Հա

Քաղաքական

13/04/2021 - 13:15

Մեծ դաւաճանութիւն. երբ էթնոսը տարանջատւում է երեք քաղաքական ազգի

44-օրեայ պատերազմի պարտութիւնը վերջնականապէս ջրի երես հանեց 100 տարի թաքնւած այն իրողութիւնը, որ Հայաստանի հայերը երկու քաղաքական ազգ են, իսկ եթէ Հայաստանի հետ աւանդական Սփիւռքն էլ ընդգրկենք, ապա հայերը կը բաժանւեն երեք քաղաքական ազգերի։

Վահան Իշխանեան

 44-օրեայ պատերազմի պարտութիւնը վերջնականապէս ջրի երես հանեց 100 տարի թաքնւած այն իրողութիւնը, որ Հայաստանի հայերը երկու քաղաքական ազգ են, իսկ եթէ Հայաստանի հետ աւանդական Սփիւռքն էլ ընդգրկենք, ապա հայերը կը բաժանւեն երեք քաղաքական ազգերի։

Առաջին՝ 29-ականներ կամ լոկալ ազգայնականներ, որոնց համար հայրենիքը Սովետական Հայաստանի 29 հազար ք. կմ. տարածքի սահմաններից այն կողմ չի անցնում, իսկ հայրենակիցներն էլ միայն նրանք են, ովքեր ճանաչում են, որպէս հայրենիք, միայն այդ 29-ը։ Բոլոր այն ազգային ծրագրերը, որոնց մէջ ներառւում են Սփիւռքի, Արցախի կամ Վրաստանի ու Աբխազիայի հայութեան նպատակները՝ Արցախի անկախութիւն, Հայ Դատ, Ջաւախքի եւ Աբխազիայի հայութեան իրաւունքներ, 29-ականները մերժում են, համարում են, որ դրանք հակասում են իրենց ազգային շահերին, իսկ նրանց ներկայացուցիչներին պիտակաւորում՝ ախպար, նարինջ ուտողներ, ոչմիթիզականներ, ղարաբաղցի տականքներ եւ այլն։

Նրանց առաւել գրագէտ գաղափարախօսները, ազգայնականութեան արեւմտեան տեսութիւններից թխելով ազգայնականութեան ուղղութիւններ, իրենց նոյնացնում են իբր ազգայնականութեան «առաջադէմ» մոդելին՝ ֆրանսիական ազգայնականութեանը, ըստ որի՝ ազգը պետականութեան մէջ է միայն, եւ որտեղ ազգային պատկանելութիւնը եւ քաղաքացիութիւնը նոյնանում են, իսկ այդ շրջանակից դուրս հայրենակիցներ կամ ազգակիցներ չկան։

Մի էթնոսի մէջ տարբեր քաղաքական ազգերի ներկայութեան մէկ այլ օրինակ են ուկրայինացիները, որ ներկայացնում են երկու քաղաքական ազգ, որոնց հակամարտութիւնը, ի վերջոյ, յանգեցրեց քաղաքացիական պատերազմի։

Երկրորդը Արցախ-Հայաստան միասնականներն են, որոնց հայրենիքը Արցախն ու Հայաստանն է, հայկական երկու պետականութիւնները միմեանց լրացնող ու միմեանց թիկունք կանգնող, որ Հայաստանը պարտաւոր է լինել Արցախի անվտանգութեան երաշխաւորը եւ միջազգային ասպարէզում նրա ինքնորոշման գաղափարն առաջ տանողը։ Նրանք Սփիւռքի հետ յարաբերութիւնները ոչ թէ սահմանափակում են՝ միայն Սփիւռքից նիւթական օժանդակութիւն ստանալով, այլեւ առաջ են տանում Սփիւռքի քաղաքական պահանջները՝ Ցեղասպանութեան ճանաչումն ու փոխհատուցումը։

Երրորդը աւանդական Սփիւռքն է, 1915 թւի Ցեղասպանութիւնը վերապրողները, որոնց հայրենիքը՝ Արեւմտեան Հայաստանը՝ իր ժողովրդով եւ մշակոյթով, բնաջնջւել է, եւ նրա քաղաքական նպատակը վերադարձն է իր կորսւած Հայրենիք, իսկ եթէ վերադարձն անհնարին է, ապա Սփիւռքը որպէս ինքնիշխան աշխարհ ձեւաւորելը։

 

29-ականներ կամ լոկալ ազգայնականներ

29-ականների գաղափարախօսութեան հիմքը սկսեց ձեւաւորւել 1918-ին ստեղծւած Հայաստանի պետականութեամբ, ամրապնդւեց Խորհրդային Հայաստանով եւ քաղաքական հոսանքի վերածւեց 1991-ից յետոյ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետութեան ստեղծմամբ։

Դեռեւս 1918-1920 թւերին արդէն ստեղծւում է հայաստանցու լոկալ ազգայնական մի հանրոյթ, որը, որպէս օտար, մերժում էր ցեղասպանութիւն վերապրած հայրենակից գաղթականներին եւ հակասութիւնների մէջ մտնում արեւմտահայերի հետ։ 

1920-ականներին գաղթականների նկատմամբ հայաստանցիների թշնամական վերաբերմունքի մասին պատմում էին տարեց գաղթականները։ Ապա հեգնական, երբեմն թշնամական վերաբերմունքի արժանացան 1946-ից յետոյ ներգաղթեալները։ Նրանց կնքեցին ախպար հեգնական պիտակով (մի սովետական պաշտօնեայից եմ լսել՝ «շունս ախպար լինէր, պոչը կը կտրէի»)։

1990-ականներին էլ մերժողական վերաբերմունքի արժանացան Ադրբեջանից տեղահանւած փախստականները, նրանց ասում էին՝ թուրք, յետեւներիցդ կարմիր խնձո՞ր էինք ուղարկել, որ եկել էք, եւ այլն։ Իշխանութիւնները ոչինչ չարեցին կանխելու համար այս ներազգային թշնամանքը։ Բազմաթիւ փախստականներ այդպէս էլ նորմալ կացարան չստացան, ապրեցին աղքատութեան մէջ՝ հանրակացարանների նեղլիկ սենեակներում, ովքեր կարողացան, հեռացան երկրից: Հայաստան եկած 400 հազար փախստականներից 2000-ականներին մնացել էր մօտ 70 հազարը։

* * *

Խորհրդային Հայաստանի կողմից ազգը երկու մասի ճեղքելու քաղաքական ակտն է 1921 թւականի ուղղագրութեան փոփոխութիւնը, որով մաշտոցեան ուղղագրութիւնը վերափոխւեց սովետականի։

Ճեղքը խորանում է ստալինիզմի ժամանակ, երբ նրանք, ովքեր յիշատակում էին Ցեղասպանութիւնը եւ կորցրած հայրենիքը՝ Արեւմտեան Հայաստանը, որակւում էին նացիոնալիստ եւ բռնադատւում: Այդպէս Ակսել Բակունցին մահապատժի ենթարկելու պատճառների մէջ գլխաւորը նրա «Ծիրանի փող» պատմւածքն էր։

Խրուշչովեան բարեփոխումներն արթնացրին սովետական ժողովուրդների ազգայնական զգացումները, բայց շատ տարբեր դրսեւորումներով. Մերձբալթեան, Վրաստանի, մասամբ նաեւ Ուկրայինայի ժողովուրդների մէջ արթնացաւ անկախ պետականութիւն ստեղծելու ձգտումը, իսկ Հայաստանում՝ կորցրած հայրենիքի յիշողութիւնը, Եղեռնի ողբերգութեան փոխհատուցման պահանջը եւ Արցախն ու Նախիջեւանը Հայաստանին վերամիաւորելու ձգտումը։

Իհարկէ, առաջացան նաեւ Հայաստանի անկախութեան գաղափարի գործիչներ, սակայն նրանք մնացին մարգինալ՝ որպէս մի աղանդ. 1915 թւականի աղէտը այնպիսի վէրք էր բացել, որ ազգային գլխաւոր նպատակ էր դարձնում զոհերի յիշատակի վերականգնումը եւ Հայ Դատը՝ Ցեղասպանութեան ճանաչումը միջազգային հանրութեան եւ ոճրագործութեան ժառանգ Թուրքիայի կողմից։ Իսկ անկախութիւնը երկրորդական պլան էր մղւում, նոյնիսկ մտաւորական լայն շրջանակները խորհրդային կազմից Հայաստանի դուրս գալը վտանգաւոր էին համարում, քանի որ անմիջապէս կը յայտնւէին Թուրքիայի սպառնալիքի տակ։

60-ականների ազգային ալիքը հայութեան տարբեր շերտեր միաւորում է, որն էլ, ի վերջոյ, յանգեցրեց Ղարաբաղը Հայաստանին վերամիաւորելու՝ 1988 թւականի համաժողովրդական շարժմանը։

Ղարաբաղ կոմիտէի մի շարք անդամներ՝ Վազգէն Մանուկեանը, Լեւոն Տէր-Պետրոսեանը, Դաւիթ Վարդանեանը, Բաբգէն Արարքցեանը, 60-ականների շարժումների մասնակիցներն էին եւ բոլորը՝ արեւմտահայերի զաւակներ։ Նրանք 88-ի շարժման անունը կնքեցին Հայոց համազգային շարժում, այսինքն՝ մի շարժում, որը հայ ժողովրդին միաւորում է մի միասնական քաղաքական ազգի մէջ։ Հէնց 60-ականների ոգեշնչումն էլ բերեց ղարաբաղեան առաջին պատերազմի յաղթանակը։

* * *

Ղարաբաղի վերամիաւորման գաղափարով իշխանութեան եկած ՀՀՇ-ն չդիմացա՞ւ անկախութեան առաջին տարիների տնտեսական ճգնաժամի, պատերազմի առաջին շրջանում պարտութիւնների փորձութեանը, թէ՞, ներծծւած լինելով ազատական գաղափարով, որտեղ անձնական շահն է գերակայում, արթնացրեց իր մէջ 29-ական քաղաքական ազգը, լոկալ ազգայնականութիւնը, որ հարեւանների ագրեսիան դադարեցնելու ու նրանց հետ հաշտւելու խաթեր հետզհետէ սկսեց հրաժարւել Արցախի ազատագրութեան գաղափարից։

1988-ին «Պայքար, պայքար մինչեւ վերջ» ու «Քանի Արցախը դուրս չի եկել Ադրբեջանի կազմից, մեր պայքարը շարունակւելու է» կոչերով զանգւածներին ոգեւորող նախագահ դարձած Լեւոն Տէր-Պետրոսեանը 1992-ի մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրաւդա»-ին տւած հարցազրոյցում Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. «Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետութեան կարգավիճակը լիովին կը բաւարարէր բոլոր կողմերին, քանի որ այդ դէպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականութիւնը պահպանւում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխաւորւած կենսագործունէութիւն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամէն ինչ»:

Հետագայում Հայաստանի իշխանութեան տէրպետրոսեանական թեւը բանակցութիւնները տարաւ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու կանխադրոյթով, որն արտայայտւած է Տէր-Պետրոսեանի «Պատերա՞զմ, թէ՞ խաղաղութիւն. լրջանալու պահը» յօդւածով եւ 1997-ին առաջարկւած փուլային տարբերակով, որով տարածքներն յանձնւում էին, որից յետոյ քննարկւում էր Արցախի կարգավիճակը։ Ոչ մի խօսք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի մասին։

Տէր-Պետրոսեանին գցելուց յետոյ՝ 1998-ից յետոյ, Հայաստանը զարգանում էր, աղքատութիւնը երկու անգամ կրճատվեց, ՀՆԱ-ն 6 անգամ աճեց, փակ սահմաններով Հայաստանը տնտեսական ցուցանիշներով առաջ էր անցնում բաց սահմաններով եւ ծովային երկիր Վրաստանից, արտագաղթը կանգ առաւ, բայց Տէր-Պետրոսեանը փչացած ձայնապնակի պէս կամ որպէս ագռաւի կռկռոց կրկնում էր, թէ Հայաստանը, առանց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալու, հեռանկար չունի. «Առանց Ղարաբաղեան հակամարտութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման Հայաստանն անվտանգութեան, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելաւման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թէ ում ձեռքում կը լինի իշխանութեան ղեկը» (2010, ՀՀՇ համագումարի ելոյթ)։

ՀՀՇ-ական իշխանութիւնը Թուրքիայի հետ մերձենալու յոյսով հրաժարւեց նաեւ Ցեղասպանութեան ճանաչումը դարձնել Հայաստանի արտաքին քաղաքականութիւն։ Սակայն մերձեցման չարժանացաւ։

Մոռացւեց, թէ ինչպէս է բացւում ՀՀՇ հապաւումը, հիմա արդէն զաւեշտալի է դառնում այն բացելը՝ Հայոց համազգային շարժում, քանի որ վերածւել էր 29 հազար ք. Կմ. սահմանների շահերից դուրս որեւէ հայրենակցի նկատմամբ ապրումակցումից զուրկ խմբաւորման։

Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչ Գալուստ Տրապիզոնեանը ասում էր, որ 1992-1993 թւերի աբխազա-վրացական պատերազմի ժամանակ բոլոր փոքրամասնութիւնները իրենց հայրենակից երկրներից օգնութիւն էին ստանում, նոյնիսկ էստոնական համայնքը Էստոնիայից նաւով օգնութիւն ստացաւ, եւ միայն հայ համայնքը որեւէ օգնութիւն, նոյնիսկ մի գրիչ չստացաւ Հայաստանից։

Բայց ոչ միայն Աբխազիայի եւ այլ համայնքներն էին զրկւել Հայաստանի աջակցութիւնից, նաեւ երկրի, այդ 29-ի ներսի բնակչութեան ստւար մասն աղքատութեան էր մատնւել, 29-ի գաղափարախօսութիւնը ծառայեցւում էր միայն սեկտայի վերածւած ՀՀՇ-ի ու իշխանական կլանների շահերին։

1990-ից յետոյ որեւէ մէկը չէր բացում ՀՀՇ հապաւումը, օրինակ՝ եթէ Հայ Յեղափոխական Դաշնակցութեանն անւանում էին Դաշնակցութիւն կամ հապաւումով ՀՅԴ, ապա ՀՀՇ-ին միայն հապաւումով էին անւանում։

Համազգային բառից ազատւելու համար էլ, ի վերջոյ, Տէր-Պետրոսեանը փակեց ՀՀՇ-ն ու տեղը ստեղծեց ՀԱԿ-ը՝ Հայ ազգային կոնգրեսը։

* * *

Ինչպէս ցոյց է տալիս վերջին 30 տարիների պատմութիւնը, այս երեք քաղաքական ազգերից ամենաանհանդուրժողը հայրենակիցների նկատմամբ 29-ականներն են։

ՀՀՇ-ն իր իշխանութեան հէնց առաջին տարիներին սկսեց մերժել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իր հետ հակասութեան մէջ էին։ Առաջին հարւածը ստացաւ Դաշնակցութիւնը. 1992 թւականին Հայաստանից արտաքսւեց Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը, իսկ 1994-ին էլ Դաշնակցութիւնը փակւեց՝ իր պարբերականների հետ։ Յետոյ էլ՝ 1996-ի յետընտրական ցնցումների ժամանակ, բանտերում խոշտանգում էին ընդդիմադիր գործիչներին։

Տէր-Պետրոսեանի նախագահութեան շրջանը յիշւում է որպէս ցուրտ ու մութ տարիներ՝ ե՛ւ բառի բուն իմաստով, ե՛ւ խորհդանշական, քանի որ Հայաստանի 30-ամեայ պատմութեան ամենադաժան տարիներն էին։

Ըստ 1996 թւի ՄԱԿ-ի տւեալների՝ 23,9 տոկոսը ապրում էր ծայրայեղ աղքատ, 82,4 տոկոսը՝ վատ, միայն 13,2 տոկոսն էր բաւարար եւ 4,4 տոկոսը լաւ կամ շատ լաւ (Էդիկ Մինասեան «Հայոց նորագոյն պատմութեան քառորդ դարը»):

ԱՄՆ Մերիլանդի համալսարանի գիտնականների խմբի մշակած polity index գրաֆիկում երեւում է ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վիճակը Հայաստանում անկախութեան 24 տարիներին՝ մինչեւ 2013 թ.։ Հետազօտութիւնը ներառում է աշխարհի բոլոր երկրները, ուր մի ծայրում -10-ն է` ամենաբռնատիրականը, որ ունի, օրինակ, Հիւսիսային Կորւան, միւս ծայրում +10-ն է` ամենաժողովրդավարականը, որտեղ Շւէյցարիան է։ Հայաստանը անկախանալուց կարճ ժամանակ անց՝ Տէր-Պետրոսեանի նախագահութեան տարիներին, կտրուկ անկում է ապրել մինչեւ -6՝ հասել դէպի բռնապետութիւն, եւ միայն նրա տապալումից յետոյ` 1998-ից սկսած, 9 կէտով բարձրացել է, բայց 6-ից չի անցել (տե՛ս նաեւ՝ մինչ 1998 թ. մարդու իրաւունքների վիճակի մասին պատմող նիւթը

Իսկ արդէն որպէս ընդդիմութիւն, 2008-ի նախագահական նախընտրական քարոզարշաւում Տէր-Պետրոսեանը հասարակութեան պառակտումը հասցրեց քաղաքացիական բախումների։ 2008-ին մարտի 1-ից մի օր առաջ Արմենանուում հրատարակւած «Երրորդ կողմի ձայնը. արձագանքներ «տականք» կոչւելուն» ակնարկը մէջբերում է Տէր-Պետրոսեանի խօսքը.

«Այս հանրահաւաքը եւ երթը ցոյց տւեցին, որ ջրբաժանը յստակ գծւած է` մի կողմից արժանապատիւ, ազատ, քաջ, հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, միւս կողմից` ազգի տականքը»։

Որպէս Տէր-Պետրոսեանի աշակերտ՝ Փաշինեանը մտաւ քաղաքականութիւն 2008-ին: Բանաստեղծ Գայանէ Բաբայեանը Մարտի 1-ի հաղորդման մէջ Փաշինեանի խօսքերն է մէջբերում. «Վերջ բռնապետութեանը, վերջ Քոչարեանին, վերջ Սերժիկին, այսօր մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք երկու տականքներից, նրանց երեխաները պիտի տեսնեն, թէ իրենց հզօր հայրերը ոնց են կուչ եկել ժողովրդի ոտքերի տակ... ես շնորհաւորում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ...»:

Եւ գրոհի էր ուղարկում զինւած ցուցարաներին. ««Մեր տղերքը գրաւել են պրոսպեկտի կամուրջը, մի 50 կամաւոր թող առաջ գնան, ապահովեն մեր դիրքերը» կամ` «Մեասնիկեանի արձանի յետեւի դիրքերից օգնութիւն են խնդրում, զօրքերը առաջ են գալիս, անցէք Մեասնիկեանի արձանի յետեւը», կամ` «Ձկան խանութի մօտ օժանդակութիւն է պէտք...»:

Արդիւնքում տասը հոգի զոհւեց՝ երկուսը ոստիկան եւ 200-ից աւել վիրավորվեցին, որոնցից 180 ոստիկաններ։

2008-ի արիւնահեղութեան առաջնորդները յանձին Փաշինեանի, տեսնելով որ թշնամանք հրահրելով ու զինւած բախումներով իշխանութիւնը հնարաւոր չի վերցնել, մարտավարութիւնը փոխեցին եւ 2018-ին բռնութեան փոխարէն սէր քարոզելով, յեղափոխութեան անունը դնելով սիրոյ եւ համերաշխութեան իշխանութիւնը վերցրին եւ անմիջապէս գառան դիմակները գցեցին ու ռեպրեսիւ ապարատը աշխատացրին՝ մարտի 1-ի գործը բացեցին ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանին կալանաւորեցին, ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին Մոսկւայից յետ բերեցին ու ամբաստանեալի աթոռին նստեցրեցին՝ սկիզբ դնելով հայ-ռուսական յարաբարութիւնների աւերմանը (նրանց ներկայացւած մեղադրանքը Սահմանդրական դատրանը ճանաչեց հակասահմանդրական, գործը կարճւեց, եւ այս պատմութիւնից Հայաստանին մնաց Ռուաստանի հետ վատացած յարաբերութիւններ)։

Արդէն աշնանը սիրոյ ու հանդուրժողականութեան փոխարէն Փաշինեանը գոռում էր, թէ հասարակութիւնը սեւերի եւ սպիտակների է բաժանում, ու որ հակառակորդնեին ասֆալտին է փռելու ու պատերով զարկի։

Հայաստանը փոխակերպւեց, դարձաւ անտիուտոպիա, որտեղ երկրի ղեկավարին «թարս խօսք» ասելու համար ոստիկանները մարդկանց բառիս բուն իմաստով ասֆալտին են փռում։ Կա՞յ մի պետական կառոյց որ վարչապետի հրամանները չկատարի՞, դատարաննե՞րը։ Ղեկավարի մոլագար կոչով դատրանի շէնքերն են շրջափակում, դատաւորների վրայ տարբեր գործեր են սարքում՝ որ, ասենք, կալանքի սանկցիա չեն տւել կամ կալանքից ազատել են նրանց ում ինքը որոշել էր փակել։ Դատաւորի վրայ չի՞ ազդում քրէական գործը, օքէյ, ընտնիքի անդամներին են ԱԱԾ-ներ քարշ տալիս։

* * *

29-ականների գլխաւոր թշնամին Արցախն ու արցախցիներն են, որոնց դիտարկում են խոչընդոտ թուրքերի հետ եղբայրանալու համար, այսինքն, ըստ իրենց, խանգարում են 29 քկ տարածքի շահերին։ Փորփրէք թէ ինչ է թաքնւած այս կամ այն անձի հասցէին Փաշինեանի եւ Տէր-Պետրոսեանի պիտակաւորումների ու հայհոյանքների տակ (թալանչի, մոնղոլ-թաթար, շնաբարոյ դուրսպրծուկներ, վնգստացողներ եւ այլն), կը բացաէայտէք Արցախի հարցը, ովքեր դէմ էին յանուն քիրւայութեան զիջումների, իրենց մեդիաներով գրոհի էին ենթարկւեում ու վարկաբեկւում էին։

BBC-ին տւած հարցազրոյցում Տէր-Պետրոսեանը ասում է որ միայն 1997-ին էր հնարաւոր լուծել ղարաբաղեան խնդիրը, տարածքները յանձնել, ապա Ղարաբաղի ստատուսի հարցը քննարկել, իսկ ինչու չլուծւեց, Տէր-Պետրոսեանը մեղադրում է ղարաբաղցիներին, մի ամբողջ ժողովրդի, պատասխանում է՝ ղարաբաղցիները քիչ էին համարում, մաքսիմալիստ էին։ Ինչն էր մաքսիմալիզմը, որ տարածքներ յանձնելուց յետոյ չէին ուզո՞ւմ իրենց մարմինները յայտնւեն ադրբեջանցիների ուղիղ նշանառութեան տակ։

Կենցաղային մակարդակում միեւնոյն երկրի տարբեր շրջանների բնակիչներ միմեանց նկատմամբ հեգնանք, երբեմն թշնամանք են ունենում։ Հայաստանում էլ՝ գիւմրեցի-երեւանցի, մարտունեցի-քեաւառցի, կամ մարտունեցի-վարդենիսցի, գիւղացի-քաղաքացի հակադրութիւնները զրոյցների թեմաներ են։ Կար նաեւ կենցաղային հակադրութիւն Հայաստանից դուրս բնակւող հայրենակիցների ու հայաստանցիների մէջ, ինչպէս, սփիւռքահայ-հայաստանցի, արցախցի-հայաստանցի, թիֆլիսեցի-հայաստանցի։

Սակայն, հայ ժողովրդի մի հատւածի՝ արցախցիների նկատմամբ ատելութիւնը քաղաքական ծրագիր դարձրեց առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն ու իր շրջապատը՝ սկզբում ՀՀՇ-ի ապա ՀԱԿ֊ի կառոյցներով, այն պատճառով, որ ղարաբաղցիները իրենց չեն զոհաբերում յանուն հայ-ադրբեջանաթուրքական քիրւայութեան։

Ղարաբաղցիների նկատմամբ ատելութիւնը գագաթնակէտին հասաւ 2008-ին, որի մասին պատմում է «Ներքին արիւնահոսութիւն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դէմ» ակնարկը, երկու մէջբերում.

«ԼՏՊ-ն ղարաբաղցիների նկատմամբ այդ կենցաղային վերաբերմունքը վերածեց ատելութեան` յայտարարելով իշխանութիւններին թաթար-մոնղոլներ եւ ասելով. «Այս երկու մարդու պատճառով (Ռոբերտ Քոչարեան, Սերժ Սարգսեան) վերջին տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխւել է Հայաստան, հիմնականում` Երեւան։ Նրանցից իւրաքանչիւրին պաշտօն է տրւել: Դա բաւական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրւում նրանց» (eurasianet.org) (ո՞վ է ստուգել այս թիւը` անյայտ է)»։

«Ես կեանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովեանցի եմ»,- «Արմենիա-Նաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետեանը պատմում է, թէ ինչպէս մարտի 1-ին Մեասնիկեանի արձանի մօտ իւրաքանչիւր լուսանկարչի ու լրագրողի հարցնում էին, թէ որտեղացի է` կատաղած նրանց մէջ ղարաբաղցի փնտրելով։

Հակաղարաբաղեան այլատեացութեան գագաթնակէտը հասաւ փետրւարեան յետընտրական միտինգներին, երբ Օպերայում մի դասախօս հրապարակում էր այն ուսումնական հաստատութիւնների ղեկավարների անունները, որոնք պէտք է պատժւեն` զանգւածի բուռն աղաղակների ներքոյ շեշտելով նրանց ղարաբաղցի լինելը, իսկ մի ուրիշ հռետոր էլ յայտարարեց. «Այս հրապարակում հաւաքւած հայորդիները 3 անգամ աւելի շատ են, քան Ղարաբաղի քաղաքացիները, կեցցեն հայորդիները»։

Ագրեսիայի դէմ որպէս բողոք` բլոգներից մէկում ոչ ղարաբաղցիները սկսեցին յայտարարել՝ ես ղարաբաղցի եմ, ինչպէս Դինքի սպանութիւնից յետոյ թուրքերը յայտարարում էին՝ ես հայ եմ»։

Ակնարկից դուրս է մնացել Տէր-Պետրոսեանի գլխաւոր զինակից Նիկոլ Փաշինեանի կոչը՝ Մենք մեր քաղաքը պէտք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից։

Իսկ 2008-ի մարտի 1-ից յետոյ էլ Տէր-Պետրոսեանական շրջանակները ղարաբաղցիների դէմ ատելութիւնը սրելու համար սկսեցին կեղծիք տարածել, թէ իբր իրենց հարւածող ոստիկանները Ղարաբաղի բարբառով էին խօսում.

Հակաղարաբաղցիական տրամադրութիւնները վերսկսեցին աշխուժանալ 2018-ի յեղափոխութիւնից յետոյ, երբ արդեն ակնյայտ էր դառնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հետապնդում է արցախեան գործիչներին եւ պատերազմի վետերաններին, իսկ գագաթնակէտին սկսեց հասնել պարտութիւնից յետոյ, Փաշինեանի աջակիցների հիմնական թիրախներից մէկը ղարաբաղցիներն են.

 

 

* * *

29-ականներն իհարկէ իրենք չեն գիտակցել, որ առանձին ազգ են դարձել՝ իրենց լոկալ շահերով սահմանափակւած՝ իրենց կաստաներով (ունեւորների վերին կաստան, եւ նրանց մօտ նոքեարութիւն անողների ստորին կաստան, ինչպէս, օրինակ օլիգարխ Խաչատուր Սուքիասեանը եւ նրա հաւքարարը, որ ասում է թէ Շուշին ադրբեջանական է) եւ Արցախի ինքնորոշման համար պայքարողներին ու ցեղասպանութեան վերապրած սերունդերի իղձերը մտցնում են «իրենց ազգի» մէջ ու սկսում քննադատել հայութեանը, որ չեն հրաժարւում իրենց իղձերից, եւ իբր 29 հազար քկ պետութեանը հոգ տանելու փոխարէն ծաւալապաշտական նկրտումներ ունեն։

29-ականների գաղափարախօսներից է Ղարաբաղ կոմիտէի անդամ, ՀՀՇ-ի ղեկավար նախկին Ներքին գործերի նախարար եւ Երեւանի քաղաքապետ գրող Վանօ Սիրադեղեանը, ով ղարաբաղեան հակամարտութեան լուծման շուրջ ծագած վէճի արդիւնքում իշխանութիւնից զրկւեց: Աւելին, նոր իշխանութիւնները բացայայտեցին նրա կատարած ոճրագործութիւնները՝ եօթ սպանութիւն եւ մէկ մահափորձ: Նա դատավարութեան ընթացքում փախաւ երկրից եւ ղարաբաղցիների ու նրանց առաջնորդների դէմ հիւանդագին թշնամանքով լցւեց, որն արտայայտւած է Աւետիս Յարութիւնեան մականունով 2002-ին Փաշինեանի «Հայկական ժամանկում» հրատրակած գործերում։ Մեծ մասը հերիւրնքներ են նախագահ Ռոբերտ Քոչարեանի հասցէին, որ կարծես, նրա վարկաբեկման արշաւի մեկնարկը լինի. «Ով կը յանձնի Քոչարեանին միջազգային դատարան», «Մեզ մնում է չկորցնել զգօնութիւնը եւ չնչին իսկ հնարաւորութեան դէպքում Ասկերանի բանդան դուրս շպրտել Հայաստանից», ծաղրանք ղարաբաղցիների հասցէին «Բաւական էր դուրս գային Բաքւի վերահսկողութիւնից, բաւական էր նաեւ ձերբազատւէին Տէր-Պետրոսեանի զգաստացնող ներկայութիւնից, անմիջապէս վերադարձան աւանակային կրոսին»։ Եւ ահա, քաղաքական դիրքորոշումը.

«Դաշնակցութիւն կամ ՀՀՇ: Երրորդը տրւած չէ։ Երրորդ ճանապարհը գուցէ սոցիալիզմը լինէր, եթէ Իրանի տեղը լինէր Չինական Հանրապետութիւնը, բայց դա, բարեբախտաբար, այդպէս չէ։ Հետեւաբար, Հայաստանում այսօր կայ իշխանութեան յաւակնող երկու քաղաքական գաղափարախօսութիւն՝ հայաստանակենտրոն, որը ազգային շահ ասելով հասկանում է նախեւառաջ Հայաստանի պետական շահը, եւ երկրորդը՝ անպետութիւն, անհայրենիք ժամանակների ծնունդ աւանդական կոչւածը, որը ազգային շահ ասելով՝ նկատի ունի ուղիղ հակառակը։ Ոչ հայաստանակենտրոն, աւանդական-հայրենիք չունեցողի գաղափարախօսութիւնը եւս մէկ անգամ ապացուցեց իր սնանկութիւնը։ Այդ աւանդականը չհանեց ու միտք չունի հանել Հայաստանը պատերազմից ու շրջափակումից, հետեւաբար, խոչընդոտ է Հայաստանի զարգացման ճանապարհին... Քանի կայ Ղարաբաղի հարցը, օդում կախւած է մնում Հայաստանի Հանրապետութեան պետական սուվերենութեան հարցը, քանի կայ երկրի սուվերենութեան հարց»։

Իսկը 29-ական գաղափարախօսութիւն։ Սակայն պատմութիւնը ճիշտ հակառակն ապացուցեց՝ 2018-ին ՀՀՇ-ի հերթափոխը իշխանութիւնը վերցրեց՝ վարչապետ դարձաւ Վանոյի դասերը սերտած տղան, ՀՀՇ-ի վերնախաւը, նրանց զաւակներն ու հարզատները, 2008-ի տէրպետրոսեանական Հիմա շարժումը ձեւաւորեցին Իմ քայլը, ու երկրի սուվերենութիւնը իջաւ այնտեղ, որ Սիւնիքում պետութիւնը նոյնիսկ մի գոմ չի կարողանում պաշտպանել, ադբեջանցիք շուռնուխցիների կովերը օրը մէջ տանում են, գիւղացիները ռուս խաղաղապահներին են խնդրում, որ իրենց պաշտպանեն։ ԱԺ անկախ պատգամաւոր Աննա Գրիգորեանը պատմում է, որ Սիւնիքի գիւղերից մէկում գիւղացին իրեն ասում էր, որ տանիքին ռուսական դրօշն են ուզում դնել, որ ադրբեջանցուց պաշտպանւեն։

Սիրադեղեանի խօսքը թէ «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից» մշտապէս մէջբերում են 29-ականները ու պատմական հայրենքի վերածում Արցախն ու Սիւնիքը:

29-ականը վերանձնային իդեաներ չունի, հայրենակիցներին ոչինչ պատրաստ չի զիջելու, սակայն թուրք ու ադրբեջանցի սիրաշահելու համար 29 ականից պատրաստ է վերածւել 28-ականի, 27-ականի, ինչպէս Փաշինեանը, որ Սովետական Հայաստանի 29 հազար քառակուսի կիլիոմետր տարածքից «ղրկում է Ալլահին», Ադրբեջանին է յանձնում աւտոճանապարհ եւ բնակավայրեր (Գորիս -Դաւիթ Բէկ 21 կմանոց ճանապարհը եւ Որոտան ու Շուռնուխ գիւղերի հատւածները, որոնք եղել են Սովետական Հայաստանի կազմում, Փաշինեանը յանձնեց Ադրբեջանին։ Որոտանի բնակչը յուզւած ցոյց է տալիս փաստաթղթերը, որ 1954 թւականին Հայաստանում կառուցւած տունը յանձնել են Ադրբեջանին։) Այդպէս հայ կոմունիստները 30-ականից վերածեցին 29-ականի, Նախապէս՝ 1930-ական թւերին Սովետական Հայաստանը եղել է 30 հազար քկ, 1980-ականներին դարձել 29 հքկ՝ Ադրբեջանին տարածքներ զիջելու արդիւնքում։

29-ականի ինքնութիւնը, հայրենքի տարածքը որոշողը թուրքն է, քանի որ նա իր ինքնութիւնը հնարաւոր է համարում միայն թուրքի ճանաչմամբ։

BBC-ին հաղորդում է, որ ռուս սահմանպահները պատմում են, որ տեղացիները ոչ թէ հայկական իշխանութիւնից, այլ իրենցից են իմանում, թէ ինչպէս է փոխւում սահմանագիծը, ուր կարելի է գնալ ուր ոչ. «ադրբեջանցիները յստակ գիտեն, թէ ինչ են իրենք ուզում, ինչ են ուզում վերցնել, եւ մինչեւ վերջ վիճում են ամէն վիճելի տարածքի համար։ Հայկական կողմից այսպիսի բան չի նկատւում, ասում է ռուս սահմանապահը»։ Վերնագիրն է «Գիտէ՞ք, թէ ինչ նւաստացում է. Ինչպէս են հայերը ապրում Ադրբեջանի հետ նոր սահմանին»։

* * *

2018-ի յեղափոխութիւնը 29-ականների յաղթանակն էր, նրանք իշխանութեան եկան, բայց իրենց քաղաքական ծրագիրը՝ ի հաշիւ Արցախի եւ Հայ Դատի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձենալու, գաղտնի էին պահում մինչեւ պատերազմը։ Պարտութիւնից անմիջապէս յետոյ իշխանութիւնները սկսեցին այնպէս ակտիւօրէն պրոպագանդել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալու գաղափարը, կարծես յատուկ էին պատերազմում պարտւել, կարծես 2,5 տարի անհամբեր սպասում էին Արցախի կորստին, որ նետւեն թուրքական պետութիւնների գիրկը։ Իսկ 5000 զինւորների կեա՞նքը (այսօր հաշւարկները արդէն ցոյց են տալիս որ զոհերի թիւը շատ աւելին է։ Ռուբէն Մխիթարեանի «Չյայտարարւած պատերազմ» ֆիլմը հաղորդում է. փոխվարչապետ Աւինեանը յունւարին յայտարարում է զոհերի թիւը՝ 3439, Առողջապահութեան նախարարը նոյն ժամանակ ասում է 3450 զոհ, Կառավարական ինֆոչեկ կայքը փետրւարին յայտնում է, որ զոհերի թիւը 3577 է, իսկ մարտին Նիկոլ Փաշինեանը իջեցնում է թիւը 3250-ի։ Ռուսական խաղաղապահներն էլ յայտնել են որ իրենց 3500 անյայտ կորածի հարազատ է դիմել, անյայտ կորածների եւ պատշօնական թւերի հանրագումարով, 44-օրեայ պատերազմում զոհերի թիւը 7000-ից անցնում է)։

Ապրիլի 2-ին ԱԺ փոխխօսնակ, իմքայլական Լենա Նազարեանը ասում է. «Գուցէ հիմա լաւ շանս կայ, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»: Շանսը յանձնւած բնակավայրե՞ն էին, բա ինչու զոհեցի՞ք մի ամբողջ սերունդ։ Ժամանակակից աշխարհում որեւէ պատերազմ այսքան զոհ չի տանում (Վիգէն Չթրեանն է հաղորդում, որ «Քրդական անկանոն ուժերն Աֆրինում նոյն իսլամիստ վարձկանների կողմից աջակցւող թուրքական բանակի գրոհին դիմադրեցին 64 օր եւ աւելի քիչ զոհեր ունեցան»)։

Նրանց կեանքն էլ մատա՞ղ էր, որ թուրքերը աւելի համոզւեն բարեկամութեան անկեղծութեանը։ 

Ռէալ պոլիտի՞կ են խաղում, եւ այդ խաղով այնքան են տարւել, որ նոյնիսկ տարրական յարգանքի գիտակցութիւնն են կորցրել տուն ու հարազատ կորցրած հայերնակիցների նկատմամբ, ինչպէս յուղարկաւորութեան սրահում հանգուցեալի հարազատներին կոչ անես մարդասպանի հետ բարեկամանալ։

Պատերազմից ընդամէնը 20 օր անց նոյեմբերի 29-ին էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբեանը հրճւանքով ասում է․ «Սահմանների բացումը լայն հնարաւորութիւն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան եւ այլ երկրներ աւելի յարմար ճանապարհներով, քան մինչեւ հիմա են անում։ Բացւելու են թուրքական նաւահանգիստները եւ ընձեռւելու են բազմաթիւ լայն հնարաւորութիւններ։ Միգուցէ նաեւ բացւի Ադրբեջանի շուկան մեզ համար, եւ մեր շուկան՝ Ադրբեջանի համար, եւ պէտք են գալու մարդիկ, որ կարողանան օգտւել դրանից»: Դեկտեմբերի 1-ին Իմ քայլի պատգամաւոր Հայկ Գէորգեանը աւելացրեց․ «Եթէ մեր ապրանքը կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մէջ որեւէ վատ բան տեսնո՞ւմ էք դուք»։ Իմ քայլի մէկ այլ պատգամաւոր՝ Անդրանիկ Քոչարեանը խօսում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առեւտրային եւ դիւանագիտական յարաբերութիւնների անհրաժեշտութեան մասին:

Իմ քայլի պատգամաւոր Անուշ Բեղլոյեանը փետրւարին միջազգային առցանց կոնֆերանսին, որին մասնակցել են ադրբեջանցիներ եւ թուրքեր, ասել է. «Կարեւոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը. պէտք է առաջ նայենք»։

Հասան այնտեղ որ Թուրքիային ազատում են իր ոճիրը ճանաչելու պարտաւորութիւնից։ Իմ քայլի պատգամաւոր, նախկին դաշնակցական Յովիկ Աղազարեանը ասում է. «Ենթադրենք վաղը Թուրքիան Ցեղասպանութիւնը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենալու»։

Նոր հնրաւորութիւններ, առեւտրի ճամբաներ։ Ինչի՞ «շնորհիւ», պարտութեան, արեան, աւերման։ Այն ինչ աղէտ է, ողբերգութիւն, 29-ականի համար «մեծ հնաւորութիւն» է. նրանց խոշոր բուրժուաների շրջանռութիւնը կը բազմապատկւի, (Գռզօ՝ Խաչիկ Սուքիասեան, որ թուրքերի հետ «կոոպերացւելու» ամենաջերմեռանդ ջատագովներից է, Վիգէն Բադալեան՝ Վիւարոյի Վիգէն), իսկ եթէ աւելի անկեղծանան, չէ, բիզնես-միզնեսը կարեւոր է, բայց գլխավորը Թուրքիայի միջոցով Ռուսաստանից կտրւել ու ձուլւել Ատլանտեան ընտնիքում։

Հարց է առաջանում. պարտութիւնը ծրագրւա՞ծ էր, թէ՞ ոչ: Նոյնիսկ եթէ «թղթի» վրայ ծրագրւած չէր, իմ քայլի անդամների եւ Նիկոլ Փաշինեանի անգիտակցականում էր ծրագրւած՝ պարտւելով ազատւել Արցախի «բեռից»։ Ինչպէ՞ս կը յաղթի մէկը, ով պարտութեան մէջ օգուտներ է տեսնում։ Պարտութեան ծրագիրը երեւակւում է պատերազմի ընթացքի վերաբերեալ նորանոր փաստերով. մի քանի օրինակ, պաշտպանութեան նախարարութեան ռազմական վերահսկողական ծառայութեան նախկին պետ Մովսէս Յակոբեանը մեղադրեց Փաշինեանին, որ պատերազմի 3-րդ օրը կանգնեցրել է բանակի համալրումը՝ փոխարէնը կոչ անելով կամաւորական ջոկատներ կազմել։ Ապա նաեւ, որ վարչապետը պատերազմը կանգնեցնելու առաւել բարենպաստ պայմաններից հրաժարւել է: Ռուսաստանի նախագահ Պուտինը ասաց, որ Փաշինեանը մերժել է հոկտեմբերի 19-ի առաջարկը կանգնեցնել պատերազմը, որի արդիւնքում Շուշին մնալով հայերի վերահսկողութեան տակ, հնարաւորութիւն կը տար ադրբեջանցի փախստականներին վերադառնալ, որին Փաշինեանը պատասխանեց, թէ Շուշին դժբախտ ու դժգոյն քաղաք էր, բա մեզ պէտք էր Շուշին, իսկ հետագայում էլ ասաց, թէ Շուշին ադրբեջանական քաղաք է: Այս հեռահար բանավէճում կարծես Պուտինը աւելի անհանգստացած էր Արցախի ճակատագրով քան Փաշինեանը։ Եւ ապա նոյեմբերի 9-ի կապիտուլեացիոն պայմանագրով, որով արագօրէն Ադրբեջանին է յանձնում հայկական զօրամիաւորումների վերահսկողութեան տակ գտնւող տարածքներ։ Կարծես ռուսական միջամտութիւնը խանգարել էր, որ Արցախի մնացած մասն էլ յանձնէր Ադրբեջանին, եւ 29-ականներին գլխացաւանքից ազատէր։

Լեւոն Տէր-Պետրոսեանը նախագահի պաշտօնից հեռանալիս ասաց, թէ խաղաղութեան կուսակցութիւնը գնում է, գալիս է պատերազմի կուսակցութիւնը։ Սակայն յաջորդած 20 տարիներին, թէեւ սահմանին թէժ էր, բայց լայնածաւալ պատերազմ չեղաւ։ Բայց երբ կրկին իշխանութեան եկաւ խաղաղութեան կուսակցութիւնը, 2,5 տարի անց պատերազմը սկսւեց։

Պատմութիւնը ցոյց տւեց, որ 29-ականների ձգտումը ամենեւին էլ խաղաղութիւնը չէր, այլ ամէն գնով, թէկուզ պատերազմում պարտւելով՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրւաեանալը։

Քիրւաեանալ ամէն գնով, ցեղասպանութեան փաստը ուրանալով։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի համար հայ-թուրք հակամարտութիւնը Թումանեանի մի կաթիլ մեղրն է, ինչ որ աբսուրդ թշնամութիւն, չկան մեղաւորներ ու անմեղներ, ոճրագործ ու զոհ, մարտի 21-ին Արագածոտնում յայտարարում է. «Խնդիրը հետեւեալն ա, որ [թուրքերը] մեզ ընկալում են որպէս թշնամի, եւ մենք [իրենց] ընկալում ենք որպէս թշնամի։ Քանի մեզ ընկալում են որպէս թշնամի, էնքան մենք ընկալում ենք [իրենց] որպէս թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք [իրենց] որպէս թշնամի, էնքան [իրենք] մեզ ընկալում են որպէս թշնամի։ Եւ նոյնիսկ շատ դժւար ա գտնել էն մեկնարկային կէտը, որից էս պրոցեսը սկսւել ա»։

Հայդուկ Շամլեանը մեկնաբանում է. « Ըստ Հայաստան անունը կրող երկրի մը վարչապետին, յստակ չէ, թէ՝ հայերու եւ թուրքերու միջեւ, ճիշտ ո՞վ է, ո՞ր մէկ կողմն է, որ՝ ամենաառաջինը, սկսաւ թշնամութիւնը... հայերու դէմ բոլոր հալածանքներուն եւ կեղեքումներուն, եւ մինչեւ իսկ ցեղասպանութեա՛ն վերաբերեալ, թուրքերու հիմնական «արդարացումը», ճի՛շտ այս ուղղութեամբ է… թէ՝ հայերը ներքին թշնամիներ էին, օսմանեան կայսրութեան մէջ… այս խօսքերը ուրեմն ընդունելի կը դարձնեն ուղղակի Թուրքիոյ թեզերը, դրոյթները, թրքական լուծի տակ հայերուն վիճակուած բոլոր բարբարոսութիւններու առնչութեամբ. ներառեալ ցեղասպանութիւնը. իսկ Արցախի նիւթով, նոյնպէս՝ Պաքուի, Սումկայիթի եւ այլ, անզէն հայերու գազանային ջարդերը - որոնցմէ առաջ, ոչ մէկ կռիւ իսկ չէին սկսած տակաւին հայերը Արցախի կապակցութեան-, կը ներկայացուին որպէս՝ թուրքերուն «հասկնալի» հակադարձութիւնը, մեր կողմէ սկսած թշնամութեան...»։

Ծրագրւած, թէ անգիտակցական, երկու դէպքում էլ դաւադրութիւն է: 29-ականը դաշնակիցն է կամ ազդեցութեան գործակալը կամ էլ հէնց գործակալը թուրքբրիտանաամերիկեան յատուկ ծառայութիւնների դաւադրութեան։

Գայթակղիչ է 29-ական դառնալը, Արեւմուտքի սվոյն՝ ես, իւրայինը, Արեւմտեան հաստատութիւնները նրան տանում են իրենց բուհ-երում կրթական ծրագրերի, շրջագայեցնում տարբեր կոնֆրանսներում, շռայլօրէն ֆինանսաւորում նրանց ngo ները։ Արեւմտուքը 29-ականներին բազմացնում է 2 պատճառով. 1-ին՝ ինչպէս աշխարհի տարբեր անկիւններում, այնպէս էլ Հայաստանում խթանելու համար առանց որեւէ իդեայի, սպառողական հասարակութեան ձեւաւորումը, եւ 2-րդը քաղաքական շահը՝ քանի որ վերանձնային նպատկաներից հրաժարումը՝ Արցախ եւ Հայ Դատ, ու 29-ի մէջ ներփակւելը ջնջում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ հակասութիւնները, հետեւաբար վերացնում նրանցից պաշտպանւելու համար անվտանգութեան համակարգի, ուրեմն նաեւ Ռուսաստանը որպէս դաշնակից ունենալու անհրաժեշտութիւնը։ Այսպիսով, ՆԱՏՕ-ն Թուրքիայի միջոցով, հարաւից էլ Ռուսաստանը օղակի մէջ է առնում։

Գայթակղութեանն են տրւում նաեւ սփիւռքահայեր ու նոյնիսկ արցախցիներ, եւ դաւաճանելով իրենց ինքնութեանը՝ դառնում են 29-ական։ Ինչպէս սփիւռքահայ մտաւորական, նախկին դաշնակցական Ժիրայր Լիպարիտեանը, որ դառնալով նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի խորհրդական՝ վերածւեց 29-ականութեան ամենամոլեռանդ պրոպագանդիստի՝ տարիներ շարունակ գրքերով, յօդւածներով, ելոյթներով պնդելով, թէ Արցախի անկախութիւնը անհնար է, ուրեմն, յանուն «խաղաղութեան» Ադրբեջանին զիջումներ պէտք է անել: Իսկ պատերազմից անմիջապէս յետոյ, կարծես սպասելով պարտութեանը, գրեց թէ ինչ էլ լինէր, պարտութիւնը անխուսափելի էր, քանի որ Ադրբեջանը ուժեղ էր, իսկ նախկին իշխանութիւնը «ոչմիթիզական» էր, եւ եթէ Հայաստանը նախապէս զիջէր 7 շրջանները, պատերազմ չէր լինի։ Իսկ զիջելուց յետոյ ի՞նչ կը լինէր Արցախի հետ։ Լիպարիտեանը ուղիղ չի ասում, բայց նրա այս խօսքից թէ «Արեւմուտքը, Արեւելքը, Հիւսիսն ու Հարաւը մեզ աւելի քան 20 տարի ասում էին, որ չեն ճանաչելու Ղարաբաղի անկախութիւնը», հասկացնում է, որ 7 շրջանից յետոյ էլ Արցախն էր յանձնւելու։ Եթէ աքսիմոտիկ ճշմարտութիւն է որ Արցախի անկախութիւնը չի ճանաչւելու, ապա այդ աքսիոմայի շարունակութիւնն է որ Արցախը պէտք է լինի Ադրբեջանի կազմում։ Բայց սա սուտ աքսիոմա է, 29-ականը 29-ական չի, եթէ կեղծիք չի անում: 

Իշխանութիւնը կորցնելու պատճառով Տէր-Պետրոսեանական շրջանակները այնպէս այնպիսի մերժողականութեամբ են լցւել իրենց տապալողների նկատմամբ, որ կեղծում են իրենցից յետոյ բոլոր ձեռքբերումները՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ արտաքին քաղաքականութեան։ Լիպարիտեանը սխալւում է, Մինսկի խմբի եռանախագահ երեք գերտէրութիւնների առաջարկած մադրիդեան սկզբունքները, որտեղ արձանագրւած է Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ հանրաքւէով իր ճակատագիրը որոշելու իրաւունքը, հէնց այն է, որ միջազգային հանրութիւնը պատրաստ էր ճանաչել Արցախի անկախութիւնը: Իսկ լիպարիտեանները, ինչպէս թիկունքում յայտնւած թշնամու անընդհատ թափւող թռուցիկ, ներշնչում էին հայ հասարակութեանը, թէ անհնար է Արցախի անկախութիւնը, որ պատերազմում պարտութիւնը անխուսափելի է։ Իշխանութեան եկած իրենց քաղաքական ժառանգներն էլ Արցախի անկախութեան անհնարինութեան համոզմամբ եւ մինչեւ պատերազմն արդէն պարտւած տապալեցին բանակցութիւններն ու պատերազմ ստանալով երկիրը կապիտուլեացիայի մատնեցին, եւ ձախողւեց աշխարհի կողմից Արցախի անկախութիւնը ճանաչելու հեռանկարը։ 

(2000 թւին Չիկագոյում Ժիրայր Լիպարիտեանը յուզւած ասում էր, թէ ինչ ծանր վիճակում են ադրբեջանցի փախստականները, եւ որ Արցախի հարցի լուծումը կը նպաստի, որ նրանք ի վերջոյ տուն վերադառնան։ Ապրուկցո՞ւմ էր ադրբեջանցիներին։ Ինչպէս կարող է մէկը ապրումակցել անծանօթ ադրբեջանցիներին, ում իշխանութեան օրօք շատ աւելի դաժան պայմաններում էին ապրում հայրենակիցները՝ աղէտի գօտում, որոնց մասին երբեք ծպտուն չի հանել)։

Կամ ինչպէս արցախցի, Մարտունիում ծնւած եւ մեծացած Հայաստանի անվտանգութեան քարտուղար Արմէն Գրիգորեանը, ում հայրենիքը մի քանի ամիս առաջ թուրքական հրամանտարութեամբ աւերում էին, մարտի 27-ին Հանրային հեռուստատեսութեամբ հարցին՝ «Թուրքիան այլեւս թշնամի պետութիւն չէ՞ Հայաստանի համար» պատասխանում է. «Եթէ մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մօտեցումներում որոշակի շտկումներ պէտք է լինեն, ու մենք այդ ուղղութեամբ աշխատում ենք»։ 

* * *

Յաճախ է հանդիպում Տէր-Պետրոսեանի երկրպագուների չարախնդութիւնը, թէ տեսաք, չընդունեցիք 1997-1998 թթ. Արցախեան կարգաւորման առաջարկները, արդիւնքում պատերազմ եւ աղէտ ստացանք (որպէս օրինակ, Հանրային քննարկմանը Վասակ Դարբինեանի խօսքը

Արդեօ՞ք ճիշտ են նրանք, թէ՞ կարգաւորման այդ տարբերակը իրագործելուց յետոյ, միեւնոյն է, պատերազմի վտանգը չէր վերանայ, եթէ փուլ առ փուլ յանձնում ես տարածքները, ապա հասնում Արցախին, ի՞նչ է լինելու դրանից յետոյ՝ պատրեա՞զմ, թէ՞ էլի զիջում։ Այս բանավէճը երբեք աւարտ չի ունենայ, քանի որ երբեք այդ հարցի պատասխանը չի տրւի։ Բայց այլ խնդիր կայ, փորձենք ձեւակերպել Տէր-Պետրոսեանի թեզը: Ըստ նրանց՝ «ազատական ազգայնանականների», Հայաստանը իր հարեւանների՝ Թուրքիային եւ Ադրբեջանին չի կարող փոխել, հետեւաբար գոյատեւելու միակ ճանապարհը հարեւանների հետ բարեկամութիւն հաստատելն է, իսկ դրա համար Հայաստանը չպէտք է բարձրացնի ցեղասպանութեան ճանաչման հարցը, իսկ Ադրբեջանին էլ զիջումներ անի։ Բարեկամութեան հաստատման դէպքում Արցախը կարող է լինել նաեւ Ադրբեջանի կազմում։ Լաւ, չբանավիճենք այս գաղափարի հետ, այլ հարց բարձրացնենք. ինչո՞ւ են թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամութեան ջատագովները սխալ քաղաքականութեան սկիզբ հռչակում 1998-ը, երբ Տէր-Պետրոսեանին տապալեցին եւ մերժեցին նրա կարգաւորման տարբերակը, չէ՞ որ Արցախի ինքնորոշման շարժումը սկիզբ է առել 1988-ին, Տէր-Պետրոսեանն էլ քաղաքական ասպարէզ է մտնել որպէս Արցախը Ադրբեջանի կազմից հանելու համար պայքարի առաջնորդ: Աւելին, Արցախը Հայաստանին վերամիաւորելու Գերագոյն խորհրդի 1989 թ. որոշումը նրա ջանքերով է ընդունւել։ Տէր-Պետրոսեանի շրջապատը, եթէ սխալ է համարում Ադրբեջանի հետ հակամարտութեան մէջ մտնելը, ապա այդ սխալի հեղինակը իրենց առաջնորդն է, եւ սխալը ոչ թէ 1998-ից է սկսւում, այլ 1988-ից։ Ի վերջոյ ղարաբաղեան շարժումը հասաւ մի թշնամական կէտի, որից յետոյ այլեւս անհնար էր Ադրբեջանի կազմում որեւէ հայաբնակ բնակավայր ունենալը, եւ ուրեմն Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխիքը միայն Ադրբեջանի կազմից դուրս է հնարաւոր։ Խնդրեմ, Հադրութը, ով չէր կարողացել փախչել, սպանւել էր տեղում։ Հէնց հիմա, ռուս զինւորը հէնց ոտքը քաշի, կոտորւելու են արցախցիները։

Այդ կէտին հասցնելողներից մէկն էլ Տէր-Պետրոսեանն էր։ Այդ կէտին հասցնելուց յետոյ դաւաճանութի՞ւն է, թէ՞ ցինիզմ՝ արցախցիներ, Ադրբեջանի կազմում ապրէք։

Արցախ գոռալով իշխանութեան ու կարողութեան տէր դառնաք, ու, մէկ էլ, թէ՝ մեղսի, մեղսի, էլ դուք մեզ պէտք չէք։ Չէ, ինչ մեղսի, հըլը մեղադրելով, մուննաթ գալով, էս ինչ մաքսիմալիստ տականք էք, չէք թողնում, որ Գռզոյի բեռները թուրքիաներով պրեամոյ անցնեն։

Հայաստանի հասարակութիւնը չունի՞ պատասխանատւութեան ինստիտուտ, որ թոյլ չտայ իր բախտը որոշելով զբաղւեն այնպիսի գործիչներ, որոնք մի օր մի գաղափար են քարոզում, իսկ երբ այդ գաղափարը յանգեցնում է անշրջադարձելիութեան, սկսում են ճիշտ հակառակ գաղափարը քարոզել։

1988-ին միլիոնով փողոց դուրս եկած Հայաստանի բնակչութիւնը իր աջակցութիւնն է յայտնում Արցախի ժողովրդի ազատագրական պայքարին, ոգեւորում, որ Արցախը վճռականօրէն կարող է առաջ տանել ինքնորոշման գաղափարը, քանի որ ապահով թիկունք ունի՝ Հայաստանը։ Սակայն տարիներ անց, մէկ էլ, Հայաստանը հրաժարւում է իր ստանձնած պարտաւորութիւնից ու թուրքի դէմ թողնում արցախցիներին միայնակ։

Արցախի յանձնումն ու միաժամանակ թուրքերին սիրաշահելն ու բարեկամութիւն մուրալը Փաշինեանի դէմքով է կատարւում, սակայն եթէ դէմքերից վերացարկւենք, ապա այդ ամէնը Հայաստանն է անում։ Եթէ դաւաճան է Փաշինեանը, ինչպէս վանկարկում են ընդդիմադիրները, ապա դաւաճան է նաեւ Հայաստանը, որ Արցախին խոստացաւ լինել իր անվտանգութեան երաշխաւորը, առաջ տանել Արցախի ինքնորոշման իրաւունքը, սակայն չդիմանալով փորձութիւններին՝ դաւաճանեց։

Հարիւրամեակներով, տարբեր ոսոխների դիմադրելով՝ արցախցիները պահել են իրենց երկիրը՝ մշակոյթ ստեղծել, հասել 21-րդ դար հաւատով որ իրենց թիկունքին է հայկական պետութիւնը, եւ մէկ էլ դաւաճանութիւն, ու երկիրը ձեռքից այնպէս է գնում, որ անհնար է դարձել կանխելը։ Ադրբեջանցիները պղծում են հայկական յուշարձանները եւ երջանկացած նկարահանումները գցում ցանց, տագնապով հետեւում ենք, որ յանկարծ հայկական առաջին դպրոցներից մէկը՝ չորրորդ դարի Ամարասի եկեղեցին էլ չանցնի ոսոխին, յոյսներս դրել ենք միայն Արցախի միւս շրջաններում օտար խաղաղապահների կասկածելի պաշտպանութեանը։ Հայաստան չկայ, Հայաստանի պաշտպանական համակարգը քանդւած-աւերւած է, «Մեր էրեխէքը խի պիտի ծառայեն Ղարաբաղում» հնչում են Նիկոլի վկաների բերաններից։

Ի՞նչ է լինելու Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու ճակատագիրը։ Ըստ պայմանագրի՝ ռուս խաղաղապահները 5 տարով են Ղարաբաղում, յետո՞յ ինչ կը լինի, եթէ Ադրբեջանը չուզի խաղաղապահների ներկայութիւնը, նրանք պէտք է հեռանան։ Եւ արցախցիները, ճարահատեալ, որպէս վերջին փրկօղակ ռուսական բանակը պահելու համար ռուսերէնը ընդունում են որպէս երկրորդ պետական լեզու։

Հայկական հակառուս շրջանականերն ասում են թէ 1915-ին Ռուսաստանը ճակատում նահանջելով՝ մեզ դաւաճանեց, այլ պատմաբաններ էլ ասում են, թէ 1921 թւին ֆրանասիան Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելով՝ դաւաճանեց Կիլիկիայի հայ համայնքին՝ մատնելով կոտորածի։ Այլոք նրանց բացատրում են՝ որ ոչ թէ դաւաճանեցին, այլ ռուսներն ու ֆրանսիացիներն ունեն իրենց ազգային շահերը, որոնք հակասում էին հայերի շահերին։

Բայց հիմա հայերն են դաւաճանում հայերին, Հայաստանը՝ Արցախին։ Ազգային շա՞հ, թէ՞ դաւաճանութիւն, նրանք միասին են ի յայտ գալիս: Այն պահից, երբ դաւաճանութիւնը բացայայտւում է, նոյն պահին էթնոսից առանձնանում է քաղաքական նոր ազգը՝ իր առանձին շահերով։

 

Արցախ-Հայաստան միասնութեան նւիրեալներ

Երբ 1990-ականներին ՀՀՇ-ն սկսեց հրաժարւել իր համազգային կոչումից, նրանից առանձնացաւ Վազգէն Մանուկեանը եւ ՀՀՇ հապաւման համազգային բառը փրկելու համար յայտարարեց, թէ հայերը համաշխարհային ազգ են։ 1991 թիւն էր, ՀՀՇ-ի եւ Տէր-Պետրոսեանի վերելքի շրջանը, երբ նա ԱԺ նախագահից անցնելու էր երկրի նախագահի պաշտօնին, եւ Մանուկեանի խօսքը ծաղրի արժանացաւ, իսկ Լեւոն Տէր-Պետրոսեանն էլ հակադարձեց՝ հայերը սովորական ազգ են, իսկ ազգային գաղափարախօսութիւնը կեղծ կատեգորիա է։ Այսինքն, ազգը չունի նպատակ, այն ինչ որ պետական կառոյցի ներքոյ առանց տեսլականի, աննպատակ սպառողների հասարակութիւն է, եւ քաղաքական գործիչների գործն է միայն այդ սպառողականութիւնը խթանել։

Սակաեան 88-ի շարժման թափն այնքան ուժգին էր, որ ՀՀՇ-ն չէր կարող իրագործել 29-ական ծրագիրը: 1992-ին արդէն ճակատում պարտութիւնների պատճառով Տէր-Պետրոսեանի ու ՀՀՇ-ի վարկանիշը արագօրէն սկսեց գահավիժել, ընդդիմութեան ցոյցերը խարխլում էին նրանց իշխանութիւնը, եւ 1992-ին Տէր-Պետրոսեանը իր գլխաւոր հակառակորդ Վազգէն Մանուկեանին նշանակեց պաշտպանութեան նախարար, որից յետոյ սկսւեցին հայկական ուժերի յաղթանակները։

Իսկ յետոյ 1995 թ. Ազգային ժողովի, ապա 1996-ի նախագահական ընտրութիւնները կեղծելով ՀՀՇ-ն յոյս ունէր, թէ իշխանութիւնը պահելով կիրագործի 29-ական ծրագիրը։ Սակայն այդտեղ էլ վրիպեց, այս անգամ իշխանութեան ներսում ճեղք գոյացաւ, եւ ուժայինները 1998-ին իշխանութիւնից հեռացրին 29-ականներին։

Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական քաղաքականութիւնը կտրուկ փոխւեց, 1998-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց Ցեղասպանութեան ճանաչման հարցը, այն դարձաւ Հայաստանի պաշտօնական քաղաքականութիւն։

Թէեւ 29-ականները քննադատում էին Հայաստանի նոր քաղաքականութիւնը, Տէր-Պետրոսեանը ծաղրանքով անւանում էր բուրջհամուդեան քաղաքականութիւն, սակայն դրական արդիւնքները ակնյայտ էին:

1998-2019 թւականներին 26 երկիր ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը։ Հակառակ 29-ականների պնդումների, թէ Ցեղասպանութեան ճանաչման պետական քաղաքականութիւնը կը խոչընդոտի Թուրքիայի հետ յարաբերութիւններին, Թուրքիան առաջին անգամ Հայաստանը որպէս ինքնուրոյն միաւոր նկատեց եւ 2005-ին վարչապետ Էրդողանը համագործակցութեան առաջարկով նամակ յղեց նախագահ Ռոբերտ Քոչարեանին, վերջինս էլ պատասխանեց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել առանց նախապայմանների։

Սփիւռքը Հայաստանի հետ մերձեցնելու համար հիմնադրւեց համահայկական սպորտային մրցոյթները։

Ի վերջոյ, այս քաղաքականութեան արդիւնքում Սփիւռքը ակտիւօրէն ներգրաււեց Հայաստանի կեանքում, Լինսի հիմնադրամի տրամադրած գումարները, Թումօ կենտրոնը ու օդանաւակաեանի նոր շէնքը դրանց վառ օրինակներն են։

Քոչարեանին փոխարինած նախագահ Սերժ Սարգսեանը փորձեց հաւասարակշռել 29-ականների եւ Արցախ-Հայաստան-Սփիւռք մէկ ազգ գաղափարը, եւ իր կառավարման հէնց առաջին տարին 2008-ին ձեռք մեկնեց Թուրքիային, նախաձեռնւեցին հայ-թուրքական արձանագրութիւները, որոնք ձախողւելով՝ Թուրքիային աւելի ագրեսիւ դարձրին Հայաստանի նկատմամբ։

Միջազգային ասպարէզում ամենամեծ ձեռքբերումը ղարաբաղեան կարգաւորման բանակցութիւններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչումն էր, որն արձանագրւեց 2007-ի Մադրիդեան սկզբունքներում։

29-ականները տարածում էին այն միֆը, թէ իշխանութիւնները յանձին Սերժ Սարգսեանի եւ Քոչարեանի, չէին ուզում կարգաւորել ղարաբաղեան հակամարտութիւնը, թէ ամէն ինչ անում էին, որ ստատուս քւոն պահպանւի, ու իշխանութիւններին պիտակում ոչմիթիզական։ Սակայն բանակցային գործընթացի մանրամասներին ծանօթանալով նկատւում է, որ Հայաստանի իշխանութիւնները բանակցային յստակ գաղափարախօսութիւն են ունեցել, հետեւողականօրէն առաջ են տարել ազգերի ինքնորոշման գաղափարը, բանակցային գործընթացում միջնորդ երեք գերտէրութիւններին ստիպել են չշարժւել երկակի ստանդարտներով եւ հաւատարիմ մնալ իրենց ստորագրած միջազգային հռչակագրերի ազգերի ինքնորոշման գաղափարին եւ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, եւ այդ իրաւունքի ճանաչումն էլ դառնում է Արցախի ժողովրդի անվտանգութեան կայուն եւ միակ երաշխիքը, որից յետոյ միայն տարածքային փոխզիջումներ կը լինեն։ (բանակցային դետալների մասին մանրամասներ է ներկայացնում Սերժ Սարգսեանը Արմնիւզին տւած հարցազրոյցում)։ Ահա, թէ ինչու Ալիեւը յայտարարում էր, թէ փակ դռների յետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախութիւնը։ Մինչեւ Փաշինեանի վարչապետ դառնալը, միջազգային հանրութիւնը հայկական կողմին էր համարում կառուցողական, իսկ Ադրբեջանը որոշակի առաջարկների նախապէս համաձայնելով ապա մերժելով՝ որպէս ոչ կառուցողական կողմ էր ընկալւում։ Ռուսաստանի արտգործնախարար Լաւրովը նոյնիսկ այն ժամանակ յայտարարեց որ Ադրբեջանն է վերջին առաջարկները մերժել։

Հայաստանից պահանջւում էր հետեւողականութիւն եւ համբերատարութիւն հասնելու համար Արցախի ինքնորշման ճանաչմանը, որը ոչ միայն Արցախի ժողովրդին ազատութիւն կը պարգեւէր, այլեւ հայութիւնը իր առաքելութիւնը կունենար փոքր ժողովուրդների ինքնորշման ձգտման ճանապարհին։

Սակայն 2018 թւի յեղափոխութիւնը տապալեց ամբողջ աշխատանքը՝ իշխանութիւնը վերցրին 29-ականները, հրաժարւեցին այս ամբողջ ձեռքբերումներից եւ «իրենց կէտից» սկսեցին նոր բանակցութիւններ։

2018-ի աշնանը Դուշանբէում վերելակային կոչւած հանդիպմանը Փաշինեանը Ալիեւի խոստացել է զիջումներ, քանի որ սահմանին դադարեցին կրակոցները, պաշտօնական մակարդակով՝ հանրային հեռուստատեսութեամբ սկսւեց՝ «հասարակութիւնը խաղաղութեան պատրաստելու» քարոզչութիւն, Փաշինեանի տիկին Աննա Յակոբեանը սպառազինւելուց հրաժարւելու կոչեր արեց եւ ցուցադրեց զարդեր, որոնք զէնքերից էին ձուլւած։ Ապա Փաշինեանը բանակցային ամբողջ գործընթացից ու պայմանաւորւածութիւններից հրաժարւեց, ի շահ Ադրբեջանի ջրեց 2016-ի ապրիլեան պատերազմից յետոյ հայկական կողմի ձեռքբերումը՝ սահմաններին կրակի դադարեցման վերահսկման սանկտպետերբուրգեան եւ Վիեննայի համաձայնութիւնները, յայտարարեց, որ բանակցութիւնները իր կէտից է սկսում, այսինքն մերժեց բանակցային գաղափարախօսութիւնը, հրաժարւեց Արցախի ինքնորոշման գաղափարից, յայտարարեց Արցախը Հայաստան է եւ վերջ, ի վերջոյ, բանակցութիւնները մտցրեց փակուղի, որը մի դուռ էր բացում պատերազմի առաջ, երկրորդ դուռն էլ բացում էր Հայաստանի միակ դաշնակցի՝ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները փչացնելով։

 

Դասական Սփիւռք կամ աղէտի վերապրածներ

Դեռ 1918-1920 թթ. հանրապետութեան շրջանից սկսած երկիրը կորցրած արեւմտահայերը չէին կարողանում հարմարւել արեւելահայերի կենցաղին։

Պոլսեցի մտաւորական եւ կամաւորական շարժման ներկայացուցիչ Վահան Չերազը, 1920-ի հոկտեմբեր 6-ին մի նամակում գրում է (Հ.Պ.-ին).

Զինուորականը կուսակցական պէտք չէ ըլլայ, հոգ չէ, թէ այստեղ ճիշդ հակառակ ըմբռնում կը տիրէ: Համակրութիւններս յայտնի են քեզ: Ոչ մի պատճառ չեմ ունեցած փոխելու զանոնք, ընդհակառակն: Ես ազգասիրական խորունկ կսկիծով նկատեցի որ երկիրը կը գտնուի ֆիզիքական, բարոյական եւ տնտեսական սնանկութեան եզրին: Պատճա՞ռը: Դաշնակցութի՞ւնը: Այո եւ ոչ: Ոչ, որովհետեւ Դաշնակցութեան Թրքահայ հատւածը ազգայնական ու յառաջադիմական գեղեցիկ տրամադրութիւններ ունի: Այո, որովհետեւ այստեղ Դաշնակցութիւն կը նշնակէ Ռուսահայ ժողովուրդ: Իսկ Ռուսահայը շատ քիչերու բացառութեամբ, հոմանիշ է ծուլութեան, սանձարձակ զեղծումի, ու լիրբ կամայականութեան: Իսկ ռազմական տեսակէտով աղետալիօրէն բացասական է: Ոչ մի ժամանակ,- այստեղ այս փաստը շօշափելի է «կամաւ կոյրերուն» իսկ,- ներկայ Հայաստանը, այսինքն Ռուսահայաստանը չի կրնար մեզ գոհացնել իբր հայրենիք եւ չի կրնար ըլլալ կորիզ, կռուան, հիմնաքար, միացեալ Հայաստանի համար: Այստեղ զանգուածները դժկամութեամբ, աւելի ճիշդ բացասական կերպով կը ծառայեն հայկական հայրենիքին»:

Չերազին ճակատագիրը պահեց Հայաստանում, եւ 1928 թւին նրան գնդակահարեցին, իսկ 10 տարի անց Չերազի համար Հայաստան տեղափոխւած նրա՝ կնոջը՝ Խարբերդցի Վարդանուշ Չերազին գնդակահարեցին։

Բռնաճնշումների ենթարկւած արեւմտահայերի սերունդների մի մասը ստիպւած սկսեց «ձուլւել» արեւելահեյրի մէջ վերածւելով 29-ականների։ Այսուհանդերձ, 1960 ականների ազգային միասնութեան վերելքի գործիչները հիմնականում արեւմտահայերի սերունդներն էին։

Սփիւռքահայ կուսակցութիւնները իրենց բոլոր հակասութիւններով՝ միասնական էին ուղղագրութեան հարցում, նաեւ ընդհանուր հայրենքի՝ միացեալ Արեւելեան եւ Արեւմտեան Հայաստաննների գաղափարով, եւ Հայաստանի անկախութիւնից անմիջապէս յետոյ սփիւռքահայ երեք կուսակցութիւններն էլ իրենց կառոյցները ստեղծեցին Հայաստանում։

Բայց քաղակքական կուսակցութիւններից եւ սփիւռքեան բազմաթիւ կառոյցներից բացի, սփիւռքահայ մի շերտ կայ, որ Չերազի պէս, չէր կարողանում Արեւելեան Հայաստանը ընկալել որպէս հայրենիք։ Նրանց հայեացքները կուսակցականացւած չեն, մասնաւոր զրոյցներում են եւ նաեւ արտայայտւում են սփիւռքահայ գրականութեան եւ վերլուծական աշխատանքներում։

Որտեղից է այդ խորթութիւնը։ Երկու առաւել նկատելի պատճառներն են՝ 1-ին լեզուն, Հայաստանը չի ստեղծում պայմաններ արեւմտահայերէնի կենսունակութեան համար. Հայաստանում չկայ գոնէ մէկ արեւմտահայերէնով դպրոց, մինչդեռ օտար երկրներում՝ Կանադա, Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, ԱՄՆ, Աւստրալիա գործում են արեւմտահայերէն դպրոցներ։ Երկորդը ուղղագրութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնը մերժել է հայոց լեզւի ընդհանուր ուղղագրութեան գաղափարը, չի պատրաստւում պառակտող սովետական ուղղագրութիւնից հրաժարւել եւ Սփիւռքի հետ միասնական ուղղագրութեան վերադառնալ։

Լիբանանցի բարեկամս, որ Բէյրութում առեւտրով է զբաղւում, մի քանի անգամ փորձեց տեղափոխւել Հայաստան, բայց այդպէս էլ չյարմարւեց, եւ մի անգամ ասաց՝ ես հասկացայ, որ սա իմ հայրենիքը չի, իմ հայրենիքը Արեւմտեան Հայաստանն է, որ կորցւած է»։

Սփիւռքահայ գրող Գրիգոր Պըլտեանը «Դէպի մեծ փոխաբերութիւն» գրքում նկարագրում է 1995-ին՝ այն «ցուրտ ու մութ տարիներին» իր այցը Հայաստան. «Ով դրամ ունի, ան լոյս ու ջերմութիւն կրնայ գնել։ Կաշառքի թագաւորութիւն… մէկը մշտապէս լոյս ունի, միւսը բնաւ, թողոցին մէկ եզրքը կը մնայ խաւարի մէջ, միւսը կը փորձէ ծածկել գայթակղութիւնը թանձր վարագոյրներու յետին»։ Իսկ մարդիկ ինքնահիացմունքի մէջ են. «Ամէն մարդ անտեսուած մըն է, իբրեւ տաղանդ, մոռացուած հանճար, մանաւանդ երբ մտաւորականի պէս մէկն է, միշտ հալածուած նաեւ։ Նարկիսականութիւն եւ հալածախտ միասին։ Եւ ուրեմն, միշտ ալ բամբասանք։ Ե՛ս, ես միայն լաւն եմ, ես իմանում եմ, միւսները ի՜նչ են որ, ոչնչութիւններ, եւ անոնք են որ զիս չեն հանդուրժեր ու կը հալածեն»։ Փոխաբերութիւնը հէնց Հայաստանի հանրապետութիւնն է կորցրած հայրենիքի, այն որպէս հայրենիք ընկալելու անհնարինութիւնն է. «Ամէն անգամ որ կու գամ հոս ինծի կը թուի թէ կը վերապրիմ մին այն երազներէն, ուր ճամբու մը վրայ կը վազեմ եւ երբեք տեղ չեմ հասնիր, կարծես երբեք չեմ հասնիր իրականութեան մակերեսին», բայց նաեւ այն տեղը որտեղից փնտրում է այն միակ Հայրենիքը՝ սահմանի փշալարերից այն կողմ կորսվածը. «Այն տեղն է ասիկա որուն կը յղուի անհունօրէն, իր հեռաուոր աքսորէն։ Որուն, սակայն, երբեք չի հասնիր։ Աւելի ճիշդ՝ լեզուս կը յղուի այս տեղէն բացակային, այս տեղի միւս կողմին (շրջօնի՞ն)։ Շուքին, ստուերին։ Ջնջուածին։ Փոխաբերութիւնը անդադար կը յուշէ, որ միւսը չկայ, այն որ ուզեմ֊չուզեմ, սրբուեցաւ անհետ կամ գրեթէ։ Փոխաբերութիւնը կ՚ուզէ որ մոռնամ, իբր թէ որովհետեւ իրականութիւնը կայ, կոպիտ, հաստ, միակ ապրելի իրականութիւնը»։

Պըլտեանը Հայաստանի ղեկավարութեան մասին ասում է, որ եթէ «այն կողմից» գան ներում խնդրեն «պաշտօնէութիւն ու նաչալնիկ, բոլորը մէկէն պիտի ներեն, մեծ բեռէ մը ձերբազատ»։ Լաւատեսութի՞ւն է, քանի որ Հայաստանի այս նոր ղեկավարները իրենք են պատրաստ խնդրել թուրքերից ամէն ինչ, նոյնիսկ ներում խնդրել, որ իրենց հայրենակիցները նեղութիւն են պատճառել նրանց ոճիրները յիշեցնելով, միայն թէ արժանանան բարեհաճութեան։

Եթէ Հայաստանը Պըլտեանի նկարագրած հանրութիւնն է միայն, որտեղ հայրենիքը սեփական բնակարանի սահմանն է, էլ ի՞նչ Արցախ ու Զանգեզուր, իսկ գուցէ հանրութիւնը փոփոխւո՞ղ է։

Սփիւռքահայ փիլիսոփայ եւ քննադատ Մարկ Նշանեանը «Երկգլխանի հրէշին աշխարհը» բանախօսութեան մէջ քննադատում է սփիւռքահայ այն մտաւորականներին, ովքեր Հայաստանի անկախութեան հռչակումը ընդունեցին որպէս համայն հայութեան նպատակների իրագործում եւ լքեցին Սփիւռքի դիրքերը. «1990-ի շուրջ յայտարարելով ոը la dias­pora, c’est fini, Սփիւռքը վեր­ջա­ցած է, ու անցնելով աւելի լուրջ գործերու, որոնք արժանի պիտի ըլլային պատ­մու­թեան մէջ մնալու, պետութիւն մը ղեկավարելու եւ նախագահի մը խորհրդատուն ըլլալու յոյժ պատուաբեր եւ յիշատակելի գործերուն»։ 

«Հապա մեծ-մեծ բանաս­տեղծ­նե՞րը, որոնք իրենց հոգիին հետ՝ իրենց գրիչն ալ ծա­խե­ցին, նոր Լեւոնը Կիլիոկիոյ վերջին Լեւոնին հետ կամր­ջե­լով։ Հապա Ճիւան Թապի­պեանը, լուսահոգին, որ Զօ­րեանի 1982-ի հանդիպումին հայրենասիրական բոլոր միսթիցիզմներուն դէմ այդ­քան գեղեցիկ բա­ներ ըսելէ ետքը, ինքն ալ անփառունակ կերպով յօդ­ուած մը ստո­րագրեց AIM-ի մէջ այդ օրերուն, ըսելով որ վերջապէս պիտի չամչնանք Հայ ըլլալէ։ Ինչո՞ւ, ուրեմն կ՚ամչնայի՞նք։ Գոյք, կալ­ուած, դպրոց, հոգի, մայր, գրիչ, ուրիշ ի՞նչ մնաց ծախելիք։ Կը մնար խելքը։ Իրենց խելքն ալ ծախեցին։ Ի՞նչ խա­բէական դաստի­ա­րա­կութիւն ստացած էին ասոնք բոլորը, իրենց դպրոց­նե­րէն, եկեղե­ցիներէն ու կու­սակցական ակումբներէն ներս։ Ի՞նչ ակ­նա­խտիղ միսթի­ցիզմի կը հետեւէին։ Մէջէն-մէջէն փտած կառոյցներու բնակիչներ՝ բո­լո­րը։ Փլելու պատրաստ աւազէ կառոյց­նե­րու բնակիչներ։ Կառոյցներու որոնք պէտք է փլէին եւ դեռ պէտք է փլին, եթէ պա­տրաստ չեն Սփիւռքի պատնէշին վրայ կանգնելու եւ իրենց պար­տա­կա­նու­թիւնը կա­տարելու»։

Բանախօսութեան հարցադրում է թէ արդեօ՞ք հնարաւոր է, որ Սփիւռքը լինի ինքնիշխան, մէջբերում է Վահէ Օշականի խօսքը՝ Սփիւռքին անհրաժեշտ է բնազանցութիւն ունենալ, հարց որ իրեն 50 տարի անհանգստացրել է, հնարաւո՞ր է այն արդեօք։ Եւ յանգել պատասխանի՝ ոչ, քանի որ հայ ազգայնականութունը ձեւաւորւել է որպէս որոշակի տարածքի վրայ բնիկի երեւակայութիւն, եւ Սփիւռքն էլ մասը կազմելով այդ ազգայնականութեան միեւնոյն ժամանակ զրկւած լինելով «հողից» «բնիկութիւնից» զոհն է դարձել այդ ազգայնականութեան՝ իրեն զրկելով ինքնիշխան լինելու հնարաւորութիւնից։ Միւս կողմից էլ Հայաստանը՝ որպէս «բնիկների» երկիր չի ընկալում Սփիւռքը եւ նրա գրականութիւնը, քանի որ բնիկութիւն չունի՝ «դրսից եկած» է. «Սփիւռքի մէջ տպուած ո՛չ մէկ գիրք կրնայ մուտք գործել Հայաստան կոչուած երկրի սահմաններէն ներս, չի կրնար մտնել բնիկին խելապատակէն ներս։ Բնիկին համար դուրսէն եկածը մաս չի կազ­մեր իր փորձառութեան»։

 

Yerkir.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։