Հա

Քաղաքական

13/04/2021 - 11:20

«Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը յամառօրէն չի նկատում, որ Փաշինեանը պահանջատիրութեան հարցը յօգուտ թուրքերի է լուծում՝ աշխատելով ԱՄՆ-ում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի դէմ». Մ. Մինասեան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է.

«alikonline.ir» - Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը ֆէյսբուքեան գրառում է արել, որում ասւում է.

«Այսօր ապրիլի 12-ն է։ 6 տարի առաջ այս օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ի լուր աշխարհի տիեզերական վարդապետ հռչակեց Գրիգոր Նարեկացուն, իսկ Հայոց Ցեղասպանութիւնը բնորոշեց որպէս 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւն՝ համաշխարհային ամօթանքի պատին գամելով Թուրքիային։

Այդ օրը Սուրբ Պետրոսի տաճարի խորանից խօսեցին Հռոմի Պապը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն: Քչերը գիտեն, թէ թիմային ինչ ահռելի ջանք պահանջւեց Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Հռոմի Պապի հետ միասին Սուրբ Պետրոսի տաճարի խորանից խօսքի իրաւունքի հնարաւորութիւն ստանալու նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի համար:

Ամիսներ տեւած բարդ բանակցութիւններում մեր փաստարկը հետեւեալն էր. հայկական աշխարհիկ ու կրօնական բոլոր մնացած միաւորները չունեն այնչափ բարոյական լեգիտիմութիւն, որը պատմութեան բերումով վերապահւած է Սիսի կաթողիկոսութեանը: Չէ՞ որ Սիսից հեռացաւ հայոց կաթողիկոսը։ Հետեւաբար, Կիլիկիոյ թեմն ուղիղ ժառանգորդն է ե՛ւ ցեղասպանւածների, ե՛ւ Հայկական Հարցի, ե՛ւ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման։ Բոլոր մնացած հայկական աշխարհիկ ու կրօնական միաւորների կապն ուղիղ չէ կամ պայքարի առաջնագծում չեն։ Հետեւաբար, եթէ այդ օրն Արամ Ա-ն նստած է Սուրբ Պետրոսում, սակայն ելոյթ չի ունենում, ապա դա նշանակում է, որ մենք չենք ճանաչում Ցեղասպանութիւնը։ Այլ կերպ ասած, Արամ Ա-ն պէտք է ներկայ լինի որպէս Հայկական Հարցի միակ իրաւատիրոջ եւ պահանջատիրութեան միակ իրաւական սուբիեկտի կարգավիճակում։

Ու այդ փաստարկը համոզիչ թւաց բոլորին։ Խորանից հնչեց Հայկական Հարցը։ Հնչեց երեք եկեղեցապետերի շուրթերից: Եւ ամենակարեւորը՝ հնչեց այն մարդուց, որի պատմական առաքելութիւնն է Հայկական Հարցը։ Այն նոյն հարցը, որն այսօր յօգուտ թուրքերի է լուծում Նիկոլ Փաշինեանը՝ սեղմելով «թրքասիրութեան ու թրքաներութեան» կոճակը, աշխատելով ԱՄՆ-ում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի դէմ, նորովի յարաբերութիւններ կառուցելու մասին ոչնչութիւններին հրահանգով խօսեցնելով եւ նախապատրաստելով մոլորւած հասարակութեանը։ Եւ այդ ամէնը, ցաւօք, յամառօրէն չի նկատում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը։

Սուրբ Զատիկի առթիւ Արամ Ա-ն «Հայրապետական օրհնութեամբ եւ հայրական ջերմ սիրով» նամակ է յղել «Սիրելի՛ Պրն. Վարչապետ, նորին վսեմութիւն, տիար» Նիկոլին։ Մի կողմ թողնենք, որ Նիկոլը ո՛չ սիրելի է, ո՛չ յարգելի ու, հաշւի առնելով արիւնն ու դաւաճանութիւնը, ո՛չ էլ տիար։ Եթէ նոյնիսկ մի կողմ թողնենք, որ ոչ հեռաւոր անցեալում Արամ Ա-ն պահանջում էր Նիկոլի հրաժարականը։

Ընդհանրապէս, տպաւորութիւն է, թէ արդէն ոչ ոք չի ուզում յիշել, որ նոյն Նիկոլի օրօք է Հայ Առաքելական Եկեղեցին անդադար ենթարկւում յարձակման՝ իշխանութիւնների ուղղորդմամբ։ Հէնց նրա օրօք է Մայր Աթոռի խորանը փակւել շինարարութեան համար եւ այդպէս էլ չի բացւել՝ կառավարական բիւրոկրատիայի պատճառով, նոյն Նիկոլի, որ յանձնեց Արցախը, իսկ այսօր սաբոտաժի է ենթարկում Հայոց Ցեղասպանութիւնը։ Ցեղասպանութիւնը, որի գլխաւոր իրաւատէրերից է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը։

Ես կարող եմ հասկանալ, որ Արամ Ա-ը հնարաւոր է վերանայել է Նիկոլի հրաժարականի իր պահանջը։ Նոյնիսկ կարող եմ ընդունել, որ իմ ու իր գնահատականները Նիկոլի վերաբերեալ կարող են չհամընկնել։ Բայց չեմ հաւատում, որ նամակն ուղարկելու օրերին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնում չէին նկատել Հայաստանի իշխանութեան հակապետական ու ընդդէմ Հայոց Ցեղասպանութեան ուղղորդւած քաղաքականութիւնը։

Բոլոր նրանք, ովքեր կարդալով այս տողերն արդէն պատրաստւում են արդարանալ քրիստոնէական տօնը շնորհաւորելու Արամ Ա-ի քաղաքավարութեամբ կամ եկեղեցապետի ու պետութեան ղեկավարի քաղաքակիրթ արարողակարգի պահանջներով, յիշեցնեմ, որ Արամ Ա-ն փայլուն տիրապետում է իր անհամաձայնութիւնը յայտնելու նուրբ արւեստին ու երբ ուզել է, արել է դա։ Այնպէս որ, նա կարող էր ե՛ւ շնորհաւորել, ե՛ւ իր վերաբերմունքը յայտնել։ Բայց նա ընտրեց, պարզունակ քաղցրախօսութիւնը՝ շատ ուղիղ, առանց երկիմաստութեան։ Նա չընտրեց նոյնիսկ լռութիւնը։

Չէի ուզենայ մտածել, որ սա պայմանաւորւածութեան արդիւնք է, թէեւ այլ պնդման որեւէ հիմք անգամ չկայ։

Ես չեմ սիրում յիշել «նախկին կեանքը», որովհետեւ այն արդէն չկայ։ Ինչպէս չկայ պետութիւն-ժողովուրդ-եկեղեցի եռամիասնութիւնը, ինչպէս չկան Արցախն ու 5000 լուսաւոր տղաները, ինչպէս չկայ Նարեկացու գերեզմանը։ Բայց այսօր ես յիշեցի 2015-ի ապրիլի 12-ն այլ պատճառով։ Ես հասկացայ, որ Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատարագը շուտով յիշողութիւն կը դառնայ ոչ միայն որպէս իրադարձութիւն, այլեւ որպէս վերջին համաշխարհային իրադարձութիւն, որտեղ դեռ կար Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը՝ որպէս Հայոց հարցի եւ պահանջատիրութեան մարմնաւորում։ Որովհետեւ այսօր հէնց դա է Նիկոլին խոչընդոտող ու «խանգարող» գլխաւոր թեման»: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։