Հա

Քաղաքական

19/04/2021 - 11:50

«Վստահ լինելով, որ անմահ պորտալարով կապւած էք ժողովրդի հետ, փոխանցում եմ այն հարցերը, որ չեն թողնում մեզ գիշերները քնել, իսկ ցերեկները՝ հոգու խաղաղութիւն գտնել». Միքայէլ Մինասեանի բաց նամակը՝ Վեհափառին

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը հրապարակել է բաց նամակ՝ ուղղւած Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ անդրադառնալով Վեհափառի եւ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի հանդիպմանը: 

«alikonline.ir» - Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը հրապարակել է բաց նամակ՝ ուղղւած Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ անդրադառնալով Վեհափառի եւ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանի հանդիպմանը: 

Նամակն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Բաց նամակ Ամենայն Հայոց կաթողիկոսին

Վեհափառ Տէ՛ր, Մայր Աթոռի մամլոյ դիւանից եւ մամուլից տեղեկացայ, որ երէկ ընդունել էք Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանին: Վստահ եմ, որ այդ պատւին նա արժանացել է հաշւի առնելով նրա «հայանպաստ ու հայապահպան» գործունէութիւնը, եւ յատկապէս վերջին շրջանում Արցախի «բուռն զարգացումը»:

Յուսով եմ՝ տեղեակ էք, որ մեր հասարակութեան ճնշող մեծամասնութիւնը, չգիտակցելով ինչ «վեհ գործեր» է անում Արայիկ Յարութիւնեանը եւ չցանկանալով տեսնել դրա արդիւնքները, շարունակում է բարձրացնել անյարմար հարցեր։

Վեհափառ Տէ՛ր, հաշւի առնելով այն հանգամանքը, որ Դուք ապրում էք գիտակցելով Ձեր պատմական առաքելութիւնը եւ կարողացել էք վեր կանգնել աշխարհիկ ու անցողիկ մանր խնդիրներից, խնդրում եմ, յիշէք, որ մենք չունենք Ձեր լայնախոհութիւնը եւ մեզ յուզող հարցերի անպատասխան մնալը տանջում է մեզ:
Վստահ լինելով, որ անմահ պորտալարով կապւած էք ժողովրդի հետ, փոխանցում եմ այն հարցերը, որ չեն թողնում մեզ գիշերները քնել, իսկ ցերեկները՝ հոգու խաղաղութիւն գտնել։ Եւ 6-րդ զգայարանով զգում եմ, որ հաւատաւոր հօտին տանջող այս հարցերը Դուք տւել էք նաեւ Արայիկ Յարութիւնեանին։

Անկասկած, Դուք նրան հարցրել էք.

- Ինչպի՞սն է եղել Արայիկ Յարութիւնեանի վերաբերմունքը նախապատերազմեայ բանակցային գործընթացին, որից ոչինչ եւ ոչ ոք տեղեակ չէր, բայց բոլորն ամէն ինչ տեսան ու հասկացան։

- Շարունակո՞ւմ է նա մնալ այն կարծիքին, որ Արցախի օդը, ի տարբերութիւն 2016-ի, 100 տոկոսով պաշտպանւած էր։

- Ո՞ւմ հրահանգով Արցախի ԱԽ քարտուղար նշանակեց Սամուէլ Բաբայեանին, իսկ արտգործնախարար՝ Մասիս Մայիլեանին՝ պաշտօնապէս տեղեկացւած լինելով, որ նրանց երկուսի մուտքը Ռուսաստան 10 տարով արգելւած է։ Ու եթէ այդքան հիացած էր նրանց մասնագիտական որակներով՝ ինչո՞ւ պատերազմից անմիջապէս յետոյ պաշտօնանկ արեց։

- Ինչո՞ւ էր Արայիկ Յարութիւնեանը 44 օր համաղեկավարում «յաղթելու ենք» յաղթաշաւը, որն աւարտւեց խայտառակ կապիտուլեացիայով։ Ո՞վ էր նրան ստիպել կամ հրամայել ամէն օր նայել ժողովրդի աչքերին ու ստել «ռազմական յաջողութիւնների» մասին։

- Ի՞նչ ներգրաււածութիւն են ունեցել Նիկոլ Փաշինեանն ու Աննա Յակոբեանը ռազմական գործողութիւնների հրահանգաւորման եւ ծրագրման գործընթացում։

- Ո՞ւմ թոյլտւութեամբ է Նիկոլ Փաշինեանի կինն ազատ ելումուտ արել հրամանատարական գաղտնի կէտ։

- Աննա Յակոբեանի կայացրած քանի՞ որոշման մասին է Արայիկ Յարութիւնեանը տեղեակ՝ զոհերի, անհետ կորածների թիւը թաքցնելուց մինչեւ ռազմական օպերացիաների հրահանգաւորում։

- Ո՞վ է Լելէ Թեփէի օպերացիայի քաղաքական եւ բարոյական պատախանատուն։ Քանի՞ մարդ է այնտեղ զոհւել, որքա՞ն տեխնիկա ենք կորցրել։

- Ո՞ւմ հրահանգով են Ստեփանակերտում հումանիտար աշխատանք կատարելու պատրւակով Արցախ ուղարկւած ոստիկանները խաբէութեամբ տարւել Շուշի:

- Ո՞ւմ հրահանգով է ոստիկանական մեծ խումբը տեղաւորւել մշակոյթի տանը՝ դառնալով թշնամու թիրախ եւ ո՞վ է հրահանգել գաղտնի պահել՝ երբ եւ ինչ ողբերգական հանգամանքներում են սպանւել մշակոյթի տանը պահւող տղաները:

- Ինչո՞ւ չի հրապարակւում զոհերի եւ անհետ կորածների այս պահին հաստատւած վերջնական ցանկը, որն Արայիկ Յարութիւնեանի եւ Նիկոլ Փաշինեանի ձեռքի տակ է:

- Ինչո՞ւ անգամ կապիտուլեացիայից յետոյ շարունակեցիք զիջել բուն Լեռնային Ղարաբաղի տարածքները։

- Ո՞վ է արգելել Զինւած ուժերին խոցել Ադրբեջանի նաւթագազային համակարգը, որը հասանելի է Պաշտպանութեան բանակին։

- Ո՞վ է որոշել յանձնել Շուշին եւ ինչո՞ւ։

- Ո՞ւմ հրահանգով է արգելւել փորձառու գեներալների, Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարների ներգրաււումը պատերազմական գործողութիւններում։

- Արայիկ Յարութիւնեանը տեղեա՞կ եղել է, որ Նիկոլի Փաշինեանը հոկտեմբերի 19-ին մերժել է աւելի հայանպաստ տարբերակով պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկը:

- Նախքան ստորագրումը Արայիկ Յարութիւնեանը տեղեա՞կ եղել է կապիտուլեացիոն պայմանագրի բովանդակութեանը եւ ինչո՞ւ է թոյլ տւել, որ Արցախի ժողովրդի քւէն չստացած մէկը որոշի Արցախի ճակատագիրը՝ յանձնելով երկրի 75 տոկոսը: Նոյն այդ մէկն, ի դէպ, խոստանում էր, որ Ղարաբաղի հարցը պէտք է լուծի Արցախի ժողովուրդը եւ ասում էր, թէ բանակցային սեղան է վերադարձնում Արցախը: Վերադարձրե՞ց:

Շարքը՝ շարունակելի...

Վեհափառ Տէ՜ր, համոզւած եմ՝ այն փաստը, որ Դուք առանց երկմտելու ընդունել էք Արայիկ Յարութիւնեանին, նրա հետ լուսանկար էք հրապարակել, ապացոյցն է այն բանի, որ ստացել էք այս եւ միւս հարցերի պատասխանները։ Եւ վստահ էք, որ հարցերում շարադրւած ճշգրիտ փաստերը «յօրինւած թեզեր» են: Յուսով եմ՝ շուտով կը լուսաւորէք նաեւ ժողովորդին, որի մեծ մասը, կրկնում եմ, խելագարւած փնտրում է այս հարցերի պատասխանները։

Լաւ ճանաչելով Ձեզ, կասկած անգամ չունեմ, որ շուտով այցելելու էք Արցախ՝ սեփական աչքերով ու ձեռքերով շօշափելու բոլոր «յօրինւած թեզերը», որոնք վկայում են նախապատրաստւած կապիտուլեացիայի եւ Հայաստանի ու Արցախի դաւաճան ղեկավարութեան կողմից մեր ժողովրդին պատուհասած արհավիրքի հետեւանքների մասին։ Իսկ այդ «յօրինւած թեզերը» մէկընդմիշտ հերքելու համար Արայիկ Յարութիւնեանի հետ յաջորդ լուսանկարը մօտ օրերս կը հրապարակէք Շուշիից՝ ի ապացոյց Արցախի ու Հայաստանի ժողովրդի մեծամասնութեան մոլորութեան:

Քրիստոնէական խոնարհութեամբ՝

Միքայէլ Մինասեան»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։