Հա

Քաղաքական

18/04/2021 - 12:20

Հայաստանի «փրկութեան» մասին

Արեւելագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Հայաստանի ներկայիս թուրքամէտ իշխանութիւնները վերջին շրջանում ակտիւօրէն խօսում են «տարածաշրջանային խաղաղութեան» անխուսափելիութեան մասին, քանի որ դա է պահանջում Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղիղ շահը։ Ինչպէս հաւանաբար տեղեակ էք, վերջիններս ՀՀ իշխանութիւններին ստիպում են «Խաղաղութեան եւ համագործակցութեան մասին» պայմանագիր ստորագրել։

«alikonline.ir» - Արեւելագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Հայաստանի ներկայիս թուրքամէտ իշխանութիւնները վերջին շրջանում ակտիւօրէն խօսում են «տարածաշրջանային խաղաղութեան» անխուսափելիութեան մասին, քանի որ դա է պահանջում Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղիղ շահը։ Ինչպէս հաւանաբար տեղեակ էք, վերջիններս ՀՀ իշխանութիւններին ստիպում են «Խաղաղութեան եւ համագործակցութեան մասին» պայմանագիր ստորագրել։

Իմ տեղեկութիւնները, ինչպէս նաեւ թուրք-ադրբեջանական փորձագիտական տիրոյթի մշտական դիտարկումը, թոյլ են տալիս պնդել, որ այդ պայմանգիրը ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչում եւ մի շարք այլ զիջումներ մեր կողմից ոչնչի դիմաց, կամ աւելի ճիշտ՝ «երեւակայական խաղաղութեան դիմաց»։ Բնականաբար, այս տեղեկութիւնները կը հերքւեն, կամ, լաւագոյն դէպքում, կը ներկայացւեն հանրութեանը որպէս «աստւածային բարիք»։ Մինչդեռ այդ պայմանագիրը կը դառնայ Հայաստանի անկախ պետութեան գերեզմանաքարը։

Խաղաղութեան գործընթացի առաջամարտիկը Թուրքիան է, ուստի պատահական չէ, որ թուրքական կողմը ամենատարբեր հարթակներում խօսում եւ առաջ է տանում Հայաստանի միակ փրկութեան՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջարկած տարածաշրջանային համագործակցութեան հարթակի գաղափարը։

Ահա այդպիսի առաջարկի մէկ վառ օրինակ։

Թուրքիայի կառավարութեան ամենակարեւոր հետազօտական կենտրոններից մէկը SETA հիմնադրամն է (կենտրոնի մասին տե՛ս մանրամասն այս յղումով՝ https://varuzhan.me/2021/04/17/setavakfi/)։ Այդ թւում նաեւ այս կենտրոնն է պատասխանատու թուրքական կառավարութեան ռազմավարական ծրագրերի ոչ միայն մշակման, այլեւ այդ ծրագրերի հանրայնացման եւ առաջխաղացման համար։ Թէ որքան առանցքային դեր ունի այս կենտրոնը թուրքական քաղաքական կեանքում, կարելի է դատել միայն այն հանգամանքով, որ դրա 5 նախկին անդամ այսօր նախագահ Էրդողանի գլխաւոր խորհրդականներն են՝ Իբրահիմ Քալընից մինչեւ Ֆահրեթթին Ալթուն։

Այս երկար նախաբանը անհրաժեշտ է, որպէսզի ես ցոյց տամ, որ այս կենտրոնի հրապարակած ցանկացած հետազօտութիւն արժանի է ուշադրութեան։

Եւ այսպէս, դեռ յունւարի վերջին կենտրոնը հրապարակում է մի յօդւած, որի վերնագիրն է «Մասնագէտների կարծիքով Հայաստանի միակ փրկութիւնը 6-ի պլատֆորմին մասնակցելն է»։ Չնայած յօդւածը ինքնին հետաքրքրական է, քանի որ շատ դէպքերում կրկնում է Հայաստանի կապիտուլեանտ իշխանութիւնների արտաբերած թեզերը, սակայն ես առաջարկում եմ ձեր ուշադրութեանը յօդւածին կից հրապարակւած ՀՀ քարտէզը։ Եթէ ուշադիր զննէք քարտէզը, ապա կը տեսնէք, որ Տաւուշի մարզում մի զգալի հատւած նշւած է որպէս Ադրբեջան։ Սա այն տարածքն է, որտեղ գտնւում էին նախկին Ադրբեջանական ԽՍՀ անկլաւները։ Սակայն կարմիր նշածս հատւածում կը տեսնէք, որ խօսքը արդէն ոչ թէ ադրբեջանական առանձին փոքր «կղզեակների», այլ լիարժէք տարածքային նւաճման մասին է։

Եթէ կարծում էք, որ սա ուղղակի սխալմունք է, ապա ստիպւած եմ հիասթափեցնել. այս կայքում չեն լինում ո՛չ պատահական յօդւածներ, ո՛չ էլ պատահական քարտէզներ։

Այս քարտէզը եւս մէկ անգամ ցուցադրում է Թուրքիայի եւ Ադրբեջանի իրական պահանջները Հայաստանի Հանրապետութիւնից, որ խաղաղութեան միակ հնարաւոր տարբերակը Հայաստան պետութեան վերացումն է եւ ինձ մնում է արձանագրել, որ ՀՀ ներկայիս օկուպացիոն ռեժիմը համաձայնել է այդ պահանջներին։

Մնում է հասկանալ՝ արդեօք դրանց համաձայն է հայ ազգը...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։