Հա

Քաղաքական

19/04/2021 - 08:55

«Եթէ այս իշխանութիւնը վերարտադրւի, մենք պետական ինստիտուտների քայքայման յաջորդ փուլին ենք անցնելու». Ստեփան Դանիէլեան

Առաջիկայում նախատեսւող արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների, քաղաքական հնարաւոր զարգացումների մասին Tert.am-ը զրուցել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանի հետ։ Նրա խօսքով՝ գործող իշխանութեան համար ստեղծւել է անյաղթահարելի իրավիճակ, որին պէտք էր ինչ-որ հանգուցալուծում տալ։ «Մեղադրանքները ծանր են, պարտութիւնը՝ դաժան, այս իշխանութեան հանդէպ արդէն թշնամաբար տրամադրւածների քանակն ու որակն ահռելի։ Այլ հարց է, թէ արդեօք արտահերթ ընտրութիւնները կարող են լիցքաթափել վիճակը, թէ՝ ոչ։ Կարծում եմ, որ ընտրութիւններից յետոյ իրավիճակը կարող է աւելի սրւել»,- ասում է նա։

«alikonline.ir» - Առաջիկայում նախատեսւող արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների, քաղաքական հնարաւոր զարգացումների մասին Tert.am-ը զրուցել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանի հետ։ Նրա խօսքով՝ գործող իշխանութեան համար ստեղծւել է անյաղթահարելի իրավիճակ, որին պէտք էր ինչ-որ հանգուցալուծում տալ։ «Մեղադրանքները ծանր են, պարտութիւնը՝ դաժան, այս իշխանութեան հանդէպ արդէն թշնամաբար տրամադրւածների քանակն ու որակն ահռելի։ Այլ հարց է, թէ արդեօք արտահերթ ընտրութիւնները կարող են լիցքաթափել վիճակը, թէ՝ ոչ։ Կարծում եմ, որ ընտրութիւններից յետոյ իրավիճակը կարող է աւելի սրւել»,- ասում է նա։

 

Պարոն Դանիէլեան, Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ «քաղաքական պայմանաւորւածութիւնների» համաձայն, ինքը ապրիլի վերջին տասնօրեակում նախատեսում է հրաժարական տալ, եւ խորհրդարանը վարչապետ չի ընտրելու, ըստ այդմ, լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ։ Հաշւի առնելով մինչ այս եղած ներքաղաքական զարգացումները՝ ի՞նչ տպաւորութիւն էք ստանում, ինչի՞ արդիւնքում ի վերջոյ, Նիկոլ Փաշինեանն ընդառաջ գնաց արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին, արդեօ՞ք իր հրաժարականի այս տարբերակը ստեղծւած քաղաքական ճգնաժամի լուծումը կարող է լինել։

- Թէ ինչու գնաց, կարծում եմ՝ պարզ է։ Գործող իշխանութեան համար ստեղծւել է անյաղթահարելի իրավիճակ, որին պէտք էր ինչ-որ հանգուցալուծում տալ։ Մեղադրանքները ծանր են, պարտութիւնը՝ դաժան, այս իշխանութեան հանդէպ արդէն թշնամաբար տրամադրւածների քանակն ու որակն ահռելի։ Այլ հարց է, թէ արդեօք արտահերթ ընտրութիւնները կարող են լիցքաթափել վիճակը, թէ՝ ոչ։ Կարծում եմ, որ ընտրութիւններից յետոյ իրավիճակը կարող է աւելի սրւել։

Հաշւի առնելով այն, որ իրենք նահանջելու տեղ չունեն, քանզի իշխանութիւնը կորցնելուց յետոյ բազմաթիւ ծանր յանցագործութիւնների համար պէտք է պատասխանատւութեան ենթարկւեն, իրենք ամէն ինչի ընդունակ են ու մինչեւ վերջ են գնալու։ Ցանկացած քայլերի դիմելու են վերարտադրւելու համար։ Այ այստեղ է, որ մենք մեծ մտահոգութիւններ պէտք է ունենանք։ Եթէ ենթադրենք, որ իշխանութիւնը կը կարողանայ վերարտադրւել, ապա մենք, այնուամենայնիւ, այլ իրավիճակ ենք ունենալու։ Եթէ հիմա գործող իշխանութիւնն ԱԺ դահլիճում իրեն ապահով է զգում ու ցանկացած որոշում կարողանում է անցկացնել, ապա յաջորդ խորհրդարանում դա այդպէս չի լինելու։ Դա լինելու է խիստ բեւեռացւած խորհրդարան, որտեղ մենք ուղիղ եւ փոխաբերական իմաստով պատերազմների ենք ականատես լինելու, անգամ խորհրդարանի պարալիզացւածութեան իրավիճակ կարող է լինել։ Այնպէս որ, եթէ այս իշխանութիւնը, օգտագործելով բոլոր հնարաւոր ու անհնարին միջոցները, վերարտադրւի, մենք պետական ինստիտուտների քայքայման յաջորդ փուլին ենք անցնելու։ Ամէն ինչ պէտք է անենք, որ այս սցենարը չիրականանայ։

 

- Արցախեան պատերազմում հայկական կողմի պարտութիւնից յետոյ ի՞նչ հնարաւորութիւն ունի Նիկոլ Փաշինեանի քաղաքական ուժը։ Ի՞նչ էք կարծում՝ ինչպէ՞ս է այս անգամ Նիկոլ Փաշինեանը ներկայանալու ընտրութիւններին, ովքե՞ր կը լինեն նրա կողքին։

- Իր կողքին կը լինեն բազմաթիւ «ուսապարկեր», ինչպէս նաեւ մարդիկ, որոնք այս տարիների ընթացքում Փաշինեանի յանցակիցներն են դարձել ու նահանջելու տեղ չունեն։ Դրա համար նրանք այլընտրանք չունեն, մինչեւ վերջ գնալու են։ Պատերազմում կրած պարտութիւնից յետոյ նրանք պէտք է անմիջապէս հրաժարական տային, սակայն տեսնում ենք, որ սրանք այլ կարգի մարդիկ են, այլ բարոյական ու աշխարհայեացքային պատկերացումներով։ Սակայն դա չէ հիմնական խնդիրը, այլ այն, որ սոցիալական բեւեռւածութիւնը յաջողութեամբ կարողանում են օգտագործել։ Նրանց քաղաքական ռեսուրսը ներազգային ատելութիւնն է, որքան փոխադարձ ատելութիւնը մեծ է, այնքանով նրանք կը կարողանան դա օգտագործել իրենց օգտին։ Նախընտրական քարոզչութեան ժամանակ այդ ռեսուրսը շարունակելու են օգտագործել ու եթերն ու սոցիալական ցանցերը լցւելու են համապատասխան կոնտենտով։ Վատ շրջան ենք մտնում։

 

Ի՞նչ վարկանիշ ունի Նիկոլ Փաշինեանը պատերազմից յետոյ։

- Կարծում եմ, որ որոշակի վարկանիշ ունի։ Քիչ առաջ ես դրա մասին էի խօսում։ Դա ներազգային ատելութեան ռեսուրսն է, որը 2018-ին էին յաջողութեամբ օգտագործել են։ Այդ պաշարը դեռ չի սպառւել։

 

Պարոն Դանիէլեան, ըստ էութեան պատերազմից յետոյ ժամանակը քիչ էր քաղաքական դաշտում վերադասաւորումների, նոր ուժերի ձեւաւորման եւ դրանց՝ ճանաչելիութիւնը բարձրացելու համար։ Ի՞նչ պատկեր կը ստանանք ընտրութիւններին, ո՞ւմ միջեւ է ընտրութիւն կատարելու ՀՀ քաղաքացին։

- Պատերազմն, իհարկէ, մեծ ցնցում էր մեզ բոլորից համար, բայց պատերազմից առաջ էլ էր քաղաքական համակարգը փլուզւած։ Մենք երկար ճանապարհ պէտք է անցնենք քաղաքական կայուն համակարգ ձեւաւորելու համար։ Մենք պատրաստ չենք խորհրդարանական կառավարման մոդելին։ Այդ պատճառով, ըստ էութեան, մենք ոչ թէ խորհրդարան ենք ընտրելու, այլ վարչապետ։ Վարչապետների թեկնածուների ընտրութիւն է լինելու։ Կարճ ասեմ, սա վարչապետական, այլ ոչ թէ խորհրդարանական ընտրութիւններ են լինելու։

 

- Արդէն որոշակիանում է, թէ ովքեր են լինելու Նիկոլ Փաշինեանի հիմնական մրցակիցները։ Ի՞նչ հնարաւորութիւններ ունեն նրանք, որո՞նք են լինելու նրանց խաղաքարտերը։

- Դժւար հարց տւեցինք։ Ով կը կարողանայ քաղաքական թիմ ձեւաւորի, այլ ոչ թէ ձայն բերողների թիմ, կը կարողանայ ապացուցել, որ արդիւնաւէտ կառավարութիւն կը կարողանայ ձեւաւորել, նա էլ կը յաղթի։ Գործող իշխանութեան թոյլ կողմն այն է, որ չի կարող ասել, որ արդիւնաւէտ կառավարութիւն կը կարողանայ ունենալ, որովհետեւ այդ հնարաւորութիւնն արդէն ունեցել է ու տապալւել է բոլոր ոլորտներում։

 

Փաշինեանը նաեւ վստահեցրել է, որ ընտրութիւնների արդիւնքները փոխելու փորձ իշխանութիւնը չի կատարի։ Կարծում էք՝ իսկապէս նրանք կարո՞ղ են զսպել վարչական ռեսուրսները եւ այլ լծակները օգտագործելու գայթակղութիւնը։

- Որքանով ես եմ տեղեակ, ճիշտ հակառակ պրոցեսն է ընթանում, թաղապետարանների, քաղաքապետարանների աշխատակիցներին արդէն ներգրաւում են ընտրական աշխատանքներին։ Վարչական ռեսուրսը ողջ ծաւալով կը փորձեն օգտագործել, եւ ոչ միայն վարչական ռեսուրսը, անգամ կրիմինալին կը փորձեն ներգրաււել, նման լուրեր մամուլում արդէն կան։ Ինչ վերաբերում է ասելուն, ապա երեք տարի ամենօրեայ ռեժիմով մենք ստեր ենք լսում, սկսած «Աբաջեանի պապիկի» յայտնի ելոյթից, որից յետոյ արժանապատիւ հասարակութիւնը թոյլ չէր տայ նման ստախօսներին առհասարակ քաղաքականութեամբ զբաղւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։