Հա

Քաղաքական

19/04/2021 - 11:40

«Պարտութեան սիմւոլն ուզում է իր նւաստացումն անձնական մակարդակից տեղափոխել ազգային համընդհանուր մակարդակ». Վահէ Յովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանի յօդւածը.

«alikonline.ir» - Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագէտ Վահէ Յովհաննիսեանի յօդւածը.

«Մեր ընտրութիւնը մեծ չէ՝ կամ ընտրում ենք պարտութեան սիմւոլին, կամ՝ վերելքի հնարաւորութիւնը։ Ի դէպ, նման ընտրութեան համար քւէարկութիւնն ամենեւին պարտադիր չէ։

Կայ փաշինեանական «մոդել». մարդ, որը պատերազմի օրերին հռչակեց Նոր Սարդարապատ, առաջնորդեց այն ու պարտւեց։

Փաշինեանը պարտութեան սիմւոլն է։

Հնարաւոր չէ ասել՝ սա Սարդարապատն է, ես էլ՝ գլխաւոր  հրամանատարը, ու պարտութիւնից յետոյ ասել՝ ես ի՞նչ կապ ունէի պատերազմի հետ, ես ընդամէնը մոդերատոր էի, եկէք մոռանանք դա, սկսենք այլ խաղ։ Ու սկսել առաջ տանել պարտւածի խաղաղութեան մոդելը՝ խեղճ, անարժանապատիւ, խաղաղութիւն մուրացողի։

Սրան ի հակակշիռ պէտք է ձեւաւորւի քաղաքական նոր հոսանք, որը պէտք է դնի արժանապատիւ խաղաղութեան գաղափարը։ Քաղաքական հոսանքը պէտք է խարսխւած լինի սթափ տեսլականի վրայ՝ հասկանալով, որ պատերազմով յետ բերելու եւ ռեւանշիզմի մոդելն արկածախնդրութիւն է։ Դա գրեթէ նոյնքան վտանգաւոր է, որքան՝ Նիկոլի գոյութիւնը։

Պարտւած Փաշինեանի անթասիբ խաղաղութեան մոդելին պէտք է հակակշռել արժանապատիւ խաղաղութեան մոդելը։

Խաղաղութիւնը ցանկութիւն չէ։ Դա սառը եւ գրագէտ քայլերի շարքն է, որը բերում է այն վիճակին, որպէսզի քեզ հետ արժանապատիւ խօսեն։

Պարտութեան սիմւոլը չի կարող արժանապատիւ բանակցել։ Նա անձնապէս պարտւել է, նրա հետ բանակցողը նրան ծաղրել է։

Շատ պետութիւններ են պատմութեան ընթացքում պարտւել։ Դա դատավճիռ չէ։ Դատավճիռ է, երբ դրա հետեւանքով ազգերը կոտրւում են։

Մենք հիմա շատ նուրբ սահմանի վրայ ենք։ Եթէ թոյլ տանք, որ մեր ազգը կոտրւի, ապա այլեւս ոչինչ չենք կարողանալու փոխել։

Պարտութեան սիմւոլն ուզում է իր նւաստացումն անձնական մակարդակից տեղափոխել ազգային համընդհանուր մակարդակ։ Թուրքն էլ է դա ուզում։ Թուրքը եթէ ֆիքսեց, որ պարտութիւնից յետոյ դու, որպէս ազգ, չես կոտրւել, քո ողնաշարը չի կոտրւել, դու ունես որպէս ազգ վերականգնւելու ռեսուրս եւ քո արժանապատւութիւնը տեղում է, քեզ հետ կը սկսի խօսել այլ կերպ։

Եթէ մենք չհասկացանք, որ խաղաղութիւնը աշխատանք է եւ պահանջում է ինտելեկտ ու կամք, եւ ընտրեցինք խաղաղութեան լենանազարեանական մոդելը, ապա կարճ ժամանակ յետոյ թուրքական զօրքը լինելու է Հայաստտանում։

Եթէ նկատել էք, Պարտութեան սիմւոլը գիւղերում իր մոնոլոգները սկսում է աւանդոյթ դարձած ձեւակերպմամբ. «մի գաղափար կայ»։ Եւ հնչեցնում բոլոր այն մտքերը, որոնք հաճելի են զանգւածին, պլեբէյ-ընտրողին, բայց որոնք անհամատեղելի են պետութեան հետ՝ ուղղակի քանդում են պետութիւնը։

Կայ գաղափար, որ ժամկէտային ծառայութիւնը հանենք։

Կայ գաղափար, որ բուհերի շէնքերը վաճառենք։

Վաղը նոյն ոգով շարունակելու է ցանկը.

Կայ գաղափար, որ չաշխատենք ու հարուստներից խլածը բաժանենք ձեզ։

Կայ գաղափար, որ բոլորը գրին քարտ կամ ռուսական անձնագիր ստանան։

Կայ գաղափար, որ ուրանանք ցեղասպանութիւնը՝ երշիկի դիմաց։

Կայ գաղափար, որ մուղամը դառնայ մեր մշակոյթի առանցքը, ու դրա դիմաց վճարւենք։

Եւ այլն, եւ այլն։

Պարտութեան սիմւոլը շատ լաւ գիտի, որ ինքը վերակենդանանալու ոչ մի շանս չունի՝ անկախ քւէարկութեան արդիւնքներից, ու որոշել է զանգւածի ծափերի տակ վերակենդանանալու շանս չտալ նաեւ պետութեանը։

Նրա թիրախը պետութիւնն է, Արցախը, սփիւռքը, որտեղ որ կայ վերակենդանացման ռեսուրս։
Ասում է՝ սփիւռքն իմ իշխանութեանը վստահում է, որովհետեւ պատերազմի 44 օրերին հիմնադրամում հաւաքւել է նախորդ 28 տարւայ հաւաքւածի աւելի քան 70  տոկոսը։ Ինչքա՞ն պէտք է աւարտւած երեւոյթ լինես, որ նման բան ասես։

Երբ գումարները հաւաքւում էին, քո մասին ոչ ոք չէր յիշում։ Այդ գումարները փոխանցւել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որն ըստ էութեան միակ լեգիտիմ կառոյցն էր՝ համահայկական դրամահաւաք անելու։

Այդ գումարների զգալի տոկոսը հաւաքւել է Հայաստանում, որտեղ ամէն մէկը՝ բանւորից մինչեւ ակադեմիկոս, իրենց վերջին կոպեկներն են փոխանցել։

Խոշոր նւիրատուներից շատերը հետագայում քո հրաժարականն են պահանջել՝ Սամուէլ Կարապետեան, Սերգէյ Համբարձումեան, Դաշնակցութեան ազդեցութեան տակ գտնւող կառոյցները, ՀԲԸՄ, եկեղեցու՝ Էջմիածնի եւ Անթիլիասի ազդեցութեան տակ գտնւող կառոյցները եւ այլն։ Սա է պատկերը՝ ստի եւ մարդկային ոչնչութեան։

Ի դէպ, կայ խնդիր՝ այդ գումարների հաշւետւութեան, որը պահանջում են խոշոր դոնորները, եւ որից հիստերիկաբար խուսափում է Փաշինեանը։ Հաշւետւութիւն պահանջողների մէջ են ամերիկահայ նւիրատուները, որոնք դրա պատճառով յայտնւել են ամերիկեան հարկային մարմինների ճնշմումների տակ։

Հաշւետւութիւն պահաջողների մէջ են իրենց վերջին խնայողութիւնները նւիրաբերած ՀՀ քաղաքացիները, որոնք փորձում են հասկանալ, թէ 5 մլրդ ինչպէ՞ս ես որպէս մոբի սննդի փող դուրս գրել, երբ ամբողջ Հայաստանն ու սփիւռքը սնունդ էր հաւաքում։

Պակաս կարեւոր չէ՝ հասկանալ, թէ յատկապէս որտե´ղ են իրականում ծնւում այդ «գաղափարները», որոնք յետոյ ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ որպէս «մի գաղափար կայ» հրամցւում են հանրութեանը։ Ո՞ր երկրում, ո՞ր մայրաքաղաքում, ո՞ր կազմակերպութեան գրասենեակում։

 

Եւ նորից՝ ընտրութիւնների մասին

Կայ մէկ ընտրութեան հարց՝ պարտութեան սիմւո՞լ, թէ վերելքի հնարաւորութիւն։ Մնացած ամէն ինչն անիմաստ է։ Մնացածի համար մենք այսօր ժամանակ չունենք։

Միայն այդ ընտրութիւնից յետոյ կարող են հետաքրքիր լինել վերելքի տարբերակները, բանավէճը դրա շուրջ։ Ի դէպ, պարտութեան սիմւոլի՝ վերջին մի քանի մոնոլոգների ֆոնին ակնյայտ է դառնում ձեւաւորւած սոլիդ քաղաքական բեւեռի կամ միաւորի բացակայութիւնը։ Պոպուլիզմի, ստի, անպարկեշտութեան այլընտրանքը։ Նա հէնց այդ բացակայութիւնից է գռեհկաբար օգտւում»։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։