Հա

Քաղաքական

14/04/2021 - 11:00

«Այս իշխանութեան համար հայրենիքը եւ տարածքը նոյնն են». Սպարտակ Ղարաբաղցեան

ՀՀ քաղաքական իշխանութիւնը հայրենասիրութեան հետ անգամ եզր չունի։ Նրա համար հայրենիքն ու տարածքը նոյնն են։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց գրող, հրապարակախօս Սպարտակ Ղարաբաղցեանը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական վիճակին:

«alikonline.ir» - ՀՀ քաղաքական իշխանութիւնը հայրենասիրութեան հետ անգամ եզր չունի։ Նրա համար հայրենիքն ու տարածքը նոյնն են։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց գրող, հրապարակախօս Սպարտակ Ղարաբաղցեանը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական վիճակին:

«Վստահ եմ՝ երբ սկսւի նախընտրական շրջանը, քաղաքական իշխանութիւնը նորից կեղծ հայրենասիրական յայտարարութիւններ է անելու, բայց եթէ այս անգամ էլ ժողովուրդը խաբւի, ուրեմն՝ ժողովուրդն իրաւունք չունի ո՛չ հայրենիք, ո՛չ պետութիւն, ո՛չ ապագայ ունենալու։ Կարգախօսներով այսօր հայրենասիրութիւն չես մտցնի»,- ասաց հրապարակախօսը՝ նշելով, թէ պատահական չէ, որ վերջին երեք տարւայ ընթացքում անդունդ գոյացաւ իրական ու կեղծ հայրենասերների միջեւ։

Ղարաբաղցեանը նշեց՝ ժողովուրդների, ազգի ամենամեծ զրահաբաճկոնը արժանապատւութիւնն է. «Հիմա ինչ զրահաբաճկոն էլ հագնեն այս քաղաքական իշխանութիւնները՝ իրենց լիդերի հետ, ամենամեծ զրահաբաճկոնն արդէն կորցրել են, էլ ոչինչ չի փրկի, բայց դա էլ ուղիղ համեմատական է այդ երկրում ապրող ժողովրդին»:

Ըստ Ղարաբաղցեանի՝ մենք ունենք խնդիր՝ քաղաքական իրավիճակը հանգուցալուծել, որից յետոյ միայն կարող ենք Հայաստան պետութեան ու հայ ազգի լուսաւոր ապագայի մասին խօսել։ «Եթէ մի փոքր բան էլ մնայ այս վիճակից, վիրուսի նման է լինելու, իսկ հիւանդութիւնից պէտք է մինչեւ վերջ բուժւել, եթէ բուժումը չեղաւ, վիրուսն արագօրէն տարածւելու է։ Մենք մեզ նման շռայլութիւն թոյլ տալ չենք կարող, մեր կորուստները շատ են։ Երեք տարում այսքան կորուստ ոչ մի պետութիւն, ոչ մի ազգ չի ունեցել, այն էլ նաեւ մշակոյթի, բարոյականութեան, ազգային գաղափարախօսութեան իմաստով։ Դեռ կան խաբւածութեան փշրանքները, մարդիկ կան, որ չեն հասկանում՝ ինչ են կորցրել, իսկ դա շատ վտանգաւոր է»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հիմա կորուստները գիտակցելու ժամանակն է եկել։

Հրապարակախօսի խօսքով՝ էական խնդիր է այն հանգամանքը, որ հասարակութիւնն է անտարբեր։ Վերջինս, ըստ Ղարաբաղցեանի, թմբիրից արթնանալու անհրաժեշտութիւն ունի, ինչի համար ուժեղ հարւած է պէտք։

«Այսօր ինքներս քաղաքական իշխանութեան թելադրանքով սկսել ենք խմբագրել մեր պատմութիւնը ու անկախ մեզանից դարձել ենք այդ յանցագործութեան մասնակիցները։ Եթէ դու ինչ-որ բան չես անում, չի նշանակում՝ դու յանացագործ չես, ընդհակառակը՝ եթէ տեսնում ես, բայց չես բռնում այդ ձեռքը, աւելի յանցագործ ես։ Այսօր միայն անտարբերութեան վերացմամբ կարող ենք վերադարձնել այն, ինչ կորցրել ենք եւ կորցնելու ճանապարհին ենք։ Մի երկրում, որտեղ մայրերից մէկն իր գերեվարւած որդուն է սպասում, միւսը յոյսով որդուց մի մասունք է փնտրում, դու հանգիստ, անտարբեր չես կարող ապրել, դա բարոյական չէ»,- ասաց նա՝ նշելով, թէ այսպէս շարունակւելու դէպքում եղածն էլ պահպանել չենք կարողանայ։

«Մենք աշխարհին փաստել ենք, որ արժանի ժողովուրդ ենք։ Ինչպէս այսօրւայ իշխանութիւններն արժանի չեն այս ժողովրդին, նոյնն էլ մենք այս պահին արժանի չենք հզօր պետութիւն ունենալու։ Մենք մշակութային հետք ենք ունեցել, բայց հիմա լրիւ ուրիշ պատկեր ենք տեսնում։ Ազգայինը, մշակոյթն ընդունում են բառի ձեւով, մինչդեռ դա պրոցես է»,- նշեց նա։

Դիտարկմանը, թէ այս փուլում, երբ պետականութիւն պահպանելու խնդիր կայ, իշխանութիւնը խօսում է տարիներ շարունակ մեզ թշնամի համարած ու այժմ էլ թշնամի համարող պետութիւնների հետ բարեկամական յարաբերութիւններ զարգացնելու մասին, գրողն արձագանքեց, թէ դա միֆ է, իսկ թշնամի երկրի հետ բարեկամական կապեր ունենալու մասին խօսելը ծիծաղելի է։

«Երբ քաղաքականութեան մէջ մարդիկ են, որ հայրենիքի զգացողութիւն չունեն, պետականութեան զգացողութիւն չունեն, բնական է, որ ով էլ լինի իրենց կողքին, բարեկամութեան կոչ են անելու, բայց պարտադրելով բարեկամութիւն չի լինում։ Եթէ մարդիկ եկել են իշխանութեան՝ ինչ-ինչ թելադրանքներ կատարելու, այս թեզը տանելու են այնքան, քանի դեռ «թառած են» իշխանութեան գլխին։ Ցաւն այն է, որ ժողովրդի մեջ այդ շերտը կայ, որ դեռ շարունակում է հաւատալ նրանց։ Մշակոյթի պահպանումը կախւած է յիշողութիւնից, եթէ յիշողութիւնդ պահես, ամէն ինչ իր ժամանակին կը յաղթահարւի, իսկ եթէ յիշողութիւնդ կորցնում ես, քեզ ամէն ինչ կը հրամցնեն իրենց ուզած ձեւով»,- ասաց Սպարտակ Ղարաբաղցեանը։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։