Հա

Քաղաքական

15/04/2021 - 12:20

Ադրբեջանական կողմը նոյնիսկ իր ամենաքաղցր երազում չպէտք է տեսնի Հայաստանի որեւէ տարածք որեւէ միջանցքի կարգավիճակով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ADA համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ յայտարարել է, եթէ մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթէ օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք Երեւան։ Ժամանակը կը գայ եւ մենք դա կանենք: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է արեւելագէտ Վարդան Ոսկանեանի հետ։

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ADA համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ յայտարարել է, եթէ մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթէ օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք Երեւան։ Ժամանակը կը գայ եւ մենք դա կանենք: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է արեւելագէտ Վարդան Ոսկանեանի հետ։

 

- Պարոն Ոսկանեան, ո՞ւր են տանում Ալիեւի այս ռազմատենչ յայտարարութիւնները:

- Ալիեւի այս ռազմատենչ յայտարարութիւնները միանշանակօրէն տանում են նոր լարւածութեան։ Ադրբեջանը ագրեսիւ ֆաշիստական պետութիւն է եւ եթէ մենք զուգադրենք այդ յայտարարութիւնները նաեւ այդ նոր բացւած տխրահռչակ պուրակ կոչեցեալի հետ՝ ռազմական աւարի այդ պուրակը, որտեղ պարզապէս լկտի եւ վիրաւորական ցուցադրութիւն է իրականացւում, ակնյայտ հակահայկական եւ ֆաշիստական այդ բովանդակութեամբ, ապա պարզ է, որ Բաքւի բռնապետը ոչ միայն չի սաստել սեփական ախորժակը, այլ նաեւ այդ ախորժակը աւելի է ընդլայնւել եւ փորձ են կատարում Հայաստանի Հանրապետութեան տարածքի գոյութիւնը դնել հարցականի տակ` թէկուզեւ քարոզչական մակարդակում, բայց արդէն իսկ իրենց կոչած այդ Զանգեզուրեան չակերտաւոր միջանցքի դէպքում,նաեւ ֆիզիկական առումով։ Հետեւաբար պէտք է շատ յստակ, շատ կոշտ պատասխաններ հնչեն Բաքւի բռնապետի իւրաքանչիւր նման յայտարարութեանը եւ այդ «եթէ» բառը, որը նա կիրառում է, պէտք է այդպէս էլ թէականէական նախադասութիւն մնայ։ Այսինքն, որեւէ պարագայում ադրբեջանական կողմը նոյնիսկ իր ամենաքաղցր երազում չպէտք է տեսնի Հայաստանի որեւէ տարածք որեւէ միջանցքի կարգավիճակով։ 

 

- Զանգեզուրի, Երեւանի մասով Ալիեւը յաճախ է յայտարարութիւններ անում: Եւ դուք էլ նոր նշեցիք, որ համարժէք պատասխան հայկական կողմից չի եղել։ Ի՞նչ պատասխան պէտք է հնչի հայկական կողմից, որ Ալիեւը վերջ տայ իր զառանցանքներին։ 

- Այստեղ մի կարեւոր քայլ կայ. այսօր Հայաստանում իրեն իշխանութիւն համարող վարչախումբը, ցաւալիօրէն բազմիցս ապացուցել է, որ ունակ չէ որեւէ գործողութիւն իրականացնել, որը կարող է բխել Հայաստանի շահերից, ինչպէս քարոզչական տիրոյթում, այնպէս էլ Բաքւի բռնապետի յայտարարութիւնների վերաբերեալ յստակ եւ կոշտ պատասխաններ հնչեցնելու առումով։ Հետեւաբար, մեծ ակնկալիքներ ունենալ այս ասպարէզում չի կարելի եւ նրա լաւագոյն քայլը կը լինի այն, որ այս իշխանութիւնը ուղղակի հեռանայ` ասպարէզը թողնելով Հայաստանի գալիք իշխանութիւններին, որոնք կարող են յստակօրէն ոչ միայն ծրագրել Հայաստանի ապագայի տեսլականը, այլ նաեւ ստորագրել Ադրբեջանի ձեւակերպել ծրագրի տեսլականը, որովհետեւ Հայաստանի զարգացմանը զուգահեռ, մենք պէտք է նաեւ թուլացնենք այդ թշնամական պետութիւնը, որը որեւէ պարագայում ըստ էութեան գոյութենաբանական վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Ցանկացած պարագայում այդ վտանգը կայ, հետեւաբար մենք պէտք է որեւէ պատրանք չտածենք հասարակական մակարդակում, որ Ադրբեջանում ինչ-որ բան կարող է փոխւել, ադրբեջանական դիրքորոշումները կարող են փոխւել։ Մեր միակ ծրագիրը պէտք է լինի Հայաստանի ուժեղացումը եւ այդ պետութեան թուլացումը, լաւագոյն դէպքում քայքայումը եւ ըստ էութեան վերացումը մեր տարածաշրջանում, հաշւի առնելով նաեւ մեր տարածաշրջանում այդ պետութեան արհեստածին կազմաւորումը։ Ըստ էութեան քաղցկեղային գոյացութիւնը Հարաւային Կովկասի առողջ մասի վրայ։ 

 

- Հայաստանի հարաւում ստեղծւած իրավիճակը որքանով է մտահոգում իրանական կողմին:

- Իրանական կողմի դիրքորոշումները շատ յստակ են, այդ դիրքորոշումները արտայայտւել են բազմիցս եւ ամենաբարձր մակարդակով։ Խօսքը գնում է նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի յայտարարութեան մասին, առ այն, որ պետութիւնների միջազգայնօրէն ճանաչւած սահմանները որեւէ պարագայում չպէտք է խախտւեն, դա արւել էր այն ժամանակ, երբ ուղղակի սպառնալիք կար ադրբեջանական կողմից, յատկապէս Հայաստանի Սիւնիքի մարզի վերաբերեալ։ Նաեւ Իրանի ԱԳ նախարարը Երեւանում յայտարարեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը Իրանի համար կարմիր գիծ է, ինչը յստակ ուղերձ էր, որը ուղղւած էր դէպի Բաքու եւ Անկարա, միաժամանակ նաեւ Հայաստանեան իշխանութիւն համարողներին, առ այն, որ Սիւնիքը Իրանի համար կենսական կարեւորութեան գօտի է եւ այստեղ որեւէ զիջում անել Ադրբեջանին ուղղակի անհնար է անել` հաշւի առնելով ոչ միայն հայկական շահերը, այլ նաեւ իրանական շահերը։ Իրանցիները դէմ են որեւէ միջանցքի գոյութեանը Սիւնիքում։ Բայց իրանցիները կողմ են ապաշրջափակման ծրագրին, նրանց պոստային ուղիների ապաշրջափակման ծրագրին` հաշւի առնելով այն հանգամանքը, որ Իրանը նպատակադրւած է Հայաստանի հետ երկաթուղային կապ հաստատել Նախիջեւանեան երկաթուղին օգտագործելով։ Եթէ հաշւի առնենք նաեւ ռուսական կողմից դէպի Վրաստան գնացող ուղերձները, Աբխազիայի իշխանութիւնների միջոցով վերջին ուղերձը հնչեց առ այն, որ աբխազական երկաթուղին լաւ կը լինի, որ բացւի։ Ապա այդ պարագայում Իրանը երկաթուղային կապով կը միանայ ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին, ինչը այս ամբողջ ապաշրջափակման ծրագրի համատեքստում չափազանց կարեւոր ձեռքբերում կը լինի։ Որովհետեւ, եթէ աբխազական երկաթուղին աշխատի, ապա կը վերանայ անհրաժեշտութիւնը Բաքւի միջոցով ապահովել Հայաստանի երկաթուղային կապը Ռուսաստանի հետ եւ կը թուլանայ թուրք-ադրբեջանական դաշինքի դիրքը նաեւ այս ասպարէզում։

 

- Իրանում տեղի ունենացաւ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի պայմանագրում փոփոխութիւններ նախատեսող խմբի հանդիպումը: Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից:

- Եթէ խօսենք գլոբալ իմաստով, ապա այդ ծրագիրը չափազանց կարեւոր է Հայաստանի համար։ Հաշւի առնելով այն, որ կայ շատ կարեւոր խողովակաշար՝ գազային խողովակաշար, որը իրանական գազը հասցնում է Հայաստան եւ ծրագիր կառուցել երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը Հայաստանի եւ Իրանի միջեւ, որը պէտք է ապահովի այդ գազի սպասարկման արդիւնքում արտադրւած էլեկտրաէներգիայի տեղափոխումը Իրան։ Սա կարեւոր է ոչ միայն տնտեսական հարթութիւնում, այլ նաեւ աշխարհաքաղաքական իմաստով, հաշւի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան-Իրան յարաբերութիւնների տնտեսական բաղադրիչի ուժեղացումը կամ այլ խօսքերով` իրանական ակտիւութիւնը Հայաստանի ներսում, ստեղծում է պայմաններ, որ Իրանը քաղաքական տեսակէտից շահագրգիռ լինի Հայաստանի անվտանգութեան խնդրում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։