարհում առաջին տեղերից էր, 10 տարիներին երկրից արտագաղթեց մօտ 300 հազար հոգի։

Ահա այս պայմաններում, երբ Սերժ Սարգսեանը, սահմանադրութիւնը փոխելով ցանկանում էր վարչապետի պաշտօնում յաւերժացնել իր իշխանութիւնը, Նիկոլ Փաշինեանը օգտւեց երկրում տիրող դժգոհութիւններից, իշխանութիւնը գրաւեց եւ ի վերջոյ կատարեց ֆրատերականների իղձը։

2018-ի աշնանը Դուշանբէում Փաշինեանը Ալիեւի հետ հանդիպմանը խոստացաւ զիջումներ, սահմանին դադարեցին կրակոցները, պաշտօնական մակարդակով՝ հանրային հեռուստատեսութեամբ սկսւեց՝ «հասարակութիւնը խաղաղութեան պատրաստելու» քարոզչութիւն, Փաշինեանի տիկին Աննա Յակոբեանը սպառազինւելուց հրաժարւելու կոչեր արեց եւ ցուցադրեց զարդեր, որոնք զէնքերից էին ձուլւած։ Ապա Փաշինեանը բանակցային ամբողջ գործընթացից ու պայմանաւորւածութիւններից հրաժարւեց, յայտարարեց, որ բանակցութիւնները իր կէտից է սկսում, եւ ջրեց 2016-ի պատերազմից յետոյ ձեռք բերւած սանկտպետերբուրգեան եւ Վիեննայի՝ սահմաններին կրակի դադարեցման վերահսկման համաձայնութիւնները, հրաժարւեց Արցախի ինքնորոշման գաղափարից, յայտարարեց Արցախը Հայաստան է եւ վերջ, ի վերջոյ, բանակցութիւնները մտցրեց փակուղի, որն էլ յանգեցրեց 44 օրեայ պատերազմին ու պարտութեանը. արդիւքում նոյեմբերի 9-ին ստորագրեց պարտութեան յայտարարութիւնը։

Տեսակէտ կայ, որ Փաշինեանը հաշւի առնելով այն, որ հանրային տրամադրութիւնները իր դէմ կուղղւեն, եթէ խաղաղ պայմաններում գնայ զիջումների, հրահրեց պատերազմ, որ զիջումներն այդ ճանապարհով արւեն։ Պատահական չի, որ պարտութիւնից անմիջապէս յետոյ, դեռ աճիւնները չթաղւած, հազարաւոր անհետ կորածների մարմինները յայտնաբերւած չէին, գերիներին չազատագրած, իշխանութեան ներկայացուցիչները անմիջապէս սկսեցին խօսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ դիւանագիտական եւ առեւտրական յարաբերութիւնների անհրաժեշտութեան մասին: Նոյեմբերի 29-ին էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբեանը ասաց․ «Սահմանների բացումը լայն հնարաւորութիւն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան եւ այլ երկրներ աւելի յարմար ճանապարհներով, քան մինչեւ հիմա են անում։ Բացւելու են թուրքական նաւահանգիստները եւ ընձեռւելու են բազմաթիւ լայն հնարաւորութիւններ։ Միգուցէ նաեւ բացւի Ադրբեջանի շուկան մեզ համար, եւ մեր շուկան՝ Ադրբեջանի համար, եւ պէտք են գալու մարդիկ, որ կարողանան օգտւել դրանից»: Դեկտեմբերի 1-ին Իմ քայլի պատգամաւոր Հայկ Գէորգեանը աւելացրեց․ «Եթէ մեր ապրանքը կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մէջ որեւէ վատ բան տեսնո՞ւմ էք դուք»։ Իմ քայլի մէկ այլ պատագամաւոր՝ Անդրանիկ Քոչարեանը խօսում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առեւտրային եւ դիւանագիտական յարաբերութիւնների անհարժեշտութեան մասին:

Իմ քայլի մէկ այլ պատգամաւոր՝ Անուշ Բեղլոյեանը միջազգային քննարկմանը յայտարարեց, թէ կարեւոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը, մենք պէտք է առաջ նայենք, չվերադառնանք անվերջանալի քննարկումներին՝ ով է եղել առաջինը։

Հէնց այն պահին, երբ դեռ ադրբեջանական բանտերում տարբեր հաշւարկներով 150-360 հայ գերիներ են տանջւում:

Փաշինեանն էլ անընդհատ կրկնում է Նախիջեւանի երկաթգծով աշխարհ դուրս գալու հնարաւորթիւնից։ Իսկ յունւարի 11-ին վարչապետ Փաշինեանը Ադրբեջանի հետ ճամփաների բացման պայմանագիր է ստորագրում, եւ յայտարարում, թէ այն «ամբողջութեամբ կը փոխի տարածաշրջանի տնտեսական իրադրութիւնը»։

Թուրքադրբեջանական շրջափակումից դուրս գալու հայ օլիգարխիկ որոշ շրջանակների եւ նրանց յարող նէոլիբերալ քաղաքական ուժերի գաղափարը այնպիսի սեւեռուն միտք է դարձել, որ նոյնիսկ մեծ ողբերգութիւնը նրանց վրայ ոչ մի զգացմունքային ազդեցութիւն չթողեց: Հակառակը, այդ ողբերգութիւնը դիտարկում են մի բեռից ազատագրում, որը հնաւորութիւն կը տայ իրենց բեռները տանել բերել Թուրքիա ու Ադրբեջան։

Այսպիսով, խաղաղութեան մասին ամենաբարձր խօսողները երկիրը տարան պատերազմի ու աղէտի։

Արտաքին մարտահրաւէրների բերումով փաստօրէն, սուրվիւալիստները ֆրատերականների համեմատ մի փոքր աւելի չափաւոր լիբերալներ էին:

Սամիր Ամինի բնորոշմամբ մոնոպոլ կապիտալիզմի եռեակը (ԱՄՆ-ի գլխաւորութեամբ Եւրոմիութիւնն ու Ճապոնիան), հետեւողականօրէն ձգտում է տիրանալ ամբողջ աշխարհի ռեսուրսներին, եւ այս պայմաններում նա անհրաժեշտ է համարում, որ միւս երկրները՝ թէկուզ կապիտալիստական, դիմադրեն այս մոնոպոլիստական յաղթարշաւին։ Ռուսաստանը՝ աշխարհի ամենահարուստ ռեսուրսներով երկիրը, այդ դիմադրութեան առաջամարտիկն է, հետեւաբար Հայաստանը որպէս Ռուսաստանի դաշնակից ներգրաււեց նրա ստեղծած դիմադրութեանը՝ Եւրասիական տնտեսական միութեանը։

ԵԱՏՄ-ին միանալուն դէմ է քւէարկել Ազգային ժողովում ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինեանը իր Ելք դաշինքով։ Ֆրատէրականները գտնում են, որ հայ ադրբեջանական բարեկամութեան խոչընդոտը Ռուսաստանն է, քանի որ հակամարտութիւնում Արցախը պաշտպանելու համար երկիրը անհրաժեշութիւն ունի սպառազինութեան, կախման մէջ է ընկնում իր հիմնական մատակարար Ռուսաստանից, եւ որ Ռուսաստանն էլ Արցախի հակամարտութեան շնորհիւ իր ազդեցութիւնն է պահում Կովկասում: Չլինի Արցախի հարցը, նրա ազդեցութիւնը կը վերանայ։ Իսկ միւս խոչընդոտը Արցախի ժողովուրդն է, ղարաբաղցիները, որոնք չեն ցանկանում զոհաբերւել հայ-թուրք-ադրբեջանական բարեկամութեան հեռանկարին։

Պատահական չէ, որ 2008-ին նախագահական ընտրութիւններում Տէր-Պետրոսեանին աջակցում էին բոլոր հակառուսական ուժերը, եւ այդ ժամանակ վերելք ապրեց հակաղարաբաղցիական հռետորութիւնը: 2008-ի մարտի մէկի բախումներին Նիկոլ Փաշինեանը յայտարարում է. «Այսօր մենք մեր քաղաքը պէտք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։

Այս մօտեցումը նրանց բնական դաշնակից է դարձնում մոնոպոլ կապիտալիզմին, որը Ռուսաստանի շուրջ օղակը հետեւողականօրէն սեղմում է՝ նրա հարեւան երկրներում հրահրելով գունաւոր յեղափոխութիւններ Ռուսաստանի ազդեցութիւնը վերացնելու համար։

Գրեթէ նոյն կարգախօսներով՝ «թալանեցին երկիրը», «կոռուպցիայի դէմ պայքար», Վրաստանում, Ուկրայինայում եւ Հայաստանում եղան գունաւոր յեղափոխութիւններ, որոնք համակարգային ոչ մի փոփոխութիւն չբերեցին, ճգնաժամերը խորացրին, բերեցին մեծ կորուստների՝ Վրաստանում Վրաստանի իշխանութեան տակ գտնւող Կոդորի կիրճը անցաւ Աբխազիային, Ախալգորիի շրջանը Օսեթիային, Ուկրայինան կորցրեց Ղրիմը, մխրճւեց քաղաքացիական պատերազմի մէջ։ Բայց օգտւեց Արեւմուտքը՝ Վրաստանն ու Ուկրայինան թշնամացնելով Ռուաստանի հետ։

Ի վերջոյ հերթը հասաւ Հայաստանին։

Սուրվիւալիստների եւ ֆրատերականների հակամարտութիւնում 2018-ին ֆրատերականների յաղթանակը պայմանաւորւած էր գլխաւորապէս արեւմտեան գործակալական ցանցերի աշխատանքով։

Իհարկէ, այն, ինչ հնարաւոր էր Ուկրայինայում եւ Վրաստանում՝ մինչեւ վերջ կապերը խզեցնել Ռուսաստանի հետ, Հայաստանում աւելի դժւար էր․ տարեկան հարիւր հազար հայ արտագնայ աշխատանքի է մեկնում Ռուսաստան, հայկական հասարակութիւնը գիտակցում է, որ եթէ ռուսական սահմանապահները հանւեն Հայաստանից, Թուրքիան հնարաւորութիւն կը ստանայ ներխուժել: Եթէ Թուրքիան ներխուժում է իր երէկւայ բարեկամ Սիրիայի տարածք, ինչն է խանգարում, որ չներխուժի Հայաստան, որի ժողովրդին իր առաջին թշնամիների շարքն է դասում։

Այսուհանդերձ, հայկական յեղափոխութիւնը Հայաստանի հնարաւորութեան սահմաններում հասաւ իր գլխաւոր խնդրին՝ հնարաւորինս խաթարւեցին Ռուսաստանի հետ յարաբերութիւնները։

2018-ի յեղափոխութեան առաջամարտիկները արեւմտեան ֆինանսաւորմամբ գործող քաղաքացիական հասարակութիւնն էր, որի ներկայացուցիչները մխրճւեցին կառավարման համակարգ, Փաշինեանի գլխաւորութեամբ խարխլեցին Հայաստանի անվտանգութեան համակարգը՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները լարեցին ու Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ պատերազմի դուռ բացեցին։

Արցախեան վերջին պատերազմը մեկնաբանւում է նաեւ որպէս Թուրքիայի միջոցով Արեւմուտքի կողմից Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու դաւադրութիւն։ Պատահական չի, որ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը դէմ քւէրակեց կրակի դադարեցման բանաձեւին։

Նրանք՝ այդ արեւմուտքից սնւող քաղհասարակութիւնը, Մարդու իրաւունքները, կոռուպցիայի դէմ պայքարի հռետորաբանութիւնը օգտագործում էին նախկին իշխանութիւնների դէմ որպէս գործիք, որ տապալեն Հայաստանի յարաբերութիւնները Ռուսաստանի հետ։

Նրանք տէրպետրոսեանական շրջանկների հետ թմբկահարում էին, թէ վերջին 20 տարում է երկիրը թալանւել, մարդու իրաւունքները խախտւել, այսինքն այն տարիներին, որոնց ընթացքում իշխանութեան են եղել նրանք, ովքեր ղարաբաղեան համակարտութեան լուծումը տեսնում էին Արցախը Ադրբեջանի կազմից դուրս։

Իրականում, Հայաստանի ամենածանր տարիները՝ թէ՛ տնտեսական, թէ՛ մարդու իրաւունքների ոտնահարման տեսանկիւնից, եղել են մինչեւ 1998 թ․ Տէր-Պետրոսեանի կառավարման շրջանը։

Ըստ ՄԱԿ-ի եւ ՀՀ վիճակագրութեան ներկայացրած տւեալների արտագաղթը 91-96 թւերին կազմել է 677000: 90-ականներին 3 միլիոն 802 հազար բնակչութիւն ունեցող երկրից գնացել է 920 հազարը (Տէր-Պետրոսեանի կառավարման տարիներին ըստ վիճակագրութեան ծառայութեան տւեալների 1992-1997թւերին երկիրց հեռացել է 584 հազար մարդ

Խորհդային վերջին տարիներին, երբ երկրի բնակչութիւնը կէս միլիոնով աւել էր, մահերը աւելի քիչ էին. այսպէս ըստ վիճակագրութեան ծառայութեան տւեալների, 1990-ին մահացել է 21993 մարդ, իսկ 8 տարի անց 1998-ին՝ 1200-ով աւել` 23210 մարդ։

Ծնունդներն էլ կրկնակի նւազել էին. 1990-ին եղել է 79882 ծնունդ, իսկ 8 տարի անց 1998-ին երկու անգամ պակաս 39366 ծնունդ։

Ըստ 1996 թւի ՄԱԿ-ի տւեալների, 23.9 տոկոսը ապրում էր ծայրայեղ աղքատ, 82.4 տոկոսը վատ, միայն 13.2տոկոսն էր բաւարար, եւ 4.4 տոկոսը լաւ կամ շատ լաւ (Էդիկ Մինասեան «Հայոց նորագոյն պատմութեան քառորդ դարը»):

ԱՄՆ Մերիլանդի համալսարանի գիտնականների խմբի մշակած polity index գրաֆիկում երեւում է ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վիճակը Հայաստանում անկախութեան 24 տարիներին՝ մինչեւ 2013թ.։ Հետազօտութիւնը ներառում է աշխարհի բոլոր երկրները, ուր մի ծայրում -10-ն է` ամենաբռնատիրականը, որ ունի, օրինակ, Հիւսիսային Կորէան, միւս ծայրում +10-ն է` ամենաժողովրդավարականը, որտեղ Շւէյցարիան է։ Հայաստանը անկախանալուց կարճ ժամանակ անց՝ Տէր-Պետրոսեանի նախագահութեան տարիներին, կտրուկ անկում է ապրել մինչեւ -6՝ հասել դէպի բռնապետութիւն, եւ միայն նրա տապալումից յետոյ` 1998-ից սկսած, 9 կէտով բարձրացել է, բայց 6-ից չի անցել։

Արդէն առաւել պարզ է, որ թալանի եւ իրաւախախտումների դէմ պայքարի տակ թաքնւած էր միջազգային դաւադրութիւն՝ Հայաստան Ռուսաստան դաշինքի եւ Արցախի ինքնորոշման դէմ։

Այդ մոնոպոլ կապիտալիզմը անմիջականօրէն հակառուսական հռետորութեամբ չի ներխուժում երկրներ, թաքնւած է իրաւապաշտպան ծրագրերի յետեւում, նրանց ֆոնդերն են Հայաստանում ֆինանսաւորում միասեռականների իրաւունքների պաշտպանութեան, ֆեմինիստական ծրագրերը, հայրիշխանական համակարգի քննադատութիւնը: Եւ ուրեմն, պարադոքսը՝ մի կողմից հայ ձախական որոշ շրջանակներ առաջնային են դարձրել միասեռականների իրաւունքների պաշտպանութեան, հայրիշխանութեան դէմ պայքարը, միւս կողմից խօսում են նէոլիբերալիզմին դիմադրելու մասին, երբ հէնց նէոլիբերլիզմն է «միասեռականների պաշտպանութեան» ու «հայրիշխանութեան դէմ պայքարի» առաջամարտիկը։

Այո, Հայաստանում պահպանողական շրջանակների կողմից սեռական փոքրամասնութիւնները ճնշումների են ենթարկւում, բայց նրանք աշխարհի հզօրների պաշտպանութեան տակ են, եւ ֆինանսաւորւող մի շարք հասարակական կազմակերպութիւններով ազատ գործում են։

Նէոլիբերալ գլոբալիզացիայի գործիքներն են մարդու իրաւունքները, անձնական ազատութեան քարոզը, որոնցով Արեւմուտքի գործակալական ցանցերը սողոսկում են իրենց շահերին դիմադրող երկրներ եւ գունաւոր յեղափոխութիւններ անելով՝ մոնոպոլ կապիտալին առաւել ինտեգրւած արմատական ազատականներին իշխանութեան բերում։

Միասեռականների ճնշումները նոյնպէս դասկարգային բնոյթ ունեն մանաւանդ Հայաստանի պէս երկրներում. «Հոմոսեքսուալութիւնը մինչեւ այժմ էլ հարուստների արտօնութիւնն է եւ այն աղքատների համար է վերածւում ծանր բեռի»(Իւան Օւսիաննիկով)։ Այսպիսով, Հայաստանում ձեւաւորւում է արեւմտեան առատ ֆիասնաւորմամբ միջին բուրժուազիայի վերածւած իրաւապաշտպանների, եւ նաեւ միասեռականների պաշտպանւած խաւ, որը արեւմտեան քաղաքական շահերն է տանում Հայաստանում(նրանք բոլորը հակառուսական քարոզչութիւն են անում, եւ աջակցում են կապիտուլիանտ իշխանութեանը), եւ հայրենասէր անձանց մէջ յաւելեալ տրամադրութիւններ ստեղծում ընդդէմ միասեռականների, իսկ հարւածը իջնում է միայն աղքատների վրայ։

Նէոլիբերալ ֆոնդերը՝ Սորոսի, ամերիկեան յատուկ ծառայութեան հետ կապւած NED հիմնադրամները եւ այլն, Հայաստանում շռայլօրէն ֆինասաւորում են տարատեսակ իրաւապաշտպան շարժումները, նաեւ հայ-թուրքական բարեկամութեան ծրագրերը (որոնցից մկում թուրք եւ հայ գործիչները քննադատում են Հայաստանի պատմութեան դասագրքերը՝ որպէս միլիտարիստական)։ Նրանք կա՛մ օգտագործում են ճնշւած խմբերի դժգոհութիւնը, կա՛մ արտադրում են ճնշւած խմբեր իրենց դժգոհութիւններով եւ նրանց դարձնում իրենց շարասիւնը Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ քանդելու համար։ Այդպէս, արեւմտեան ֆինասաւորմամբ ամբողջ քաղաքացիական հասարակութիւնը հակառուս քարոզչութիւն է անում(տես. Վահան Իշխանեան. «Սառը պատերազմները, «ժողովրդավարութեան արժէքների գործակալները» եւ Հայաստանի անվտանգութեան սպառնալիքը եւ «Արձանագրել քաղաքացիական հասարակութեան տարածքը զաւթելու փաստը»

Իսկ, ահա Հայաստանի աղքատացած եւ շահագործւող դասակարգերը որբ են մնացել՝ չունենալով որեւէ քաղաքական պաշտպանութիւն, եւ նրանց դժգոհութիւնները դառնում է հումք իրենց հարստահարած դասակարգի կողմից իշխանութիւն վերցնելու համար։ Հայաստանում ձախը պէտք է դիրքորոշւի՝ դաշնակցո՞ւմ է միջազգային կապիտալի ֆոնդերի իրաւապաշտպան ծրագրերի՞ն, թէ՞ ձեւաւորւում այն ձախ դիմադրութիւնը, որ ե՛ւ աղքատ դասակարգերի շահերը պաշտպանի, ե՛ւ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անկախութեան գաղափարին թիկունք կանգնի։

Խօսք կայ՝ եթէ չես կերակրում սեփական բանակը, ստիպւած ես լինելու կերակրել թշնամու բանակը։ Այդ խօսքը շրջելով կասենք՝ եթէ չես ստեղծում քո փիլիսոփայութիւնը, ստիպւած ես լինելու թշնամու փիլիսոփայութիւնը որդեգրել։

Այսպէս՝ մեծ կայսրութիւնների տիրապետութեան դէմ առաջացած փիլսոփայութիւններն ու դիմադրութիւնները՝ անարխիզմ, ֆեմինիզմ, հակամիլիտարիզմ, հայրիշխանութեան քննադատութիւն, ներմուծւում են փոքրիկ, չորս կողմից թշնամի եւ կասկածելի հարեւաններին դիմադրող երկիր, եւ իրենց քարոզչութեամբ քայքայում դիմադրութիւնը։

Անարխիզմի ծագման երկիրը անծայրածիր Ռուսական կայսրութիւնն էր, ապա տեղափոխւել է համաշխարհային կայսերական տէրութիւններ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա եւ այլն, որոնցում իշխանութիւնը այնքան անսահման է, այնքան տարածւած, որ որպէս դիմադրութիւն առաջանում է պետութեան ժխտումը։ Եւ ահա, այդ «պետութեան ժխտումը» ներմուծւում է Հայաստան, մի երկիր, որի պետութիւնը ստեղծւել է արտաքին նւաճման դէմ, նաեւ կայսերական նւաճման դէմ, եւ «պետութեան ժխտում»-ով քայքայում է պետութեան դիմադրողականութիւնը։ Ինչ է ստացւում․ անարխիզմը, որ ստեղծւել էր կայսրութիւնների դէմ, վերածւում է կայսրութեան նւաճողական գործիքի՝ քանդելով իր դիմաց դիմադրութիւնները( ծանօթ են անարխիստներ, որոնք սորոսի ֆոնդից են ֆինանսաւորւում)։

Կամ հակամիլիտարիստական շարժումները, որոնք ուղղւած էին նւաճողական երկրների ռազմականացման դէմ, օրինակ, վերջին հակամիլիտարիստական շարժումները աշխարհի թիւ մէկ միլիտարիստ երկրի՝ ԱՄՆ-ի նւաճողական քաղաքականութեան դէմ, Հայաստան է ներմուծւում, եւ յայտնւում են չակերտաւոր «ձախեր», որոնք պայքարում են մի երկրի ռազմականացման դէմ, որը փորձում է դիմադրել իր ժողովրդի ցեղասպանութիւնը ծրագրած նւաճողների դէմ։ Հայաստանում ձախ դիրքորոշւող բազմաթիւ երիտասարդներ նախկին իշխանութիւններին թիրախաւորել էին նաեւ որպէս միլիտարիստներ։

Հայրիշախնութեան քննադատութիւնն ու ֆեմինզիմը նոյնպէս առաջացել են հզօր տիրապետութիւններում որպէս դիմադրութիւն նրանց նւաճողականութեան եւ ճնշումների։ Եւ ահա, այդ գաղափարները ներմուծւում են Հայաստան, եւ Հայաստանի յայտնի ֆեմինիստներից մէկը՝ Կանանց ռեսուրսների կենտրոն կազմակերպութեան ղեկավար եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցութեան անդամ Լարա Ահարոնեանը հարցազրոյցում ասում է. «Այն մարդիկ, որ կարծում են դա իրենց տարածքն է, բայց դա կարող է փոփոխական լինել, կարող է վաղը տեղափոխւեմ Ղարաբաղ, իմը լինելը չեմ հասկանում, դու էնտեղ ապրում ես ժամանակաւոր, հիմա քոնն է քոնը չի էդ կոնցեպտը շատ պատրիարխալ կոնցեպտ է։ Ամէն անգամ սեփականութիւնը, իմը իմը, տէրք»։ Զրուցակից իրաւապաշտպանը յեգնում է. «Բայց դա ազգային է»։ ֆեմինստը պատասխանում է՝ «Ազգայինն էլ շատ պատրիարխալ է»։

Այսպիսով, այն ինչ հիմնաւոր է հնչում ամերիկացի ձախի շուրթերից, որ իր նախնիների նւաճած տարածքը սեփականացնելը պատրիարխալ կոնցեպտ է, ներմուծւելով դիմադրող Հայաստան եւ Արցախ՝ աւերում է դիմադրութիւնը։ Եւ բազմադարեան մի ամբողջ մշակոյթ՝ իր եկեղեցիներով, բերդերով, կենցաղով, սովորոյթներով, վերածւում է նրանց աչքում սոսկ տարածքի, որ պատկանելիութիւն չունի, կարելի է յանձնել։

Ու մղկտում ենք, երբ աչքերիս առաջ տեսնում ենք ինչպէս են վանքերը անցնում ադրբեջանցիներին, տագնապով սպասում, որ նրանց էլ կը վիճակւի Ջուղայի խաչքարերի ճակատագիրը: Հարիւրամեակներով տարբեր նւաճողների կարողացել էր դիմադրել Արցախի ժողովուրդը, միաժամանակ կառուցել բերդեր եւ եկեղեցիներ, տնտեսական կառոյցներ, վերջին տարիներին յայտնի դարձած Կատարօ գինու գործարանը, եւ յանկարծ, մի դաւադրութեան արդիւնքում, քանդւում է ամբողջ դիմադրութեան համակարգը, եւ ոսոխը ներխուժում, գրաւում է Հադրութի ու Շուշիի շրջանները։ Տագնապով հետեւում ենք, որ յանկարծ հայկական առաջին դպրոցներից մէկը՝ չորրորդ դարի Ամարասի եկեղեցին էլ չանցնի ոսոխին, յոյսներս դրել ենք միայն Արցախի միւս շրջաններում օտար խաղաղապահների կասկածելի պաշտպանութեանը։ Հայաստան չկայ, Հայաստանի պաշտպանական համակարգը քանդւած- աւերւած է, հակամիլիտարիստական շարժումը յաղթանակել է, իսկ աւելի ճշգրիտ՝ թուրք-արեւմտեան դաւադրութիւնն է յաղթնակել, աւելի ճշգրիտ՝ թուրքական դաւադրութիւնը, քանի որ արեւմուտքի ծրագիրը լրիւ չիրականացաւ․ պատերազմի արդիւնքում Ռուսաստանը չհեռացւեց տարածաշրջանից, այլ եղաւ միակ շահագրգիռ կողմը, որ թոյլ չտւեց Արցախը ամբողջութեամբ գրաւի թուրք-ադրբեջանական դաշինքը եւ իրեն վերջնականապէս դուրս մղի տարածաշրջանից։

Վարչապետ Փաշինեանի խօսքն է՝ իզմերի ժամանակն անցել է։ Մի մտածողութիւն, որ շատ բնորոշ է յետսովետական լիբերալ մտաւորականութեանը, եւ ընդհանրապէս նէոլիբերալիզմին, որ վերացնելով բոլոր գաղափարախօսութիւնները հռչակում է յետգաղափարախօսութեան աշխարհ։

Իզմը բնորոշում է գաղափարախօսութիւն։ Գաղափարախօսութիւնը անձանց միջեւ համերաշխութիւն է բերում, գաղափարախօսութիւնն այն է, որ եսասիրութիւնը ստորադասում է վերանձնային հաւաքական գաղափարին։ Սակայն կայ մի իզմ, որը խրախուսում է եսասիրութիւնը՝ լիբերալիզմը կամ ազատականութիւնը, որ հիմնւած է անձի ազատութեան, անձնական շահի վրայ, իսկ երբ այդ լիբերալիզմը լրիւ «մաքուր» է, չունի այդ անձնական շահը բաւարարելու այլ շարժառիթ, քան ես-ն է, մերժում է իւրաքանչիւր հաւաքականութիւն, որ կարող է սահմանափակել անձի ազատութիւնը: Անձնական շահն աշխատում է միայն եսասիրութիւնը բաւարարելու համար, եւ լիբերալիզմը նոյնանում է էգոիզմին։

Հայաստանի անկախութիւնը բերեց նոր գաղափարախօսութեան տիրապետութեանը՝ լիբերալիզմին, որ մխրճւեց հասարակական կեանքի բոլոր ոլորտներ՝ ընտանիք, ընկերային յարաբերութիւններ, եւ խարխլեց հաւաքական ձգտումները։ Սոցիալիզմին փոխարինեց նրա հակապատկերը՝ լիբերալիզմ-էգոիզմով։

Սակայն դեռ կար մէկ այլ համախմբող գաղափար՝ Արցախի ազատագրութեան գաղափարը, որը որոշ չափով զսպիչ դեր խաղաց «մաքուր» ազատականութեան վրայ, եւ հէնց այդ գաղափարն էր եւ նրանով անհանգստութիւնը, որ 1998-ին իշխանութիւնից հեռացրեց «մաքուր» ազատականներին, եւ Հայաստանը մղեց որոշ զարգացման։

Այդ «մաքուր» ազատականները 20 տարի շարունակ հանրութեանը մոլորեցնում էին՝ 1998-ից ի վեր տնտեսական աճի, աղքատութեան նւազման տւեալները մոռացութեան մատնելով, իսկ այդ աճի հեղինակներին զրպարտելով ամենագեշ մեղքերի մէջ։ Նրանք իրենց նպատակին հասան՝ Արցախեան վերնախաւին մինչեւ վերջ վարկաբեկեցին։ Սակայն տնտեսական յաջողութիւնների նիւթական արտայայտութիւնները դժւար է քողարկել՝ Երեւանում Դաւթաշէնի կամուրջը, Օդանաւակայանի նոր շէնքը, Դիլիջանի թունելը, Թումոն, Աղէտի գօտու նոր թաղամասերը եւ այլն, եւ մանաւանդ Երեւանի ժամանցային կեանքը՝ ռեստորաններ, սրճարաններ, որտեղ սիրում է նստել քաղաքացիական հասարակութեան ողջ ներկապնակը։

Իզմերը ջնջելուց յետոյ մի հաւաքական զգացում է մնացել՝ Հայրենասիրութիւնը, բայց նա էլ է հարւածի տակ։

Հայաստանեան լիբերալ շրջանակները ծաղրում են նաեւ հայրենասիրութիւնը, Փաշինեանի գործընկեր «Անտարես» հրատրակչութիւնը մրցոյթ էր յայտարարել «Հայրենասիրութիւնը սրիկաների վերջին հանգրւանն է» թեմայով։ Այս խօսքը 18-րդ դարի անգլիացի բանաստեղծ Սեմուէլ Ջոնսոնն է ասել։ Պատկերացնենք Անգլիական կայսրութիւնը, ուր ասում էին արեւը մայր չի մտնում, եւ այդ կայսրութեան մէջ «հայրենասիրութիւն» հասկացութիւնը ինչ իմաստ կարող էր ունել՝ իհարկէ, նւաճողական։ Ահա ինչ է անում լիբերալիզմը, եւս մի փաստ, որ հակակայսերական գաղափարներն ու արտայայտութիւնները վերցնում, տեղադրում է ինքնապաշտպանութեան դատապարտւած փոքր ժողովուրդների վրայ, որ քայքայի համախմբող վերջին գաղափարը՝ հայրենասիրութիւնը։

Հայ ժողովրդի հաւաքականութեան քայքայումը, հայրենասիրութեան անկումը աղէտալի պատերազմի ժամանակ առաւել ցայտուն դարձաւ, Արցախի կորուստը, բազմաթիւ զոհերը, փախստականները շատերի կողմից անտարբերութեամբ ընդունւեցին, աւելին՝ բուն Հայաստանի տարածքների զիջումը Ադրբեջանին (այս պահին Շուռնուխի ու Որոտանի գիւղացիների տները իրենց հողամասէրով, որոնք Սովետական Հայաստանի կազմի մէջ են եղել, տրւեցին Ադրբեջանին) չեն անհանգստացնում Երեւանի բնակչութեանը: Քանի դեռ սահմանը իրենց չի հասել, անհանգստանալու կարիք չունեն, նրանց հայրենիքը նեղացել, դարձել է միայն սեփական տունը։

Եւ պատերազմի ժամանակ հինգ հազարից աւել զինւոր զոհաբերած, Արցախի Շուշին ու Հադրութի շրջանը թշնամուն յանձնած, Արցախի պետականութիւնը աւերած եւ պարտութիւնից յետոյ էլ Ադրբեջանի ամէն պահանջին պատրաստակամօրէն զիջող վարչապետ Փաշինեանը, որ յոյս է փայփայում զիջումներով հասնել բաղձալի բարեկամութեանը ու ճանապարհների բացւելուն, դեռ մնում է վարչապետի պաշտօնին եւ ունի աջակիցներ։

Բայց միեւնոյն է, այս իշխանութիւնը տապալւելու է այս կամ այն ձեւով։ Ով կը փոխարինի նրանց, Արեւմուտքի պլան երկո՞ւսը, թէ՞ Հայրենիքի փրկութեան շարժումը։ Եթէ Շարժումը գայ, կամրապնդի Հայաստանի անվտանգութեան համակարգը, գուցէ ներդրումների հնարաւորութիւն բացւի Ռուսաստանի հայերի համար, սակայն մնալով լիբերալ գաղափարախօսութեան շրջանակում կը կարողանա՞յ գոնէ ինչ-որ չափով յաղթահարել անհաւասարութիւնը ու անարդարութիւնը։ Իսկ եթէ շարունակի մնալ լիբերալ դեմոկրատիայի ընտրական մոդելի մէջ՝ ընտրութիւնները վերածելով մի շուկայի, որտեղ ով շատ փող դնի, կը յաղթի, ապա կրկին հնարաւորութիւն կը տայ, որ միջազգային կապիտալը իր մարդկանց բերի իշխպանութեան։

Ահա ձախը, որ երկրից երկիր տարբեր ու իրարամերժ կարող է լինել։ Հայաստանի դէպքում ձախը նախ պէտք է ձեւակերպի իր դիրքորոշումը Արցախի նկատմամբ որպէս արդարութեան կողմ, Արցախի ինքնորոշման պաշտպան, ապա Հայաստանի ներքին կեանքում մշակի այն հայեցակարգը, որը կը բերի հաւասարութեան ու արդարութեան մէջ նոր հաւաքականութեան գիտակցութիւնը եւ թոյլ չտայ, որ արտաքին գործակալական ցանցերը՝ խաղալով ներքին անարդար կեանքի զգացումների վրայ, խորտակեն հայրենիքը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։