Հա

Քաղաքական

15/04/2021 - 11:25

«Ո՞վ է իրական կապիտուլեանտը». Աւետիք Չալաբեան

Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Ո՞վ է իրական կապիտուլեանտը.

«alikonline.ir» - Աւետիք Չալաբեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. «Ո՞վ է իրական կապիտուլեանտը.

Երէկ դեռեւս վարչապետի պաշտօնը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանը հնարաւորութիւն ունէր Ազգային ժողովում արժանաւոյնս հակադարձելու Բաքւի բռնապետի վերջին խայտառակ ներկայացումներին եւ հայատեաց յայտարարութիւններին, բայց փոխարէնը որոշեց ապագայ ընտրողների առաջ հերթական անգամ հանդէս գալ ինքնաարդարացման պաթոսախառն ելոյթով, յընթացս էլ աջ ու ձախ պարտութեան համար մեղաւորներ կարգելով տարբեր այլ անձանց։

Ես արդէն չէի անդրադառնայ այս կիսաճշմարտութիւնների, կիսաստերի, եւ բացայայտ ստերի տարափին, մանաւանդ որ երէկ արդէն այդ անհեթեթ ելոյթից յետոյ բազմաթիւ իրաւացի հարցեր եւ քննադատութիւններ հնչեցին, սակայն հաշւի առնելով, որ սոյն անձը ներկայումս յուսահատ ճիգեր է գործադրում քաղաքականապէս վերարտադրւելու եւ իր իշխանութիւնը մեզ եւս հինգ տարով պարտադրելու համար, կուզէի ընդամէնը մի քանի էական հարցի անդրադառնալ՝

ա) Նիկոլ Փաշինեանի ելոյթի ընթացքում բազմիցս հնչեց այն միտքը, որ Արցախեան հարցով բանակցութիւնները փակուղի էին մտել արդէն 2017 թւականին, եւ փաստացի պատերազմը անխուսափելի էր դարձել։ Եթէ այդպէս է, բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ չէիք յայտնում մեր ժողովրդին դրա մասին մինչեւ պատերազմը եւ հարցնում նրա կարծիքը, ինչպէս խոստացել էիք 2018 թ. օգոստոսին, ինչո՞ւ էիք այդ նոյն ամբիոնից յոխորտալից յայտարարում, որ «Ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ», ինչո՞ւ էիք ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնում, նրանից թաքցնելով ճշմարտութիւնը։ Եւ ընդհանրապէս, ի՞նչ էք արել, որպէսզի այս պատերազմից խուսափէք, եւ դուրս գաք այդ բանակցային փակուղուց, եթէ նոյնիսկ այդպիսին իսկապէս գոյութիւն ունէր (ինչին ես խիստ կասկածում եմ)։

բ) Եթէ պատերազմ իսկապէս անխուսափելի էր դարձել, որպէս երկրի գործադիր իշխանութեան ղեկավար, ի՞նչ էք արել այդ պատերազմին լաւագոյնս պատրաստւելու համար։ Մասնաւորապէս, օրինակ, 2019 թ. հոկտեմբերին, 2020 թ. պետական բիւջէն քննարկելու ժամանակ, Ազգային ժողովում յամառօրէն պնդում էիք, որ 2020 թ. ռազմական բիւջէն 2019 թ. համեմատ պէտք չի աւելացնել, եւ դա այն դէպքում, երբ ընդհանուր բիւջետային ծախսերը աճելու էին 14%-ով, իսկ Ադրբեջանն էլ ամբողջ 20%-ով աւելացնում էր իր ռազմական ծախսերը։

Նոյն 2019 թ. յունիսին, Պաշտպանութեան նախարարը հրաման էր արձակել Ակտիւ պահեստազօր ստեղծման մասին, որը սակայն փաստացի չիրականացւեց, քանի որ Կառավարութիւնը դրա համար միջոցներ արդիւնքում այդպէս էլ չյատկացրեց։ Նոյն հարցն է առաջանում՝ եթէ գիտէիք, որ մօտալուտ պատերազմ է սպասւում, ինչո՞ւ միջոցներ չէիք յատկացնում Պահեստազօրի համար, փոխարէնը պարգեւավճարներ էիք շռայլում Ձեր կողմնակիցներին։

Ինչո՞ւ 2019-ի վերջին պետական բիւջէում միջոց չգտնւեց պայմանագրային զինծառայողներին տարեմուտի պարգեւավճար տալու համար, փոխարէն շռայլ միջոցներ էին ծախսւում ամանորեայ զւարճանքների համար։ Այս թեմայով հարցերի ցուցակը կարող եմ երկար շարունակել, փոխարէնը ընդամէնը նշեմ, որ այսպիսի պատահականութիւնների շարան բնութեան մէջ շատ հազւադէպ է հանդիպում, եւ եթէ նոյնիսկ սրանց փորձէք Ձեր ոճով պատասխանել, բազմաթիւ նորերը ի յայտ կը գան։

գ) Նիկոլ Փաշինեանի յաջորդ պարբերաբար կրկնւող միտքն այն էր, որ ինքը ռազմական գործողութիւնների արդիւնքի համար անմիջականօրէն պատասխանատու չի, քանի որ բոլոր որոշումները ընդունել են գեներալները։ Սա խիստ կասկածելի պնդում է, քանի որ բոլոր դէպքերում, Փաշինեանն էր ստանձնել Գերագոյն հրամանատարի պարտականութիւնները, եւ բոլոր կարեւոր որոշումները զինւորական հրամանատարութիւնը համաձայնեցնում էր իր հետ, այլապէս այդ նոյն գեներալները պատերազմի ընթացքում նոր կոչումներ եւ շքանշաններ չէին ստանայ, այլ «իրաւունքի ուժով» կը պաշտօնազրկւէին։

Սակայն եթէ նոյնիսկ համարենք, որ պատասխանատւութիւնը համատեղ է, հետեւեալ հարցն է առաջանում՝ եթէ 2016 թ. ապրիլեան պատերազմի հետքերով ստեղծւեց ԱԺ Քննիչ յանձնաժողով, առերեւոյթ ռազմական գործողութիւնների հետ կապւած հիմնական հանգամանքները պարզելու նպատակով, ապա ինչո՞ւ այդպիսի յանձնաժողով չի ստեղծւել այժմ, երբ կորուստները հարիւրապատիկ մեծ են, հետեւանքները՝ անհամեմատ աւելի աղէտալի, հանգամանքները՝ ծայրայեղ խճճւած ու մշուշոտ։ Ինչո՞ւ այս մասին Ձեր իսկ կողմնակցի բարձրացրած հարցին հերթական խուսափողական պատասխանը տւեցիք, եթէ անձամբ Դուք թաքցնելու բան չունէք։ Եւ ընդհանրապէս, ինչո՞ւ էք այդպէս համոզւած, որ հնարաւոր է լինելու այս պատերազմի մասին իրականութիւնը անվերջ թաքցնել մեր ժողովրդից, չէ որ նա այլեւս նախկինը չէ, եւ իր հարցերին փաստարկւած պատասխաններ է պահանջում։

դ) Եւ վերջապէս, այս ելոյթի կուլմինացիան առ այն, որ Նիկոլ Փաշինեանը կապիտուլեանտ չի, եւ նրան օբիեկտիւ իրողութիւններ են հարկադրել ստորագրել նոյեմբերի 9-ի խայտառակ յայտարարութիւնը։ Եթէ նոյնիսկ ենթադրենք, որ դա այդպէս է, ապա ինչո՞ւ է այն գրւած այդպիսի խայտառակ լեզւով, երբ Քարվաճառից հայկական զօրքերը դուրս բերելուն տրւում է ընդամէնը մի քանի օր, իսկ գերիների վերադարձի ժամկէտ չի նշւում, ինչո՞ւ է նշւած, որ կողմերը մնում են զբաղեցւած դիրքերում, բայց չի նշւում, թէ որոնք են այդ դիրքերը, ինչո՞ւ նշւում, որ հայկական զօրքերը դուրս են բերւում Լաչինի շրջանից, բայց չի նշւում, թէ փաստացի ում վերահսկողութեան տակ է մնում Լաչինի միջանցքը, եւ այլն։

Եւ ինչու է այս յայտարարութեան ստորագրումից յետոյ ադրբեջանական կողմը լկտիօրէն խախտում նրա կէտերը, գրաւելով Խծաբերդն ու Հին Թաղերը, մտնելով Սոդքի հանք, փաստացի հայաթափելով Լաչինի միջանցքը, անարգել առաջ գալով մինչեւ Գորիս-Կապան ճանապարհ, հիմա էլ արդէն պահանջելով վերահսկւող միջանցք Սիւնիքի տարածքով, իսկ Դուք ամէն անգամ հլու-հնազանդ բաւարարում էք նրա հերթական աճող ախորժակները։ Եթէ Դուք իսկապէս կապիտուլեանտ չէք, ապա ինչո՞ւ էք մաս-մաս յանձնում մեր երկիրը, փոխանակ ատամներով պահէք նրա իւրաքանչիւր քար ու թուփ։

Ես չեմ երկարացնի իմ հարցերի շարանը, միայն կուզէի յաւելել, որ անցած պատերազմը համակողմանիօրէն հետաքննող, հնարաւորինս անաչառ եւ կարող յանձանժողովի ստեղծումը դառնում է կրիտիկական՝ այս ստի եւ կեղծիքի արատաւոր շրջանից դուրս գալու համար։ Նիկոլ Փաշինեանից ես այստեղ որեւէ սպասում չունեմ, բայց մենք պէտք է պահանջենք դա ապագայ իւրաքանչիւր իշխանութիւնից, որպէսզի այս խայտառակութեան խարանը ի վերջոյ մեր վրայից մաքրենք, ու վերականգնենք սեփական ապագայի նկատմամբ մեր հաւատը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։