Հա

Քաղաքական

08/04/2021 - 08:55

Ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառել կանանց նկատմամբ. նրանք քաշքշել եւ հարւածել են կանանց եւ բերման ենթարկել

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնած՝ Շառլ Ազնաւուրի հրապարակից դէպի ՀՀ կառավարութեան շէնք քայլերթի մասնակից կանայք կառավարութեան շէնքի մօտ վէճի են բռնւել ծառայութիւն իրականացնող ոստիկանների հետ։

«alikonline.ir» - «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնած՝ Շառլ Ազնաւուրի հրապարակից դէպի ՀՀ կառավարութեան շէնք քայլերթի մասնակից կանայք կառավարութեան շէնքի մօտ վէճի են բռնւել ծառայութիւն իրականացնող ոստիկանների հետ։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Ոստիկանները խիստ անյարգալից վերաբերմունք են ցուցաբերել ակցիայի մասնակից կանանց նկատմամբ: Նրանք անհամաչափ ուժ են կիրառել կանանց նկատմամբ՝ քաշքշելով եւ հարւածելով նրանց: Բողոքի ակցիա իրականացնող կանանցից ոմանք բերման են ենթարկւել ոստիկանութեան բաժին։

«Նորմա՞լ է, որ ոստիկանը կնոջը հարւածում է, 40 անց տիկնոջն անւանում է անասուն»,- բղաւել է ակցիայի մասնակիցներից մէկը։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներից Աննա Յակոբեանը, անդրադառնալով ոստիկանների գործողութեանը, շեշտեց․ «Կառավարութիւնում նստած են վախկոտներ, հերթական վախկոտ հրահանգն էր»։

Յիշեցնենք, որ երէկ՝ ապրիլի 7-ին Շառլ Ազնաւուրի հրապարակից տեղի է ունեցել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամների նախաձեռնած քայլերթը դէպի ՀՀ կառավարութեան շէնք՝ «դուրս շպրտելու ազգային ամօթի ու ողբերգութեան պատճառ դարձած դաւաճանին եւ իր թրքահպատակ խմբակին»:

Շարժման անդամ Աննա Յակոբեանը յայտնեց, որ քայլերթին միացել են կանայք, որոնք ունեն կամային ուժեղ յատկանիշներ, տրամադրւած են մարտական ու վճռական՝ պատրաստ կտրուկ գործողութիւնների։

«Անակնկալներ են լինելու այս կապիտուլեանտ իշխանութիւնների համար։ Այստեղ հաւաքւել են այն կանայք, որոնք պատրաստ են բերման ենթարկւել, քրէական գործ «շալակել», եթէ դրա կարիքը լինի։ Մենք օրինականութեան կողմնակից ենք եւ կռիւ չենք տալու ո՛չ շէնք-շինութեան, ո՛չ էլ օրէնքը պահող ոստիկանի հետ։ Կոնկրետ գործողութիւններ են լինելու, կանայք շատ մարտական եւ վճռական են տրամադրւած։ Ընտրւել է հէնց այս օրը՝ ապրիլի 7-ը, քանի որ յետպատերազմեան շրջանում ամենախոցւածը հէնց կանայք են։ Որդեկորոյս մայրերը, բացի բարոյահոգեբանական ընկճւած վիճակից, այսօր արդէն ունեն սոցիալական բազմաթիւ խնդիրներ։ Գերիների, անհետ կորածների մայրերն ամէն օր դժոխքի ճամփով են անցնում։ Այս անտաղանդ իշխանութիւնները ընդունակ չեն որեւէ հարց լուծելու»,- ասաց Յակոբեանը՝ շեշտելով՝ ՀՀ իշխանութիւնները միայն փայլուկ կերպով կարողանում են մատ թափ տալ հայ ժողովրդի վրայ եւ որեւէ ձեւով չեն հակադարձում Ալիեւին, Էրդողանին։

Ըստ նրա՝ ՀՀ իշխանութիւններն ամենօրեայ ռեժիմով սիրաշահում են թուրքերին։ «Օր օրի տեսնում ենք, թէ ինչպէս են Հայաստանի տարածքները զիջում։ Մենք այլեւս ունենք գոյութեան խնդիր։ Եթէ այսպէս շարունակւեց, այս կապիտուլեանտներն այլեւս իրենց աթոռները դնելու տեղ չեն ունենալու»,- նշեց Յակոբեանը։

Նա նաեւ ընդգծեց, որ «ՎԵՏՕ» շարժումը չունի քաղաքական ամբիցիաներ, հակառակ դէպքում՝  քաղաքական դաշտում յայտ կը ներկայացնէին, գրանցւած կը լինէին՝ որպէս կուսակցութիւն։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։