Հա

Քաղաքական

13/04/2021 - 11:10

«ՀՀ-ի ապաշնորհ քաղաքականութեան հետեւանքով էական փոփոխութիւններ են նկատւում նաեւ ռուս-թուրքական, հայ-թուրքական յարաբերութիւններում, եւ դա ի նպաստ մեզ չէ». Ռուբէն Մելքոնեան

Tert.am-ը թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանի հետ զրուցել է Ռուսաստան-Թուրքիա յարաբերութունների ներկայիս մակարդակի եւ դրա՝ արցախեան հիմնախնդրի վրայ ազդեցութեան մասին։ Ըստ նրա՝ Հայաստանի ապաշնորհ քաղաքականութեան հետեւանքով էական փոփոխութիւններ են նկատւում նաեւ ռուս-թուրքական, հայ-թուրքական յարաբերութիւններում, եւ այդ ընթացքը ամենեւին էլ ի նպաստ Հայաստանի չէ։

«alikonline.ir» - Tert.am-ը թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանի հետ զրուցել է Ռուսաստան-Թուրքիա յարաբերութունների ներկայիս մակարդակի եւ դրա՝ արցախեան հիմնախնդրի վրայ ազդեցութեան մասին։ Ըստ նրա՝ Հայաստանի ապաշնորհ քաղաքականութեան հետեւանքով էական փոփոխութիւններ են նկատւում նաեւ ռուս-թուրքական, հայ-թուրքական յարաբերութիւններում, եւ այդ ընթացքը ամենեւին էլ ի նպաստ Հայաստանի չէ։

 

- Պարո՛ն Մելքոնեան, ռուս-թուրքական յարաբերութիւններում նկատելի է մերձեցում, եւ դա անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վրայ։ Վերջերս Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջեւ կայացած հեռախօսային զրոյցում էլ անդրադարձ է եղել հիմնախնդրին։ Ձեր տպաւորութեամբ հարցի վերաբերեալ ի՞նչ դիրքաւորում ունեն նրանցից իւրաքանչիւրը։

- Կատարւել է Թուրքիայի տարիների ընթացքում ունեցած երազանքը՝ դառնալ Լեռնային Ղարաբաղի կարգաւորման գործընթացում միջնորդներից մէկը։ Հիմա նա ինչ-որ առումով մասնակից է բանակցային գործընթացում, եւ նրա նպատակները որոշակիօրէն իրականացել են։ Բայց նաեւ պէտք է փաստենք, որ Թուրքիայի մասնակցութիւնը արցախեան հակամարտութեան բանակցային գործընթացին դէ իւրէ ամրագրում չունի՝ չնայած, որ դէ ֆակտօ նա այս կոնֆլիկտի մէջ կայ, եւ դա դրսեւորւում է նաեւ ռուս-թուրքական տարբեր բանացութիւններում, կողմերի հեռախօսազրոյցներում եւ այլն։ Ամէն դէպքում, դա իրաւաբանօրէն ամրագրւած չէ։ Հիմնախնդրի կարգաւորմամբ զբաղւում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ինչքան էլ հիմա քաղաքականապէս գրեթէ գոյութիւն չունի, բայց իրաւական առումով այն միջազգայնօրէն ճանաչւած ձեւաչափ է եւ շարունակում է այդպիսին մնալ։

Ռուս-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ ես երկու դիտակում կանեմ։ Առաջինը՝ մենք պէտք է ֆիքսենք, որ այդ յարաբերութիւնները, իհարկէ, միշտ էլ գտնւում են հակասութիւնների ծիրում, որովհետեւ քաղաքական առումով ռուս-թուրքական յարաբերութիւնները մշտապէս կոնֆլիկտային են, բայց ֆենոմենալ է, որ կայ ռուս-թուրքական տնտեսական շահերի համընկնում, որը մշտապէս զուգահեռ ընթանում է քաղաքական տարաձայնութիւնների ֆոնին։ Այսինքն՝ ռուս-թուրքական յարաբերութիւնները շահերի եւ տարաձայնութիւնների միասնութիւն են, եւ մենք պէտք է դրանց այդ դիտանկիւնից էլ նայենք։

Դրա դրսեւորումը մենք տեսնում ենք նաեւ Ղարաբաղեան հակամարտութիւնում. Ռուսաստանի համար Թուրքիայի ե՛ւ մասնակցութիւնը, ե՛ւ ներկայութիւնը հակամարտութիւնում բնականաբար ոչ ցանկալի է, բայց ստեղծւած իրավիճակում Թուրքիան դարձել է Ռուսաստանի առնւազն զրուցակիցը։ Հեռախօսազրոյցներ են լինում նախագահների, արտգործնախարարների մակարդակով, որոնց առանցքում հիմնախնդիրն է, եւ այն դարձել է երկու երկրների յարաբերութիւններում կարեւորագոյն առանցքներից մէկը։

Երկրորդ դիտարկումս այն է, որ Թուրքիան, յատկապէս վերջին տարիներին փոխել է իր «քաշային կատեգորիան», ունի աւելի մեծ հնարաւորութիւններ, աւելի մեծ ներկայացւածութիւն աշխարհի, տարածաշրջանի քաղաքական կեանքում եւ բնական է, որ այն զսպման մեխանիզմները, որ Ռուսաստանն ունէր Թուրքիայի հանդէպ տարիներ առաջ, հիմա որոշակիօրէն փոխւել են։ Բնական է՝ խօսքը ռազմական բաղադրիչի մասին չէ, որտեղ Ռուսաստանը Թուրքիայի համար անհասանելի մրցակից է։ Քաղաքական այլ բնագաւառներում ռուս-թուրքական յարաբերութիւնների շփման մեխանիզմները փոխւել են եւ պարզ է, որ դա պէտք է դրսեւորւէր նաեւ աւելի տեսանելի քաղաքական տիրոյթում։ Հիմա ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւններում, խօսում է այն մասին, որ այդ երկու երկրների՝ միմեանց հետ շփւելու, միմեանց վրայ ազդելու, միմեանց ճնշելու եւ միմեանց հետ համագործակցելու խաղի կանոններն ու ոճն են փոխւել։ Այսինքն՝ այն հին պատկերացումները, որ «Ռուսաստանը չի թողնի, որ Թուրքիան սա անի», պէտք է սրբագրենք։ Խօսքը այլ Թուրքիայի մասին է, որը շատ առումներով, շատ հարցերում առաջ է քաշել իր ներկայացւածութեան մակարդակը, եւ դրա հետ աշխարհը, եւ այդ թւում, Ռուսաստանը, ստիպւած է հաշւի նստել։

 

- Ձեր ասածից ենթադրե՞նք, որ ռուս-թուրքական յարաբերութիւնների մերձեցումը աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանք է։ Իսկ դրան չեն նպաստե՞լ հայաստանեան իշխանութիւնները։

- Բնական է, որ Հայաստանի վարած, մեղմ ասած, ոչ գրագէտ քաղաքականութիւնը բազմաթիւ խնդիրներ է առաջ բերել ոչ միայն մեզ համար՝ էականօրէն անդրադառնալով մեր քաղաքական իմիջի, մեր սուբիեկտայնութեան վրայ, այլեւ՝ ազդել տարածաշրջանային իրողութիւնների վրայ։ Դրանց մէջ ռուս-թուրքական յարաբերութիւններն ամենացայտուն օրինակներից են։ Այն բացայայտ, վատ քողարկւած հակառուսական տրամադրութիւնները, որ կային իշխանութեան ներսում, դրա պատճառն են. այն շրջանակները, որոնք տարիներ շարունակ զբաղւել են հակառուսական քարոզչութեամբ, հիմա տիրապետում են լծակների իշխանութեան մէջ եւ նրանք են երբեմն պատասխանատուները հայ-ռուսական յարաբերութիւնների մակարդակի։ Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ այդ յարաբերութիւնները չեն կարող լինել նորմալ, եւ իրականում հայ-ռուսական յարաբերութիւններում շարունակ արձանագրւում են խնդիրներ Հայաստանի մեղքով, իսկ դա ազդում է տարբեր քաղաքական գործընթացների վրայ։

Այսինքն՝ ես կողմ եմ առաջին հերթին մեր մեղքերը, մեր սխալները մեր մէջ փնտրելուն, նոր անցնելուն դաշնակիցներին, հարեւաններին, հակառակորդներին, թշնամիներին եւ այլն։ Այնպէս որ, այո՛, Հայաստանի ապաշնորհ քաղաքականութեան արդիւնքում էական փոփոխութիւններ են նկատւում նաեւ ռուս-թուրքական, հայ-թուրքական յարաբերութիւններում, եւ այդ ընթացքը ամենեւին էլ ի նպաստ Հայաստանի չէ։

 

- Պարոն Մելքոնեան, յատկապէս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացում մենք ի՞նչ կարող ենք կորցնել ռուս-թուրքական յարաբերութիւնների բարելաւման արդիւնքում։

- Թուրքիայի նպատակները Արցախի հարցում, երեւի թէ, շատերին է յայտնի։ Թուրքիայի մասնակցութիւնը ԼՂ հիմնախնդրի բանակցութիւններին չի կարող որեւէ դրական տարր մտցնել։ Սա նաեւ լրացուցիչ հոգս ու մարտահրաւէր է Ռուսաստանի համար, որը փորձելու է ինչ-որ կերպ գոնէ զսպել թուրքական ախորժակը՝ կապւած Հարաւային Կովկասի հետ։ Թուրքիայի ներգրաւումն արցախեան հակամարտութիւնում ունենալու է շարունակական բացասական հետեւանքները։ Դրանցից առաջինը, եւ որը հիմա մենք տեսնում ենք Թուրքիայի դէ ֆակտօ եւ երբեմն դէ իւրէ ներկայութիւնն է Հարաւային Կովկասում, օրինակ` Աղդամում (թուրքական զինւած ուժերի ներկայութիւնը մոնիթորինգ անելու անւան տակ- Ռ. Մ.)։ Տեսանելի է նաեւ մեր սուբիեկտայնութեան կորուստը. չկայ, օրինակ, արցախեան հարցի շուրջ, օրինակ, հայ-թուրքական որեւէ բանակցութիւն, որեւէ քննարկում, բայց դրա փոխարէն մենք տեսնում ենք ռուս-թուրքական բանակցութիւններ, հանդիպումներ, որոնց առանցքն են Հայաստանը, հայ ժողովրդի ճակատագիրը, Արցախը եւ այլն։ Այսինքն՝ փոխւել է նաեւ կոնֆիգուրացիան։ Նորից՝ ինչպէս 100 տարի առաջ է, մեր հարցերը քննարկւում են առանց մեր մասնակցութեան։ Սա էլ առաջին բացասական հետեւանքներից է, որ Թուրքիայի ներգրաււածութիւնը հակամարտութիւնում առաջ է բերել։

 

- Չնայած Ձեր խօսքում ներկայացրիք, որ փոխւել է աշխարհաքաղաքականութիւնը, ըստ այդմ, Ռուսաստանի մօտեցումը Թուրքիայի նկատմամբ, բայց կուզէի Ձեր կարծիքն իմանալ՝ կա՞ն «կարմիր գծեր», որոնք Ռուսաստանը թոյլ չի տայ, որ Թուրքիան անցնի։

- Բնականաբար դրանք կան, որոնք առնչւում են Ռուսաստանին որպէս գերտէրութիւն։ Ռուսաստանը փորձելու է պահպանել տարածաշրջանում աւանդական ընկալումները ազդեցութեան բաժանման առումով։ Այսինքն՝ դա այն է, որ Թուրքիան այս տարածաշրջանում չի կարող ունենալ Ռուսաստանի հետ հաւասար ազդեցութիւն եւ ներկայացւածութիւն։ Այստեղ ես տեսնում եմ նաեւ որոշակի քաղաքական առեւտրի բաղադրիչ, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում ռուս-թուրքական յարաբերութիւններում, մենք տեսնում ենք, որ չի վերաբերում միայն Հարաւային Կովկասին, Արցախին. ինչ-որ մի բան Ռուսաստանը զիջում է այս տարածաշրջանում, մէկ այլ տարածաշրջանում ինչ-որ բան զիջում է Թուրքիան։ Այսինքն՝ Թուրքիայի ներխուժումն այս տարածաշրջան նրան հնարաւորութիւն է տալիս քաղաքական առեւտրի մէջ ունենալ նոր գործիքակազմ բանակցելու, ինչ-որ զիջումների հասնելու։ Այս առումով, Ռուսաստանը ենթադրում եմ, փորձելու է պահել «կարմիր գծերը»։ Իսկ թէ ինչքանով կը ստացւի, բարդ է ասել, բայց մենք պէտք է հասկանանք մի հանգամանք, որ Ռուսաստանը բացի մեր ռազմավարական դաշնակիցը լինելուց, նաեւ գերտէրութիւն է՝ գերտէրութեանը բնորոշ ատրիբուտիկայով՝ ազդեցութիւն, ներկայացւածութիւն եւ նաեւ որոշակի սահմանների պահպանում, որի խախտումը այլ պետութիւնների կողմից ուղղակի պատժւում է գերտէրութեանը բնորոշ մեթոդներով։

 

- Պարոն Մելքոնեան, արդեօք մեր գնացքն արդէն գնացե՞լ է, թէ՞ կարող ենք Ռուսաստանի հետ յարաբերութիւնների բարելաւման արդիւնքում փոխել իրավիճակն ի շահ մեզ։

- Քաղաքականութիւնը հնարաւորի արւեստ է, եւ ասելը, որ «մեր գնացքն արդէն գնացել է», այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ մարդկութեան պատմութիւնը հարուստ է բազմաթիւ օրինակներով, երբ կործանւած պետութիւնները ոչ միայն ոտքի են կանգնել, այլ նաեւ՝ զարգացել են։ Օրինակ՝ նոյն Գերմանիան Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ կործանւած, փլուզւած պետութիւնից դարձաւ զարգացած եւ Եւրոպայի լոկոմոտիւ համարւող երկրներից մէկը։ Բազմաթիւ այլ օրինակներ կարելի է բերել։ Ցաւօք սրտի, Հայաստանն իր այս նորանկախ փուլում հասել է որոշակի կայունութեան, որը նաեւ հիմք էր հետագայ զարգացման։

Մենք կորցրեցինք հնարաւորութիւնը, պատմութեան եւ պետութեան կայացման առումով մի քանի տասնամեակ յետ շպրտւեցինք եւ պէտք է սկսենք որոշակի զրոյական կէտից կայացնել մեր պետութիւնը, այդ թւում, մեր արտաքին քաղաքականութիւնը։

Բայց ուզում եմ լինենք լաւատես։ Մեր պատմութեան ընթացքում եղել են դրւագներ, որ Հայաստանը նոյնիսկ կորցել է պետականութիւնը, եւ կրկին վերականգնել է այն։ Ուղղակի ցաւալին այն է, որ անցեալի դասերը մեզ համար չեն դառնում ուղենիշ, եւ մենք շարունակ կրկնում ենք սխալները եւ յայտնւում ենք այսպիսի իրավիճակում։ Յոյս ունենամ, որ այս անգամ էլ մենք կարողանալու ենք յաղթահարել եւ բռնել զարգացման ուղին։ Դրա համար պէտք են համապատասխան գիտելիքներ, համապատասխան մօտեցում, որոնք անհամատեղելի են այսօրւայ իշխանութեան, այսօրւայ քաղաքական մտածողութեան հետ։ Հայաստանն ունենալու է նորից հնարաւորութիւն շտկելու իր մէջքը, ոտքի կանգնելու, բայց միակ ու առաջին պայմանը լինելու է այն, որ դա Հայաստանն անելու է առանց այս իշխանութեան։ Այս իշխանութեան գոյութեամբ Հայաստանը որեւէ շանս չունի առաջ գնալու, որովհետեւ այս իշխանութիւնը նշանակում է ապազգային մտածողութիւն, անգրագէտ մօտեցում եւ նշանակում է ապաշնորհ քաղաքականութիւն։

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։