Հա

Քաղաքական

17/04/2021 - 08:25

«Կապիտուլեացիայի ամրապնդում՝ միջազգային իրաւունքի մեխանիզմներով, ահա թէ ինչով է զբաղւած Նիկոլի թիմը». Միքայէլ Մինասեան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը Telegram-ի իր ալիքում գրառում է արել՝ խօսելով Ադրբեջանի հետ «խաղաղութեան պայմանագրի» մշակմամբ զբաղւած Փաշինեանի թիմի մասին։

«alikonline.ir» - Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը Telegram-ի իր ալիքում գրառում է արել՝ խօսելով Ադրբեջանի հետ «խաղաղութեան պայմանագրի» մշակմամբ զբաղւած Փաշինեանի թիմի մասին։

«Նիկոլական թիմն այժմ զբաղւած է Ադրբեջանի հետ բարեկամութեան եւ համագործակցութեան մասին համաձայնագրի մշակմամբ: Նրանով, ինչ ընդհանուր լեզւում կոչւում է խաղաղութեան պայմանագիր, իսկ փաստերի լեզւով՝ կապիտուլեացիայի ամրապնդում՝ միջազգային իրաւունքի մեխանիզմներով: Եւ սա նրա առաքելութեան վերջին ակորդն է: Հայաստանի եւ հայկական շահերին դաւաճանելու առաքելութիւն բոլոր այն մարդկանց ձեռքերով, որոնք նրան իշխանութեան են բերել` տարածաշրջանային եւ գլոբալ ուժային կենտրոններից, մինչեւ ՀՀ շարքային քաղաքացիներ, որոնք անվերապահօրէն հաւատացել էին նրան եւ վստահել իրենց երազանքների իրականացումը եւ որոնք այժմ փորձում են գոնէ ինչ-որ բան հասկանալ իրենց շրջապատող քաոսից:

Եւ թող ձեզ չթւայ, որ այս համաձայնագրի մշակումը իրավիճակային որոշում է: Նիկոլի դաւաճանութեան էութիւնը կայանում է նրանում, որ նա մեթոդաբար եւ նպատակաուղղւած գնում էր դրան: Այս ծրագիրն իրականացնելու համար նրան անհրաժեշտ էր բարոյալքւած եւ գլխատւած բանակ, նա մեթոդաբար հասաւ դրան, վերահսկւող խորհրդարան, դրան նոյնպէս հասաւ, խամաճիկ իշխանութիւն Արցախում եւ լիովին պարտւած պատերազմ․ մենք դեռ մարսում ենք այն՝ վրդովւելով անգործութիւնից, ստից ու ցինիզմից: 

Կապիտուլեացիայից յետոյ նրա համար կենսական կարեւորութիւն ունէր իշխանութեան մնալը, եւ մեր հասարակութեան երեսպաշտութիւնը, որը յանգեցրել է ընդդիմութեան անգործութեանն ու թուլութեանը, նրան տւել է այդ հնարաւորութիւնը:

Իր առաքելութիւնն աւարտելու համար նրան անհրաժեշտ է վերահսկւող խորհրդարան, որը նա յոյս ունի ստանալ յունիսին՝ ընտրութիւնները կեղծելով, իր կողմից ղեկավարւող կառավարութիւն, որը կը նշանակի այս վարժեցւած պատգամաւորներին եւ Սահմանադրական դատարանը, որը Հրայր Թովմասեանին պաշտօնանկ անելուց յետոյ իրականացրել է Նիկոլի բոլոր, կրկնում եմ բոլոր հրամանները:

Աւելին, այս հարցում նա վայելում է բոլոր արտաքին դերակատարների՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, աջակցութիւնը, լուռ մնացող ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի աջակցութիւնը, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում Ադրբեջանի դէմ պատժամիջոցները արգելափակող Մեծ Բրիտանիայի աջակցութիւնը: Անգամ Սորոսի գլոբալիստական նախագիծը սատարում է այս գործընթացին: Բոլոր արտաքին դերակատարները պատրաստ են Հայաստանի ապագայի գնով ապաշրջափակել տարածաշրջանը, բացառութեամբ, թերեւս, Ռուսաստանի, որը չի շտապում աջակցել Հայաստանին այն պարագայում, երբ Հայաստանն ինքն իրեն չի աջակցում:

Թափթփուկից, որի շուրթերին 5000 հայրենասէրների արիւնն է, խաղաղարարի վերածւած Նիկոլը, կամրապնդի իր իշխանութիւնը ստրկամիտ բթութեան ծափահարութիւնների ներքոյ:

Իր իշխանութեան հէնց սկզբից Նիկոլը մեթոդաբար եւ ծայրաստիճան յաջող կերպով պարտադրում էր (եւ շարունակում է պարտադրել) իր խաղը բոլորիս: Խաղ, որի յաղթանակի դէպքում նա կը լինի տարածաշրջանում խաղաղութիւն բերողը, այլ ոչ թէ խղճուկ դաւաճան: Եւ միայն մեզանից՝ Հայաստանը որպէս Թուրքիայի եւ Ադրբեջանի խամաճիկ տեսնել չցանկացողներից է կախւած, որ դա նրան չյաջողւի»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։